ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին այցելեց Հայաստան` պաշտոնական մի շարք հանդիպումներ ու քննարկումներ ունենալով իշխանության ներկայացուցիչների հետ: Հոկտեմբերի 20-ին Ռուսաստան եւ Կովկաս այց է իրականացնում ԱՄՆ նախագահի մեկ այլ խորհրդական Ջոն Բոլթոնը, որը նույնպես բարձր մակարդակի շփումներ է ունենալու Հայաստանում: Մեկ շաբաթվա մեջ կարծես չափազանց հաճախակի բնույթ է կրում ԱՄՆ նախագահի խորհրդականների ներկայությունը Հայաստանում:
Ռուդոլֆ Ջուլիանիի` Հայաստան այցը ակնհայտորեն սպասելի չէր հանրության լայն շրջանակների համար, եւ այնպիսի տպավորություն էր, որ հապճեպորեն կազմակերպված էր ու կանխավ չպլանավորված: Ջուլիանին նախկինում Նյու Յորքի քաղաքապետն էր, որն այսօր էլ բավականին մեծ հարգանք է վայելում ԱՄՆ քաղաքական շրջանակներում: Նա առաջին պետական ու քաղաքական գործիչներից էր, որը 2016թ. նախագահական ընտրություններում հայտարարեց Դոնալդ Թրամփին սատարելու մասին` որոշակիորեն սպառնալով իր վարկանիշին: Այն ժամանակ կայացած քաղաքական գործիչները չէին շտապում Թրամփին սատարելու մասին հայտարարել` փորձելով հեռավորություն պահել նախագահի թեկնածու հակասական կերպարից: Սակայն Ջուլիանին գնացել էր այդ ռիսկին, որն էլ արդյունքում արդարացվեց: Ավելին` Թրամփը նրան դիտարկում էր ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի համար, եւ ինչ-որ պահի շրջանառվող տեղեկություններով` Ջուլիանիի պաշտոնական նշանակումը լիովին իրական էր թվում: Սակայն Թրամփը նախընտրեց Թիլլերսոնին, իսկ Ջուլիանին դարձավ նախագահի խորհրդականը: Թրամփի ու Ջուլիանիի համագործակցությունը հազիվ թե կարելի է համարել պաշտոնական, քանի որ այն առավելապես անձնական մտերմության բնույթի է:
Թրամփը Նյու Յորքի հայտնի գործարարներից է եղել, եւ Ջուլիանիի հետ հարաբերությունները շատ վաղուց են ձեւավորված: Ավելին` այսօր Ջուլիանին համակարգում է Թրամփի փաստաբանների աշխատանքը, որոնք պաշտպանում են նախագահի շահերը ԱՄՆ արդարադատության նախարարության իրավասությունների շրջանակներում հարուցված եւ քննվող քրեական գործի շրջանակներում, որը վերաբերում է Թրամփի` նախընտրական քարոզարշավում ռուսական հետքի փնտրտուքին: Ջուլիանին բազմիցս հայտարարել է, որ Թրամփն անմեղ է, իսկ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը պետք է օր առաջ դադարեցնի հետաքննությունը: Եվ ահա պատկերացնելի է, թե որքան է Թրամփը վստահում Ջուլիանիին, որին հանձնարարել է իր նախագահության ամենալուրջ սպառնալիքի դեմ պայքարը: Հետաքրքիր է, որ Ջուլիանիին Հայաստանում ուղեկցում էր «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը: Ըստ որոշ տեղեկությունների` հենց Աբրահամյանն է հրավերի նախաձեռնողն ու Ջուլիանիի այցելության կազմակերպիչը: Սա բավականին հետաքրքիր փաստ է, որը կարող է նույնիսկ շահարկվել ամերիկյան պարբերականներում ցույց տալու համար Թրամփի ամենավստահելի խորհրդականի ու ռուսական իշխանությունների հետ մերձ կապեր ունեցող Ա. Աբրահամյանի գործակցությունը: Ինչեւէ, Աբրահամյանը բավականին հաջող նախաձեռնությամբ էր հանդես եկել` հնարավորություն ստեղծելով Հայաստանի իշխանությունների համար ուղղակի հարաբերվելու Վաշինգտոնի քաղաքականության մշակողներից մեկի հետ: Հաշվի առնելով Ջուլիանիի անձնական ու քաղաքական դերակատարությունը ԱՄՆ նախագահի վարչակազմում` նրա հետ կարելի էր ավելի բաց ու անկեղծ քննարկումներ ունենալ: Այդ համատեքստում Հայաստանի ղեկավարությունը պիտի փորձած լինի Ջուլիանիից պարզելու, թե ինչպիսի վերաբերմունք ունի Թրամփը Հայաստանի նկատմամբ եւ ինչպիսի աշխարհաքաղաքական դասավորությունում է դիտարկում Հայաստանը: Ջուլիանին այս տեսնակյունից չափազանց հաջող գործիչ էր, որի հետ հանդիպումը նախ թույլ պետք է տար ՀՀ ղեկավարությանը հասկանալ ԱՄՆ նախագահի անձնական վերաբերմունքն ու պատկերացումը, ապա նրան փոխանցել նույնպիսի մի մեսիջ:
Ի տարբերություն Ջուլիանիի` ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի այցելությունն այլ օպերայից է: Բոլթոնը Թրամփի նեղ շրջանակում չկա եւ, ըստ էության, ԱՄՆ նախագահի հետ համագործակցում է կոշտ արտաքին քաղաքականության շրջանակներում: Բոլթոնը սատարում էր 2003թ. Իրաքի պատերազմը, եղել էր ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը Ջորջ Բուշի նախագահության շրջանում, եւ նրա անունը նույնպես շրջանառվում էր որպես Թրամփի պետքարտուղար: Այսօր Բոլթոնը աշխատում է Իրանի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների ուղղությամբ, եւ պատահական չէ, որ տարածաշրջան է գալիս ԱՄՆ-ի համար թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական հարաբերությունների տեսնակյունից զգայուն ժամանակաշրջանում: Հաշվի առնելով Բոլթոնի քաղաքական հայացքներն ու արտաքին քաղաքականության տեսլականը, որ նա արտահայտել է բազմաթիվ ամբիոններից` Հայաստանը բացակայում է նրա անձնական հետաքրքրություններում ու առաջնահերթություններում: Տարածաշրջանում նրան հետաքրքրող պետությունը թերեւս Ադրբեջանն է, իսկ Վրաստանը վաղուց է վերածվել ԱՄՆ-ի ինստիտուցիոնալ դաշնակցի: Սակայն նույնիսկ քաղաքավարական այցը Հայաստան արդեն իսկ նշանակալից է` հաշվի առնելով հանգամանքը, որ տարիներ առաջ ԱՄՆ փոխնախագահ Չեյնին, կրկին Իրանի օրակարգով գտնվելով տարածաշրջանում, այդպես էլ չայցելեց Հայաստան: Ակնհայտ է, որ Բոլթոնին Հայաստանի իշխանությունները չեն կարողանալու սիրաշահել ու փոխել կարծրացած այդ մարդու պատկերացումները: Սակայն այցը որպես առիթ պետք է օգտագործվի Հայաստանի դիրքորոշումը անկեղծաբար ներկայացնելու համար, քանի որ հեղափոխությունից հետո լուրջ կարիք կա աշխարհին բացատրելու ՀՀ քաղաքական առաջնահերթություններն ու դրանց սահմանումները: ՀՀ արտաքին քաղաքականության պատասխանատուները Բոլթոնի հետ քննարկումները պետք է անկացնեն ռեալպոլիտիկի շրջանակներում` նախ եւ առաջ ներկայացնելով Հայաստանի տեսլականը, Իրանի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների քաղաքական շահերը եւ լուրջ ակնարկներ անելով ԱՄՆ-ՀՀ փոխադարձ հետաքրքրության հարցերի վերաբերյալ:
Նժդեհ Հովսեփյան