ՀՀ ՆԱԽԿԻՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ «ԷՔՍՊԵՐՏ» ԿՀՐԱՎԻՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ո՞վ է հայաստանյան գործող խորհրդարանի ընդդիմությունը: Երեկ այս հարցի շուրջ խորհրդարանական ուժերը շուրջ 40 րոպե քննարկում անցկացրին: Նպատակը Քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելն էր:

Քննիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հիշեցրեց, որ. «ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` տեղակալը պետք է ընդդիմության ներկայացուցիչ լինի: Հարց է առաջանում` ո՞վ է ընդդիմությունը ԱԺ-ում այսօր»:
«Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ընդգծեց, որ իրենց խնդիրը չէ որոշել, թե ով է ընդդիմությունը` առաջարկելով տեղակալին նշանակել «Ելք» խմբակցությունից: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ նկատեց` Հայաստանում ստեղծված իրավիճակում դասական իմաստով մաքուր ընդդիմություն գոյություն չունի, եւ նա առաջարկեց` քանի որ նախագահը ՀՀԿ-ից է, տեղակալ նշանակել ՀՅԴ-ից կամ «Ելք» խմբակցությունից:
Ի վերջո, երկար բանավեճերից հետո Քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, որն այս օրերին ԱՄՆ-ում է:
Ավելի ուշ Քննիչ հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը նշեց, որ քանի որ մեր երկրում հնարավոր է, որ ապօրինի եղանակով գաղտնալսեն ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ-ի պետի հեռախոսները, հանձնաժողովն առաջնահերթ է համարում քննել այս հարցը, արդարադատության եւ մյուս հարցերն արդեն հաջորդաբար:
«Զուգահեռաբար հարցումներ են ուղարկվելու պետական եւ ոչ պետական մարմիններին տեղեկություններ տալու, թե հեռախոսային խոսակցություններ լսելու ունակություն ունեցող ինչ սարքավորումներ են ներմուծվել ՀՀ անկախությունից ի վեր, բացի այդ, թե ինչ տեղեկություններ կան, որ որեւէ անձ ապօրինի է ներմուծել կամ օգտագործում նման սարքավորումներ»,-ասաց նա:
Աշխատակարգի ընդունման հարցը դրվեց քվեարկության եւ ընդունվեց: Ի դեպ, ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման հարցով Ազգային ժողովում ստեղծված Քննիչ հանձնաժողով կհրավիրվի նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Նիստի ավարտից հետո «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Քննիչ հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանի հետ:
-Պարո՛ն Կոստանյան, լինելով ՀՀ գլխավոր նախկին դատախազ, եթե գաղտնալսման քննությունը Դուք իրականացնեիք, որտեղի՞ց կսկսեիք քննությունը, ո՞րը կլիներ Ձեր առաջին քայլը:
-Ձեզ ասեմ, որ այն հմտությունները եւ այն գիտելիքները, որ ես ձեռք եմ բերել թե՛ իմ գլխավոր դատախազի պաշտոնում եղած ժամանակ եւ թե՛ այլ իմ նախորդ պաշտոններում, ամբողջությամբ գործի եմ դնելու, ամբողջ ծավալով:
-Դա հասկանալի է: Բայց եթե Դուք իրականացնեիք քննությունը, ո՞րը կլիներ ձեր առաջին քայլը:
-Հենց այնտեղից, որտեղից սկսեցինք: Հարցումներ ենք ուղարկելու պետական եւ ոչ պետական մարմիններին տեղեկություններ ստանալու, թե հեռախոսային խոսակցություններ լսելու ունակություն ունեցող ի՞նչ սարքավորումներ են ներմուծվել ՀՀ անկախությունից ի վեր, բացի այդ, թե ինչ տեղեկություններ կան, որ որեւէ անձ ապօրինի է ներմուծել կամ օգտագործում նման սարքավորումներ: Այսինքն` ես ձեռք եմ բերում անհրաժեշտ տեղեկատվությունը, ստեղծում եմ տեղեկատվական բազա եւ տեղկատվական բազայի հիման վրա որոշում եմ, թե ում ենք հրավիրելու զրույցի եւ դիրքորոշումը հայտնելու, այնուհետեւ` ըստ մեր կողմից կազմված սխեմայի:
-Դուք եղել եք գլխավոր դատախազ, հիմա տեղեկություններ կան, որ իրավապահ համակարգը խնդրի առաջ է կանգնել, քանի որ կիբերհանցագործությունների բացահայտման համար չունենք անհրաժեշտ տեխնիկա, մասնագետ, որ կարողանան նման դեպքերը բացահայտել: Դուք նման խնդրի առաջ կանգնե՞լ եք նախկինում:
-Այս հանգամանքը, որ երկրում գաղտնալսում են Ազգային Անվտանգության տնօրենին եւ Հատուկ քննչական ծառայության պետին, սա, իմ կարծիքով, իմ ունեցած տեղեկատվության սահմաներում բացառիկ անընդունելի դրություն է: Դրա համար ես կարծում եմ` բացարձակ անհրաժեշտություն էր, որ մենք ստեղծեինք Քննիչ հանձնաժողով, որպեսզի հասկանանք, եթե մեր երկրում ազգային անվտանգության տնօրեն են գաղտնալսում, դա նշանակում է` ցանկացածը խոցելի է, եւ որեւէ մեկը չի կարող երաշխավորված համարել իր հեռախոսային խոսակցության գաղտնիության հանգամանքը: Հետեւաբար սա աննախադեպ է, եւ աննախադեպայնությունը առաջ է քաշում անհրաժեշտ քայլերի առաջնահերթություն:
-Հիմա մեր իրավապահ համակարգը ունի՞ միջոցներ, մասնագետ, տեխնիկա այս աննախադեպ դեպքը բացահայտելու համար:
-Իմ կարծիքով ունի, եւ վստահ եմ, որ քրեական գործով արդյունքներ կունենանք:
-Տեղեկություններ կան, որ իրավապահ մարմինները պետք է դիմեն միջազգային մասնագետներին գործը բացահատելու համար: Ի՞նչ կասեք այս մասին, դրա անհրաժեշտությունը տեսնո՞ւմ եք:
-Կոնկրետ այդ մասով եւս ինքս հանձնաժողովի անդամներին առաջարկել եմ, եւ հանձնաժողովի քննարկման առարկա դարձնելու ենք այդ թվում միջազգային էքսպերտներ հրավիրելու հարցը, ես ինքս հրավիրելու եմ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՒ ՓՈԽՄԱՐԶՊԵՏԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` օրերս մի ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում Գեղարքունիքի փոխմարզպետ 27-ամյա Նարեկ Գրիգորյանի եւ Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի միջեւ: Թվում էր, թե Հայաստանի «Հանրապետական կուսակցության»` իշխանությունից հեռանալուց հետո Հայաստանում գոյություն ունեցող բարքերը փոխվել են, եւ դեռ ավելին` փոխվել են պատկերացումները ՀՀ իշխանության մասին, սակայն պարզվում է, որ պատկերը այդքան էլ այդպես չէ: Մարզերում հակառակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, որ պետք է արտոնյալներ չլինեն` պարզվում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում կան անդամներ, որոնք «խայտառակում են ռեսպուբլիկան»:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ վերջերս Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանի եւ Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի ավտոմեքենաները երթեւեկելիս են եղել, եւ Ճամբարակի քաղաքապետ Ադամյանը «հանդգնել» է իր մեքենան ավելի արագ վարել եւ վազանց կատարել փոխմարզպետ Գրիգորյանի ավտոմեքենային: Եվ ահա այս ամենը դուր չի եկել Նարեկ Գրիգորյանին եւ վերջինս ժամանակ չի կորցրել եւ շատ արագ կատարվածի մասին տեղյակ է պահել մարզային ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձանց` պահանջելով, որ նրանք Ճամբարակի քաղաքապետի մեքենան տեղափոխեն տուգանային հրապարակ եւ արարքի համար վարչական պատասխանատվության ենթարկեն: Որքան էլ տարօրինակ է, ոստիկանները կատարել են 27-ամյա փոխմարզպետի հրահանգը եւ կանգնեցրել են Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանին եւ պնդել են, որ պետք է մեքենան տանեն տուգանային հրապարակ: Քաղաքապետ Ադամյանը բնականաբար հետաքրքրվել է, թե ինչու են տանում, ոստիկանները պատասխանել են, որ այդպես է ցանկացել Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանը:
Ինչեւէ, այս ամենից հետո Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը գնացել է մարզպետարան եւ փորձել է «հաշիվ պահանջել» փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանից, թե սա ինչ անելու բան է, որ նա արել է, արդյունքում մարզպետարանում մի քանի րոպե խառնաշփոթ է ստեղծվել, սակայն ամեն ինչ ավարտվել է առանց լուրջ մարմնական վնասվածք հասցնելու: Այս միջադեպի մասին խոսում են Գեղարքունիքի մարզպետարանում գրեթե բոլորը, սակայն հետաքրքիր է, որ կատարվածի մասին գերթե որեւէ տեղ չի հանրայնացվել:
«Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի մասին տեղեկությունը նախ փորձեց պարզել Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանից, սակայն վերջինիս հեռախոսը պատասխանեց այլ անձ` նշելով, թե նա տեղում չէ եւ չգիտի, թե երբ կգա: Կատարվածի մասին զրուցեցինք փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանի հետ, որը հերքեց տեղեկությունը` նշելով, թե. «Այդպիսի բան բացարձակապես չի եղել, դա բացառում եմ, մենք բարիդրացիական հարաբերություններ ունենք, մենք աշխատում ենք շատ նորմալ, ոչ, ոչ, ոչ, նման բան չի եղել»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի խոսքով` ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը չպետք է ինքնանպատակ լինի, այլ ունենա բովանդակություն, իսկ դրա համար անհրաժեշտ է ձեռք բերել պայմանավորվածություններ: «Այո, Փաշինյանը շեշտել է ՄԱԿ-ի ամբիոնից եւ, ընդհանրապես, բազմիցս է ասել, որ պետք է կատարվեն բոլոր ձեռք բերված պայմանավորվածությունները: Խոսքը վերաբերում է Ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված պայմանավորվածություններին, մասնավորապես միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնակազմի կարողությունների ու թվաքանակի ավելացմանը: Ադրբեջանը մինչ օրս չի իրականացրել դրանք»,-ասել է Տ. Բալայանը: Հարցին, թե Ադրբեջանը մտադիր է դիտորդի կարգավիճակ ստանալ Շանհայի համագործակցության կազմակերպությունում, արդյոք ՀԱՊԿ-ում կամ ԵԱՏՄ-ում քննարկվում է Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տալու կամ լիարժեք անդամակցության հարցը, Բալայանն ասել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունում ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Հայատանը ունեն երկխոսության գործընկերոջ կարգավիճակ: «Պետք է ճշտեմ` մենք դիմել ենք դիտորդի կարգավիճակ ստանալու համար: Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում Ադրբեջանի հնարավոր ներգրավմանը կամ դիտորդի կարգավիճակ ստանալուն, այս պահի դրությամբ դա պարզապես հնարավոր չէ»,-նշել է ԱԳՆ խոսնակը: Նրա խոսքով` Ադրբեջանը չի համապատասխանում այդ կազմակերպությունների` հիմնադիր փաստաթղթերով սահմանված չափանիշներին:

 

 

ԿԱՐԵՎՈՐ ՄԵՍԻՋՆԵՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթում շատ կարեւոր մեսիջներ կային` Արցախի խնդրի կարգավորման հետ կապված, կար այն, ինչ պաշտոնական Ստեփանակերտը տարիներ շարունակ հնչեցնում է, այս մասին հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նա հավելել է, որ ՀՀ վարչապետի` Արցախի հակամարտության հետ կապված հիմնական շեշտադրումները համահունչ են պաշտոնական Ստեփանակերտի տեսակետին: Բաբայանն առանձնացրել է վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որովհետեւ դա ցեղասպանություն կնշանակի: «Ադրբեջանի բուն նպատակը մեզ ոչնչացնելն է, վերադարձ անցյալին կնշանակի Արցախի կորուստ, ինչն էլ կնշանակի հայոց պետականության կորուստ: Կարեւոր է, որ ՀՀ ղեկավարը հաստատում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով»,-ասել է նա:




Լրահոս