Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից
Սերժ Սարգսյանի գրասենյանը մերժել է Սերժ Սարգսյանին հատկացվելիք առանձնատան եւս մի առաջարկ, որն արվել էր կառավարության աշխատակազմի կողմից անցյալ շաբաթ։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ այս տարբերակը Սարգսյանին «վերջնական առաջարկ» էր։ Ս. Սարգսյանին՝ որպես պաշտոնաթող նախագահի, ըստ օրենսդրության, պետք է հատկացվեր բնակարան։ Կառավարությունը մինչ այս պահը առանձնատների տասը առաջարկ էր ներկայացրել Ս. Սարգսյանի գրասենյակին, որոնք, ըստ էության, մերժվել էին։ Վերջին առաջարկը Ավան վարչական շրջանում առանձնատան տարբերակն է եղել։ Այն արժեր ավելի քան 600 միլիոն դրամ։
ՀԱՐՑ. Վերջնահաշվարկ կատարելիս չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարները արդյոք եկամտային հարկով հարկվո՞ւմ են:
Մանուշակ Սարգսյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 12-րդ ենթակետի համաձայն` նվազեցվող եկամուտ է համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների սահմաններում աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) հետ կապված փոխհատուցման վճարները (այդ թվում` դիվանագիտական ծառայողներին տրվող փոխհատուցման վճարները)` բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարկվող եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում հարկ վճարողի համախառն եկամտի եւ օրենքով սահմանված նվազեցվող եկամուտների ու ծախսերի դրական տարբերությունն է:
ՀԱՐՑ. Ապրում եմ բարեկամիս տանը, բնակարան եւ սեփականություն չունենք: Խնամքիս տակ ունեմ 2 երեխա` մեկը դպրոցական, մյուսը 2-րդ կուրսի ուսանող: Չեմ աշխատում: Խնդրում եմ` ասեք` օգնություն, նպաստ կամ որեւէ այլ աջակցություն ստանալու իրավունք ունե՞մ:
Ժամկոչյան Օֆելյա (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի` ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված մինչեւ 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից: Անապահովության սահմանային մեծությունից ցածր միավոր ունեցող ընտանիքները կարող են դիմել սոցիալական աջակցության տարածքային գործակալություն` եռամսյակային հրատապ օգնության տրամադրման համար: Եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող, անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքը կյանքի` անհետաձգելի լուծում պահանջող դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում: Այն նշանակվում է սոցիալական նպաստի չափով` երեք ամիս ժամկետով (եռամսյակով):
Խորհուրդ է տրվում հաշվառման համար դիմել փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)` ներկայացնելով ճշգրիտ եւ ամբողջական փաստաթղթեր, որից հետո ձեռք բերած անապահովության գնահատման միավորով կորոշվի Ձեր ընտանիքին ընտանեկան նպաստ կամ եռամսյակային հրատապ օգնություն կամ այլ օգնություն հատկացնելու իրավունքը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կառավարության 25.01.2018թ.-ի N 61-Ն որոշմամբ` 2018 թվականին ընտանեկան կամ սոցիալական նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային մեծության միավոր է սահմանվել 30.00 միավորը: