Հայաստանի բնակչությունը նվազել է ավելի քան 10 հազարով. որքան են ամուսնությունների և ծնունդների թվերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին երեք տարիներին Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը նվազում է: Նաեւ պաշտոնապես նվազել է ծնվածների թիվը:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 969 հազար 200 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 979 հազար 600 էր: Այսինքն` 2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 10 հազար 400-ով է պակասել:

Նկատենք, որ այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել էր 2 մլն 969 հազար 900, ինչը փաստորեն հոկտեմբերի 1-ի դրությամբ պակասել է` հասնելով 2 մլն 969 հազար 200: Այսինքն` վեց ամիսների ընթացքում նվազել է 700-ով:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է ՀՀ գրեթե բոլոր մարզերում: Հավանաբար, այս ամենի պատճառն այն է, որ ե՛ւ նախկին, ե՛ւ ներկայիս իշխանությունների կողմից խոստացած մարզերի համաչափ զարգացման ծրագիրը այդպես էլ կյանքի չի կոչվում, ինչի հետեւանքով տարեցտարի մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում են Երեւան, որտեղ եւ բնակություն են հաստատում:

Օրինակ` միայն Լոռու մարզում այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ բնակիչները պակասել են 3500-ով: Համաձայնեք, որ մեկ տարվա ընթացքում մեկ մարզից 3500 բնակչի նվազելը խիստ մտահոգիչ է: Չնայած զարմանալի չէ, քանի որ այս մարզում գտնվող Թեղուտի հանքավայրը բավական ժամանակ է, ինչ չի շահագործվում: «Վալլեքս» ընկերությունը այն փակելով գործազուրկ է թողել ավելի քան 1000 քաղաքացու: Այժմ Ալավերդու պղնձաձուլական գործարանի հերթն է, որի փակման արդյունքում գործազուրկ է մնացել 650 քաղաքացի: Միայն Արագածոտնի մարզում 1600-ով նվազել է բնակչության թիվը:

Մեկ տարվա ընթացքում Շիրակի մարզում բնակչության քանակը նվազել է 3300-ով: Հուսանք` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կսկսի ի վերջո քայլեր ձեռնարկել մարզերը համաչափ զարգացնելու ուղղությամբ: Անգամ Երեւանի բեռնաթափման ծրագիրը գործադիրի կողմից իրականություն չի դառնում: Փոխարենը Երեւանը մեծ զարգացում է ապրում տնտեսության, ծառայությունների, սպասարկման եւ այլ առումներով, իսկ մարզերը` ոչ:

Միաժամանակ, նկատենք, որ Հայաստանում շարունակվել է արտագաղթը, պարզապես կտրուկ նվազել են արտագաղթի տեմպերը: Եթե նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին երկրից հեռացած ու վերադարձածների տարբերությունը, այսինքն` արտագաղթածների թիվը կազմել է 75 հազար 15 հոգի, ապա հիմա դարձել է 42 հազար 182 մարդ: Հիմնականում մարդիկ հեռացել են Բագրատաշենի ու «Զվարթնոց»-ի անցակետերով: Ու պետք է արձանագրենք` թեեւ արտագաղթը չի դադարել, բայց էապես նվազել են արտագաղթի ծավալները:

Մշտական բնակչության թվաքանակի պակասելուց նվազել է նաեւ ծնվածների թիվը: Եթե 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում ծնվածների թիվը կազմել է 29 հազար 868, 2017-ի նույն ժամանակահատվածում` 27 հազար 656, իսկ 2018-ին` 26 հազար 483: Այսինքն` այս տարվա հունվար-սեպտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր հանրապետությունում ծնվածների թիվը 1173-ով պակասել է:

Իսկ ահա 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` այն պակասել է 3385-ով: Փոխարենը նվազել է մահացածների թիվը. այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մահացածների թիվը պակասել է 1313-ով: Մյուս կարեւոր, բայց վատ նորությունը` ամուսնությունների թիվն է պակասել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2016 թվականի հունվար-սեպտեմբերին ՀՀ-ում գրանցվել է 12 հազար 88 ամուսնություն, 2017-ին դրանց թիվը նվազել է` հասնելով 11 հազար 265-ի: Իսկ ահա այս տարվա 9 ամիսներին Հայաստանում գրանցվել է 10 հազար 910 ամուսնություն, որն անցած տարվա նույն ժամանակահատվածից 355-ով պակաս է: Այս խնդիրը հիմնականում մարզերում է, որովհետեւ տեղի արական սեռի ներկայացուցիչները խուսափում են նման պատասխանատվության տակ ընկնել: Քանի որ մշտական աշխատանք չունեն, հետեւաբար չեն կարող ընտանիք պահել` կին, երեխա: Մարզերում տղամարդիկ հիմնականում մեկնում են երկրից արտագնա աշխատանքի:

Բայց մյուս կողմից` պակասել են ամուսնալուծությունները: Պաշտոնապես, 2018թ. հունվար-սեպտեմբերին ամուսնալուծությունների թիվը կազմել է 2879, 84-ով անցած տարվա նույն ժամանակահատվածից պակաս: Հայաստանում ամուսնալուծությունների թիվը, ինչպես վիճակագրությունն է փաստում, 2017 թվականին 2016-ի համեմատ աճի միտում էր ցուցաբերում:

Բայց, ինչպես ասում են, տարին դեռ չի ավարտվել, եւ այս թիվը բնականաբար կփոխվի: Հայաստանում դեռեւս առանձին ուսումնասիրություններ չեն անցկացվել պարզելու, թե որ պատճառներն են առավելապես ընկած ամուսնալուծությունների հիմքում: Բազմաթիվ են այն հայ ընտանիքները, որոնց հասարակական կարծիքը ամուսնալուծությունից այլեւս հետ չի պահում: Բայց աշխատանք չունենալը եւ բնակարանային խնդիրները առաջին հերթին խանգարում են հայ երիտասարդներին ընտանիք կազմել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս