ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՉԳՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օարթերթը Երեւանի ավագանու ընտրությունների եւ ընդհանրապես ներքաղաքական խնդիրների մասին երեկ զրուցել է «Ժառանգություն» կուսակցության` քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

-Պարո՛ն Հովհաննիսյան, ավագանու նախընտրական քարոզարշավը մի քանի քաղաքական ուժերի միջեւ ինչո՞ւ այսպիսի սուր ընթացք ստացավ:
-Չգիտեմ` որքանով դիտավորություն կա համապետական եւ իրավաքաղաքական խնդիրները բերել նախընտրական դաշտ: Ուզում եմ մտածել, որ դիտավորություն չկա: Ցավոք սրտի, պետք է խոստովանեմ, որ դա ինչ-որ կերպով ստվերել է նախընտրական դաշտը: Մեր քաղաքացիները կենտրոնացել են պետական անվտանգությանը վերաբերող միջանձնային հարցերի վրա` ուշադրություն չդարձնելով ավագանու ընտրությունների ծրագրային եւ այլ խնդիրներին:
-Դուք ժպիտով կարմիր քարտ ցույց տվեցիք: Կարո՞ղ ենք ենթադրել, որ սա վկայում է այն մասին, որ դրանով ակնարկում եք քաղաքական վիճակի` Ձեր սրտով չլինելու մասին:
-Այո՛, մեր մրցավարը Արմեն Մարտիրոսյանն էր, եւ ինքը կիրառեց կարմիր քարտը: Այդ դեպքում խաղացողը «Ժառանգություն»-ից է: Սա այն մասին է, որ նոր քաղաքապետարանում, անկախ նրանից, թե ով է իրավախախտը, ինքը պետք է պատասխանատվության ենթարկվի: Իսկ ընդհանուր առումով դա հիշեցում էր այն մասին, որ անգամ ամենադժվարին պահերին պիտի կարողանանք ժպտալ եւ հաղթահարել բոլոր դժվարությունները դրական լիցքերով:
-Տարիներ առաջ նախագահական ընտրություններում 500 հազար ձայն հավաքեցիք: Սրանից ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Ամեն ընտրություն տարբեր է իր ձեւաչափով, իր մասնակցության բովանդակությամբ, եւ մենք մասնակցում ենք մեր ժողովրդին գերագույն այլընտանք ցույց տալու համար: Իհարկե, մենք ավելի քան 500 հազար քվե ենք ստացել նախագահականում, բայց ինչպես հայտնի է` պայքարն այն ժամանակ անհավասար էր: Մենք տարբերվեցինք մյուսներից նրանով, որ չխորշեցինք այդ անհավասարությունից: Ներկա դրությամբ մենք էլի ուզում ենք, որ մեր համաքաղաքացիներն ունենան այլընտրանք: Եթե գիտակից մտածողը սեպտեմբերի 23-ին գնա քվեարկության, ես կարծում եմ, որ «Ժառանգությունը» շատ ամուր ներկայացվածություն կունենա քաղաքապետարանում:
-Դուք ասոցացվում եք բարության ու ժպիտի հետ: Կարծիքներ կան այն մասին, որ քաղաքականությունը կոշտ սկզբունքներ ունեցող մարդկանց տեղ է: Մի փոքր անհարմարավետ չե՞ք զգում Ձեզ այս դաշտում
-Պետք չէ ժպիտը շփոթել թուլության, անվճռականության կամ փափկության հետ: Ժպիտը բոլոր եղանակների համար է, ժպիտը ուժ է, սեր է եւ միասնություն: Եվ հենց այդ հավատքով ենք մենք գնում դեպի այս ընտրություններ:
-Արմեն Մարտիրոսյանն իր ելույթներից մեկում շեշտեց, որ Ձեր կուսակցությունը ամենասկզբունքայինն է: Ինչո՞վ եք Դուք ամենասկզբունքայինը:
-Մենք սկզբունքային ենք մեր համեստությամբ, քաղաքացիների շահերն ու իրավունքները պաշտպանելու մեր ծառայությամբ եւ լուծումները մեզնից դուրս գտնելու ինքնավստահությամբ: Մենք գիտենք, որ մեր քաղաքի եւ երկրի հարցերը կարող են լուծվել միայն միասնական ուժերով: Մենք բարդույթներ չունենք: Մենք պատրաստ ենք լուծումները գտնել մեզնից ավելի խելացի մարդկանց հետ միասնական ուժերով եւ թիմով
-Պարո՛ն Հովհաննիսյան, Ձեր` Հայաստանից գնալ-չգնալու հարցը կապվա՞ծ է քաղաքականության մեջ գրանցած հաջողությունների եւ անհաջողությունների հետ:
-Ես 30 տարի է` ապրում եմ Հայաստանում: Այստեղ ապրել եմ ամեն ինչ: Ապրել եմ մեծ բերկրանք, երջանկություն, ինչու չէ, նաեւ տխուր պահեր, ունեցել եմ թռիչքներ, վայրէջքներ, բայց կարեւորը եղել եմ իմ սիրած քաղաքում, իմ պաշտած երկրում: Ես չեմ գնա: Եվ մենք պիտի ունենանք այնպիսի Հայաստան, որ ոչ մեկի մտքով չանցնի գնալ:
-Խորհրդարանական հնարավոր կայանալիք ընտրությունների հետ կապված իշխող կուսակցությանը առաջարկեցիք ներկայանալ միասնական ցուցակով: Ինչո՞ւ հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն արեցիք այդ առաջարկը: Քաղաքական դաշտում ուրիշ ուժերի հետ համագործակցության եզրեր չե՞ք տեսնում:
-Մենք համարում ենք, որ կուսակցական պայքարի համար մի քիչ վաղ է: Հիմա պիտի մտածենք հեղափոխությունն ամբողջացնելու մասին: 4-5 տարի հետո նոր կարելի է մտածել կուսակցությունների միջեւ պայքար ծավալելու մասին: Իսկ համագործակցության օրերը տակավին առջեւում են:

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԱԱԾ-ՈՒՄ

Մինչ այս օրերին 12 քաղաքական ուժերը պայքարում են Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար, ԱԱԾ քննչական վարչությունում «Երեւան» հիմնադրամի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ լրագրողների հետ զրույցում ուշագրավ մանրամասներ է հայտնել Տարոն Մարգարյանի հարցաքննությունից: Նրա տեղեկացմամբ` Տարոն Մարգարյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով: Բացի այդ` Մարգարյանն ընդունել է, որ տեղի են ունեցել խախտումներ: «Տարոն Մարգարյանն ընդունել է որոշակի խախտումներ, որոնք ի հայտ են եկել»,- ասաց Վանեցյանը: Նա միաժամանակ տեղեկացրել է, որ այդ գործի քննության արդյունքում պետբյուջե պետք է վերադարձվի շուրջ 1 միլիարդ 800 միլիոն դրամի (մոտ 3.8 մլն դոլար) չափով գումար, ինչի համաձայնությունը հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն արդեն տվել է: «Այդ գումարները պետք է վերականգնվեն պետական բյուջե»,-նշել է նա: Ինչ վերաբերում է այդ 1.8 մլրդ դրամին, ապա, ըստ Վանեցյանի, դրանց մի մասը յուրացվել է, մի մասը սխալ է հաշվարկվել:
Այստեղ ուշագրավ է փաստը, որ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ԱԱԾ ցուցմունքներում ընդունել է, որ «Երեւան հիմնադրամում», որի հոգաբարձուների խորհրդի նախագահն ինքն է, եղել են որոշակի խախտումներ: Հիշում եք` դեռ մինչեւ վերջերս Տարոն Մարգարյանն ու իր թիմը փորձում էին հերքել Երեւանի հիմնադրամի եւ դրա յուրացված գումարների հետ կապը: Երբ ԱԱԾ-ում «Երեւան» հիմնադրամի վերաբերյալ քրեական գործ հարուցվեց, երբ ԱԱԾ-ն Երեւանի քաղաքապետարանում տեղակայված այդ հիմնադրամում խուզարկություններ էր իրականացնում, քաղաքապետարանից շտապել էին հայտարարել, թե քաղաքապետի՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ լինելը դեռ ոչինչ չի նշանակում, որ հիմնադրամն առանձին կառույց է եւ այլն, եւ այլն: Ի դեպ, այն ժամանակ Մարգարյանը դեռ պաշտոնավարում էր: Հիմա, սակայն, պարզվում է ճիշտ հակառակը: Նա ոչ միայն կապ ունի, այլեւ փաստերի ճնշման ներքո խոստովանել է խախտումների փաստը:
Մինչ այդ, հիշեցնենք, հունիսին ԱԱԾ-ն հայտարարել էր, թե իրենք հաղորդում են ստացել քաղաքացիներից, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման եւ գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երեւան» հիմնադրամին փոխանցել խոշոր գումարներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել եւ հափշտակվել է: Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը եւ Դավիթաշենի թաղապետի տեղակալ Խաչատուր Կարապետյանը, որոնք կարճ ժամանակ անց ազատ արձակվեցին:

Հ.Գ. Ի դեպ, սա Տարոն Մարգարյանին առնչվող միակ քրեական գործը չէ. նրա ունեցվածքի օրինականության վերաբերյալ եւս ԱԱԾ-ն ուսումնասիրություններ է անում: Սա այն բանից հետո, երբ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը տեսանյութ էր հրապարակել, ըստ որի՝ Տարոն Մարգարյանն ամբողջ կյանքի ընթացքում լինելով բացառապես պետական պաշտոնյա՝ կուտակել է բավականին մեծ ունեցվածք: Այդ տեսանյութն ուղարկվել էր ԱԱԾ ուսումնասիրության:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

ՎԱՆԵՑՅԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Սեպտեմբերի 22-ին տեղի են ունենալու Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ, որի միակ թեկնածուն Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանն է: Օրեր առաջ գրել էինք, որ ՀՖՖ ընտրվելիք գործկոմի կազմում նոր կառավարության անդամներն են, այնպես, ինչպես նախկինում ՀՀԿ-ականներն էին կամ Ռուբեն Հայրապետյանի մտերիմները: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՖՖ նախագահի թեկնածու Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց, թե ինչու է ֆեդերացիայի գործկոմի` նման կազմ ընտրվել, երբ նաեւ նախկիններին էին շատերը քննադատում՝ ֆուտբոլից ոչ հասկացող մարդկանց ընդգրկելու համար: Ի պատասխան` Վանեցյանը նշեց. «Գործկոմի կազմին կանդրադառնամ սեպտեմբերի 22-ին՝ ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի եւ նախագահի ընտրության ժամանակ: Ինչ է նշանակում՝ ոչ հասկացող: Ֆուտբոլ խաղացո՞ղը պետք է լինի գործկոմի անդամ: Ամսի 22-ին մանրամասը կարգով բոլոր բացատրությունները կտամ»:

 

 

ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Վիճակագրական կոմիտեն երեկ հրապարակել է այս տարվա հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշները: Ու պետք է նկատենք, որ անկում միայն գյուղատնտեսության ոլորտում է գրանցվել, այն էլ աննշան՝ 1 տոկոսի չափով: Իսկ մնացած ոլորտներում կառավարությանը հաջողվել է աճ արձանագրել: Այս տարվա հունվար-օգոստոսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.7 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ 4.4 տոկոսով, շինարարության ծավալերը՝ 8.5 տոկոսով: Ավելացել են առեւտրի շրջանառության ծավալները՝ 9 տոկոսով, իսկ արտաքին առեւտրաշրջանառությունը՝ 26.4 տոկոսով:
Մինչ այդ, նկատենք` կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ներկայումս գործող տնտեսական կառուցվածքը կառավարությանը չի բավարարում: «Մենք ուզում ենք, որ մեր տնտեսությունն ունենա հետեւյալ կառուցվածքը՝ բարձր տեխնոլոգիական արտադրություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, թեթեւ արդյունաբերություն, վերամշակվող գյուղատնտեսություն։ Մենք պետք է գնանք շատ լուրջ քայլերի, որպեսզի այս փոփոխությունը տեղի ունենա: Այս ռեւերսի, փոփոխության շրջանում մենք նաեւ որոշակի տնտեսական, ֆինանսական բարդություններ, դժվարություններ ունենալու ենք, բայց մենք պետք է գնանք այդ փոփոխություններին, – ասել է նա` հավելելով,- ռազմավարական առումով պետք է բացառել այն իրավիճակը, երբ տեսնում ենք, որ մեր երկրում տնտեսական ակտիվության ինչ-որ շատ լավ ցուցանիշ կա, ու երբ որ ուզում ենք հասկանալ, թե դա ինչ ցուցանիշ է, պարզվում է, որ ոչ մի բան տեղի չի ունեցել, պարզապես տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնություն, եւ մեր երիտասարդությունն այդ օրերին զբաղված է եղել խաղադրույքներ անելով եւ պարտվելով»:




Լրահոս