ՈՐՔԱ՞Ն Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼ ՄԻՊ-Ը ԵՎ Ի՞ՆՉ Է ԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ շատ հաճախ Հայաստանում գործող պետական կառույցները միջազգային կազմակերպություններից տարբեր ծրագրերի համար գումար են ստանում, սակայն այդ ծրագրերն այդպես էլ մնում են չկատարված եւ թղթի վրա մնացած: Եվ դրան զուգահեռ էլ պետական բյուջեից մեծ գումարներ են ծախսվում տարբեր գործուղումների համար, եւ դրանց արդյունավետության մասով եւս հստակ արձանագրումներ չենք կարող անել, քանի որ շատ հաճախ արվում են լոկ հայտարարություններ եւ այդ գործուղումների գործնական արդյունքներն այդպես էլ անհայտ են մնում:

Հենց այդ ամենն էլ հաշվի առնելով` «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր մի քանի հարց էր ուղարկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին եւ վերջիններիցս մի քանի տվյալներ խնդրել` հենց գործուղումների եւ դրանց արդյունքների հետ կապված: Մասնավորապես, մենք ՄԻՊ ուղարկված մեր հարցման մեջ խնդրել էինք հայտնել, թե 2018 թվականի ապրիլից մինչ օրս ՀՀ ՄԻՊ գրասենյակից քանի աշխատակից է մեկնել գործուղման, որ երկրներ եւ ինչ նպատակով: Ըստ այդմ, մեզ ուղարկված պատասխանում նշվում է, որ 2018 թվականի ապրիլի 1-ից մինչեւ նույն թվականի հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում արտասահմանյան գործուղման է մեկնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 25 աշխատող (երկրները` Ֆրանսիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Չեխիա, Ուկրաինա, Վրաստան, Սլովենիա, Լատվիա): Եվ գործուղումները հիմնականում տեղի են ունենում բազմակողմ կամ երկկողմ հարաբերությունների համատեքստում` համապատասխան հրավերների հիման վրա: Դրանք նպատակ ունեն հնարավորինս լայն ներգրավվել միջազգային կառույցներում, ինչպես նաեւ ձեռք բերել նոր կարողություններ երկրում կատարվող աշխատանքների որակն ավելի բարձրացնելու համար:
Մեր մյուս հարցով փորձել էինք ճշտել, թե ինչ արդյունավետություն է ապահովել գործուղումը: «Վերջին մի քանի տարվա ընթացքում մեր կողմից տարվում են այնպիսի աշխատանքներ, որոնք միջազգային փորձի լավագույն օրինակներ են երրորդ կողմ ՄԻԵԴ-ում քննվող գործով, ԵԽ նախարարների կոմիտե ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով հատուկ դիրքորոշումների ներկայացում, Մարդու իրավունքների պաշտպանի իրավական չափանիշների մշակում, ՍԴ-ին հատուկ կարծիքների ներկայացում, օրենսդրական նախագծերի մշակում ու դրանց շրջանառություն շահագրգիռ կողմերին, այդ թվում` քաղաքացիական հասարակության ու խորհրդարանին եւ այլն:
Միջազգային բարձր գնահատականի վերջին օրինակը ԵՄ հատուկ հայտարարութունն էր, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը ԵՄ եւ ԵՄ անդամ բոլոր երկրների անունից այս ամիս հրապարակեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ բարձրաստիճան կոնֆերանսի ընթացքում: Հայտարարությունում ընդգծվում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ու իր աշխատակազմը դրական դեր են կատարել այս տարի առավել վաղ տեղի ունեցած խաղաղ հավաքների մշտադիտարկման հարցում: Հայտարարությունում հատուկ ընդգծվում է նաեւ, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն «օրինակ է մեզ բոլորիս համար»: Ընդ որում, այդ նիստին մասնակցության համար բացման խոսքով հանդես գալու մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հատուկ հրավեր էր ստացել Մարդու իրավունքների պաշտպանը` իրենց իսկ ֆինանսավորմամբ», – նշված է պատասխանում:
Որքա՞ն գումար է ծախսվել այս գործուղումների համար եւ ի՞նչ միջոցներից է այն հատկացվել հարցերին ի պատասխան` ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ պաշտպանի աշխատակազմի աշխատողների վերը նշված արտասահմանյան գործուղումների ծախսերի գերակշիռ մասը հոգացել են միջազգային կառույցները եւ միայն 2 մլն 362 հազար դրամն է հատկացվել Պաշտպանի աշխատակազմի պահպանման ծախսերից:
Մյուս հարցին` ՄԻՊ աշխատակազմը կամ աշխատակազմի անհատական աշխատակիցներ ներգրավված եղե՞լ են արդյոք որեւէ ծրագրում վճարովի հիմունքներով: Խնդրում ենք ներկայացնել ֆինանսական հաշվետվություն այդ կապակցությամբ. ովքե՞ր ի՞նչ աշխատանքի դիմաց որքա՞ն գումար են ստացել, տրվել է ոչ ամբողջական պատասխան եւ մասնավորապես բացակայում է ֆինանսական հաշվետվությունը: Դրա փոխարեն այսպիսի պատասխան է առկա. «Ինչ վերաբերում է աշխատակիցների ծրագրային ներգրավվածությանը, տեղեկացնում ենք, որ Պաշտպանի աշխատակազմի մի շարք աշխատողներ ներգրավված են թե՛ միջազգային ծրագրերում` կատարելով հետազոտական ու գիտական աշխատանքներ, թե՛ դասավանդում են տարբեր հաստատություններում: Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես խրախուսում է իր աշխատողների մասնագիտական կարողությունների զարգացումը` կրթության կատարելագործման, միջազգային ծրագրերին մասնակցելու, գիտական եւ հետազոտական աշխատանքներ կատարելու հարցերում»:
Եվ մեր վերջին հարցով ցանկացել էինք ճշտել, թե միջազգային կազմակերպություններից տարբեր ծրագրերի տեսքով ՄԻՊ գրասենյակը որքա՞ն գումար է ստացել եւ ի՞նչ է արել այդ ֆինանսավորմամբ: Այս հարցին ի պատասխան էլ նշվել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ֆինանսավորում է ստացել «խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրության հիմնադրամի, Հայաստանում Բուլղարիայի դեսպանության, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակներում, որի ընդհանուր գումարը կազմում է 28 մլն 51 հազար դրամ: Նշված ծրագրերով նախատեսվում եւ իրականացվում են Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ու հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումները:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որ այդ կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունել մարզի համայնքներից մեկի ղեկավարի կողմից առերեւույթ ինքնիրավչություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Խոսքը վերաբերում է Ազատամուտ համայնքի ղեկավար ժորա Մարտիրոսյանին: 2018թ. հուլիսի 31-ին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` Ժ. Մարտիրոսյանի կողմից նույն համայնքի բնակչուհու առանձնատանը սահմանված կարգի խախտմամբ տիրանալու դեպքի առթիվ: Համայնքի ղեկավարը, չունենալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածով նախատեսված իրավունքներից որեւէ մեկը, խախտելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածով սահմանված սեփականության ձեռքբերման կարգը, 2000 թ. փետրվար ամսից տիրացել է նույն համայնքի բնակչուհուն պատկանող առանձնատանը: Բնակչուհին ճանաչվել է տուժող: 2018թ. հոկտեմբերի 6-ին քննիչը որոշում է կայացրել համայնքի ղեկավարին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Մեղադրյալը չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, 2018թ. հոկտեմբերի 8-ին որոշում է կայացվել համայնքի ղեկավարին բերման ենթարկելու մասին: ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնից ստացվել է գրություն, որ համայնքի ղեկավարը բացակայում է բնակության վայրից: 2018թ. հոկտեմբերի 8-ին քննիչը որոշում է կայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրություն կիրառելու եւ հետախուզում հայտարարելու մասին: Նույն օրը քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել համայնքի ղեկավարի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար փորձել է դիմել Ժ. Մարտիրոսյանին, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Ոստիկանության Իջեւանի բաժնից հայտնեցին, որ միջոցներ են ձեռնարկում նրան հայտնաբերելու համար:

 

 

ՎԱՏ ՎԻՃԱԿ
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սարիգյուղի միջնակարգ դպրոցի շենքային պայմանները վատթար են: 2006թ. դպրոցի շենքը վերանորոգվել է, սակայն շինարարները ջրհորդաններ չեն տեղադրել, անձրեւներից հետո ջուրը լցվել է շենքի հիմքերը, խարխլել այն, վնասել դպրոցի պատերը: Դպրոցի դասարանների մանրատախտակը կիսաքանդ է, մանրատախտակի պոկված կտորները թափված, կուտակված են դասասենյակների մի անկյունում: Դասասենյակներ կան, որոնց դռները ծակ են, դրանց միջով երեւում է դասասենյակի ներսը: Սակայն միայն նախորդ տարի են քայլեր ձեռնարկվել դպրոցի շենքի պայմանները բարելավելու եւ վերանորոգելու համար: Նշենք, որ այժմ Սարիգյուղի միջնակարգ դպրոցում սովորում է 212 աշակերտ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԳՈՐԾԱՐԱՆԻ ՖԻԼՏՐԵՐԸ ՓՈԽԵԼ

Ալավերդու պղնձաձուլականի աշխատողները երեկ բողոքի ակցիա են անցկացրել` ընդդեմ գործարանի փակման: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում տեղեկացրել էր, որ գործարանը չորս օրից դադարեցնելու է իր գործունեությունը: Նշենք, որ գործարանն այժմ ունի ավելի քան 600 աշխատող, որոնք դառնալու են գործազուրկ:

Գործարանի փակման պատճառները մի քանիսն են: Բայց հիմնական պատճառ նշվում է այն, որ ընկերությունը վարկային պարտավորություններ ունի, որոնք չի կարող մարել: Բանն այն է, որ «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի ակտիվները գործարանի հետ միասին գրավադրված են ռուսաստանյան ՎՏԲ բանկում: Այսինքն բանկը առաջիկայում կտնօրինի Ալավերդու պղնձաձուլական գործարանը` որոշելով վերջինիս ճակատագիրը:
Իսկ գործարանի փակման մյուս պատճառը բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից նշանակված 380 մլն դրամի չափով տուգանքն է: Ըստ տեսչական մարմնի` ընկերությունը նշված գումարի չափով շրջակա միջավայրին վնաս է հասցրել: Բացի այս, տեսչական մարմինը ընկերությանը հանձնարարական է տվել` մինչեւ տարեվերջ 90 տոկոսով նվազեցնել արտանետվող ծծմբային անհիդրիդի քանակը: Աշխատողների պատմելով` գործարանի ղեկավարությունը պետք է ֆիլտրեր տեղադրի, սակայն դրա հնարավորությունը չունի: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանի խոսքերով` դա անհնարին է իրականացնել կարճ ժամկետում: Արդյունքում ընկերությունը որոշում է կայացրել դադարեցնել գործունեությունը:
Գործարանի աշխատողները նախազգուշական բողոքի ակցիա անցկացրին` մի քանի ժամով փակ պահելով Մ6 միջպետական ճանապարհն ու երկաթգիծը: Ավելին, բողոքի ակցիայի մասնակիցները մտադիր էին ճանապարհը փակ պահել մինչեւ 17:00-ն, սակայն Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանը նրանց համոզել է, որից հետո աշխատակիցները բացել են ճանապարհը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանք այսօր եւս բողոքի ակցիա կանցկացնեն: Ի դեպ, երեկ այս խնդրի շուրջ ՀՀ Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտարարել է, որ եթե ընկերությունը չմարի վարկային պարտավորությունները, ապա տեղի կունենա սնանկության գործընթացը, եւ գործարանը կանցնի բանկին: Թե բանկը ինչպես կվարվի գործարանի հետ, առայժմ հայտնի չէ: Հիշեցնենք, որ սա առաջին արդյունաբերական գործարանը չէ, որ ՎՏԲ բանկը տնօրինում է: Չէ՞ որ Հրազդանի ցեմենտի գործարանը եւս տեւական ժամանակ մնաց բանկի ենթակայության տակ, ապա վաճառվեց մեկ այլ բանկի` «Հայբիզնեսբանկ»-ին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս