ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԱՎԵԼԻ ՔԱՆ ՀԱՍԿԱՆԱԼԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Միայն թե նրանց հայտարարությունը տարակարծությունների եւ տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս: «Ժողովուրդ» օրաթերթը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության վերաբերյալ զրուցել է Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձաժողովի նախագահ, դիվանագետ Վլադիմիր Կարապետյանի հետ:

-Պարո՛ն Կարապետյան, նոր կառավարության օրոք ինչպե՞ս կգնահատեք բանակցային պրոցեսը:
-Սա երկրորդ հանդիպումն է Ադրբեջանի նախարարի հետ: Ես այնքանով եմ դրական համարում այս շփումը, որքանով որ բանակցությունները շարունակվում են, եւ դա շատ ավելի լավ է, քան այն վիճակը, որ չկա երկկողմ շփում, չկան հանդիպումներ տարբեր մակարդակներում: Երբ ուսումնասիրեցի համանախագահների հայտարարությունը, ինձ համար նկատելի դարձավ, որ բանակցային գործընթացում շատ մեծ դինամիկա առաջիկա շաբաթներին չի սպասվում: Այնուամենայնիվ, ինձ համար շատ գոհացուցիչ է, որ մինչեւ տարվա վերջ կրկին նախարարների մակարդակով հանդիպելու պայմանավորվածություն կա: Մինչ այդ սպասվում է համանախագահների այցելությունը տարածաշրջան, ինչը նույնպես վկայում է այն մասին, որ պրոցեսը մեռած չէ եւ հանդիպումներ առնվազն նախարարների մակարդակով տեղի են ունենալու: Նշեմ ավելին, իմ գնահատմամբ, այս հայտարարությամբ համանախագահները ակնարկում են, որ սպասում են Հայաստանում իշխանության ամրապնդմանը, այսինքն՝ արտահերթ ընտրությունների մինչեւ տարվա վերջ: Ես միայն դրանով եմ պայմանավորում, որ նախարարների միջեւ հանդիպման հենց այդ ժամկետն է նշվել:
-ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության մեջ ասված է, որ համանախագահները եւ նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ խնդրել պարզաբանում մտցնել մտահոգություն առաջացնող վերջին միջադեպերի եւ հայտարարությունների վերաբերյալ: Ո՞ւմ է վերաբերում հայտարարության այս մասը:
-Համանախագահները եւ նախարարները քննարկել են իրավիճակը եւ պարզաբանումներ են խնդրել: Այսինքն` խոսքը վերաբերում է բոլոր կողմերին : Ըստ իս` պահանջ է եղել փոխադարձ պարզաբաներումներ անելու: Իմ կարծիքով` մեր նախարարը բազմաթիվ հարցեր է ունեցել Ադրբեջանի իր կոլեգային` վերջին լարվածության հետ կապված: Վստահ եմ` Ադրբեջանի ԱԳ նախարարը նույնպես հարցեր ուներ մեր դիրքորոշման նոր շեշտադրումների վերաբերյալ: Այս առումով համանախագահները պարզապես մատնանշում են այն բովանդակությունը, որը եղել է այդ հանդիպման ժամանակ:
-Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ համանախագահները զգուշացրել են նախարարներին իրավիճակի սրման վտանգների մասին, կողմերին կոչ են արել կառուցողականորեն մասնակցել դրական միջավայրի հաստատմանը եւ խուսափել սադրիչ հռետորաբանությունից: Մատնանշելով սադրիչ հռետորաբանությունը` համանախագահները ո՞ր կողմին են ուղղել հայտարարության այս մասը:
-Հայերենով մի փոքր ավելի կոշտ է հնչում inflammatory rhetoric բառակապակցությունը: Կարծում եմ` սա ավելի շատ նշանակում է ռազմաշունչ, քան սադրիչ: Իսկ այն, որ Ադրբեջանից մենք բազմիցս ռազմաշունչ հայտարարություններ ենք լսել, դա ակնհայտ է, եւ հասկանալի է նաեւ համանախագահների դիմելը: Դա արվել է, որպեսզի նման հռետորաբանություն այլեւս չլինի: Մենք էլ բազմիցս ասել ենք, որ նման հայտարարությունների ներքո դժվար է պատկերացնել, թե ինչպես են կողմերը, մասնավորապես` Ադրբեջանը, գնալու լուրջ զիջումների, գնալու լուրջ քայլերի, որոնք պիտի նպաստեն հարցի խաղաղ կարգավորմանը:
-Նախարարները հաստատել են բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու եւ լարվածությունը նվազեցնելու համար հավելյալ քայլեր անելու կարեւորությունը: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Երկու կողմերը պայմանավորվել են, վերահաստատել են այդ միջոցների նշանակությունն ու կարեւորությունը:
-Հնարավո՞ր է, որ հայկական կողմի դիրքորոշումը անհասականալի է միջազգային հանրության համար:
-Բացառվում է նման բան: Վստահ եմ` հայկական կողմի դիրքորոշումը ավելի քան հասկանալի է, քանի որ այն շատ պարզ է եւ հստակ:

 

 

 

ՍԵՎ ՈՒԺԵՐԸ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵ՞Ն ՀԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

Դեռ թավշյա հեղափոխության օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ իրականացնելու անհրաժեշտության մասին եւ դա համարել հեղափոխությունը ամբողջական դարձնելու կարեւորագույն քայլերից մեկը: Խորհրդարանական այն ուժերը, որոնք քվեարկեցին Փաշինյանի վարչապետության օգտին, այն ժամանակ, ըստ երեւույթին, դեմ չէին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելուն:

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ԱՄՆ-ում գտնվող Փաշինյանը հայտարարել էր Հայաստան վերադառնալուն պես խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ քաղաքական խորհրդակցություններ սկսելու մասին: Այս գաղափարը պաշտպանեցին Փաշինյանի կառավարության մաս կազմող ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Հանրապետւթյուն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Ընդ որում, ԲՀԿ-ից արտահերթ ընտրությունների անցկացման մասին խոսել էր խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաճյանը: Այնինչ օրեր առաջ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հայտարարեց. «Ո՞վ կարող է նշել գեթ մեկ հիմնավոր պատճառ՝ ԱԺ-ն ցրելու համար։ Այդ ի՞նչ է անում գործող կառավարությունը Հայաստանում կյանքը բարելավելու ուղղությամբ, որին խանգարում է Ազգային ժողովը»:
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ կարծիք հայտնեց, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները չպետք է այս տարի լինեն, որպեսզի քաղաքական ուժերը կարողանան պատրաստվել, լինեն հավասար պայմաններ եւ ընտրական օրենսգիրքը պատրաստ լինի:
«Ժողովուրդ» օրաթերթը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշման եւ օրերս կատարած հայտարարությունների մասին զրուցեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ:
-Պարո՛ն Աղազարյան, ըստ Ձեզ` ինչի՞ հետ է կապված ԲՀԿ-ի դիրքորոշման փոփոխությունը` ԱԺ արտահերթ ընտրություններ իրականացնելու հետ կապված:
-Նախ ուզում եմ ասել, որ սա իմ անձնական կարծիքն է, այլ ոչ մեր խմբակցության: Ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեք չեմ տարանջատել Ռոբերտ Քոչարյանից: Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, ըստ էության, պարզ դարձավ, որ առավելապես արդար, մաքուր, թափանցիկ ընտրություններում որ կուսակցությունը ինչ կշիռ ունի ժողովրդի մոտ: Դրանից հետո ԲՀԿ-ի մոտ անհանգստություն առաջացավ եւ, հետեւաբար, հիմա այսպես կոչված սեւ ուժերը պետք է փորձեն կոնսոլիդացնել իրենց ռեսուրսները, հնարավորությունները եւ փորձեն վերադարձնել հին ժամանակները: Իսկ դա հնարավոր է անել երկու ճանապարով: Ճանապարհներից մեկը ամեն գնով ԱԺ ընտրությունները ձգձգելն է եւ հնարավորինս անվստահություն ներշնչելը ժողովրդին նոր իշխանությունների նկատմամբ, հասցնել մինչեւ մայիս, մինչեւ կլրանա Փաշինյանի վարչապետության մեկ տարին: Այն ժամանակ նրանք հնարավորություն կունենան անվստահություն հայտնել վարչապետին եւ Ռոբերտ Քոչարյանին դարձնել վարչապետ: Մյուս տարբերակը այն է, որ անկախ ամեն ինչից` հեղափոխության ալիքը հետընթաց կապրի, եւ դրա շնորհիվ նրանք կարող են վերականգնել իրենց ռեյտինգը եւ պատրաստ լինել ԱԺ նոր ընտրություններին:
-Եթե արտահերթ ընտրությունները անցկացվեն այս տարի, ի՞նչ եք կարծում` ԲՀԿ-ի կողմից կա՞ մտավախություն, որ իրենք չեն հայտնվի խորհրդարանում:
-Չէ: Կարծում եմ ԲՀԿ-ն կանցնի խորհրդարան, բայց կանցնի նվազագույն արդյունքներով, որովհետեւ անկախ ամեն ինչից` որոշակի ռեսուրսներ ունի դրա համար: Բնական է` նրանք չեն ուզի, որ այդպիսի բան տեղի ունենա:
– Կա՞ մտավախություն, որ ԲՀԿ-ն կարող է հասնել նրան, ինչի մասին դուք հենց նոր նշեցիք:
-Իրենք հաշվի չեն առել, որ կա հանրաքվեների միջոցով այդ ճանապարհը անցնելու գործընթաց:
-Կարծում եք այդ տարբերա՞կը կընտրի ներկայիս կառավարությունը:
-Եթե քաղաքական ուժերի հետ բանակցությունները արդյունք չունենան, գուցե հենց այդպես էլ կլինի:
-Տեսակետ կա այն մասին, որ եթե բանակցությունները չհաջողվեն, հավանական է, որ բանը հասնի ԱԺ-ն մեկ-երկու շաբաթով շրջափակելուն եւ այդպես խորհրդարանի վրա հասարակական ճնշում գործադրելուն: Հնարավո՞ր է նման բան:
-Դա չբացառվող տարբերակ է, բայց կոնկրետ ինձ համար այնքան էլ ցանկալի գործընթաց չէ: Ինձ համար ավելի նախընտրելի է, որ դա տեղի ունենա հանրաքվեի տարբերակով:

Նյութերը՝ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ

 

 

 

ԱՆԳԱՄ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Այսօր Կառավարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարը: Երեկ կուսակցությունը իր երկրորդ գրասենյակը բացեց, եւ այսօրվա համագումարից հետո գրանցվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով: Կուսակցության անվանումից արդեն իսկ ակնհայտ է, թե ովքեր են հավաքված լինելու այնտեղ: Ընդ որում` այս ուժը «պրոիշխանական» է լինելու, սատարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը. ի վերջո, եթե հիշում եք, «Սասնա ծռեր» զինված խմբավորումը բանտից ազատ արձակվեց հենց Փաշինյանի իշխանության օրոք: Նշենք, որ այսօրվա համագումարին նրանք հրավիրել են տարբեր կուսակցությունների անդամների, դեսպանների, իհարկե, բացառությամբ ՀՀԿ-ի ներկայացուցիչների: Նրանք հրավիրել են անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հետաքրքիր է, որ այս կուսակցությունը որոշել է շռնդալից մուտք գործել քաղաքական ու լրատվական դաշտ` չխնայելով ոչ մի գումար: Մեր տեղեկություններով, սակայն, վարչապետ Փաշինյանը ներկա չի գտնվի այդ համագումարին: Ի վերջո, նա աշխատանքային այցով մի քանի օր ԱՄՆ-ում էր, հետո մեկնեց Տաջիկստան եւ միայն երեկ է վերադարձել ՀՀ:

 

 

ԻՐ ԽՈՍՔԻ ՏԵՐ ՆԱԽԱՐԱՐԸ
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը կատարեց իր խոստումը եւ հետամուտ եղավ Շատին համայնքում ստեղծված ամենաթողության մթնոլորտի վերացմանը: Ինչպես հայտնի է, 2017թ. ՏԻՄ ընտրություններում Շատինի գյուղապետի թեկնածուներից նախկինում ՀՀԿ աջակցությունը վայելող Տիգրան Խուդոյանը, որն այժմ հանդես է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների դիրքերից, պարտվել էր անկուսակցական Արթուր Ստեփանյանին: Նա, չհաշտվելով իր պարտության հետ, տեւական ժամանակ է` իր կողմնակիցների հետ միասին պարբերաբար բողոքի ցույցեր է կազմակերպում: Ավելի քան երեք ամիս է, ինչ Շատին համայնքի մոտ 20 բնակիչ զավթել են համայնքապետարանը` ամբողջությամբ պարալիզացնելով համայնքի աշխատանքները: Նորընտիր համայնքապետ Արթուր Ստեփանյանն էլ, տեսնելով, որ չի կարողանում մուտք գործել համայնքապետարան, ստիպված է եղել համայնքի աշխատանքները իրականացնել Թառաթումբ համայնքում: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցներն այցելել են Շատինի համայնքապետարան` հասկանալու եւ լուսաբանելու այնտեղ կատարվող իրադարձությունները, որտեղ բնակիչները խոչընդոտել էին նրանց մասնագիտական գործունեությունը: Արդյունքում հարուցվել է քրեական գործ: Իսկ ահա նախարար Պապիկյանը նշել էր, որ խնդիրն իր ուշադրության կենտրոնում է, եւ իրավապահները նրան խոստացել են 10 օրվա ընթացքում խնդիրը կարգավորել: Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 10 օրվա ընթացքում խնդիրը կարգավորվել է, եւ Շատինի մի քանի ամիս զավթված համայնքապետարանը ազատագրվել է:




Լրահոս