Երեկ Հայաստան է ժամանել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն: Նա այսօր Երեւանում մասնակցելու է «Նոր Հայաստանի Սահմանադրությունը» թեմայով միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին, որը տեղի կունենա Սահմանադրական դատարանում: Մինչ այդ, սակայն, Բուքիքիոն հասցրել է բազմաթիվ հանդիպումներ ունենալ:
Մասնավորապես, երեկ նա հանդիպել է Բարձրագույն խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին, ապա ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, վարչապետի լրատվական ծառայության հրապարակած պաշտոնական հաղորդագրության տեքստում նշված է, թե վերջինս ողջունել է Հայաստանի Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ իրականացնելու կառավարության նախաձեռնությունը եւ նշել, որ կարեւորում են դրանցով նախատեսված փոփոխությունները: «Նրա խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել նախանշված բարեփոխումները, որոնք միտված են քվեարկության իրավունքի իրականացմանը, դիտորդների իրավունքների պաշտպանությանը, մամուլի հասանելիության ընդլայնմանը, ընտրական գործընթացի թափանցիկության ապահովմանը, ընտրակեղծիքների դեմ պայքարին, ընտրությունների առաջին փուլից հետո կազմվող կոալիցիայի մասնակիցների թվաքանակի սահմանափակումների վերացմանը եւ այլն: Վենետիկի հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ ընտրական բարեփոխումների գործընթացը Հայաստանում հաջողությամբ կիրականացվի», – նշված է հաղորդագրության մեջ:
Սակայն հետաքրքիր է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը Հայաստան է ժամանել խորհրդարանի լուծարման նախօրեին, իսկ այսօր տեղի ունենալիք համաժողովն էլ համընկնում է վարչապետի հարցի ընտրության, ավելի ճիշտ` չընտրության հետ: Ինչեւէ, այսօր տեղի ունենալիք համաժողովից հետո Բուքիքիոն հանդիպումներ կունենա նաեւ քաղաքական ուժերի հետ: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀԿ-ականները շատ լուրջ են տրամադրված եւ նպատակ ունեն հակադարձումներ ներկայացնել օրեր առաջ առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Միրզոյանի, երեկ էլ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեսակետներին: Եվ ամեն պարագայում ՀՀԿ-ի փաստարկները նույնն են լինելու. այսպիսի փոփոխություններ հապճեպ չեն բերում, հավասար հնարավորություններ չեն թողել, կոնսենսուս չկա եւ այլն: Իսկ ահա մյուս կողմն էլ` ի դեմս ՔՊ-ի կամ ներիշխանական պատգամավորների, փորձելու են Բուքիքիոյին համոզել, թե ի վերջո ինչու չսպասեցին մինչեւ մայիս, եւ որքանով էին հրատապ արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ամեն դեպքում նրանք փորձելու են ՀՀԿ-ի քայլը հակաժողովրդավարական եւ հակահեղափոխական որակել: Եվ այս պարագայում ամենադժվար գործը հենց Վենետիկի հանձնաժողովի նախագահինն է, ով պետք է որոշի` ում վստահել եւ հավատալ:
Առհասարակ, այս այցին ամենից շատ հենց ՀՀԿ-ականներն են սպասել, ովքեր վերջին ամիսներին կառավարությանը, նոր իշխանություններին հենց Վենետիկի հանձնաժողովով էին «վախեցնում»: Եվ նրանք որպես փաստարկ հենց Վենետիկի հանձնաժողովի հայտարարություններն էին վկայակոչում, թե չի կարելի նոր Օրենսգրքի ընդունումից մեկ ամիս անց ընտրություն անել: Ընդ որում, նրանք բազմիցս նշել էին` եթե ընտրություններն անցնեին նոր օրենսգրքով, ապա բոլոր եվրոպական կառույցներում ՀՀ-ն խնդիր էր ունենալու: Սակայն հետաքրքիր է, որ Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին վերջերս ավելի շատ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը սատարող հայտարարություններ է անում: Մասնավորապես, օրենսգրքի տապալման օրը նա նշել էր. «Ցավալի է, քանի որ փոփոխությունների այդ փաթեթը դրական գնահատական էր ստացել նաեւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի կողմից։ Որոշ փոփոխություններ ներկայացնում էին նաեւ այն փոփոխությունները, որոնք առաջարկվել էին Եվրախորհրդի կողմից։ Այնպես որ, մենք կարծում ենք՝ Հայաստանը կորցրեց Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու հնարավորությունը»:
Եվ այս իրավիճակում հետաքրքիր է` ինչ փաստարկներով եւ ինչ մթնոլորտում տեղի կունենան հանդիպումները, եւ որքանով եվրոպացիների վրա կազդեն ՀՀԿ-ականների կոկորդիլոսի արցունքները:
Նաիրա Հովհաննիսյան