ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ, ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ԱՅԴ ՄԱՍԻՆ ԽՈՍԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը նախօրեի նիստում հաստատեց Հանրային խորհրդի թվով տասնհինգ նոր անդամների կազմը։ Նշենք, որ հարցը չզեկուցվողների թվում էր։ Այսպիսով, Հանրային խորհրդի անդամներ են վերանշանակվել հին անդամները` Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Հանրային խորհրդի կատարած աշխատանքի եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վազգեն Մանուկյանի հետ։

-Պարո՛ն Մանուկյան, Հանրային խորհրդի տասնհինգ անդամներ ընտրվեցին, եւս տասնհինգը կընտրվեն եւ արդեն նախագահի հա՞րցը կմնա։
-Տեսեք՝ խորհրդի տասնհինգ անդամներին նշանակեց կառավարությունը, հիմա 30 օր ժամկետ է տրվելու, որպեսզի ձեւավորվեն հանձնաժողովները։ Այսինքն` տարբեր, ոչ կոմերցիոն կազմակերպություններ կարող են իրենց ներկայացուցիչներին ուղարկել, որպեսզի նրանք ընդգրկվեն հանձնաժողովների մեջ։ Ձեւավորվելու է 15 հանձնաժողով, որոնք փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրելու են իրենց նախագահներին։ Այդ նախագահները կլինեն Հանրային խորհրդի հաջորդ տասնհինգ հոգին։ Հետո արդեն այդ երեսուն հոգով հավաքվելու են եւ փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրելու են եւս տասնհինգ հոգու։ Այդ քառասունհինգ հոգին երբ լինեն, արդեն կառավարության կողմից կնշանակվի խորհրդի նախագահ եւ կսկսի աշխատել։
-Եվ ի՞նչ ժամկետում խորհուրդը նախագահ կունենա։
-Դա երկար է տեւելու, մոտ երկու ամիս կտեւի։
-Դուք նորից Հանրային խորհրդի կազմում եք։ Սա նշանակում է, որ ցանկություն ունե՞ք կրկին խորհուրդը ղեկավարելու։
-Ցանկություն բառը… ես չեմ իմանում։ Համենայնդեպս, հիմա հանրային խորհրդում եմ։ Խորհուրդը վերջնական կձեւավորվի, հետո կտեսնենք..։ Դրանից հետո նոր կձեւավորվի իմ ցանկությունը եւ կտեսնենք։ Հիմա դեռեւս դրա մասին չխոսենք։
-Խորհրդի նախորդ կազմի աշխատանքը եթե վերլուծելու լինեք, ի՞նչ սխալներ, բացթողումներ կային։
-Գիտեք` ինչ, ես գտնում եմ, որ Հանրային խորհուրդը բավական արդյունավետ աշխատել է։ Եթե Դուք հարցնեք՝ մաքսիմալ արդյունավետ, աշխարհում չկա մի աշխատանք, որ ես ասեմ՝ իդեալական է։ Իհարկե, բազմաթիվ թերություններ կլինեն, բայց ինչո՞ւ ես այդ մասին խոսեմ։
-Չե՞ք ցանկանում բարձրաձայնել եղած թերությունների մասին։
-Խոսքն ուրիշ բանի մասին է. թերություններն ուրիշ տեղ են։ Հանրային խորհուրդը տալիս է եզրակացություններ տարբեր հարցերի վերաբերյալ։ Բայց եզրակացություններն ընդունվո՞ւմ են, թե՞ չեն ընդունվում։ Անհաջողություն ես համարում եմ այն դեպքում, երբ լավ եզրակացություն ենք տվել որեւէ հարցի շուրջ, բայց չի ընդունվել կառավարության կողմից։ Այսինքն` թերություն ասելով՝ ես դա նկատի ունեմ, որովհետեւ չի եղել այնպես, որ մենք որեւէ հարցի մասին որոշում տանք, հետո տեսնենք, որ այդ որոշումը սխալ էր։ Ո՛չ։ Մենք համոզված ենք եղել, որ մեր որոշումները ճիշտ են եղել, բայց երբեմն ընդունվել են, իսկ երբեմն չեն ընդունվել։
-Այժմ իրավիճակ է փոխվել. նոր կառավարություն, նոր իշխանություն է հաստատվել երկրում։ Իրենց հետ ինչպե՞ս եք աշխատելու։
-Դե ժամանակը կգա, կերեւա։
-Կարծում եք՝ կառավարության դիրքորոշմամբ, աշխատանքո՞վ է պայմանավորված, թե որքանով Հանրային խորհրդի ձայնը տեղ կհասնի։
-Դա կախված է Հանրային խորհրդից, կախված է նաեւ նրանից, թե իշխանությունները որքանով են պատրաստ ընդունել այն եզրակացությունները եւ այն առաջարկները, որ անում է Հանրային խորհուրդը։ Բնական է, որ իշխանությունը չի կարող 100 տոկոսով վերցնի, ընդունի բոլոր առաջարկությունները։ Այդ դեպքում կստացվի, որ Հանրային խորհուրդն է իշխանությունը։
-Ձեզ գոհացնո՞ւմ է խորհրդի ներկայիս կազմը, թե՞ ավելի հաջող կարող էր լինել։
-Գոհացնում է։

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՅԱԿԱՊ ԳԻՏԻ

Նախօրեին ԱԺ-ում քննարկվեց եւ երեկ ընդունվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է խստացնել ընտրական հանցագործությունների համար պատիժը. խոսքն, առաջին հերթին, ընտրակաշառք բաժանելուն եւ ստանալուն է վերաբերում:

Եւ նախօրեին, երբ նախագծի քննարկումների ժամանակ «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանն իր ելույթում ասել էր, թե ԱԺ դահլիճում նստած են նաեւ կաշառք բաժանողներ: Այս հայտատարութանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Էդուարդ Շարմազանովը` Կոնջորյանի ելույթը անվանելով անպատասխանատու:
«Իմ գործընկերներից մեկը ընտրակաշառքի, խախտումների մասին հայտարարություն արեց, երբ որ ես իրեն հորդորեցի, որ մի հատ անուն հնչեցնի, մի հատ անուն չկարողացավ հնչեցնի: Էդ անպատասխանատու հայտարարություններին վերջ տվեք: Կոնկրետ ինչ կա, ասեք»,- ասել է Է. Շարմազանովը:
Հատկանշական է, որ հուլիսի 17-ի հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին կոչ էր արել խոսելուց առաջ մտածել: Ուստի, «Ժողովուրդ» օրաթերթը երեկ Հայկ Կոնջորյանից հետաքրքրվեց` արդյոք ինքն ունի՞ ընտրակաշառքի մասին փաստեր, եւ ինչպե՞ս է վերաբերվում Շարմազանովի հայտարարություններին, երբ իր խոսքերը որակեց իրականություն կեղծել:
«Ժողովրդին եւ մեզ բոլորիս քաջ հայտնի է, թե ովքեր եւ ինչ մեթոդներով են շարունակաբար հայտնվել ԱԺ-ում, պետական տարբեր պաշտոններում: Պարոն Շարմազանովը բոլորից էլ լավ գիտի ճշմարտությունը: Ես չեմ պատրաստվում նրան ապացուցել մի բան, ինչի մասին հանրությունը հոյակապ գիտի»,- ասաց նա` այդպես էլ չհնչեցնելով որեւէ անուն:

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

ԽՈՍՏՈՒՄԸ ՉԿԱՏԱՐՎԵՑ
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի երազանքն այդպես էլ իրականություն չդարձավ: Նախորդ իշխանությունների ժամանակ Սերժ Սարգսյանը Բալասանյանին խոստացել էր որդուն` Խաչատուր Բալասանյանին, Չինաստանի Գուանչժո քաղաքում նշանակել տնտեսական հարցերով գլխավոր հյուպատոս: Սակայն իշխանափոխությունը խառնել է ծրագրերը, եւ նոր իշխանությունների օրոք այդ նշանակման մասին այլեւս խոսք լինել չի կարող, իսկ պատճառաբանությունն էլ այն է, թե նոր իշխանությունները ոչ կադրային նշանակումներ չեն կատարում: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանին հասկանալու համար, թե ինչու չեղարկվեց Խաչատուր Բալասանյանի նշանակումը հյուպատոսի պաշտոնում. «Այս պահի դրությամբ մենք նշանակում չունենք: Եթե նշանակվի, իսկ գլխավոր հյուպատոսները նշանակվում են արտաքին գործերի նախարարի հրամանով, ապա դա կարվի հրապարակային: Որքան ես եմ տեղյակ, նման նշանակում այս պահին չի նախատեսվում», – նշեց Տիգրան Բալայանը:

 

 

ԴԵՊՈՐՏ ԵՆ ԱՆՈՒՄ
ԱՄՆ կառավարությունը որոշել է նահանգներից արտաքսել քրեական աշխարհում հայտնի օրենքով գող Արմեն Ղազարյանին` Պզոյին: Ավելին` մեզ հասած տեղեկությունների համաձայն` որոշում է կայացվել, որ նրան սեպտեմբերի 18-ին պետք է արդեն ուղարկած լինեն Հայաստան: Հիշեցնենք, որ դեռեւս 2013 թ. Արմեն Ղազարյանը Մանհեթենի դաշնային դատարանում 37 ամսվա ազատազրկման դատապարտվեց: Դատարանը նրան մեղավոր ճանաչեց «Միրզոյան- Թերջանյան կազմակերպության» հանցավոր համագործակցության մեջ ներգրավված լինելու մեջ: Հետաքրքիր է՝ Ղազարյանը կգա, կհաստատվի Հայաստանում, թե, այնուամենայնիվ, կորոշի բնակվել այլ երկրում` հաշվի առնելով փաստը, որ թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանություններն օրենքով գողերի եւ քրեական հեղինակությունների դեմ պայքար են սկսել. հիշում եք, Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո նրանց բերման ենթարկեցին ոստիկանատներ կամ ԱԱԾ, ոմանց նկատմամբ նույնիսկ քրեական գործ հարուցեցին:

 

 

ԱՌԱՆՑ ՈՒՂԵՎՈՐԻ
Հայաստանում ուղեւորափոխադրումները գնալով նվազում են: Ըստ մասնագետների` դրանք անմիջականորեն արտացոլում են երկրի ժողովրդագրական վիճակը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա 7 ամիսներին ՀՀ-ում ուղեւորափոխադրումները 5.5 տոկոսով նվազել են: Այս տարվա 7 ամիսներին նվազել են նաեւ ավտոմոբիլային փոխադրումների ծավալները` 8 տոկոսով: Ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալների անկման պատճառը մեկն է` ուղեւորների նվազումը: Ակնհայտ է, որ նրանց բացակայությունը իր ազդեցությունն է ունեցել նաեւ ուղեւորափոխադրումների ծավալների վրա:




Լրահոս