Երեւանի բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գները սեպտեմբերին աճել են: Ի դեպ, դրանք բարձրացել են` ե՛ւ անցած տարվա սեպտեմբերի, ե՛ւ օգոստոսի համեմատ:
Ըստ մասնագետների կանխատեսումների` անշարժ գույքի գները չեն նվազելու, այլ հնարավոր է` ավելի աճի անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը, դրա հետեւանքով` նաեւ գները: Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները սեպտեմբերին օգոստոսի համեմատ 1447-ով նվազել են:
Հիմնականում դրանց քանակը նվազել է Երեւանում` 402-ով, եւ ՀՀ մի քանի մարզերում` Արագածոտնում, Արարատում, Գեղարքունիքում, Արմավիրում, Սյունիքում, Տավուշում, Վայոց Ձորում:
Բայց չնայած սրան` Երեւանում բնակարանների գները շարունակում են բարձրանալ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ սեպտեմբերին դրանց մեկ քմ-ի գինը բարձրացել է` ե՛ւ օգոստոսի, ե՛ւ անցած տարվա սեպտեմբերի համեմատ:
Երեւանի կենտրոնում բնակարանների մեկ քմ-ն վաճառվում է 1150 դոլարով: Ըստ վիճակագրական կոմիտեի` կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ-ն սեպտեմբերին վաճառվել է 552 հազար դրամով, մինչդեռ այն օգոսոտին արժեր 541 հազար 800 դրամ, իսկ անցած տարվա սեպտեմբերին` 452 հազար 800 դրամ: Ստացվում է, որ այս սեպտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 99 հազար 200 դրամի թանկացում: Արաբկիր վարչական շրջանում եւս բնակարանները թանկացել են. օգոստոսին այն 374 հազար 600 դրամից դարձել է 378 հազար 900 դրամ:
Բնակարանների գները բարձրացել են նաեւ Քանաքեռ-Զեյթուն, Նոր-Նորք, Ավան, Էրեբունի վարչական շրջաններում: Իսկ ահա Շենգավիթ վարչական շրջանում, հակառակը, բնակարանը 1900 դրամով էժանացել է` մեկ քմ-ն 256 հազար 900-ից դառնալով 255 հազար դրամ: Դավթաշեն վարչական շրջանում սեպտեմբերին օգոստոսի համեմատ բնակարանի մեկ քմ-ն 2200 դրամով թանկացել է. այստեղ մեկ քմ-ի գինը 610 դոլար է կազմում: Աջափնյակ վարչական շրջանը եւս հետ չի մնացել. բնակարանի մեկ քմ-ի գինը, եթե օգոստոսին այն կազմել է 252 հազար 200 դրամ, ապա սեպտեմբերին դարձել է 254 հազար 50 դրամ: Բայց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակարանի թանկացումը կազմել է ընդամենը 200 դրամ. այստեղ մեկ քմ վաճառվում է 242 հազար 200 դրամով: Իսկ Նուբարաշենում բնակարանները թանկացել են 1150 դրամով:
Փոխարենը, ըստ վիճակագրական կոմիտեի` բնակարանները էժանացել են մարզային քաղաքների մեծ մասում: Մասնագետները համոզված են, որ մարզերի բնակիչները, չկարողանալով աշխատանք գտնել, ստիպված վաճառում են իրենց բնակարանները եւ բնակություն հաստատում կա՛մ Երեւանում, կա՛մ էլ մեկնում են արտագնա աշխատանքի Ռուսաստան:
Իսկ ահա անշարժ գույքի գործակալ Էդուարդ Ապրիյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բնակարանների թանկացման մի քանի պատճառ բերեց: Նրա խոսքերով` անշարժ գույքի շուկայի աշխուժացմանը նպաստել են «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնք հնարավորություն են տվել պայմանագրային աշխատողներին նորակառույցներում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերել եկամտահարկի հաշվին: Երկրորդ պատճառը բանկերի կողմից վարվող քաղաքականությունն է, ինչի արդյունքում նվազել է հիփոթեքային վարկի տոկոսադրույքը:
«Հին բնակֆոնդը գնալով ավելի է մաշվում: Նորակառույց շենքերը շատ ավելի ակտուալ ապրանք է անշարժ գույքի տեսանկյունից ու շատ ավելի գրագետ ներդրում է համարվում: Բայց գնորդների շատ փոքր մասն է բաժին ընկնում թավշյա հեղափոխությանը»,- նկատեց մասնագետը: Անշարժ գույքի գործակալը վերջին շրջանում նկատել է, որ ավելացել են այն երիտասարդ ընտանիքների թիվը, ովքեր հիփոթեքային վարկով են բնակարան ձեռք բերում: Նրա խոսքերով` պատճառը բանկերի շատ ճկուն վարկային քաղաքականությունն է:
Մեկ այլ անշարժ գույքի գործակալ Արթուր Մադոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ կան գործակալներ, որոնց շնորհիվ էլ թանկանում են բնակարանները: Նա մեզ հետ զրույցում նկատեց, որ շուկայում այսօր քիչ են վաճառքի բնակարաններ, որի հետեւանքով էլ բարձրանում են դրանց գները: «Նայե՛ք, նախկինում մեկ շենքում հնարավոր էր գտնել վաճառքի 3-4 բնակարան, բայց այս պահի դրությամբ մեկ կամ երկուսն են: Հիմա շուկան հիմնված է տանտերերի եւ հաճախորդների վրա: Շուկան որոշում են գումար ունեցողները եւ վաճառողները»,- լրացրեց գործակալ Մադոյանը: Ապա նկատեց, որ վարկային պայմանների բարելավվելուց հետո մարդիկ ոգեւորված են:
Բայց «Կենտրոն» անշարժ գույքի գործալակության փոխտնօրեն Գրիգոր Դանիելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բնակարանների թանկացումը կապեց երկրում տիրող առկա քաղաքական վիճակի հետ: «Թավշյա հեղափոխությունից հետո գնորդները շատացան, բացի այս, մարդիկ կան, որոնք տրամադրված էին գույքը վաճառել, հրաժարվեցին: Թավշյա հեղափոխությունից հետո Կանադայից, Ավստրիալիայից, Ռուսաստանից գնորդներ ենք ձեռք բերել»,- ներկայացրեց Դանիելյանը:
Սյունէ Համբարձումյան