Ընտրական օրենսգրքի տապալումից հետո ՀՀԿ-ն այս օրերին զբաղված է ընտրական ցուցակներ կազմելով: Ռեյտինգային համակարգով ընտրություններին գնալու տարբերակը, կարծես թե, հույս է ներշնչել ՀՀԿ-ականներին, թե ամեն ինչ ավարտված չէ:
Եվ չնայած ներկայիս իշխանությունները պնդում են, թե հատկապես գործող օրենսգրքի պարագայում ոչ ոք չի համաձայնի ՀՀԿ-ի համար վարկանիշային թեկնածու լինել եւ ձայներ բերել, սակայն հանրապետականներն ամեն ինչ ավարտված չեն համարում եւ այս օրերին շարունակում են քննարկումներ անցկացնել հնարավոր վարկանիշային թեկնածուների հետ: Արդեն նույնիսկ կան հստակություններ, թե ովքեր կարող են առաջադրվել այս կամ այն ընտրատարածքում: Հետաքրքիր է հասկանալ, թե ով որքան ձայն էր ստացել 2017 թվականին կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Օրինակ` Արարատի մարզում առաջադրվելու պատրաստակամություն է հայտնել Մուրադ Մուրադյանը, ով ներկայումս եւս ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ է: Նա 2017 թվականին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել էր 18 հազար 283 ձայն: Իրականում Մուրադ Մուրադյանի առաջադրվելը շատերի համար զարմանալի էր, քանի որ վերջին շրջանում նա հաճախ էր խմբակցությունից առանձին դիրքորոշում հայտնում, սակայն փաստացի իր համաձայնությունը տվել է մասնակցելու: «Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում գրել էր, որ յուրաքանչյուր վարկանիշային թեկնածուի առջեւ 500 ձայն բերելու պայման է դրված, սակայն Մուրադ Մուրադյանի հանդեպ պահանջներն ավելի շատ են: Հետաքրքիր է, որ այս ընտրատարածքում ամենաշատ` 45 339 ձայն ստացած պատգամավոր Արայիկ Գրիգորյանը դեռեւս չի համաձայնել առաջադրվելու: Այս մարզում երրորդ ամենաշատ ձայն ստացած թեկնածուն Ալիկ Սարգսյանն էր, ով եւս չի առաջադրվելու:
Արմավիրի մարզում նախորդ ընտրություններում Նահապետ Գեւորգյանն ու Սեյրան Սարոյանը 20 հազարից ավելի ձայն էին ստացել, սակայն այս ընտրությունների ժամանակ երկուսն էլ չեն առաջադրվելու: Այս մարզի պարագայում ՀՀԿ-ականները փնտրտուքների մեջ են: Չեն առաջադրվի նաեւ Առաքել Մովսիսյանն ու Ալեքսան Պետրոսյանը, ովքեր եւս նախորդին առաջադրվել էին: Արագածոտնի մարզում, ըստ էության, ակառաջադրվի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը: Այս խորհրդարանում ներկայացված է նրա եղբայրը` Նաիրի Սահակյանը, ով 2017 թվականի ընտրություններին ստացել էր 14 հազար 166 ձայն: Իհարկե, նրանից ակնկալիքներն այնքան էլ շատ չեն, սակայն ՀՀԿ-ում կարծում են, թե նախկին մարզպետը դեռ ունակ է իրենց ձայներ բերել:
Գեղարքունիքի մարզից ամենաշատ ձայներ հավաքած երեք թեկնածուներից ոչ ոք դեռ հստակ պատասխան չեն տվել ՀՀԿ-ականներին` կառաջադրվեն, թե ոչ: Այս պահի դրությամբ ամենահավանականը Հակոբ Հակոբյանի մասնակցությունն է: Նախորդ ընտրություններին այս մարզում Կարեն Բոթոյանը ստացել էր 14 932 ձայն, Ռաֆիկ Գրիգորյանը` 14430 ձայն, իսկ Հակոբ Հակոբյանն էլ` 13.343 ձայն: Այս առնչությամբ վերջնական որոշումը կկայացվի օրերի ընթացքում:
Լոռու մարզում թերեւս ամենից շատ հստակությունն է: Վարկանիշային ընտրակարգով կառաջադրվեն Վահրամ Բաղդասարյանն ու Էդուարդ Շարմազանովը: Ընդ որում, վերջինս առաջին անգամ է առաջդրվելու այդպիսի ընտրակարգով, քանի որ նա մշտապես համամասնական ցուցակում է եղել: Իսկ ահա Վահրամ Բաղդասարյանը նախորդ ընտրություններին ստացել էր 17.637 ձայն: Կոտայքի մարզից վստահաբար չի առաջադրվի Արամ Հարությունյանը, իսկ ահա Անդրանիկ Հարությունյանը, ով խորհրդարանում համարվում էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի դրածոն, դեռ վերջնական որոշում չի կայացրել, եւ չի բացառվում, որ կրկին առաջադրվի: Նա նախորդ ընտրություններում ստացել էր 11.324 ձայն:
Սակայն ՀՀԿ-ն շատ ավելի վատ վիճակում գտնվում է Երեւանում, քանի որ այստեղ հիմնական ձայն բերած անձինք այս անգամ չեն լինի: Խոսքը Սամվել Ալեքսանյանի, Արտակ Սարգսյանի, Արթուր Գեւորգյանի, Միհրան Պողոսյանի, Ռոբերտ Սարգսյանի եւ այլոց մասին է: Նախորդ` 2017 թվականին կայացած ընտրություններին այս անձինք իրենց ընտրատարածքներում մեծ թվով ձայներ են բերել, սակայն այս անգամ փաստացի չեն լինի: Սակայն Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանն այս անգամ կրկին որոշել է առաջադրվել: Նախորդ ընտրություններում նա ստացել էր 18 695 ձայն եւ իր ընտրատարածքում առաջատարն էր: Երեւանի մյուս ընտրատարածքներում շատ հայտնի անձինք դժվար թե լինեն, եւ ՀՀԿ-ում ավելի շատ հույս են դնում երիտասարդ կադրերի վրա, ովքեր այնքան էլ վարկաբեկված չեն լինի եւ կկարողանան այդ նախատեսված 500 ձայնն ապահովել:
Ամեն դեպքում, մեկ բան հայտնի է. օրեցօր ՀՀԿ-ի վիճակը վատթարանում է, եւ նույնիսկ այն անձինք, ովքեր մի քանի օր առաջ համաձայնել էին առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով եւ մեծ խոստումներ տվել կուսակցությանը, հիմա քիչ-քիչ հետ են կանգնում իրենց որոշումից` խուսափելով ժողովրդի արձագանքից, ինչու ոչ նաեւ անհանգստանալով, որ այս իրավիճակում երեւալու է իրենց իրական ընտրազանգվածը, ովքեր առանց ընտրակաշառք ձայն կտան նրանց: Իսկ համաձայնեք, որ թավշյա հեղափոխությունից հետո եւ հատկապես վերջին ամիսներին եւ հոկտեմբերի 2-ի դեպքերից հետո ՀՀԿ-ի վարկանիշն ավելի է ընկել: Սակայն մյուս կողմից էլ` նրանք ոգեւորվել են Կապանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներից եւ կարծում են, որ կլինեն տեղեր, որտեղ կհաջողեն: Եվ այժմ շատ ակտիվ քննարկումներ են, թե ով կլինի Սյունիքի մարզի թեկնածուն, քանի որ Կապանի արդյունքները հաշվի առնելով` այստեղ շանսեր կլինեն: Թե ի վերջո ով որտեղ կառաջադրվի եւ ինչ կլինի, պարզ կլինի առաջիկա համաժողվին, սակայն փաստ է մեկ բան` համամասնական ցուցակի բոլոր թեկնածուները կառաջադրվեն նաեւ վարկանիշային ընտրակարգով:
Նաիրա Հովհաննիսյան