ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկկի Հեյլիի հրաժարականը ամպրոպ էր կապույտ երկնքում ոչ միայն ամերիկյան, այլեւ միջազգային հանրության համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմատենչ արտաքին քաղաքականության ամենակարեւոր դերակատարներից մեկը լինելով` Հեյլին, թվում էր, դեռ երկար կծառայեր այս վարչակազմում: Նա հանդիսանում էր արտաքին կոշտ քաղաքականության համոզված ջատագով, որի հեռացումը կարեւորագույն այդ պաշտոնից հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել:
Թրամփի վարչակազմից Հեյլի հեռանալու թերեւս ամենից թմբկահարված վարկածն առնչվում է նախագահի հետ ունեցած տարաձայնություններին: ԱՄՆ արտաքին քաղաքականության մշակման գործում ՄԱԿ-ում պետության դեսպանը ամենակարեւոր երեք պաշտոնյաներից մեկն է: Եվ ահա Թրամփի պաշտոնավարման շրջանում այդ երեք պաշտոնյաներն էլ փոխվել են: Նախ խայտառակ պաշտոնանկության ենթարկվեց պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը, ապա Իրանի հետ վարվող քաղաքականության հարցում անհամաձայնության պատճառով հրաժարական տվեց նախագահի ազգային անվտանգության գծով հատուկ խորհրդական Հերբերթ ՄըքՄասթերը: Այժմ էլ հեռանալու հերթը ՄԱԿ-ում դեսպան Նիկկի Հեյլիինն է, որը հայտարարել է մինչեւ տարվա վերջ պաշտոնը թողնելու մտադրության մասին` դա բացատրելով անձնական դրդապատճառներով: Ըստ նրա` 6 տարի քաղաքական բարձրագույն պաշտոններում ծառայելուց հետո որոշակի դադար վերցնելու ժամանակն է: Նկատի ունենալով իր քառամյա նահանգապետությունն ու երկամյա դեսպանական աշխատանքը` Հեյլին դա բավականին հաջող է համարել եւ միաժամանակ երախտագիտություն հայտնել նախագահ Թրամփին վստահության համար: Հեյլիի հեռացումը կապելով Թրամփի հետ ունեցած տարաձայնությունների հետ` վերլուծաբանները հիշեցնում են, որ նախընտրական շրջանում նրանց ջրերը մի առվով չէին հոսում: Ավելին` Թրամփի հետ մրցակցության ժամանակ Հեյլին նախ պաշտոնապես սատարեց Ռուբիոյին, ապա Քրուզին, եւ միայն ամենավերջում ստիպված եղավ աջակցություն հայտնել Հանրապետականների միասնական թեկնածու դարձած Թրամփին: Դրա հետ մեկտեղ արտաքին քաղաքականության հարցում Հեյլիի ու Թրամփի տեսակետները թերեւս միայն լրջորեն հատվել են Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում: Հիշենք, որ ամիսներ առաջ ՄԱԿ-ի ամբիոնից Հեյլին հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել, ինչը Սպիտակ տան տնտեսական հարաբերությունների գծով պատասխանատու պաշտոնյայի կողմից հերքվել էր` նշելով, որ դեսպանը հավանաբար թյուրըմբռնում է ունեցել նախագահի հետ քննարկումից հետո: Դրան հետեւեց Հեյլիի խիստ պատասխանը, ըստ որի` ինքը թյուրըմբռնումներ չի ունենում: Սա բավականին կոշտ արձագանք էր, որը փաստացի ուղղված էր նախագահին` ակնարկելով, որ իր հետ չի ստացվի խոսել նույն լեզվով, ինչպես մյուս պաշտոնյաների:
Սակայն նշյալ տարաձայնությունները կարծես կրում էին աշխատանքային բնույթ եւ հազիվ թե նման վճռական նշանակություն ունենային, որ Հեյլին հրաժարական ներկայացներ: Ավելին` այդ որոշումն ակնհայտորեն հանդիպեց Սպիտակ տան զարմանքին, իսկ Թրամփը դժգոհ էր Հեյլիի այդպիսի ինքնագործունեությունից: Թեպետ պաշտոնական հայտարարությունում Թրամփը փորձում էր տպավորություն ստեղծել, թե իրադարձությունների զարգացումն իր համար անակնկալ չէր, սակայն թե՛ նրա պահվածքը, թե՛ խոսքը շփոթմունքի ցուցիչ էին: Իհարկե, ԱՄՆ-ում նման պատասխանատու պաշտոնի համար կգտնվեն բազմաթիվ նոր թեկնածուներ, որոնք կհամապատասխանեն այդ դիրքին թե՛ քաղաքական կշռի, թե՛ փորձի ու գիտելիքների տեսանկյունից: Սակայն առավել ուշագրավ են Հեյլիի հրաժարականի քաղաքական շարժառիթն ու հետեւանքները: Կարծիք կա, որ վարչակազմը լքելու որոշումը Հեյլին կայացրել է ճիշտ ժամանակին` հաշվի առնելով նոյեմբերին սպասվող Կոնգրեսի մասնակի ընտրությունները: Վերջինները խոստանում են լուրջ խնդիրներ առաջադրել Թրամփի ու հանրապետական կուսակցության համար` ընդհուպ մինչեւ հանգելով Կոնգրեսում հանրապետականների մեծամասնության կորստին: Ըստ երեւույթին, Հեյլին մտադրվել է ժամանակավոր դադար վերցնել Թրամփի իշխանությանը մաս կազմելուց` հաշվի առնելով վերջինիս քաղաքական հակասականությունն ու հանրային ընկալումները: Ինչպես Կոնգրեսի խոսնակ Փոլ Ռայընը, որը նույնպես ամիսներ առաջ հայտարարեց վերընտրվելուց հրաժարվելու մասին, Հեյլին նույնպես փորձում է հեռավորություն պահպանել գործող վարչակազմից Թրամփի հետ չնույնանալու համար: Հեյլին ու Ռայընը երիտասարդ գործիչներ են ու անպատկերացնելի է, որ նրանք ընդմիշտ հեռանան քաղաքականությունից:
Արեւմտյան աշխարհում քաղաքականությունից հիմնականում հեռանում են կա՛մ տարիքի պատճառով, կա՛մ նախագահությունից հետո, իսկ վերոնշյալ անձինք դեռ չեն էլ փորձել պայքարել նախագահի պաշտոնի համար: Դա, ի դեպ, անխուսափելի է թվում առնվազն 2024թ. համար` հաշվի առնելով նրանց քաղաքական փայլուն կարիերան, փորձն ու դիրքը կուսակցության ներսում: Ըստ էության, այսօր հրաժարվելով ակտիվ քաղաքականությունից` նրանք կփոխադրվեն մասնավոր ոլորտ, որտեղ կարող են մեծ գումարներ վաստակել նաեւ իրենց` ապագայի նախընտրական հարցերի համար գրեթե այնպես, ինչպես Հիլարի Քլինթոնը վարվեց պետքարտուղարի պաշտոնից հեռանալուց հետո: Ենթադրելի է, որ եթե առաջիկա շրջափուլում նախագահ Թրամփը կորցնի հանրային աջակցությունը, Հեյլին կփորձի իր շուրջը համախմբել հանրապետական կուսակցությունը եւ հանդես գալ նախագահական հավականություններով: Մնալով դեսպանի պաշտոնում` նա կարող էր կորցնել իր ապագայի շանսը, որը բավականին ռեալ է նույնիսկ այսօրվա տեսանկյունից: Ուստի կարելի է արձանագրել, որ Հեյլին դեսպանի աշխատանքը լքում է ճիշտ ժամանակին` քաղաքական լուրջ հեռատեսություն հանդես բերելով:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՆԱԽԱԳԾՈՂԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՎԵՐԱՀՍԿՈՂՆ ԷԼ ԲՈՂՈՔՈՒՄ Է
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջոցներով Գյումրիում այս տարի նախատեսվում էր հիմնովին վերակառուցել 12 փողոց եւ 3 հրապարակ: Բոլոր հատվածներում աշխատանքներն ընթացքի մեջ էին, խնդիրներ ծագում էին, սակայն որոշ ժամանակ անց դրանք հարթվում էին, մինչ այն պահը, երբ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ սկսեց չընդունել շինարարների կատարած աշխատանքները: «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ ճարտարագետ Գեւորգ Դավթյանը բացթողումները կապում է թաքնված կումունիկացիաների հետ. «Կոյուղիների, ջրագծերի, էլեկտրալարերի հետ է կապված խնդիրը: Նախագծային աշխատանքները կազմելիս որոշ հանգամանքներ հաշվի չի առնվել, դա է պատճառը, որ նախագծային շեղումներ են առաջացել»,- ասաց նա:
Նախագծային փոփոխություններ է նախատեսված գրեթե բոլոր փողոցներում: Դա է պատճառը, որ աշխատանքները անժամկետ դադարեցված են: Շինարարները բողոքում են, որ «ճաննախագիծ ինստիտուտը» չի ընդունում աշխատանքները, վերջինս էլ որակից է բողոքում: Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը եւս չի հերքում, որ աշխատանքները թերություններով են իրականացվել. «Մենք ընդունում ենք, որ բազմաթիվ թերություններ կան, բայց դրանք պատճառներ ունեն: Մենք վերահսկում ենք, որ հարթվի»,- «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ասաց Մանասյանը:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը նախկին հրապարակումներում անդրադարձել է, որ փողոցաշինական աշխատանքները վերահսկող աշխատանքային նոր խումբ է ստեղծվել: Խմբի անդամ, Շիրակի մարզպետարանի Տրանսպորտի բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը բազմաթիվ թերություններ է արձանագրել: Վերջինս պնդում է, որ շինարարը չի պահպանում նախագծային պահանջները. «Բազալտից եզրաքարերը ուղարկեցինք հետազոտության ու պարզվեց, որ չեն համապատասխանում մրցութային փաթեթներով նախատեսված տեխնիկական պարամետրերին»,- ասաց Խաչատուր Խնձրցյանը:
«Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն էլ արդարանում է` ասելով, որ հնարավոր չէ ձեռք բերել այնպիսի շինանյութ, որը համապատասխանի նորմերին: Բայց «Ճաննախագիծ ինստիտուտ»-ը չի ընդունում արդարացումն ու կրկին զգուշացնում է, որ որեւէ աշխատանք չի ընդունվելու, մինչեւ աշխատանքները պատշաճ չկատարվեն: Իսկ Գյումրու պատմական միջուկում փողոցաշինության ավարտը նախատեսված է դեկտեմբերի 7-ը: Դատելով աշխատանքի այս տեմպերից` հազիվ թե հնարավոր լինի նախատեսված ժամկետում ավարտել:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Շիրակ
ՆԱԽԿԻՆԻ ԱՐԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնվել է ոչ նախանձելի վիճակում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդեմ բնապահպանության նախարարի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչական դատարան է դիմել 19 քաղաքացի: Նրանք դատարանից պահանջում են նախարարին պարտավորեցնել ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքաարդյունաբերական համալիրի փոփոխված նախագծի` շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացությունը եւ բնապահպանության նախարարի դեռեւս 2016 թվականի ապրիլի 29-ի դրա հաստատումը: Ստացվում է, որ բնապահպանության ներկայիս նախարարը պետք է պատասխան տա իր նախորդի կատարած որոշումների համար: Խոսքը նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի մասին է: Հիշեցնենք, որ Գրիգորյանը իր պաշտոնավարման տարիներին Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման ծրագրին բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն էր տվել: Նա իր այդ որոշումը կայացրել էր` հաշվի առնելով համապատասխան համայնքների դրական եզրակացությունները, ավագանու որոշումները, ժողովրդի ցանկությունը: Բայց չնայած սրան` Ամուլսարում ոսկի հանք շահագործելու խնդրով դատական մի քանի հայցեր կան: Ի դեպ, Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերի չեղարկման պահանջով դատարան դիմել էր նաեւ «Էկոլոգիական իրավունք» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը, ով այժմ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար է:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ