Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է Սահմանադրական դատարանի նոր անդամի ընտրություն, որի թեկնածությունն ԱԺ-ին է ներկայացնելու նախագահ Արմեն Սարգսյանը: ԱՄՆ-ում ներկայումս նույնպիսի մի գործընթաց է տեղի ունենում, որը վերաճել է սուր ներքաղաքական առճակատման: Երկու դեպքում էլ, սակայն, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրող նախագահները կարծես շահող են դուրս գալու` թե՛ թեկնածուների հաստատման, թե՛ մերժման պարագաներում:
ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Բրեթ Քավանոյի թեկնածության առաջադրումը, թվում է, գլխացավանք դարձավ նախագահ Դոնալդ Թրամփի համար: Դեմոկրատներն ու Թրամփին հակառակվող մեդիա դաշտը խիստ բացասական ալիք սկսեց Քավանոյի դեմ` նրան մեղադրելով բազմաթիվ մեղքերի մեջ: Հատկապես ցնցող տպավորություն գործեց 36 տարի առաջ տեղի ունեցած ինչ-որ իրադարձության հանրայնացումը, որով Քավանոյին մեղադրում էին սեռական ոտնձգության մեջ: Թեպետ Քավանոն ժխտում էր տեղի ունեցածը, սակայն տուժող կինն ի լուր աշխարհի հավաստում էր այդ մասին: Առիթից օգտվեցին Թրամփի հանդեպ թշնամական տրամադրված լրատվամիջոցներն ու հարցը դարձրին ներքաղաքական ամենակարեւորագույն իրադարձությունը: Հատկանշական է, որ տուժողն անգամ հարցաքննության հրավիրվեց Սենատի համապատասխան հանձնաժողովի նիստին, որտեղ ընթանում էին Քավանոյի թեկնածության հաստատման լսումները: Նախորդ շաբաթ պետք է տեղի ունենար քվեարկությունը, սակայն սենատորներից մեկը, որի ձայնը վճռորոշ էր, հաշվի առնելով 11-10 հարաբերակցությունը հանրապետականների ու դեմոկրատների միջեւ, որոշեց ձեռնապահ մնալ` հանդես գալով նոր հետաքննության առաջարկով: Հանձնարարվեց ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյին քննություն սկսել հնչած մեղադրանքների կապակցությամբ բացահայտելու, թե արդյոք դրանք համապատասխանում են իրականությանը:
Թեպետ Քավանոյին արագ հաստատելու մարտավարությունը չստացվեց, սակայն հազիվ թե դա Թրամփի համար քաղաքականապես լուրջ բարդություններ ստեղծի: Ավելին` Թրամփը, կարծես թե, հաղթող է դուրս գալու թե՛ Քավանոյի թեկնածության հաստատման, թե՛ մերժման պարագայում: Խնդիրն այն է, որ եթե Քավանոյի թեկնածությունը հաստատվում է ԱՄՆ Սենատի իրավական հանձնաժողովում, այն ներկայացվելու է ամբողջ Սենատի վավերացմանը եւ, փաստորեն, նախագահը հաջողում է իր թեկնածուին դարձնել Գերագույն դատարանի դատավոր: Սա կլինի մեծագույն հաղթանակ ոչ միայն Թրամփի, այլեւ Հանրապետական կուսակցության համար, քանի որ Քավանոն կլինի երկրորդ պահպանողականը, որ Գերագույն դատարանում է հայտնվում Թրամփի նշանակմամբ` ամրապնդելով այդ հաստատությունում պահպանողականների մեծամասնությունը: Եվ եթե նույնիսկ Քավանոյի թեկնածությունը չվավերացվի, ապա, առարկայական խնդրով հանդերձ, Թրամփին արդեն իսկ հաջողվել է կրկին միավորել հանրապետականներին նոյեմբերի 6-ին սպասվող Կոնգրեսի մասնակի ընտրություններին ընդառաջ: Ավելին` միասնական պայքարը դեմոկրատների մեղադրանքների դեմ կարծես համախմբեց նաեւ ամերիկյան պահպանողական ընտրողներին, որոնք, համաձայն տարբեր վերլուծաբանների կարծիքի ու հարցումների, խիստ հիասթափված են դեմոկրատների լիբերալ օրակարգից: Այս համատեքստում ակնկալվում է, որ նրանք ակտիվորեն մասնակցելու են առաջիկա ընտրություններին, ուստի հանրապետական թեկնածուների շանսերը հատկապես պահպանողական համարում ունեցող նահանգներում էականորեն աճելու են: Սակայն հանրապետականների ոգեւորությունն այս կապակցությամբ չի կարող հուսալի լինել, քանի որ ուղիղ մեկ ամիս ժամանակ կա ընտրություններին, եւ պատկերը կարող է կրկին վերափոխվել:
Հայաստանում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունները նախկինում անցել են «տաղտուկ» մթնոլորտում, առանց լուրջ հակասությունների: Սակայն հեղափոխությունից հետո խորհրդարանը 2 անգամ չկարողացավ ՍԴ դատավոր ընտրել, եւ հիմա թեկնածու առաջադրելու հերթը կրկին նախագահինն է: Առաջին փորձի տապալումից հետո Արմեն Սարգսյանը անսաց փաստաբանական հանրության հորդորին` ՍԴ դատավորի թեկնածուի մրցույթ նախաձեռնելով: Ըստ վերջին տեղեկությունների` Արմեն Սարգսյանը ստացել է 5 իրավաբանների հայտեր, որոնցից էլ պետք է ընտրի թեկնածուին ու ներկայացնի ԱԺ-ի հաստատմանը: Հանրային ու լրատվական դաշտում խիստ հավանական են համարում, որ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու կառաջադրի հայտնի իրավաբան Վահե Գրիգորյանին: Թերեւս Հայաստանի լավագույն սահմանադրագետներից մեկը լինելով հանդերձ` Գրիգորյանի թեկնածությունը ԱԺ-ում կարող է հեշտությամբ չվավերացվել: Խնդիրն այն է, որ նա Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում ակտիվորեն հանդես է եկել իրավախախտումների դատապարտմամբ: Ավելին` Գրիգորյանը ներկայումս հանդիսանում է Մարտի 1-ի 9 զոհերի տուժողների շահերի պաշտպանը եւ հրապարակավ լուրջ դժգոհություն է արտահայտել Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին Վերաքննիչ քրեական դատարանի որոշման առթիվ: Նրա անունը շրջանառվում էր նաեւ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի ժամանակ, որի գաղտնալսումը դարձավ հանրության սեփականությունը: Եվ ահա այժմ հաշվի առնելով Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ ԱԺ-ում վերջինիս աջակցող մեծամասնության առկայությունը` լիովին հավանական է, որ Գրիգորյանի ընտրությունը տապալվի: Խնդիրը այժմ կարծես ոչ միայն իշխանության նախաձեռնությունները ձախողելն է, այլեւ Գրիգորյանի` ԱԺ-ի մեծամասնության համար անցանկալի թեկնածու լինելը: Գործընթացից թերեւս միակ հաստատ շահողը կլինի նախագահը, որն իր լիազորությունների շրջանակներում առաջադրել է թե՛ մասնագիտական առումով, թե՛ Նոր Հայաստանին համարժեք անխոցելի թեկնածու:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ