«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վաղն Աստանայում մեկնարկող ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովում առանցքային հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրը։ «Հարցն ունի 2 ասպեկտ՝ իրավական եւ քաղաքական։ Իրավական առումով կա բացթողում՝ գլխավոր քարտուղարի հետկանչման մեխանիզմն ամրագրված չէ ՀԱՊԿ կանոնադրությունում: Տեղակալներինն ամրագրված է, քարտուղարինը՝ ոչ, ինչը բացթողում է, որովհետեւ պետք էր դիտարկել հիվանդության, մահվան հանգամանքը։ Այդ առումով գերակա է դառնում կանոնադրության մյուս որոշումը, որ քարտուղարը նշանակվում է 3 տարով, ինչը մեր օգտին է։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը պնդի, որ ըստ կանոնակարգի մինչեւ 2020թ․ այդ պաշտոնը Հայաստանինն է, իսկ եթե ոչ՝ նշեք կանոնադրության այն կետը, որը հակառակն է պնդում»,- ասաց ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրը՝ նշելով, որ այս պահին ԱԳ նախարարի, ներկայացուցիչների մակարդակով այդ խնդրով լուրջ բանակցություններ են գնում։
Իսկ քաղաքական ասպե՞կտը։ «Նկատեցիք՝ Բելառուսն անմիջապես առաջ գցեց իր թեկնածուին, խաղը խառնեց, ապա ասաց՝ որոշում չկա։ Բանն այն է, որ Խաչատուրովին նշանակելը նույնպես հեշտ չեղավ․ Ադրբեջանը դեմ էր, իսկ վերջինիս շահերն առաջ էր տանում նույն Բելառուսը։ Միայն այն փաստը, որ ՀԱՊԿ-ն այսօր ղեկավարում է Հայաստանը, դա զսպում է Ադրբեջանին։ Մի մոռացեք՝ ՀԱՊԿ-ն ինչ-որ ակումբ չէ, լուրջ ռազմական կառույց է, որն ունի լուրջ ուժեր, ՀԱՊԿ քարտուղարն ունի դոստուպ երկրների նախագահների մոտ՝ լրջագույն հարցեր քննարկելու»։ Իսկ Ռուսաստանի դիրքորոշումն ինչպիսի՞ն է, Լավրովի արձագանքից երեւաց, որ դժգոհ են։ «Սկզբում՝ այո, սակայն հետո շատ բան փոխվեց։ Այս պահին կարելի է ֆիքսել, որ առավել հակում կա դեպի Հայաստան։ Բուն քննարկումների ընթացքից է կախված լինելու վերջնական որոշումը»։
Վաղարշակ Հարությունյանի թեկնածությո՞ւնն եք պնդում։ «Այո, նա պրոֆեսիոնալ կադրային գեներալ է, իր հետ արդեն հանդիպում եղել է։ Տեսնենք»։ Մենք կապվեցինք պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ «Ոչինչ չեմ մեկնաբանում»,- ասաց։ Երեկ խմբագիրների հետ հանդիպման ժամանակ վարչապետը բարձրաձայնել է Վաղարշակ Հարությունյանի անունը՝ որպես Հայաստանի պաշտոնական թեկնածուի։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: