ԱՄՆ-ում քաղաքական կյանքը լարված է գրեթե ամենօրյա ռեժիմով, իսկ հերթական առիթը բավականին լուրջ է. մեկնարկել է ԱՄՆ Գերագույն դատարանի անդամի ընտրության գործընթացը: Հաշվի առնելով Գերագույն դատարանի կարեւորությունը որպես պետական ինստիտուտ` հարցը վերաճել է քաղաքական հակամարտության նախագահ Դոնալդ Թրամփի ու դեմոկրատների միջեւ: Նախագահի առաջադրած թեկնածուն, սակայն, հանրային հակասական ընկալում ունի, ինչն էլ ավելի է բորբոքել իրավիճակը:
ԱՄՆ-ում Գերագույն դատարանի թափուր տեղը առաջացել էր դեռեւս 2016թ. դատավոր Էնթընի Սքալիայի մահվան պատճառով: Այնժամ նախագահ Բարաք Օբաման անմիջապես առաջադրեց նոր թեկնածու` համալրելու թափուր տեղը եւ հեռահար նպատակ ունենալով թույլ չտալու հանրապետականներին այդ կարեւոր պաշտոնում նշանակելու պահպանողական դատավորի: ԱՄՆ հանրապետականները, որոնք մեծամասնություն ունեին ԱՄՆ Սենատում, պարզապես տապալեցին դատավորի ընտրությունը` քվորում չապահովելով: Հանրապետականները այդ քայլն արդարացնում էին նրանով, որ 2016թ. ընտրության տարի էր, եւ հեռացող նախագահը չպետք է իր թեկնածուին առաջադրեր: Ավելին` հանրապետականները հույս ունեին, որ այդ անգամ Սպիտակ տունը կանցներ իրենց տիրապետության տակ, ինչը հնարավորություն կտար Գերագույն դատարանում թուլացնել լիբերալների դիրքերն ու այն համալրել պահպանողական դատավորներով: Նկատենք, որ ԱՄՆ-ում այս հարցում քաղաքական լրջագույն սկզբունքային ու գաղափարական հակադրություն կա կուսակցությունների միջեւ, ինչը մի կողմից նպաստում է քաղաքական առողջ մրցակցությանը, մյուս կողմից` խաթարում պետական իշխանության ձեւավորման արագ գործընթացը:
Այդուհանդերձ, հաջողությունը ժպտաց հանրապետականներին, եւ այժմ նախագահ Դոնալդ Թրամփն օգտվում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունից ու Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Բրեթ Քավանոյին: Նոյեմբերին սպասվում են ԱՄՆ օրենսդիր մարմնի մասնակի ընտրություններ, ինչն էլ ստիպել է հանրապետականներին արագընթաց տեմպերով ավարտին հասցնել ընտրության գործընթացը: Այժմ էլ դեմոկրատներն են հիշեցնում հանրապետականների 2 տարի առաջվա պահվածքը եւ պնդում, որ ընտրության տարում չպետք է Գերագույն դատարանի դատավոր նշանակել: Եթե դեմոկրատները հույս ունեն նոյեմբերի ընտրությունների արդյունքներով մեծամասնություն ստանալ Սենատում եւ առնվազն 2 տարի արգելափակել Թրամփի ու հանրապետականների նախաձեռնությունները, ապա հանրապետականները ձգտում են արագ կերպով ընտրել դատավոր` մտավախություն ունենալով հենց այդ հեռանկարից: Վերջին շրջանի մի շարք ընտրություններում դեմոկրատները տպավորիչ արդյունքներ են արձանագրել, ինչը մտահոգում է հանրապետականներին: Թրամփը նույնպես ցանկանում է օգտագործել օրենսդիրում իր կուսակցության մեծամասնություն ունենալու հանգամանքն ու ազատվել դատավորի ընտրության գլխացավանքից:
Ներկայումս Քավանոյի ընտրության հարցը գտնվում է Սենատի ընտրիչ հանձնաժողովում, որտեղ նախօրեին կայացան վերջին լսումները: Քավանոյի հասցեին հրապարակավ մեղադրանքներ են հնչել սեռական ոտնձգությունների մասին կոնկրետ կանանց կողմից, ինչը անասելի ձեւով բարդացրել է նրա ընտրությունը: Թեպետ հանրապետականներն ու Թրամփը ջանք չեն խնայում այդ մեղադրանքները սին ու անհիմն որակելու, սակայն փաստերը կարծես հակառակի մասին են խոսում: Քավանոն քանիցս ժխտել է դրանք, իսկ սենատական լսումների ժամանակ դեմոկրատ սենատորների համառ հարցապնդումներին արձագանքել է որպես «ազգային խայտառակություն», որն «առհավետ ոչնչացրեց է իր հեղինակությունը»: Բայց եւ այնպես, ամերիկյան մամուլը հերթով փաստարկված ժխտում է Քավանոյի տարբեր հայտարարությունները` կապված թե՛ իր քաղաքական ու իրավական համոզմունքների, թե՛ իր աշխատանքային գործունեության հետ: Թեպետ Թրամփն իրեն հասու բոլոր միջոցներով գովաբանել է Քավանոյի պահվածքը լսումների ժամանակ, հարցը շարունակում է վիճահարույց մնալ: Սենատական հանձնաժողովում հանրապետականներն ունեն 11 ձայն` դեմոկրատների 10-ի դիմաց, եւ մեկ սենատորի բացակայությունն անգամ կարող է տապալել գործընթացը: Իսկ հանձնաժողովում դրական եզրակացության պարագայում Քավանոյի հաստատումը պետք է իրականացնի ամբողջ Սենատը քվերակությամբ, ինչը կրկին խնդիր է լինելու:
Հայաստանում Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը նախորդ տարիներին թերեւս երբեք էլ լուրջ խնդրի չի վերաճել: Իշխանության աջակցությունը վայելող թեկնածուներն հեշտությամբ նշանակվել են կա՛մ նախագահի կողմից, կա՛մ էլ ընտրվել խորհրդարանական հնազանդ մեծամասնության քվեարկությամբ: Հիշելի է հատկապես ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանի ընտրության գործընթացը, որն արագ կազմակերպվեց Սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց անմիջապես առաջ Գագիկ Հարությունյանի հապճեպ հրաժարականով, որպեսզի Թովմասյանը այդ պարտականությունները կատարի նախկին Սահմանադրությամբ նախատեսված հիմունքներով, այսինքն` անժամկետ: Թովմասյանի թեկնածությունը դժկամությամբ ընդունվեց ոչ միայն նրա` ՀՀԿ-ական լինելու պատճառով, այլեւ այն հանգամանքով պայմանավորված, որ նա ջերմեռանդ աջակիցն էր սահմանադրական փոփոխությունների, բայց ձգտում էր այդ պաշտոնում ընտրվել նաեւ իր քննադատությանն արժանացած նախկին սահմանադրության կարգավորումներով: Նպատակը պարզ էր. Թովմասյանը չէր ցանկանում իր պաշտոնավարման ժամկետը սահմանափակել նոր կարգավորումներով սահմանված 6 տարիներով: Նրա համար հավանաբար օրինակելի էր Սերժ Սարգսյանի վարքը, որը նույնպես չէր բավարարվում նախագահության 10 տարիներով: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստանում հանրապետականները չեն խորշում հրապարակավ հայտարարել մեկ բան, իսկ գործնականում անել հակառակը: Թերեւս քաղաքական անկեղծության բացակայությունն ու գործունեության բացարձակ ինքնանպատակությունն են, որ երկու դեպքում էլ օտարում են հասարակությանն ու քաղաքական ուժին:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ` ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԱԾ
ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեում, մեղմ ասած, անգործության են մատնված: Բանն այն է, որ այս օրերին «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են ահազանգում տարբեր քաղաքացիներ եւ խնդրում են օգնել իրենց այդ կոմիտեից անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու հարցում:
Պարզվում է, որ քաղաքացին (որի անունն այս պահին չենք հրապարակում իր իսկ պահանջով) դեռեւս հունիս ամսին հողի նպատակային նշանակությունը փոխելու դիմում է ներկայացրել համայնքապետարան: Արդյունքում համայնքապետարանից օրենքով սահմանված կարգով քաղաքացու դիմումը ուղարկել են ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտե: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ահազանգած քաղաքացին նշում է, որ արդեն երեք ամիս է, ինչ իր հարցի պատասխանը չի կարողանում ստանալ, քանի որ համայնքապետարանը հարցի պատասխանը գցում է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի վրա, իսկ կոմիտեում անգործության են մատնված:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ հասկանալ, թե ինչ ճակատագրի արժանացավ քաղաքացու դիմումը, սակայն մեր ճիգերը՝ պատասխան ստանալու, մնացին ապարդյուն, քանի որ կոմիտեն պատասխանատվությունը գցում էր համայնքապետարանի վրա` մոռանալով իր պարտականությունների մասին. «Քաղաքացին որտեղ դիմել է, այտեղից էլ պետք է պատասխան ստանա»,- ահա սա էր նրանց վերջնական պատասխանը:
Նկատենք, որ պետական այս կառույցում այն աստիճան բարձիթողի վիճակ է, որ անգամ չգիտեն, թե քաղաքացու դիմումը «ուր է հասել» եւ որ կառույցի վարչությունն է զբաղվում:
Եթե այս ամենը տեղի ունենար նախորդ իշխանությունների օրոք, միգուցե չզարմանայինք: Բայց արի ու տես, որ քաղաքացիների հանդեպ նման վերաբերմունք է դրսեւորում թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված իշխանությունը: Ու սա այն դեպքում, երբ իշխանության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մշտապես պնդել է, որ սա ժողովրդի իշխանությունն է: Դեռ այս տարվա հուլիսին` Սյունիքի մարզ այցի ժամանակ, վարչապետ Փաշինյանը հայտարարել էր. «Պաշտոնյաները ծառայում են ժողովրդին: Դուք պետք է ունենաք իշխանություն, որը ծառայելու է ձեզ, դուք ունեք իշխանություն, որը ծառայում է ժողովրդին»: Բայց արի ու տես, որ պետական կառավարման համակարգում, հանձին Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Ավետիք Էլոյանի ու իր աշխատակիցների, դեռ կան մարդիկ, որոնք չեն շարժվում վարչապետ Փաշինյանի հռչակած սկզբունքներով ու իրենց անգործությամբ քաղաքացիների մոտ նոր իշխանության հանդեպ ձեւավորում են բացասական վերաբերմունք:
Ս. Հ.
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵԼ Է
2018թ. մարտի 7-ին ոստիկանության Իջեւանի բաժնում քրեական գործ է հարուցվել «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության տնօրեն Նաիրա Խաչիկյանի նկատմամբ: Իջեւանի հեռուստաընկերության տնօրենը մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասով («Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով») եւ 325 հոդվածի 1-ին մասով («Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը»): ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նաիրա Խաչիկյանը վերականգնել է պետությանը պատճառած վնասը, նրա նկատմամբ քրեական գործը կարճվել է:
ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ՝ 17 ԱՇԱԿԵՐՏՈՎ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղից մեծ արտագաղթ է եղել: Արտագաղթի պատճառը ոչ միայն ադրբեջանական հաճախակի գնդակոծություններն են, այլ նաեւ Բարեկամավանի սահմանամերձ, գնդակոծության գոտում գտնվող հողերը չմշակելը, գյուղացիների` ապրուստի միջոց, աշխատատեղ չունենալը: Բարեկամավանցիները արտագաղթել են Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Երեւան, Հայաստանի տարբեր վայրեր: Գյուղում շատ լքված առանձնատներ կան, որոնցից 2-ը մի քանի օր առաջ քանդել են, որպես շինանյութ վաճառել: Բարեկամավանի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցը նոր ուսումնական տարում ունի 17 աշակերտ: 2011-2012թ. ուսումնական տարում Բարեկամավանի դպրոցում սովորում էր 35 աշակերտ: 1970-ական թվականների կեսերին Բարեկամավանի ութամյա դպրոցում սովորում էր 330 աշակերտ, 9-րդ եւ 10-րդ դասարանների աշակերտները ուսանում էին հարեւան Կոթիի, Ոսկեվանի, Նոյեմբերյանի միջնակարգ դպրոցներում: Բարեկամավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ նոր՝ 2018-2019 ուսումնական տարում դպրոցն ունի մեկ առաջին դասարանցի՝ Արեն Ղարաքեշիշյանը: Տնօրեն Ազատյանն ասաց, որ սեփական ուժերով փոխում են դպրոցի շենքի դռները եւ պատուհանները, սակայն իրենց ամենից շատ մտահոգում է դպրոցի աշակերտների փոքր քանակը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ