Իրավապահ համակարգը շարունակում է վեր հանել նախկինում տեղի ունեցած, ծածկադմփոց արված դեպքերի բացահայտումները: Այս անգամ գործը հասել է Սերժ Սարգսյանի մտերիմ «Ալրաղացի Լյովիկ» անունով հայտնի Լեւոն Սարգսյանին, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հիշեցնենք, որ խոսքը այն Լեւոն Սարգսյանի մասին է, որն իր հավատարմությունը Սերժ Սարգսյանին ի ցույց դնելու նպատակով որդու անունը դրել էր Սերժ:
Նախ ամենասկզբից
Դեռեւս 2009 թվականին բացահայտվել էր, որ «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանի եւ Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի կողմից ծանր հանցագործություններ կատարելու դեպքեր: Արդյունքում վերոնշյալ անձանց թիրախում էր հայտնվել ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանը, որի առանձնատան վրա ավազակային հարձակում էին իրականացրել: Այս գործը հասել էր դատարան, եւ 2011թ. մայիսին կայացված դատավճռով հանցավոր համագործակցության 10 անդամները դատապարտվել էին 15 տարի ժամկետով ազատազրկման:
Սակայն Թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակ փոխվեց: ԱԱԾ-ի իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ Լեւոն Սարգսյանը, ով լարված հարաբերություններ է ունեցել Արմեն Ավետիսյանի հետ: Ավազակային հարձակումից հետո Լեւոն Սարգսյանը գողոնից ընտրել եւ վերցրել է իրեն հետաքրքրած ոսկյա զարդերն ու թանկարժեք ժամացույցները: Վերը նշված տվյալների հիման վրա հարուցված քրեական գործով 2018 թվականի հոկտեմբերին իրականացվել են խուզարկություններ Լեւոն Սարգսյանին պատկանող առանձնատանը եւ բնակարանում, որոնց արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք:
Նոր մեղադրյալը
Նշենք, որ Լեւոն Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Մեղադրանք է առաջադրվել նաեւ Լեւոն Սարգսյանի ազգական Ս.Ղ-ին, վերջինս կալանավորվել է: Կատարվում է նախաքննություն:
Չնայած նախաքննական մարմինը հայտնում է, թե իրականացված լայնածավալ գործողությունների արդյունքում է բացահայտել, որ Արմեն Սարգսյանի տան վրա ավազակային հարձակման պատվիրատուն «Ալրաղացի Լյովիկն» է, սակայն իրականում հայրենի իրավապահների համար այս ամենը բնավ էլ բացահայտում չէ: Այս ամենի մասին լավ էլ տեղեկացված են եղել նախկինում, սակայն հաշվի առնելով, թե ինչ հարաբերությունների մեջ է Սերժ Սարգսյանը Լեւոն Սարգսյանի հետ` համապատասխան հրահանգի արդյունքում Լեւոն Սարգսյանը դուրս է մնացել պատասխանատուների ցանկից:
Ալրաղացի Լյովիկը եւ Սերժ Սարգսյանը
Դեռեւս 2017 թվականին` մինչ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը հայտնվեց սնանկ ճանաչված հայտնիների շարքում: Նրան է պատկանում «Ախթամար» հյուրանոցային համալիրը, իսկ այդ համալիրի ներսում գործել է «Գոլդեն Փելես» խաղատունը: Ավելին` միայն 2017 թվականի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 8 դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ախթամար» ՓԲԸ-ի` պահանջելով, որ նախկին պատգամավորի ընկերությունից ընդհանուր գանձվի 63 միլիոն դրամ եւ ստիպեն նրան կատարել մաքսային պարտավորությունները:
Իսկ որտեղից սկսվեց նրա սնանկացման գործընթացը: Տարիներ առաջ Սերժ Սարգսյանը հորդորել էր Լեւոն Սարգսյանին ներդրում իրականացնել Հայաստանում: Նա էլ հիմնել էր «Ախթամար» հյուրանոցային համալիրը, դրա կազմում ստեղծել նաեւ «Գոլդեն Փելես» խաղատունը: Լեւոն Սարգսյանի մերձավորներից մեզ հայտնի դարձավ, որ նա «Գոլդեն Փելես» խաղատան դիլլերներին կասկածել է իր դեմ ծուղակ պատրաստելու մեջ: Իսկ ծուղակի էությունը եղել է այն, որ օրերից մի օր Լեւոն Սարգսյանի խաղատուն են այցելել արաբ շեյխեր, որոնք անհասկանալի հանգամանքներում խոշոր գումարներ են շահել. խոսքը, ոչ ավել, ոչ պակաս, 4 միլիոն դոլարի մասին է` 2 փուլով: Լեւոն Սարգսյանը ստիպված է եղել վճարել խաղատան պարտված գումարները: Իսկ ինչո՞ւ է ստիպված եղել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արաբ շեյխերը, Հայաստանից գնալով, միջոցներ են ձեռնարկել: Նախ արտերկրի իրենց կապերն են գործի դրել եւ ի վերջո կարողացել են խնդրի լուծմանը ներքաշել նաեւ Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը: Լեւոն Սարգսյանն էլ, չունենալով այլ տարբերակ, ստիպված է եղել համակերպվել տեղի ունեցածի հետ եւ արաբ շեյխերին վճարել նրանց շահած գումարները:
Բայց որտեղի՞ց: Խնդրի լուծման նպատակով նա դարձյալ բարձրագույն իշխանության երաշխավորությամբ բանկերից խոշոր վարկեր է վերցրել, մարել արաբների պարտքերը եւ «ընկել վարկի տակ»: Արդյունքում սկսվել է նրա սնանկացման գործընթացը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նա գրավադրել է իրեն պատկանող ողջ գույքը, որպեսզի կարողանա փրկել բիզնեսը, սակայն այդ փորձերն անցել են ապարդյուն, քանի որ նախկին պատգամավորին պատկանող գույքը անցել է բանկերի տիրապետման տակ: Երբեմնի օլիգարխի համարում ունեցող Լեւոն Սարգսյանն այսօր ընդամենը Երեւանում ունի մեկ սեփական բնակարան եւ վերջ: Նրա մտերիմները դեռես 2017 թվականին «Ժողովուրդ»-ին հայտնել էին, որ ապրում է Մոսկվայի արվարձաններից մեկում` իր ընկերոջ կողմից տրամադրած բնակարանում: Հիշեցնենք, որ սա այն Լեւոն Սարգսյանն է, որը իր հավատարմությունը Սերժ Սարգսյանին ի ցույց դնելու նպատակով որդու անունը դրել էր Սերժ, որպեսզի մի Սերժ Սարգսյան էլ տանը ունենար:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՌԱՆՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ
Դեբեդավանը Նոյեմբերյանի տարածաշրջանի` Վրաստանին սահմանակից ամենահեռավոր գյուղն է, գտնվում է Նոյեմբերյան քաղաքից ավելի քան 30 կմ հեռավորությամբ: Շուրջ 700 բնակիչ ունեցող գյուղում ապրում են հիմնականում Ադրբեջանի Կուտկաշենի եւ Վարդաշենի շրջաններից 1988թ. հարկադիր վերաբնակվածները: Դեբեդավանում ոռոգման ջրի պակասություն կա, սակայն առավել սուր է խմելու ջրի խնդիրը: Գյուղի կենտրոնում աղբյուր կա, որի մոտ միշտ հերթեր են: Այդ աղբյուրի ջուրը բերվել է Դեբեդավանի շրջակա սարից: Դեբեդավանին պոմպերով մատակարարվող խմելու ջուրն անորակ է, այն պիտանի չէ խմելու համար: Դեբեդավանցիները սպասում են, որ հաջորդ տարի «Վեոլիա ջուր» ընկերությունը Ստեփանավանի խմելու ջուրը կմատակարարի Դեբեդավան: Դեբեդավանի բնակիչների համար խնդիր է Նոյեմբերյան քաղաքի հետ կապն ապահովելը: Նոյեմբերյան-Դեբեդավան երթուղում հասարակական տրանսպորտ չի գործում, գործերով Նոյեմբերյան այցելելու համար սեփական ավտոմեքենա չունեցող դեբեդավանցիներն օգտվում են տաքսիների ծառայություններից, դրա համար մի քանի հոգով 5000 դրամ են հավաքում, տաքսի վարձում: Դեբեդավանում մշակութային որեւէ կենտրոն, ակումբ չկա: Խորհրդային տարիներին գյուղի բնակելի շենքերից մեկի առաջին հարկի մի սենյակում կինոֆիլմեր են ցուցադրվել: 1990-ական թվականներին այդ սենյակը սեփականաշնորհվել է, անցած 27 տարում գյուղում ոչ մի համերգ, թատրոն չի ներկայացվել:
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղում շարունակվում է համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի եւ նրան ընդդիմադիր համայնքի ավագանու 5 անդամների դիմակայությունը: Վերջիններս պահանջում են Ժ. Մարտիրոսյանի հրաժարականը: Նրանք այդ նպատակով Ազատամուտում ցույցեր են կազմակերպել, գյուղի միջնակարգ դպրոցում դասադուլ, միջպետական ավտոճանապարհի փակում է եղել: 2018 թվականը մոտենում է ավարտին, սակայն համայնքի ղեկավար-ավագանի հակամարտության հետեւանքով դեռեւս համայնքի բյուջեն հաստատված չէ: Հոկտեմբերի 5-ին նշանակված էր համայնքի ավագանու հերթական նիստը: Օրակարգում Ազատամուտ համայնքի 2018 թ. տարեկան բյուջեի նախագիծը հաստատելու, համայնքի 2018թ. տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը սահմանելու, Ազատամուտի համայնքապետարանի աշխատակազմի եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու հարցերն էին: Ավագանու նիստը չի կայացել, քանի որ ավագանու 9 անդամներից 4-ն են ներկայացել նիստին, 5-րդ անդամը ներկայացել է այն ժամանակ, երբ նիստն արդեն համարվել է չկայացած: Ավագանու անդամների մեկ երրորդի պահանջով Ազատամուտի ավագանու հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 9-ին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԹԻՎ 1 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻ ԽՆԴԻՐԸ ՀԱՍՑՐԵՑ ԴԱՏԱՐԱՆ
Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի խնդիրը հասել է դատարան: Պատճառն այս տարիներին պոլիկլինիկայի կուտակած 1 միլիոն 800 հազար դրամ պարտքն է: Ամիսներ շարունակ Գյումրու քաղաքապետարանին չվճարելով շենքի վարձը՝ պոլիկլինիկան այսօր հայտնվել է անելանելի դրության մեջ: Ու հիմա Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դիմել է դատարան պարտքը բռնագանձելու պահանջով:
«Բալասանյանը պարտքերի պատճառով դատի է տվել: Գործն արդեն մտել է դատարան: Պարզեցված կարգով դատ են անելու առանց մեր ներկայության: Դատավորի որոշմանը կծանոթանանք համացանցի միջոցով 2 շաբաթյա ժամկետում: Պարտքերը, գիտենք, որ ունենք, առարկություն չկա: Տեսնենք` ինչ կլինի, եւ կարծում եմ` կբռնագանձեն մեր հաշիվներից»,-ասաց պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանը:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու այս խնդրին: Տեղեկացրել էինք, որ դեռ ամիսներ առաջ Գյումրու քաղաքապետարանը գրություն էր ուղարկել Շիրակի մարզպետարան պոլիկլինիկայի շենքն ազատելու մասին: Մարզպետարանից խոստացել էին խնդրի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Առողջապահության նախարարն ամիսներ առաջ անձամբ էր այցելել պոլիկլինիկա, ծանոթացել ստեղծված վիճակին, սակայն այցից հետո մինչ օրս ոչ մի արձագանք:
Նշենք, որ բուժմիավորումը 1924 թվականից տեղակայված է քաղաքի պատմական միջուկում: Բալասանյանը վաղուց էր ուզում շենքն ազատել, պատճառն այն էր, որ ներդրողներ էին հայտնվել: Թե ինչ եղան ներդրողները, հայտնի չէ: Պոլիկլինիկայի շենքով նաեւ «Ապավեն» բժշկական կենտրոնի տնօրեն Գագիկ Ադամյանն էր հետաքրքրված: Բայց վերջերս մարզպետի որոշմամբ Գագիկ Ադամյանը հեռացվել է Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնից: Շենքով հետաքրքրված էր նաեւ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի որդին` Տիգրան Սահակյանը, ով Գագիկ Ադամյանի մտերիմ ընկերն է:
Այժմ քաղաքում լուրեր են շրջանառվում, որ պոլիկլինիկայի շենքն արդեն վաճառված է: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` Գյումրու համայնքապետարանից խոստացան հարցին պատասխանել առաջիկա օրերին: Բայց պոլիկլինիկայի տնօրենը շենքի վաճառքի մասին որեւէ տեղեկություն չուներ. «Ես տեղյակ չեմ: Ինքս չեմ լսել, որ շենքը վաճառված է, մեզ ոչ ոք չի տեղեկացրել: Համենայնդեպս, լքել շենքը չենք պատրաստվում»,-ասաց Գյումրու թիվ մեկ պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանը:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Շիրակ