ԱՄՍԻ 23-Ը ԿԱՆՑՆԻ, ԵՎ ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՂԸ ԿԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է «Երեւանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը:

-Պարո՛ն Զուրաբյան, այս ընտրություններում ակտիվությունը ավելի շատ է, քան նախորդում էր: Քարոզարշավն էլ տեսնելով` այնպիսի տպավորություն է, որ խորհրդարանական ընտրություններ են: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ այսպես եղավ այս անգամ:
-Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է: Առջեւում լինելու են նոր պառլամենտական ընտրություններ: Ընդհանրապես՝ Հայաստանը վերափոխվում է, եւ դա առաջացրել է որոշակի աժիոտաժ, որը կարող է նման իրավիճակներում լինել: Լա՞վ է դա: Չէի ասի, որ լավ է: Վա՞տ է: Ինչ-որ տեղ վատ է: Բայց սա բնական է, որովհետեւ այս մթնոլորտը հատուկ է հետհեղափոխական շրջանին:
-Իսկ դուք սպասո՞ւմ էիք, որ քարոզարշավը վերջին օրերին այսպես կտրուկ կփոխվի եւ կլարվի:
-Ցավում եմ դրա համար: Ես գտնում եմ, որ առանձին դեպքերում հնարավոր են նաեւ լարումներ եւ կարծում եմ, որ շատերը շեղվել են Երեւանի թեմայից: Երեւանը ստորադասվել է, Երեւանի խնդիրները ստորադասվել են եւ այլ ճանապարհով է ընթանում այս պրոցեսը: Կարծում եմ՝ շատ ավելի լավ կլինի վերադառնալ Երեւանի խնդիրներին, որովհետեւ մենք ընտրում ենք Երեւանի քաղաքապետ, եւ Երեւանում էլ հսկայական խնդիրներ կան, որոնց լուծումները գտնելը այս պահին առաջնահերթություն է:
-Լինելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, կիսո՞ւմ եք այն որոշումը, որը վերջին օրերին «ԲՀԿ»-ն է որդեգրել՝ կապված Նիկոլ Փաշինյանի կամ Հայկ Մարությանի հետ:
-Ես «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության անդամ եմ եւ այդ գործունեությունը ծավալում եմ համատեղ պառլամենտում: Եվ դա բնական է, որ այն գործունեությունը, որ ծավալում ենք պառլամենտում՝ որպես մեկ թիմ, մեկ քաղաքական միավոր, մենք այնտեղ խիստ միասնական ենք եւ միասին տանում ենք քաղաքական պրոցեսը:
Այս մի հարթակում կա մի լուրջ տարբերություն: Ես գլխավորում եմ «Երեւանցիներ» դաշինքը եւ մրցակից եմ այլ խմբակցությունների: Եվ, բնականաբար, յուրաքանչյուրս մեր մոտեցումները ունենք առանձին խնդիրներին եւ հարցերին: Ես կարծում եմ` ոչ թե այս կամ այն միավորի մոտեցումը պետք է կիսել կամ չկիսել, այլ այդ մթնոլորտը ընդունելի կամ ոչ ընդունելի համարել: Մթնոլորտը գնահատում եմ ոչ այնքան դրական, որովհետեւ այն լարված է, եւ դա որեւէ դրական բան չի տալիս:
-Երեկ էլ Արամ Սարգսյանը նշեց, որ այն ուժերը, որոնք ժամանակին սատարել են Նիկոլ Փաշինյանին, այսպես շարունակելու դեպքում հնարավոր է՝ իրենց կողքին չլինեն: Համակարծի՞ք եք:
-Ես կարծում եմ, որ հարցը մի քիչ այլ ձեւով է դրված: Նորից եմ ասում՝ նախընտրական քարոզչություն եւ մրցակցություն է, եւ դա ծնում է որոշակի մոտեցումներ, որոնք լինում են սուր: Ամսի 23-ը կանցնի, եւ ամեն ինչ տեղը կլինի:
-Բայց այս ուժերը նույն կառավարության կազմում են:
-Հայաստանի Հանրապետությունում, եւ, ընդհանրապես, աշխարհում շատ ընդունված է, որ նույն քաղաքական ուժի մեջ լինեն տարբեր հոսանքներ: Սա քաղաքականության հիմքում ընկած պրոցես է: Այնպես չէ, որ դա օտար է քաղաքականությանը: Որովհետեւ մշտապես մեկ առանձին կամ տասը առանձին հարցերի շուրջ անհատներ, խմբեր, քաղաքական ուժեր ունենում են տարբեր մոտեցումներ, եւ սա բնական է: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է գործի իր խղճին համահունչ եւ պետք է կարեւոր համարի մեր երկրի շահը, որովհետեւ այն դոմինանտ է:
-Բոլոր դեպքերում հենց Հայկ Մարությանն է խուսափում բանավեճից: Ի՞նչ եք կարծում՝ ճի՞շտ է Նաիրա Զոհրաբյանի այն ասածը, որ քաղաքական առումով նա չի կարող բանավիճել առանց Նիկոլ Փաշինյանի:
-Ես ասեմ որ, իհարկե, չի կարող, որովհետեւ Հայկ Մարությանը քաղաքականության մեջ է մի քանի օր, իսկ քաղաքային տնտեսության մեջ երբեք չի եղել: Այսինքն՝ սրանք ոլորտներ են, որոնք իր համար նոր են: Կանցնի որոշ ժամանակ, եւ ինքը, ունենալով բավականաչափ լավ տրամաբանելու հնարավորություն, որը ակնհայտ է, կսովորի շատ բան, բայց դեռեւս չի սովորել եւ ճանապարհ ունի անցնելու: Իսկ ես կարծում եմ, որ ի վերջո Երեւան քաղաքը փորձադաշտ չէ, որտեղ սկսում են սովորել: Պետք է լինեն մարդիկ, ովքեր արդեն ունեն համապատասխան մոտեցումները, գիտելիքները, պատկերացումները եւ մասնագիտական ունակությունները:
-Բայց դուք ասել եք, որ Նաիրա Զոհրաբյանին էլ է ժամանակ պետք:
-Նաիրա Զոհրաբյանին շատ ավելի քիչ ժամանակ է պետք, որովհետեւ նա անցել է լուրջ քաղաքական դպրոց, որը որ առնչվում է հանրային, հասարակական կյանքի բոլոր էլեմենտների հետ: Նույնը վերաբերում է քաղաքական փորձառություն ունեցող բոլոր անհատներին:
Երբ ասում են՝ այս կամ այն պաշտոնը քաղաքական է, նկատի ունեն, որ քաղաքական գործիչը ունի փորձառություն բազմաթիվ հարցերի շուրջ: Էլի եմ ասում՝ որոշակի դժվարություն կլինի, որովհետեւ մարդիկ չեն ղեկավարել Երեւանի նման մեխանիզմ: Բայց շատ ավելի հեշտ կլինի նրանց համար, ովքեր փորձառու են, քան թե նրանց համար, որոնք թե՛ այստեղ փորձառու չեն, թե՛ Երեւանի տնտեսությունը չեն պատկերացնում:
Իմ պարագայում այնպես է ստացվել, որ ես քաղաքականությամբ զբաղվում եմ Հայաստանում քաղաքականության ծննդյան օրվանից մինչեւ հիմա , իսկ քաղաքային տնտեսությանը բավականին երկար ժամանակահատված տվել եմ իմ կյանքը: Կարծում եմ, որ իմ պարագայում որեւէ նմանատիպ խնդիր չկա: Հաջորդ իսկ օրվանից կարելի է հանգիստ անցում կատարել աշխատանքի:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ԱՎԵԼՈՐԴ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ

Մի քանի օր է, ինչ Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավը վերածվել է «Իմ քայլը»-ԲՀԿ-«Լույս» քաղաքական ուժերի միջեւ հակամարտության: Ու սա չնայած այն բանին, որ այս ուժերը կառավարության կազմում են, եւ համարվում են գործընկերներ: Բայց քարոզարշավի ժամանակ միմյանց հասցեին արտահայտությունները բոլորովին այլ ենթադրությունների տեղիք են տալիս: Մինչ այդ հատկանշական է, որ գործընկեր կուսակցությունների հետ քարոզչական այս պատերազմում լռում է ՀՅԴ-ն, որը եւս կառավարության մաս է կազմում: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ խոսեց ՀՅԴ կուսակցության անդամ Արսեն Համբարձումյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց ստեղծված իրավիճակի շուրջ:

«Իհարկե գնահատելի է, որ Երեւանի ավագանու ընտրություններում մասնակցում են մեծ թվով քաղաքական ուժեր: Այս ուժերի մասնակցությունը այն ակնկալիքով է, որ երկար ժամանակահատվածից հետո Հայաստանում ազատ, արդար ընտրություններ կիրականացվեն: Բայց պետք է նաեւ ասեմ, որ ընտրարշավը հուսադրող չէ: Չեմ կարծում, որ հասարակությանը բարիկադներով տարանջատելը, քաղաքական ուժերին գունավորելը, թվացյալ հակահեղափոխականների դեմ պայքարելը քաղաքական պայքարի լավագույն եղանակ է»,- ասաց նա:
Խոսելով ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանի՝ «Իմ քայլը» դաշինքի հասցեին հայտարարությունների մասին, երբ մեղադրանքներ էին հնչեցնում Հայկ Մարությանի հասցեին, պարոն Համբարձումյանը ասաց, որ իր կարծիքով նման հռետորաբանությունը քարոզարշավի շրջանակներում տեղին չէ: «Որովհետեւ կարծես թե նսեմացվում է Երեւանի ավագանու ընտրությունների նշանակությունը, այն, ինչ ենթադրվում էր, որ քարոզարշավի ընթացքում ուժերը պետք է հնարավորություն ունենային իրենց տեսլականն ու գաղափարները ներկայացնելու: Ավելորդ քաղաքականությունը չի կարող օգտակար լինել»,- ասաց նա:
Միաժամանակ պարոն Համբարձումյանը նաեւ հավելեց. «Չժխտելով, որ այս ընտրությունները առանձնահատուկ կարեւորություն ունեն եւ քաղաքական ընտրություններ են, այնուամենայնից, կարծում եմ, որ օրակարգերի իմաստով այստեղ որոշակի շփոթ է առաջացել, որը չի կարող օգտակար լինել քաղաքացիներին ընտրություն կատարելու հարցում»:
Հարցին՝ Դաշնակցությունը կարծես լուսանցքում է եւ շատ բաների չի խառնվում, ինչու է ընտրել այս մարտավարությունը, Համբարձումյանը պատասխանեց, որ չի կարծում, թե իրենք լուսանցքում են:
«Մենք ընտրարշավին մասնակցում ենք` մեր սկզբունքներին հավատարիմ մնալով: Այս առումով այն կարծիքին չենք, որ ավագանու ընտրությունները պետք է ընկալել եւ ներկայացնել որպես վարչապետի կամ վարչապետի թեկնածուի վստահության հանրաքվե: Չեմ կարծում, որ երեւանցիները այս առումով պետք է կաշկանդում ունենան՝ քաղաքի կառավարման ղեկը այս կամ այն ուժին վստահելու հետ կապված»,-ասաց նա:

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐ
Սերժ Սարգսյանին` որպես պաշտոնաթող նախագահի, առանձնատուն հատկացնելու հարցն այդպես էլ չի լուծվել. նոր կառավարությունն ու Սերժ Սարգսյանը չեն կարող ընդհանուր հայտարարի գալ այս հարցում: Արդյունքում, Սարգսյանը շարունակում է բնակվել կառավարական ամառանոցներում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարեւանությամբ: Սերժ Սարգսյանի գրասենյակը կառավարության առաջարկած առանձնատներից հրաժարվել է՝ մատնանշելով անվտանգության հետ կապված խնդիրներ։ Երեկ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է.«Մենք կընտրենք որեւէ ամենահարմար եւ ամենաադեկվատ, նախորդ նախագահներին տրամադրված գույքի համամատ, դա կառաջարկենք: Եվ դա կլինի մեր վերջնական առաջարկը` անկախ այն բանից՝ իրենք կառարկեն, թե ոչ»: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց կառավարության աշխատակազմից տեղեկանալ՝ ի՞նչ առանձնատներ են մինչեւ հիմա առաջարկվել Սերժ Սարգսյանին, որ նա մերժել է: «Երրորդ նախագահի գրասենյակը մերժել է կառավարության առաջարակած նախորդ տարբերակը։ Բայց երկրորդ տարբերակ է նաեւ առաջարկվել, սակայն երրորդ նախագահի գրասենյակը սրան չի արձագանքել՝ ո՛չ մերժել է, ո՛չ էլ հաստատել։ Իսկ թե ինչ տներ է առաջարկվել, այս պահին հրապարակման ենթակա չեն։ Նա դեռ շարունակում է կառավարական ամառանոցում ապրել»,- փոխանցեցին կառավարության աշխատակազմից:

 

 

ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Ինչպես հայտնի է, 2018թ. սեպտեմբերի 14-ին Երեւան քաղաքի Նազարբեկյան փողոցի մի բնակչի կողմից ՀՀ ոստիկանությունում ստացվել է հաղորդում: Քաղաքացին հայտնել է, որ Երեւան քաղաքի Շիրազի փողոցում իրեն են մոտեցել երկու կին եւ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի օգտին քվեարկելու համար առաջարկել 60 հազար ՀՀ դրամ կամ դրանից բարձր կենսաթոշակ ստանալու դեպքում` մեկ ամսվա կենսաթոշակի չափով գումար: Քաղաքացուց մերժում ստանալուց հետո կանայք հիշյալ վայրից անմիջապես հեռացել են: Հիմա քաղաքացու հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քաղաքացին իր ցուցմունքներում գրել է, որ 60 հազար դրամ ընտրակաշառքն իրեն առաջարկել են ԲՀԿ-ի անունից:
Միայն թե այս գործը, մեղմ ասած, տարակուսանք է հարուցում: Ստացվում է, որ այսօր ցանկացած մեկը կարող է գնալ եւ իրավապահներին հայտնել, որ իրեն են մոտեցել ինչ-որ անձինք, ընտրակաշառք առաջարկել, որ քվեարկի այս կամ այն ուժի օգտին եւ հեռացել են, իսկ իրավապահներն էլ սկսել են ման գալ ենթադրյալ անձանց: Նման դեպքում լավ կլիներ, եթե իրավապահները նյութեր նախապատրաստելուց, փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո նոր քրեական գործ հարուցեին` տեղեկացնելով կատարվածի մասին:




Լրահոս