Պետությունը զրկում է վաստակած թոշակը ստանալու իրավունքից. նոր Հայաստանում պետք է խնդիրը լուծվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական բյուջեից ֆինանսավորվող տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք իր ընտրությամբ: Այսինքն` եթե ՀՀ քաղաքացին ստանում է հաշմանդամության թոշակ, ապա կենսաթոշակային տարիքը լրանալու ժամանակ նա պետք է ընտրի` հաշմանդամությա՞ն թոշակը շարունակի ստանալ, թե՞ տարիքային:

Ընդ որում` բազմաթիվ են օրինակները, երբ տարիքային թոշակի չափն ավելի քիչ է, քան հաշմանդամությանը: Այս պատճառով շատ քաղաքացիներ ստիպված են լինում ընտրել ստանալու հաշմանդամության թոշակը: «Ժողովուրդ» օրաթերթը տեւական ժամանակ է, ինչ այս խնդրի շուրջ դժգոհություններ է ստանում ՀՀ քաղաքացիներից:

Նրանցից 63-ամյա Գայանե Գասպարյանը, ով Երեւանի բնակչուհի է, 30 տարի աշխատել է դպրոցում` որպես ուսուցիչ, ստանում է հիվանդության թոշակ: «Հիմա այն տարիքին եմ հասել, որ պետք է ստանամ կենսաթոշակ, եւ իմ համար շատ ցավալիորեն բացահայտում եմ, որ չեմ կարող ստանալ կենսաթոշակ, քանի որ կյանքի, ճակատագրի բերումով ունեմ քրոնիկական հիվանդություն եւ դրա համար ստացել եմ հաշմանդամության կարգ, որի համար ինձ պետությունը գումար է տալիս, որպեսզի դեղեր գնեմ եւ այդ դեղերով ապրեմ:

Բայց պարզվում է, որ հիմա Հայաստանի Հանրապետությունը ինձ հնարավորություն է տալիս միայն ընտրել` կա՛մ դեղեր գնել, կա՛մ ապրել: Իսկ ես չեմ կարող առանց դեղերի ապրել, միայն դեղերի համար տրված թոշակով էլ անհնար է ապրել: Դրանով միայն կարող եմ դեղեր գնել, ուրիշ ոչինչ: Ինչպե՞ս ապրեմ»,- վրդովված նկատեց տիկին Գայանեն:

Նրա խոսքերով` այս խնդիրը հրատապ օրենսդրական կարգավորում է պահանջում, որովհետեւ ՀՀ քաղաքացին զրկված է աշխատանքից հետո վաստակած հանգստի գնալուց իր աշխատանքի տարիների կուտակած գումարը ստանալու իրավունքից: Մեզ դիմած քաղաքացին պնդում է, որ սա արդեն լուրջ բացթողում է: Ապա ցավով նկատում է, որ երբեք չպետք է նույնացնել հիվանդության թոշակը մարդու ստացած կենսաթոշակի հետ. «Ուղղակի պետությունը հավանաբար այդպես ավելի հարմար է գտել, միայն մի թոշակ է տալիս: Եւ ես զարմանում եմ, որ մինչեւ հիմա այս հարցը լայն քննարկման առարկա չի դարձել»:

«Ժողովուրդ» օրաթերթին դիմած մեկ այլ քաղաքացի` 64-ամյա Մանյա Սարգսյանը եւս ունի հաշմանդամության 3-րդ կարգ եւ 25 տարվա աշխատանքային ստաժ, որի համար ստանում է մոտ 34 հազար դրամ թոշակ: Բայց կենսաթոշակի անցնելու տարիքը լրանալուն պես տիկին Մանյան ստիպված կանգնել է ընտրության առջեւ: «Ժողովուրդ» օրաթերթին նա պատմեց, որ այդ ժամանակ դիմելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն` պարզել է, որ իր կենսաթոշակի տեսակը փոխելու դեպքում մոտ 2000 դրամով ավելի քիչ գումար է ստանալու, քան ստացած հիվանդության թոշակն է:

Նշենք, որ տիկին Մանյայի ամուսինը եւս հաշմանդամության կարգ ունի` 3-րդ, եւ աշխատանքային ստաժ չունենալով` ստանում է ավելի քիչ թոշակ, քան իրենն է: «Ամսական մեր տուն մտնում է ընդհանուր 55 հազար դրամ գումար: Դե պահանջում եմ, որ սոցապ նախարար Մանե Թանդիլյանն ինձ պատասխանի` ոնց ապրեմ: 55 հազար դրամով ես ո՞ր դեղը կամ ի՞նչ ուտելիք գնեմ, կոմունալ վճարումների մասին էլ չեմ խոսում, որոնց վճարելու համար այս գումարից պարզապես ոչինչ չի մնում»,- զայրացած նկատեց մեր զրուցակիցը: Ի դեպ, Մանյա Սարգսյանն ու իր ամուսինը խնամակալ չունեն: Բայց այս իրավիճակում են գտնվում բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ:

«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիների այս դժգոհություները փոխանցեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանին, ով անմիջապես այն համարեց անտրամաբանական: «Եթե մարդն ունի մի քանի իրավունք, ինքն է ընտրում, թե դրանցից որ մեկով գնա, օրինակ` խաչմերուկում կանգնած ես ու կարող ես ե՛ւ աջ գնալ, ե՛ւ ձախ, կարելի՞ է հա՛մ աջ գնալ, հա՛մ ձախ: Հո՞ մեջտեղից չես կիսվի` ե՛ւ աջ գնաս, ե՛ւ ձախ: Մարդ միաժամանակ մի քանի կարգավիճակում չի կարող լինել` կինը կա՛մ հղի է, կա՛մ ոչ: Երկու կենսաթոշակ տալը տրամաբանական չէ, այսինքն` նա իրավունք ունի ընտրել եւ ընտրում է»,- նույնքան անտրամաբանական պարզաբանում տվեց Անահիտ Գալստյանը:

Նա, ըստ ամենայնի, այդպես էլ չի հասկանում, որ հիվանդության համար տրվող կենսաթոշակը` ավելի վաղ տարիքի, որեւէ կապ չունի մարդու երիտասարդ տարիներին աշխատած ու կուտակած գումարները ստանալու իրավունքի հետ:

Նախարարության մեկ այլ աշխատակից` Մամիկոն Ղազարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով խնդրին, նկատեց, որ անգամ խորհրդային միության օրոք մարդը երկու կենսաթոշակ չի ստացել: «Մարդը, ընդհանուր առմամբ, պետական բյուջեից ֆինասավորվող մեկ կենսաթոշակի իրավունք ունի: Աշխարհում նման բան գոյություն չունի: Օրենքի հոդվածը պարզ ասում է` այդ ընտրությունը թողած է իր հայեցողությանը, որը իրեն ձեռնտու է, այն էլ ընտրում է: Դա օրենքի հստակ սահմանում է: Իմ մեկնաբանությունը կամ բացատրությունը ավելորդ է, օրենքի դրույթը արդեն ամեն ինչ ասում է: Այս ընթացքում մարդիկ ըմբռնումով են մոտեցել եւ հասկացել են, որ երկու-երեք կենսաթոշակի իրավունք կարող է մարդը ունենալ, բայց դրանից մեկը պետք է ստանա, ընտրի: Պետությունը իր բյուջեից քանի՞ անգամ կարող է մարդուն վճարում անել: ԲՆականաբար, մեկ անգամ, դա տրամաբանական է բոլոր առումներով»,- ամփոփեց Մ. Ղազարյանը:

Ահա այսպես օրենքներով կաղապարված, տրամաբանությունից զուրկ էլ աշխատում ու ապրում ենք վաղը կենսաթոշակ չստանալու տեսանելի ապագայով: Ի վերջո, պետք է տարբերակել` հիվանդության համար տրվող թոշակը մարդու վաստակած հանգստի գումարի հետ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ: Նոր Հայաստանում խնդիրը պետք է քննարկվի ու լուծում ստանա:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս