ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՍԵՆՍՈՒՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական դաշտում երեկ իրար հաջորդած անսպասելի զարգացումներից հետեւությունը մեկն է. Հայաստանում մինչեւ տարեվերջ կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ: ՀՀԿ-ն, որ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարին ամեն կերպ դիմադրում էր, պարզապես քանդվում է: ՀՀԿ խմբակցության պատգամավորներից մի քանիսը հայտարարեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարելու եւ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին: Ընդ որում, Փաշինյանին սատարելու մասին խոսել է նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը, որ ոչ վաղ անցյալում վարչապետի ամենակոշտ քննադատներից մեկն էր: Մինչդեռ երեկ Գեւորգ Կոստանյանն ասել է. «Միշտ կկանգնեմ Նիկոլ Փաշինյանի կողքին: Նա ազնիվ է իր նպատակների, ցանկությունների մեջ»: Առաջիկա օրերին ՀՀԿ խմբակցության մի շարք այլ պատգամավորներ եւս հանդես կգան նման հայտարարություններով: Նրանց թվում շոշափվում է Տաճատ Վարդապետյանի, Արսեն Միխայլովի, Կնյազ Հասանովի եւ այլոց անունները: Սա պատահական չէ. ՀՀԿ խմբակցության պատգամավորներից շատերի հետ կառավարության ներկայացուցիչները սկսել են հանդիպում-բանակցությունների շարքը, այդ գործը վստահված է փոխվարչապետներ Արարատ Միրզոյանին ու Տիգրան Ավինյանին: Երեկ Փաշինյանը կոչ է արել այդ պատգամավորներին ոչ թե մեղադրել, այլ քաջալերել, քանի որ նրանք ընդունում են ժողովրդի կամքը:
Միաժամանակ, դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելուն համաձայնել է ԲՀԿ-ն, որի ներկայացուցիչները դեռ մինչեւ վերջերս հակառակն էին պնդում, նույնիսկ ԱԺ-ում հայտնի սկանդալի կիզակետում հայտնվեցին: Սակայն երեկ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որից հետո նրանք ստորագրել են համատեղ հուշագիր:
Իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ երեկ հանդիպել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին. ՀՅԴ-ում եւս սառույցը կոտրվում է, նրանք եւս շուտով կհամաձայնեն ԱԺ արտահերթ ընտրություններին:
ՈՒ պետք է նկատենք, որ քաղաքական գործընթացները կարծես ընթանում են անցնցում, հանգիստ եղանակով: Քաղաքական ուժերը փորձում են հասունություն դրսեւորել. հավանաբար նրանք դաս են քաղել հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում աղմկահարույց օրինագծի ընդունումից ու այդ ամենին ժողովրդի հակազդեցությունից:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին երեկ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի եւ Հարություն Ղարագյոզյանի մասնակցությամբ միջադեպից: Մեզ հասած տեղեկություններով` վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ Կարապետյանը սկսել է հայհոյանքներով խոսել եւ պահանջել 4 մլն դոլար պարտքը: Խոսակցությունը վերածվել է քաշքշուկի, որից հետո Ղարագյոզյանը հանել է ատրճանակը, հնչել է կրակոց: Տեսնելով արյունաքամ Կարապետյանին՝ Ղարագյոզյանը ցանկացել է տեղում ինքնասպան լինել, սակայն ներկաներից մեկ այլ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը չի թողել: Ղարագյոզյանը հեռացել է: Երբ իրավապահները հասել են դեպքի վայր եւ իմացել են, թե ով է կրակողը, եւ անգամ ցանկացել է հենց ռեստորանում ինքնասպան լինել, անմիջապես գործի են անցել եւ փնտրել Հ. Ղարագյոզյանին: Նախ գնացել են նրա տուն, հնարավոր բոլոր վայրերը, որտեղ նա կարող էր տեսականորեն լինել, սակայն չեն գտել նրան: Միայն հաջորդ օրը` առավոտյան, նա գտնվեց իրեն պատկանող քարի արտադրամասում՝ ինքնասպան եղած:

 

 

 

ԱԱԾ-ն երեկ հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ բացահայտվել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ 2008թ. հոկտեմբերին իրականացված մահափորձը: Ըստ այդմ, պատվիրատուն ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանն է` Ալրաղացի Լյովիկը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Հատկանշական է, որ Լ. Սարգսյանը մշտապես գործել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, նույնիսկ իր որդու անունը Սերժ է դրել՝ ի նշան հավատարմության: Եւ այս մահափորձից հետո նա աննկատ հեռացավ քաղաքական ասպարեզից, բայց պահպանեց անձեռնմխելիությունը: Դեռ 2017թ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Լ. Սարգսյանը հեռացել է ՀՀ-ից, բնակվում է Մոսկվայում` ընկերներից մեկի բնակարանում: Իսկ հեռացել է մեծ պարտքեր կուտակելու պատճառով. նա նախկին իշխանության երաշխավորությամբ բանկերից խոշոր վարկեր է վերցրել եւ «ընկել վարկի տակ», սննկացել: Երբեմնի օլիգարխի համարում ունեցող Լ. Սարգսյանն այսօր Երեւանում ունի մեկ սեփական բնակարան եւ վերջ:

 

 

 

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով վերջին ամիսներին ՀՀ-ում շարունակվող գնաճին, ուշադրություն է հրավիրել հատկապես ձվի գնի բարձրացմանը: Նա տեսակետ է հայտնել, որ ձվի շուկայում դեմպինգի փորձ է արվել դեռ 2017թ. սետպեմբերին: «2017-ի սեպտեմբերի համեմատ` այս սեպտեմբերին 26.2 տոկոսով ձուն թանկացել է: Հիշում եք` նախորդ տարում արտադրողները կազմակերպված իջեցրին գները: Ես որքան հասկանում եմ, դա կազմակերպված, ինչ-որ մի տեղ դեմպինգային գործողություն էր. շուկայից դուրս մղել ավելի ոչ մրցունակ եւ քիչ արտադրող ընկերություններին, հետո գները կտրուկ բարձրացնել: Այս թեման ես կարծում եմ, որ պետք է դառնա ՏՄՊՊՀ-ի օրակարգ: Եւ պետք է լրջորեն հետեւել, թե ձու արտադրողները ինչու ձայն ձայնի տված բարձրացրեցին գները»,- հայտարարել է տնտեսագետը: Իսկ ընդհանրապես, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճը կազմել է 2.6 տոկոս: Ընդ որում, գնաճ է արձանագրվել գրեթե բոլոր ոլորտներում: Սննդամթերքի եւ ալկոհոլային խմիչքի դեպքում գնաճը կազմել է 1.2 տոկոս: Մասնագետների պնդմամբ` այս ամենի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի` 2.2, մսի` 2.3, կաթնամթերքի` 4.9 տոկոս գնաճը:

 

 

ՓՈԹՈՐԿԱՀՈՒՅԶ
Քաղաքական դաշտում երեկվա իրադարձությունները միանգամայն սպասելի էին: Ի վերջո, խորհրդարանական երեք ուժեր հանդիպեցին համաժողովրդական դիմադրության այն բանից հետո, երբ սատարեցին օրենսդրական փոփոխությունների աղմկահարույց նախագիծը: Իսկ դրանով, հիշում եք, հնարավորություն է ստեղծվում վիժեցնել ԱԺ վաղաժամկետ արձակման նպատակով կառավարության քայլերը:
Հետո արդեն բավական էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ կոչը, եւ ԱԺ շենքը շատ կարճ ժամանակ անց շրջափակվեց: Այդ օրը ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցությունների ներկայացուցիչները եւս մեկ անգամ համոզվեցին, որ Փաշինյանի իշխանությունը շարունակում է վայելել հասարակության անվերապահ աջակցությունը, հասարակական պահանջ է օր առաջ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը, եւ այդ ամենին դեմ գնալը քաղաքական ինքնասպանություն է: Այնպես որ, միանգամայն տրամաբանական էր Հայաստան վերադառնալուց հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը (չնայած, ասում են, խմբակցության քվեարկությունը նրա հետ համաձայնեցված է եղել), նաեւ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ավարտին ստորագրված հուշագիրը:
Սակայն շատերն են հիշում, որ ԲՀԿ-ն 2011թ. հուշագիր ստորագրեց այն ժամանակվա կոալիցիոն գործընկերների` ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ՝ պարտավորվելով 2013թ. նախագահական ընտրություններում սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Սակայն այդ հուշագրի ստորագրումից որոշ ժամանակ անց ԲՀԿ-ն սկսեց ընդդիմադիր դաշտում գործել, 2013թ. նախագահական ընտրություններում չսատարեց Սարգսյանին: Իհարկե, այն ժամանակ նրանք կարող էին արդարանալ, թե այդպես են վարվել ժողովրդի պահանջով. ի վերջո, Սերժ Սարգսյանը չուներ հասարակական աջակցությունը: Մինչդեռ հիմա միանգամայն այլ իրավիճակ է. հասարակությունը Փաշինյանի կողքին է, հասարակությունն օր առաջ արտահերթ ընտրություններ է պահանջում, հետեւաբար իրենք էլ ժողովրդի կողքին են ու ընդառաջում են այդ ցանկությանը: Հուսանք` այդպես կլինի:
Միայն թե, պարզ չէ, թե ինչո՞ւ ներքաղաքական կյանքը ընդամենը մի քանի ժամում փոթորկած օրենսդրական փոփոխությունների նախագծում աղմկահարույց առաջարկն արեց հենց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ միանալով ՀՀԿ-ական գործընկեր Արփինե Հովհաննիսյանին: Երեկվա հուշագրից հետո տրամաբանությունը հուշում է, որ Պետրոսյանը կուսակցության պահանջով պետք է վայր դնի մանդատը: Ի վերջո, նա բացահայտ աջակցում էր հակահեղափոխության փորձերին՝ անհարմար դրության մեջ գցելով իր կուսակցությանը, պատճառ դառնալով, որ Փաշինյանը նրանց վտարի կառավարության կազմից:




Լրահոս