Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հայտարարեց, որ Հայաստան վերադառնալուն պես քաղաքական ուժերի հետ կսկսի բանակցություններ Աժ-ն արձակելու հետ կապված: Հարկ է նշել, որ Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավը կառավարության մաս կազմող ուժերի միջեւ սրեց հարաբերությունները, եւ սա գուցե հանգեցնի նրան, որ քաղաքական ուժերը կարող են կողմ չքվեարկել ԱԺ-ն ցրելուն: «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքական լարված հարաբերությունների հետագա ընթացքի, Աժ հնարավոր արտահերթ ընտրությունների, նոր ԱԺ-ում հայտնվելու շանսերի մասին խոսեց «Լույս» դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի հետ:
-Պարո՛ն Խաժակյան, քարոզարշավի վերջին օրերին պայքարը քաղաքական կուսակցությունների միջեւ սուր ընթացք ստացավ: «Լույս» դաշինքը եւս ներգրավված էր լարված պայքարում: Ո՞րն էր խնդիրը:
-Սեւ-սպիտակի բաժանված դաշտին բնորորշ բան է լարվածությունը: Սա շատ բնական էր:
-Ձեր կարծիքով` սեւ-սպիտակի բաժանումը հասարակությա՞նն էր վերաբերում:
-Դա քաղաքական, մասնակից ուժերի բաժանում էր: Իհարկե, դա հետո ավելի հստակեցվեց` որպես ընտրությունների վստահության քվե: Ուժերը մասնակցում էին ընտրություններին այն ակնկալիքով, որ սրանք քաղաքային ընտրություններ են. ավագանու թիմերի, քաղաքապետի թեկնածուների, ծրագրերի մրցություն է: Բայց ինչ-որ պահի քաղաքական ուժերը բախվեցին մի իրավիճակի, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա իրականում վստահության հանրաքվե է եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մանդատ: Ի վերջո, ամբողջ քաղաքային տրամաբանությունը փոխվեց:
-Քարոզարշավի ընթացքում ստեղծված վիճակը իր հետքը կթողնի՞ հետագա քաղաքական եւ անձնական հարաբերությունների վրա` կապված «Լույս» եւ «Իմ քայլը» դաշինքների հետ:
-Ամեն ինչն էլ իր ազդեցությունը ունենում է, հետո անցնում է: Սա նորմալ պրոցես է: Իսկ ինչ վերաբերում է անձնականին ու գործնականին, դրանք հստակ տարանջատված են: Անձնականը մնում է անձնական եւ կապ չունի գործնական հարաբերությունների հետ:
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտատարեց, որ Հայաստան գալուն պես սկսելու է բանակցություններ ԱԺ-ն ցրելու խնդրի հետ կապված: «Լույս»-ը հիմա տեսնո՞ւմ է դրա անհրաժեշտությունը:
-Իհարկե անհրաժեշտ է: Հիմա քաղաքական ճգնաժամ է, իսկ ԱԺ-ն արձակելը այդ ճգնաժամի հանգուցալուծման միակ ճանապարհն է: ՈՒրիշ տարբերակ այս պահին չեմ տեսնում:
-Ի՞նչ տարբերակով եք պատկերացնում Աժ-ի արձակումը:
-Այդ տարբերակները տեսնում է պարոն Փաշինյանը, որի մասին խոսում է իր ելույթներում: Մենք ընդամենը կփորձենք աջակցել իրականացնելու այն տարբերակը, որը ճիշտ կհամարի վարչապետը:
-«ԵԼՔ»-ը այժմ տարբեր քաղաքական թիմերի է բաժանված եւ, որպես այդպիսին, գոյություն չունի: Այնուամենայնիվ, հնարավո՞ր է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կրկին ընդհանուր ցուցակով մասնակցեք:
-Ոչ: Նման որոշում չի լինի: Տիկին Լենա Նազարյանն էլ հայտարարել է, որ իրենք առանձին ցուցակով կմասնակցեն:
-Ի վերջո, «Լույս» դաշինքը ընդդիմադի՞ր ուժ է:
-Պետք է ֆիքսենք, որ Երեւանի ավագանիում մենք իշխանություն չենք: Մեր հետագա հռետորաբանությունը կախված է լինելու իշխանության, քաղաքապետի վարքագծից: Այսինքն` եթե ցուցաբերվի պատրաստակամություն համագործակցելու ավագանու շրջանակներում եւ որոշումները կայացնելու համընդհանուր քննարկումներում, բնականաբար մենք կունենանք կոնստրուկտիվ տրամադրվածություն եւ կաշխատենք ըստ այդմ: Խոստովանեմ` ունենք էսպիսի ակնկալիք:
-Չունե՞ք մտավախություն, որ չեք կարողանա հաղթահարել անցողիկի շեմը եւ, հետեւաբար, խորհրդարանում մանդատներ չեք ունենա:
-Իհարկե, նման մտավախություն չունենք: Մենք արդեն ֆիքսել ենք մեր տեղն ու դիրքը ընտրություններում` մեր ունեցած սահմանափակ ֆինանսական ռեսուրսներով ներկայություն ապահովելով Երեւանի ավագանիում: Նոր խորհրդարանում եւս ապահովելու ենք ավելի էական ներկայություն:
Հ.Գ. Հիշեցնենք, որ «Լույս» դաշինքը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում ստացել էր 5 տոկոս քվե եւ ավագանու կազմ անցել օրենքի ուժով, այլ ոչ թե հավաքած ձայներից ելնելով: «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանու կազմում պետք է լինի առնվազն երեք ուժ:
ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ԻՆՁ ՉԻ ՀՈՐԴՈՐԵԼ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ
Երեկ հրաժարական է ներկայացրել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Երեկ հրապարակել ենք Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցը Ադրբեջանում հայատյացության փաստերի վերաբերյալ՝ դրանով ըստ էության ավարտելով 2016թ. ապրիլյան պատերազմի առթիվ մեր սկսած փաստահավաք գործառույթը։ Թեեւ մեր հաստատությունն ակտիվորեն իրականացրել ու իրականացնում է ծավալուն գործունեություն տարբեր ուղղություններով, նշված գործառույթը հատուկ եմ կարեւորել ի սկզբանե։ Այդ գործն ավարտին հասցնելուց հետո արդեն ինձ իրավունք եմ վերապահում ի կատար ածելու դեռեւս մեկ-երկու ամիս առաջ կայացրած անձնական որոշումս, այն է՝ հրաժարական ներկայացնելու Արցախի օմբուդսմանի պաշտոնից։ Միշտ փորձել եմ լինել այնտեղ, որտեղ ինձ համարել եմ առավել արդյունավետ՝ ելնելով մասնագիտական կարողություններիցս, ընդունակություններիցս, բնավորությունիցս»,- մասնավորապես գրել է պարոն Մելիքյանը: Ենթադրվում է, որ նրա հրաժարականի պատճառները քաղաքական են. Մելիքյանը, լինելով Արցախի ՄԻՊ, շարունակում էր սատարել ՀՀ նախկին իշխանություններին: Ասել է թե` նա այդպես էլ չի հարմարվում հայաստանյան ներքաղաքական փոփոխություններին:
Ինչեւէ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ռուբեն Մելիքյանի հետ:
-Պարո՛ն Մելիքյան, Ձեր հրաժարական ներկայացնելու հետ կապված լուրեր կան, որ Ձեզ հորդորել են նման բան անել: Կա՞ այդպիսի բան:
-Նման բան չկա: Որեւէ մեկը ինձ չի հորդորել հրաժարական տալ: Դա իմ անձնական որոշումն է: Այդ մասին հայտնել եմ նաեւ իմ հայտարարության մեջ: Էստեղ կա բացառություն, եւ դա վերաբերում է ընտանեկան ոլորտին: Այսինքն` ընտանիքի կողմից հորդոր, չեմ թաքցնի, եղել է:
-Հրաժարականից հետո որտե՞ղ եք Ձեզ պատկերացնում:
-Նոր բան չեմ ասելու: Լայն առումով ինձ պատկերացնում եմ երեւանյան իրավապաշտպանական դաշտում: Լավ եմ ճանաչում իրավապաշտպանական ոլորտը, տարիներ շարունակ աշխատել եմ այդտեղ եւ հիմա էլ տեսնում եմ աշխատելու հնարավորություններ: Այսօր չեմ ուզում որեւէ քննադատական բան ասել ու ներկայացնել այս ուղղությամբ. այդ օրը չէ: Պարզապես կնշեմ, որ իմ կարծիքով այդ դաշտում բավական մեծ անելիքներ կան:
-Որեւէ մեկի հետ քննարկե՞լ եք հրաժարականի հարցը:
-Այո: Սրա հետ կապված որեւէ թաքցնելու բան չունեմ: Կան մարդիկ, ում նախապես տեղեկացրել եմ: Ես պետական պաշտոնյա եմ եւ անպատասխանատու մոտեցում կլիներ իմ կողմից հրաժարական տալ առանց որոշ անձանց նախապես տեղեկացնելու: Ասել եմ այն մարդկանց, որոնց համար սա չպետք է անակնկալ լինի: Բայց կրկնում եմ` դա եղել է բացառապես տեղեկացման ձեւաչափով:
-Կնշե՞ք այն մարդկանց անունները, որոնց տեղեկացրել եք այդ մասին:
-Անուններ չեմ նշի, որովհետեւ կարծում եմ` ինքնին հասկանալի է:
Նյութերը՝ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ
ՈՎՔԵ՞Ր ԵՆ
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին ելույթ ունենալիս հետաքրքիր շեշտադրումներ է արել: Մասնավորապես, անդրադառնալով իր վարչապետ ընտրվելուն ու թավշյա հեղափոխությանը` նա նշել է. «Ես վարչապետ ընտրվեցի մի խորհրդարանում, որտեղ ունեի ընդամենը չորս վստահելի ձայն»: Համաձայնեք` սա հետաքրքիր նրբերանգներ ունի, քանի որ փաստորեն այդպես նա ընդգծում է, թե «Ելք» խմբակցության իր մյուս գործընկերները վստահելի չեն: Մասնավորապես, վարչապետի ընտրության օրը «Ելք» խմբակցության անդամներն էին Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Լենա Նազարյանը, Արարատ Միրզոյանը, Մանե Թանդիլյանը, Արտակ Զեյնալյանը, Էդմոն Մարուքյանը, Գեւորգ Գորգիսանը եւ Արամ Սարգսյանը: Ստացվում է` այն ժամանակվա համար չորս վստահելի ձայն ասելով` նա բացի իրենից նկատի է ունեցել Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին եւ Լենա Նազարյանին, այսինքն ՔՊ-ականներին: Սակայն հետաքրքիր է, որ ամեն դեպքում այդ ոչ վստահելի ձայներից երկուսին` Մանե Թանդիլյանին եւ Արտակ Զեյնալյանին, ընդգրկել է իր կառավարության կազմում: Երեկ այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էդմոն Մարուքյանը նշեց. «Հարցրեք Փաշինյանին, միայն ինքը կարող է մեկնաբանել այն, ինչ նկատի է ունեցել: Փաստն այն է, որ մայիսի 1-ին նա վարչապետի թեկնածու է առաջադրվել «Ելք» խմբակցության կողմից միաձայն»:
ԱՌԻԹԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԸ
Հայաստանում սեղմված բնական գազ օգտագործող վարորդները հայտնվել են անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը երկու օր է, ինչ դժգոհություններ է ստանում վարորդներից այն մասին, որ իրենք նախկինի չափով իրենց մեքենաները լիցքավորում են, բայց քշում են ավելի քիչ: Նրանցից մեկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժգոհեց` նշելով, որ ինքը իր մեքենան սեղմված բնական գազ լիցքավորելու համար վճարում է 3500-3600 դրամ, բայց երկու օր է, ինչ լիցքավորածը արագ վերջանում է: Ըստ որոշ տեղեկությունների` գազալցակայանների ղեկավարները, լսելով, որ սեպտեմբերի 24-ից մինչեւ 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվելու է, նման քայլերի են դիմել: Չնայած այն բանին, որ հաշվիչը այլ բան է ցույց տվել, աշխատողը այլ քանակ է լիցքավորել: Տեղեկացնենք, որ ժամանակավորապես դադարեցնելու պատճառը Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքների իրականացումն էր, որոնք երեկ ավարտվեցին: