Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Երդվյալ ազատամարտիկների միության» 6-րդ համագումարը, որի ղեկավարը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն է: Այդ օրը տեղի ունեցած համագումարին մասնակցել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, եւ մինչ բոլորը կարծում էին, թե Ռուբեն Գեւորգյանը հենց վերջինիս կուսակցության համամասնական ցուցակով է մասնակցելու ընտրություններին, ԲՀԿ նախագահը հենց համագումարի օրը փոխեց խաղաքարտերը եւ հայտարարեց, թե Ռուբեն Գեւորգյանն իրենց ցուցակում չի լինի:
«Պարոն Գեւորգյանը դեպուտատ չի լինելու, ասեմ` իմանաք, ինքը նվիրյալ է, ինքը դրանով ապրում ա, դա իր կյանքով, գործով ապացուցել է, բոլորն էլ գիտեն։ Ես իմ «Բարգավաճի» ցանկը, մեծամասնությունը փոխելու եմ, լինելու են նորմալ, ամեն ինչ կտեսնեք»,- նշել էր Գագիկ Ծառուկյանը, որին Գեւորգյանը ոսկե մեդալ շնորհեց: Իհարկե, նորմալ երեւույթ է, որ պատերազմի թոհուբոհով անցած, կռված անձն իր ընկերների հետ միասին համագումար է անում, հրավիրում իր նախկին կուսակցության ղեկավարին: Սակայն Ռուբեն Գեւորգյանի կենսագրությունն ուսումնասիրելիս ականատես ես լինում մի իրավիճակի, երբ վերջինս անընդհատ տարբեր բեւեռներում է եղել եւ իրարամերժ հայտարարություններ արել:
Ըստ այդմ, Ռուբեն Գեւորգյանը երկու անգամ ԲՀԿ համամասնական ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր է եղել, սակայն մինչ այդ, ըստ էության, մոռացված է եղել, եւ քաղաքական հենարանը հենց Ծառուկյանն է հանդիսացել: Ընդ որում, Ռուբեն Գեւորգյանը տարբեր ժամանակներում ԲՀԿ-ին հավատարմության երդումներ է տվել, թե երբեք այդ կուսակցությունից դուրս չի գա: Հիշեցնենք, որ այդ հայտարարությունը նա արել էր 2015 թվականի փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, երբ շատ ԲՀԿ-ականներ պարզապես ճամբարափոխ եղան: «Ժամանակին ԲՀԿ-ից դուրս գալու բազում պատճառներ են եղել, բայց իմ մեջ պայքարել եմ տեսակս մաքուր պահելու համար: Հարցը ԲՀԿ-ն չէ, հարցը 4 պատն է, դա լինի կազմակերպության, թե կալանավայրում գտնվող խցիկի պատեր, ես պետք է վերջինը դուրս գամ, կհրեն, գցեն, թե ինքս դուրս կգամ, կապ չունի, վերջինը: ԲՀԿ-ից դուրս չեմ գա, քանի որ կյանքումս ինձ հանդիպած, անգամ կործանվող վագոններից վերջինն իջնողի արտոնագիրը իմն է միշտ եղել եւ այդպես էլ կլինի», – հայտարարել էր նա:
Սակայն, ինչպես կյանքում հաճախ է լինում, նախկին պատգամավորը չպահեց իր խոստումը եւ 2017 փետրվարի 7-ին հայտարարեց ԲՀԿ-ն լքելու մասին: Ընդ որում, նա այդ կուսակցության անդամ էր եղել 10 տարի: Վերջինս պարզաբանել էր, թե այդպիսի որոշում էր կայացրել, քանի որ ԲՀԿ-ն որոշել էր խորհրդարանական ընտրություններին մասնակցել դաշինքով: «Դաշինքի ստեղծումը խայտաբղետ վիճակ է։ ԲՀԿ-ի այսքան չարչարանքից հետո, առաջնորդի երկու տարվա սառնությունից հետո, երկու տարի չարչարվեցինք ու պահեցինք ԲՀԿ վարկանիշը, իսկ ընտրության շեմին ԲՀԿ-ն, կարծես թե, խաղից դուրս եկավ։ Իմ թիմի հետ ես կարող էի գնալ ընտրությունների», – նշեց նա՝ հավելելով, որ իրեն չի տեսնում դաշինքի կազմում։
Ընդ որում` Ռուբեն Գեւորգյանը դրանից հետո շատ սերտ հարաբերությունների մեջ էր ՀՀԿ-ական գործիչների, այդ թվում` Սերժ Սարգսյանի հետ եւ միշտ էլ հայտարարել էր, թե ՀՀԿ-ն իրեն հոգեհարազատ կուսակցություն է համարում: Եվ իրեն այնքան հարազատ է համարել այդ կուսակցության ղեկավարին, որ անգամ ապրիլյան պատերազմից հետո, երբ բոլորը բարձրաձայնում էին 800հա հող հանձնելու մասին, իրեն սկզբունքային գործիչ հայտարարած Ռուբեն Գեւորգյանի ձայնն անգամ չեկավ: «1990-ականներից առ այսօր նժդեհական գաղափարախոսությունն իմ արյան մեջ է նստած։ ՀՀԿ-ն ինձ հոգեհարազատ կուսակցություն է, բայց հոգեհարազատ լինելն այլ բան է, խնդրել, որ ցուցակում լինես, այլ բան», – մի առիթով ասել էր Ռուբեն Գեւորգյանը: Եվ հիմա էլ ՀՀԿ-ին հոգեհարազատ համարող Գեւորգյանն իր համագումարին հրավիրում է Գագիկ Ծառուկյանին, ոչ թե ՀՀԿ-ականներին:
Նրա փոփոխական գործելաոճը պահպանվեց նաեւ Նիկոլ Փաշինյանի դեպքում: Մասնավորապես, մայիսի 3-ին նա ողջունել էր համաժողովրդական շարժումն ու գրել. «Ողջունում ենք շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին այդ շարժումը առաջնորդելու համար, ում կազմակերպչական ու քաղաքական բարձր ունակության շնորհիվ հարյուր հազարավոր ցուցարարներ չդարձան ամբոխ»։ Սակայն արդեն մայիսի 16-ին եւ մեկ անգամ էլ սեպտեմբերի 20-ին նա արդեն քննադատում էր Նիկոլ Փաշինյանին` «Կա՛նգ առ, Նիկոլ» վանկարկումով: Հետաքրքիր է` ի վերջո քանի իրական կերպարով է քաղաքականության մեջ հանդես գալիս Ռուբեն Գեւորգյանը:
Նաիրա Հովհաննիսյան