ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՄԱՐԶԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԱԽԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր Վայոց ձորի Շատին համայնքում տիրող իրավիճակին, թե ինչպես են մարզի ուժային կառույցները անգործության մատնված, որի հետեւանքով համայնքի մի խումբ բնակչներ շուրջ երեք ամիս զավթել են Շատինի համայնքապետարանը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի երկու աշխատակիցներն իրավիճակին ծանոթանալու համար այցելել էին Շատինի համայնքապետարան: Եւ արձանագրեցինք, որ բնակիչները բեռնատար մեքենայով փակել են համայնքապետարանի բակը, աստիճանների եւ մուտքի դռան մոտ տեղադրել մահճակալ եւ օրուգիշեր հսկում են, որպեսզի որեւէ մեկը չմոտենա դռանը: Այստեղ բնակիչներից մի քանիսը հարձակվել են մեր թղթակիցների վրա, անգամ խլել լրագրողական վկայականը, հարվածել տեսանկարահանում իրականացնող թղթակցի ձեռքին, քաշքշել:
«Ժողովուրդ»-ի լրագրողներն այցելել էին Վայոց ձորի մարզային ոստիկանություն հաղորդում տալու, սակայն վարչության պետ Գրիգոր Գրիգորյանն այդպես էլ չէր ընդունել լրագրողներին:
Այս առիթով Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ:
-Պարո՛ն Օսիպյան, Դուք տեղյա՞կ եք` ոստիկանության մարզային վարչության պետերը ինչպես են աշխատում, հետեւե՞լ եք իրենց աշխատանքին, ինչպես են կատարում իրենց ծառայությունը:
-Նորմալ: Կան ե՛ւ լավ, ե՛ւ միջին, համեմատաբար նորմալ է:
-Ի՞նչ կասեք, օրինակ, ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչություն պետ Գրիգոր Գրիգորյանի կողմից ղեկավարվող մարզային ծառայության մասին: Մեզ հայտնի դարձավ, որ Դուք նրան նոր եք նշանակել ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչություն պետի պաշտոնում:
-Նորմալ եմ գնահատում:
-Միգուցե Դուք նորմալ եք գնահատում, բայց մարզում եւ հատկապես Շատին համայնքում արդեն երեք ամիս է` ամենաթողություն է, եւ ոստիկանները վարչության պետի գլխավորությամբ, մեղմ ասած, անգործության են մատնված:
-Ձեր թղթակցի հետ կապված դեպքից տեղեկացված եմ, ինձ զեկուցել են, որ սահմանված կարգով ընթացք կտրվի կատարվածին:
-Արդեն երեք ամիս է, որ ոստիկանները վախենում են մոտենան եւ պատասխանատվության կանչեն անօրինականության դիմած քաղաքացիներին: Դուք պարզե՞լ եք` իրենք վախենո՞ւմ են աշխատել, վարչության պետը վախենո՞ւմ է կոնկրետ մարդկանց պատասխանատվության կանչել, որոնք համայնքապետարանի շենք են զավթել:
-Ո՞վ է Ձեզ նման բան ասել, ուրեմն Շատինի հարցը կարող է կարգավորվել շատ արագ եւ շատ կարճ ժամանակում, կրկնում եմ, շատ կարճ ժամանակում:
-Այդ դեպքում ի՞նչն էր խանգարում, որ այս երեք ամսվա մեջ ոստիկանության պաշտոնատար անձինք քայլեր չեն ձեռնարկում իրավիճակը կարգավորելու համար:
-Ձեզ ասեմ, որ ուղղակի ոստիկանությունը ցանկություն չունի` բախում տեղի ունենա, որովհետեւ դա կդիտեն որպես բախում: Մենք իրականացնում ենք օրինական գործողություններ եւ թողել ենք գյուղացիների ինքնագիտակցության վրա, եւ վստահ եմ` իրենք կինքնակազմակերպվեն:
-Բայց իրավիճակը այլ է: Նրանք չեն ինքնակազմակերպվում, եւ ոստիկանները ոչինչ չեն անում նրանց կարգի հրավիրելու համար: Վստա՞հ եք, որ ոստիկանները վախեցած չեն:
-Իհարկե:
-Բնակիչները պահանջում են գտնել այս ամենի կազմակերպչին, կանչել պատասխանատվության, եւ հարցը կլուծվի: ՀՀ ոստիկանությունը կարո՞ղ է գտնել, բերել բնակիչներին ուղղորդողին եւ հարցը լուծել:
-Եթե այդպիսինը կա, որեւէ խնդիր չկա, հատկապես Ձեր կոմից նշված մարզային վարչության պետը կաշկանդված չէ: Եթե ես զգամ, իմանամ, տեղեկություններ ստանամ, եւ այդ տեղեկությունները ապացուցվեն, որ որեւէ ոստիկան, կապ չունի` գնդապետ է, թե սերժանտ, կաշկանդված է, մեկ ժամ չեն աշխատի: Այսքանը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացավ, որ մեր լրագրողներին քաշքշելու եւ մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքին իրավական գնահատական է տրվելու: «ՀՀ գլխավոր դատախազությունը «Ժողովուրդ» թերթի հրապարակումը, որտեղ նշվում էր նաեւ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու եւ դա որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու վերաբերյալ, ուղարկել է ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազութուն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու եւ ընթացքը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով»,- հայտնեցին դատախազության հանրային կապերի բաժնից:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ԲԱՆԱԿԻՑ ԲԵՆԶԻՆ ԵՆ ՏԱՐԵԼ
Պաշտոնատար անձանց կողմից բանակից հափշտակությունների դեպքերով բացահայտումները շարունակվում են: Պարզեցինք, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Լեւոն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, կոչումով մայոր, պատասխանատու լինելով զորամասի տեխնիկայի տեխնիկական վիճակի, ճիշտ շահագործման, նորոգման եւ էվակուացիայի համար, զորամասի նյութատեխնիկական ապահովման համար, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի շահագործման, վառելանյութի, քսանյութերի եւ հատուկ հեղուկների ճիշտ կիրառման եւ խնայողական օգտագործման համար` 2017թ. սեպտեմբերից մինչեւ 2017թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ուղեգրերը կեղծելու միջոցով զորամասի իրեն վստահված նյութական միջոցները յուրացրել է: Ասել է թե` իրեն հանձնված է եղել մոտ 200 լիտր բենզին եւ վերջիններս ներկայացրել են, թե բոլորը օգտագործել են:
Բացի այդ, Լեւոն Խաչատրյանը, լինելով պաշտոնատար անձ, 2017թ. նոյեմբերի 10-ին զորամասի հաշվեկշռում գտնվող «ՈւՐԱԼ-375» մակնիշի ՊՆ 2470 Տ զինհամարանիշի ավտոմեքենայի համար կազմել է կեղծ փաստաթուղթ` 659 համարի ուղեգիրը, որտեղ նշել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ այն մասին, որ նշված մեքենան կատարել է քաղաք Վեդի, քաղաք Երեւան, քաղաք Աշտարակ, գյուղ Կոշ-Աղավնաձոր քարի հանք երթուղին, ինչի արդյունքում ծախսվել է 148լ ավտոբենզին:
Սակայն այս ուղղությամբ որեւէ աշխատանքներ չեն իրականացվել: Այս արարքի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի հատկանիշներով եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

 

 

ԸՆԴԴԵՄ ԴԱՏԱՎՈՐԻ
Շիրակի մարզի քաղաք Մարալիկի դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանին դատի են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 13-ին Մնացական Պետրոսյանը դիմել է դատարան ընդդեմ դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանի: Իր հայցով քաղաքացին պահանջում է, որ դատարանը ստիպի Լենդրուշ Հովհաննիսյանին բացատրություն տալ եւ 2017թ. դեկտեմբերի 28-ին կայացված վճիռը վերացնելուն պարտավորեցնել: Ըստ էության, քաղաքացիները կա՛մ մոռացել են, կա՛մ հույսները կորցրել են, որ առաջին ատյանի դատարանի որոշումները կարող են բողոքարկել ՀՀ վերաքննիչ դատարանում, եւ այս հանգամանքները հաշվի չառնելով` միանգամից դատի են տվել դատավոր Հովհաննիսյանին:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

«ԿԽՈՑԵՆ ԱՐՑԱԽԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ»
Սեպտեմբերի 17-22-ն Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ գործառնական-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն, այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Զորավարժանքների ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-ի զինվորները «կխոցեն Արցախում հայկական զինված ստորաբաժանումները, ռազմական ու ռազմավարական օբյեկտները»: Զորավարժություններին կմասնակցի ավելի քան 20.000 զինծառայող, ավելի քան 200 միավոր տանկ եւ այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի ավելի քան 120 հրթիռահրետանային սարքավորում, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, մոտ 10 միավոր կործանիչ ու ռմբակոծիչ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-14-ն էլ Հայաստանում անցկացվեց «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժություններ, որոնց շրջանակում ՀՀ ԱԺ-ն պայմանականորեն ընդունել է Ադրբեջանին պայմանական պատերազմ հայտարարելու մասին որոշում:ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի փոխանցմամբ` Ադրբեջանը հերթական անգամ խախտել է միջազգային պարտավորությունները: Անցկացվելու են խոշոր զորավարժություններ զորքերի ներգրավմամբ: Ադրբեջանական կողմն իր միջազգային պարտավորություններին համապատասխան պարտավոր էր տեղեկացնել ԵԱՀԿ երկրներին:

 

 

ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է
ՀԱԿ վարչության անդամ, արցախյան պատերազմի վետերան Մյասնիկ Մալխասյանը բուժման նպատակով տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի Նեւրոլոգիայի եւ նեյրովիրաբուժության ԳՀԻ: Ըստ «Աստղիկ» բկ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անահիտ Հախեյանի` Մ. Մալխասյանը վերակենդանացման բաժանմունք է ընդունվել կոմայի մեջ եւ այնտեղ է գտնվել 50 օր: Բժիշկներն ախտորոշել են թարախային մենինգիտ, նրան բուժել են ծավալուն հակաբիոտիկներով եւ ուղեղի թաղանթի վիճակը բարելավվել է: Ազգականների ցանկությամբ հրավիրվել են Սանկտ Պետերբուրգի Նեւրոլոգիայի եւ նեյրովիրաբուժության ԳՀԻ` ուղեղի պաթոլոգիաների բուժման մասնագիտացված կենտրոնի մասնագետները: Նրանք առաջարկել են հիվանդին տեղափոխել Սանկտ Պետերբուրգ ավելի ճշգրիտ ախտորոշում կատարելու եւ մասնագիտացված բուժում տալու համար: «Սանկտ Պետերբուրգից գործընկերների առաջարկով կազմակերպել ենք հիվանդին օդանավով տեղափոխումը նրանց պրոֆիլային ինստիտուտը, որտեղ կկազմակերպվի նրա հետագա բուժումը»,-ասել է Ա. Հախեյանը:

 

 

ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
Երեկ կայացած ընտրությունների արդյունքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը, որը ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող է: Հիշեցնենք, որ ՀՑԹԻ-ն նախկինում ղեկավարել է պատմաբան Հայկ Դեմոյանը: Այս տարվա հունիսի 26-ին լրագրողների հետ զրուցում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ասել էր, որ դեռեււս 2017թ. դեկտեմբեր ամսին որոշում է կայացվել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ը հիմնադրամ դարձնելու մասին: Նշանակվել էր նաեւ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար, որը պետք է ղեկավարեր թանգարան-ինստիտուտը մինչեւ նոր տնօրենի ընտրությունները:




Լրահոս