ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հերթական ուշագրավ որոշումն է կայացրել, որի անունը դրել է «շրջադարձային, կարծրատիպեր կոտրող ռեֆորմ»: Նա ոչ աշխատանքային՝ կիրակի օրով հայտարարել է, թե «Այլեւս չի լինելու դեռեւս խորհրդային տարիներից պահպանված, առողջապահության նախարարի կողմից նշանակվող «Գլխավոր մասնագետների ինստիտուտը»։ Բժիշկ մասնագետի որակավորումը չպետք է որոշվի նախարարի հրամանով, այլ հակառակը՝ նրա կրթությամբ, աշխատանքային փորձով… եւ այլն»: Նկատեցի՞ք՝ նախարարը հակասում է ինքն իրեն. հայտարարում է, թե չի ընդունում նախարարի կողմից նշանակվող բժիշկների «ինստիտուտը», բայց ինքն է անում նույն նշանակումները՝ պարզապես գլխավոր մասնագետ որակումը փոխարինելով «խորհրդատու» ձեւակերպմամբ: Նրա մեկնաբանմամբ` «Նորանշանակ խորհրդատուները օգնելու են առողջապահության նախարարությանը ոլորտային քաղաքականության մշակման… գործում»: Նշենք, որ այս որոշումն էլ նախարարը կայացրել է առանց մասնագիտական շրջանակների հետ խորհրդակցելու, իսկ բժշկությունը յուրօրինակ մասնագիտություն է, եւ խորհրդակցելը երբեք ամոթ չէ: Իսկ բժիշկների համար «գլխավոր մասնագետը» պարզապես տիտղոս է՝ չվարձատրվող աշխատանք: Բայց անգամ տիտղոսազրկումը Թորոսյանը արել է մարդու իրավունքների ոտնահարման վառ դրսեւորումներով: Նա անվանի, վաստակ ունեցող 4 տասնյակից ավելի բժիշկներին ուղղակի արհամարհելով` գիշերով հայտարարել է, որ հեռացված են: Մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ պետք է նախ շնորհակալություն հայտներ ցտեսություն ասելուց առաջ՝ նախապես տեղեկացնելով նրանց իր որոշման պատճառների մասին: Նշենք, որ նախարարը տիտղոսից զրկել է այնպիսի անվանի բժիշկների, ինչպիսիք են ՀՀ վաստակավոր բժիշկ, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը, ԵՊԲՀ Ստոմոտոլոգիայի ֆակուլտետի դեկան, ստոմոտոլոգների ասոցացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Լազր Եսայանը, Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը, «Աստղիկ» ԲԿ-ի նյարդաբանության բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը եւ այլոք: Լուրեր կան, որ նա իր մտերիմներին է նշանակել խորհրդատուներ: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել նորերը, նախարարությունից պատասխանեցին՝ «պրոֆեսիոնալիզմի»: Սա ոչ այլ ինչ է, քան ապտակ բժշկի մասնագիտությանը եւ արժեքների ոչնչացում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ գործարարների հանդիպումն այնքան էլ հարթ չի անցել: Հավաքվածները հիմնականում նախկին իշխանության հետ տարբեր թելերով կապված գործարարներ են, որոնք իրենց հարմարավետ չեն զգում նոր իշխանության օրոք: Նրանցից շատերը դիտորդի նման եկել, նստել ու հեռացել են: Որոշ մասն էլ իրար հետ զրուցելիս ասել են, որ այլեւս Հայաստանում գումար չեն ներդնի, քանի որ վախենում են` նոր կառավարությունն ավելորդ գլխացավանք պատճառի, իրենք չեն ուզում ճաղավանդակների հետեւում հայտնվելու հեռանկարի գնով ներդրումներ կատարել: Թերեւս սրանով էր պայմանավորված այն, որ «Տրոյկա դիալոգ» ընկերության սեփականատեր Ռուբեն Վարդանյանը բավականին ագրեսիվ էր խոսում Նիկոլ Փաշինյանի հետ: Բացի այդ, պարզվում է` Վարդանյանը նեղացած է նոր իշխանությունից, քանի որ վերջիններս «տրորել են» նրա ոտքը, երբ որոշել են ՀՀ-ում փակել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի անդամներից էր Վարդանյանը:
Նախորդ տարվա ապրիլին մեծ աղմուկ բարձրացավ, երբ պարզվեց` Հայաստան մեծ քանակությամբ ադրբեջանական ծագման խնձոր էր ներկրվել: Այդ կապակցությամբ անգամ քրեական գործ էր հարուցվել Բագրատաշենի մաքսակետի հերթափոխի մաքսային տեսուչներ Հարություն Խաչատրյանի, Վահե Ասլանյանի, Խաչիկ Հակոբյանի, նաեւ մաքսատան հերթափոխի 1-ին կարգի մասնագետ Համբարձում Դավթյանի դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով` պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում օրերս ավարտվել է այդ գործով դատաքննությունն ու մաքսատան նախկին աշխատակիցներից Հարություն Խաչատրյանը, Համբարձում Դավթյանն ու Խաչիկ Հակոբյանը դատավճռի համաձայն, զրկվել են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 4-2 տարի ժամկետով: Իսկ Վահե Ասլանյանին ճանաչել են անմեղ՝ հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում:
2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցի շուրջ մասնագիտական թեժ քննարկումներ են սկսվել: Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարանում բողոքարկել է վերաքննիչ դատարանի որոշումը՝ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին: Ու մինչ վճռաբեկ դատարանում կքննվի այս հարցը, ՀՔԾ-ն Քոչարյանի համար որպես խափանման միջոց ընտրել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: ՀՔԾ-ն այս քայլին գնացել է այն բանից հետո, երբ Քոչարյանը ցանկացել է մեկնել արտերկիր: «Ժողովուրդ»օրաթերթի աղբյուրները պնդում են, որ հիմա վճռաբեկ դատարանը գտել է այս հարցից գլուխն ազատելու ձեւը: Դատական համակարգում եկել են այն եզրակացության, որ եթե դատախազությունը բողոք է բերել կալանավորելու պահանջով, իսկ ՀՔԾ-ն էլ Ռ. Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին, ապա կիրառության մեջ է մտնում ՀՀ քրդատօր 134 հոդվածի 4-րդ կետը, ըստ որի` «խափանման միջոցները չեն կարող կիրառվել մեկը մյուսի հետ կապակցված»: Այսինքն՝ Քոչարյանը կարող է չկալանավորվել:
ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը կրկին անդրադարձել է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին` փորձելով ինքնարդարացման համար փաստերը ներկայացնել խեղաթյուրված: «Մեզ չեն կարող մեղադրել ո՛չ արյուն թափելու, ո՛չ թալանի մեջ»,- ասել է նա եւ հավելել, թե իրենք կոալիցիա կազմել են 2008 թվականի մարտի 21-ին, ոչ թե մարտի 1-ին, իսկ ինքն անվտանգության խորհրդի քարտուղար է դարձել մայիսի 5-ին։ «Մարտի 1-ը ո~ւր, մայիսի 5-ը ո~ւր: … մարտի 21-ին ստորագրվել է կոալիցիա, մայիսի 5-ին նշանակվել եմ անվտանգության խորհրդի քարտուղար»,- հայտարարել է նա:
Հասկանալի է` Արթուր Բաղդասարյանն ամեն կերպ փորձում է ձերբազատվել մարտի 1-ի պատասխանատվությունից` փաստերը ներկայացնելով խեղաթյուրված, ինչպես իրեն է ձեռնտու: Հաշվարկը պարզ է. մարտի 1-ի դեպքերը տեղի են ունեցել տասը տարի առաջ, եւ այս տասը տարիների ընթացքում միգուցե հասարակությունը մոռացած լինի մանրամասն ժամանակագրությունը: Միայն թե, եթե ոմանք մոռացել են իրադարձությունների ժամանակագրությունը, հիշեցնենք մի քանի փաստ:
Եւ այսպես, 2008թ. փետրվարի 28-ին ՀՀ կառավարությունում տեղի էր ունեցել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը, որի ժամանակ նրանք ստորագրել էին քաղաքական համագործակցության համաձայնագիրը: Այդ օրը Սերժ Սարգսյանը խոսել էր ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ կոալիցիոն կառավարություն կազմելու մասին, հայտարարել, որ Բաղդասարյանին առաջարկել է ստանձնել ՀՀ նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:
Ասել է թե` մարտի 1-ի ոճրագործությունից երկու օր առաջ արդեն ՕԵԿ-ը փաստացի իշխանության մաս էր: Ու իր այդ քայլով՝ Սերժ Սարգսյանին միանալով` մինչ այդ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Արթուր Բաղդասարյանը լեգիտիմացրեց ցուցարարների դեմ իշխանությունների բռնությունները, մարտի 1-ի գիշերվա սպանդը: Հետո արդեն ՕԵԿ-ը կոալիցիոն գործընկերների հետ միասին ԱԺ-ում կողմ քվեարկեց մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու նախագահի հրամանագրին: ՕԵԿ-ը կողմ քվեարկեց ԱԺ պատգամավորների կալանավորմանն ու մեղադրանք առաջադրելուն` այդպես աջակցելով, որ ՀՀ-ն ունենա քաղբանտարկյալներ:
Այնպես որ, երբ այսքանից հետո Արթուր Բաղդասարյանը փորձում է ձեւացնել, թե իբր իրենք կապ չունեն մարտի 1-ի հետ, նրա քայլերը քամահրանք են հարուցում:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ չորս ուժերը կոալիցիոն համաձայնագիր կնքեցին մարտի 21-ին, ապա հիշեցնենք` մինչ այդ Երեւանում արտակարգ դրություն էր հայտարարված: Ասել է թե` մարտի 1-ը հետաձգեց այդ համաձայնագրի ստորագրումը: