«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ Վայոց Ձորի Շատին համայնքում շուրջ 3 ամիս տիրող իրավիճակի մասին:
Նշենք, որ արդեն երեք ամիս է, ինչ շատինցիները փակել են Շատինի համայնքապետարանը եւ թույլ չեն տալիս, որ որեւէ մեկն այնտեղ մուտք գործի:
-Պարո՛ն նախարար, ըստ Ձեզ, Ձեր անգործության հետեւանքը չէ՞ այն, ինչ կատարվում է Վայոց Ձորի Շատին համայնքում: Շուրջ երեք ամիս բնակիչները քրեորեն պատժելի արարք են իրականացրել. զավթել են համայնքապետարանը` պարալիզացնելով համայնքապետարանի գործունեությունը: Ոստիկաններ են ծեծվում, նույն հաջողությամբ նաեւ խոչընդոտում են լրագրողների մասնագիտական գործունեությունը:
-Նախ ոչ ոք ոստիկաններին ծեծել չի կարող. սա ամենաթողություն կլինի: Իսկ եթե նման փորձեր արվեն, կընդունեն նախ իրավական հետեւանքներ: Ինչ վերաբերում է Շատին համայնքին, ապա, ոչ, խնդիրը սկսել է մոտավարոպես 8 ամիս առաջ. Շատին խոշորացվող համայնքի շատ բնակավայրեր չեն ընդունել խոշորացման պրոցեսը: Սկսվել է պայքար, թե որ համայնքը պետք է լինի կենտրոն: Բախում է եղել երկու կողմերի միջեւ, այնուհետեւ պետական կառավարման տարբեր մարմինների միջամտությամբ եկել են էն եզրահանգման, որ պետք է ընտրություններ տեղի ունենան: Ընտրություններում պարտվել է Շատին համայնքի համայնքապետը, ձեւավորվել է Եղեգիս խոշորացված համայնքը, ընտրությունից հետո բախում է տեղի ունեցել, այսպես ասած, երկու կողմերի միջեւ, խոսքը վերաբերում է ֆիզիկական բախումներին: Դրան, բնականաբար, միջամտել է ոստիկանությունը, կոմպրոմիսը եղել է այն, որ բոլորը հաշտվում են, կռվի մասնակիցները, որոնք մի քանիսը ձերբակալված էին, եռօրյա ժամկետում ազատ են արձակվել, ու կրքերը կարծես թե հանդարտվել են:
-Բայց, ըստ էության, չեն հանդարտվել…
-Իշխանափոխությունից հետո շատինցիները կրկին փողոց փակեցին, եւ հարցը ներկայացվեց հետեւյալ կերպ. դա իհարկե նաեւ համայնքապետի բացթողումն էր: Ես անձամբ ներկա եմ եղել: Նախ իշխանությունն ու ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը այսպիսի որոշում է ընդունել, որ հատուկ կարգավիճակ է տրվում, սովորաբար խոշորացված համայնքներում կենտրոն հանդիսացող տվյալ դեպքում կոնկրետ Շատին համայնքը չէր կարող ունենալ վարչական ղեկավար: Բայց իբր թե որոշում է եղել, որ կարող է ունենալ վարչական ղեկավար, եւ գործող համայնքապետը դա չի իրականացնում: Մենք պայմանավորվեցինք, որ համայնքապետը շատինցիների ներկայացրած թեկնածուին կնշանակի վարչական տարածքի ղեկավար: Ամեն ինչ կարգավորվում է, բոլորը գոհ են, երջանիկ են, էսպես է պայմանավորվածությունը: Հետո ես ծանոթացա, որ կառավարությունում նման որոշում չկա. կա՛մ համայնքապետը ինքն էլ տեղեկացված չէր, կա՛մ էմոցիոնալ պահի տակ չկարողացավ դրան ճիշտ պատասխանել, բայց, ըստ էության, Շատինում հնարավոր չէ ունենալ վարչական ղեկավար: Բայց այդ օրը ես ինձ համար պարզեցի, որ այն շենքը, որը հանդիսանում է Եղեգիս խոշորացված համայնքի կենտրոն, հնարավոր չէ այդտեղ գործունեություն ծավալել, քանի որ շենքը փլվում է, քայլելիս շենքը շարժվում է: Այդ շենքը վերակառուցման կամ նորը կառուցելու խնդիր ունի, եւ համայնքապետը մեզ դիմեց խոշորացված համայնքի մաս կազմող որեւէ այլ համայնքում իր հետագա գործունեությունը ծավալելու խնդրանքով` հաշվի առնելով շենքի այսօրվա վիճակը, եւ շինարարական աշխատանք ծավալելու աննպատակահարմարությունը, որովհետեւ անիմաստ է 100-150 մլն վատնել մի դեպքում, երբ այլ խոշորացված համայնքի մաս կազմող համայնքներում կան շենքեր, որտեղ կարելի է գործունեություն ծավալել: Մենք հնարավորություն տվեցինք, որ համայնքապետն իր գործունեությունը ծավալի այդտեղ, բայց սա լուծում չեղավ: Այո, համայնքի բնակիչները շրջափակել են վարչական շենքը: Իհարկե, հենց դրա հաջորդ օրը դիմել են համապատասխան մարմիններին` ոստիկանությանը: Այսինքն` մեզ կամ, ընդհանրապես, որեւէ մարմնի մեղադրել անգործության մեջ, երբ իրականում ոստիկանությունը մի քանի անգամ նույնիսկ հատուկ ուժեր է ուղարկել այդ վայր: Նույնիսկ եղավ մի դեպք, որն իհարկե իրավապահ մարմինները կորոշեն: Ես դիմել եմ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, ոստիկանությունն իր հերթին դիմել է դատախազություն, եւ այս կապակցությամբ արդեն իսկ գործ է հարուցվել: Մի շարք բնակիչներ արգելել են լրագրողին իրականացնել մասնագիտական գործունությունը: Կան փաստեր, որ այս պահին համայնքապետի եւ համայնքապետարանի գործունեությանը ոչ ոք չի խաչընդոտում, պարզապես կան մի խումբ քաղաքացիներ, որոնք համայնքին պատկանող շենքն այս պահին շրջափակել են, բայց խոստացել են 10-օրյա ժամկետում այն ազատել:
-Միջադեպից հետո՞: Այսինքն` լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուց հետո՞:
-Գոնե ոստիկանության ինձ հայտնած տեղեկություններով, այո, որովհետեւ դա մեր իրավասության տիրությում չէ, ինչ-որ բնակչի «ցրել» կամ օրինականության դաշտ հրավիրել: Ես ինձ տրված լրազորությունների շրջանակներում կարող եմ դիմել համապատասխան մարմիններին, որպեսզի դա իրականացնեն: Իմ իրավասության տիրույթում է համայնքի ղեկավարի գործունեությունը ապահովել, ես դա ապահովել եմ, այսինքն ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը դա ապահովել է. այլ վարչական շենքում է դա իրականացվում: Հիմա քննարկվում է նաեւ տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով Շատին համայնքում նոր վարչական շենք կառուցելու հարցը, բայց քանի որ կա նաեւ մանկապարտեզի կառուցման հարց, մենք նախատեսում ենք հանրային լսում ունենալ հասկանալու համար կենսական այդ շենքի կառուցումը, թե մանկապարտեզի կառուցումը:
-Հստակեցնենք, Շատին համայնքի զավթած համայնքապետարանի հարցը իրավապահները ասել են` կլուծեն 10 օրվա՞ ընթացքում:
-Ես խոսում եմ իրավապահ մարմինների` ինձ հաղորդած տեղեկությունների մասին եւ վստահ եմ, որ դա հենց էդպես էլ կլինի:
-Որպես նախարար` վախենո՞ւմ եք գործուն քայլ իրականացնել, խնդրին լուծում տալ, 3 ամիս է` այնտեղ այդ վիճակն է:
-Այսինքն` գործուն քայլը ո՞րն է: Գնալ, մարդկանց բռնե՞լ, հանե՞լ…
-Ըստ էության, իրենք Ձեզ եւս խաբել են, եւ ապօրինություն թույլ տված անձանց հետ էլ ի՞նչ լեզվով խոսել:
-Խնդիրը եղել է ե՛ւ համայնքապետի բացթողման, ե՛ւ համայնքի բնակիչների կողմից: Իրականում խոսքը վերաբերում է հենց համայնքի տեղակալին: Բայց դա չէ լուծումը: Այդտեղ ավելի շատ պետք է լինի այսպես. բոլորը համակերպվեն ներկա իրադրության հետ, սպասեն հաջորդ ընտրություններին:
-Դուք վստա՞հ եք, որ իրավապահները կարող են անել: Երեք ամիս ոչինչ չեն կարողացել անել:
-Վստահ եմ:
-Շատին համայնքի ղեկավարի չարաշահումների մասին ի՞նչ կասեք: Օրինակ` Տիգրան Խուդոյանն, ասում են, որ հավելավճարներ է արել: Դուք ստուգումներ իրականացրե՞լ եք:
-Տիգրան Խուդոյանի հետ կապված նախկինում դիմել են դատախազություն, որտեղ համապատասխան նյութեր կան: Այսինքն` հավելյալ գնալ եւ ուսումնասիրել, թե նախկին համայնքապետն ինչ է արել ու կրկին դիմել իրավապահներին, դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ դրանք արդեն իսկ իրավապահների տիրույթում են:
-Եղոյանը զանգահարել էր «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն եւ ասել, որ ավելի կտրուկ քայլի է դիմելու:
-ՀՀ իշխանության իրավական համակարգին սպառնալով` խնդիր չի լուծվի: Խնդրում եմ բոլոր քաղաքացիներին չսպառնալ ոչ ոքի, գալ իրավական դաշտ, առկա խնդիրները քննարկել եւ սպասել դրանց իրավական լուծումներին: Սա պետք է լինի իմ դիրքորոշումը թե՛ համայանքապետի, եւ թե՛ համայնքապետի գործունեությունը ինչ-որ կերպ վիճարկող բոլոր քաղաքացիների հանդեպ` անկախ նրանց քաղաքական հայացքներից եւ դիրքորոշումներից:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՂԲՈՐՈՐԴՈՒ ՀԵՏՔԵՐՈՎ
Օգոստոսի 21-ին ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել. «Նարեկ Սարգսյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ, մենք համագործակցում ենք Ինտերպոլի հետ: Մենք իրականացնում ենք այդ գործընթացը, թույլ տվեք չմանրամասնել, բայց այնպիսի տեղեկություններ կասեմ ձեզ, որ ոնց որ թե մեր տեսադաշտում շուտով կլինի»: Անցել է երկու ամիս, սակայն Նարեկ Սարգսյանը դեռեւս չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, ԱԱԾ-ն Նարեկ Սարգսյանի նկատմամբ հուլիսի 6-ից հայտարարել էր հետախուզում: Վերջինս եւ իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանը հետախուզվում էին ՀՀ քր. օր. 235-րդ հոդվածի 2-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքներով: Նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Ավելի ուշ Արտեմ Պետրոսյանը ինքնակամ ներկայացավ իրավապահներին: Եվ ահա երկու ամիս է անցել, սակայն մինչ օրս Նարեկ Սարգսյանը չի հայտնաբերվել:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները արձանագրել են, որ Հայաստանը լքելուց հետո Նարեկ Սարգսյանը որոշ ժամանակ գտնվել է Իսպանիայում, ապա մեքենայով գնացել է Գերմանիա, այնտեղ եւս կարճ ժամանակ է մնացել եւ կրկին մեքենայով գնացել այլ Եվրոպական երկիր: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները արձանագրել են, որ նա հիմնականում շրջում է մեքենայով, ասել է թե` կոնկրետ մեկ վայրում չի մնում երկար, որպեսզի տեղի իրավապահներին հաջողվի նրան ձերբակալել եւ հանձնել Հայաստանի իրավապահներին:
Ի դեպ, ավելին` իրավապահները արձանագրել են, որ Եվրոպական երկրներում Նարեկ Սարգսյանը որեւէ խախտում չի իրականացնում, որ գոնե նման դեպքի արդյունքում հայտնվի արտերկրի իրավապահների ձեռքում, եւ նրան ձերբակալեն ու տեղափոխեն Հայաստան:
Ու մինչ իրավապահները փնտրում եմ Նարեկ Սարգսյանին, նրա քրեական գործի շրջանակներում կալանքի տակ է գտնվում 4 թիկնապահ: Մեզ հայտնի դարձավ, որ Նարեկ Սարգսյանը արտերկրում մենակ չէ:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԱՇՏ ԲԵՐԵԼ
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը. «Բաքվի կողմից իրավիճակի լարմանը միտված գործողությունները, զուգակցվելով ռազմատենչ հռետորաբանության հետ, խաթարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ու միջազգային հանրության կողմից խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը: Խստորեն դատապարտելով Ադրբեջանի քայլերը՝ միջազգային հանրության՝ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն ենք հրավիրում իրադրության հետագա սրումը կանխելու նպատակով Բաքվին սանձելու եւ կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վրա»։