«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` բարձրագույն դատական խորհրդի եւ դատավորների ներքին տարաձայնությունը այն աստիճան է խորացել, որ ԲԴԽ-ի հանձնարարությամբ ստուգումներ են սկսել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի գործունեության հետ կապված: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ալեքսեյ Սուքոյանի եւ Կարինե Պետրոսյանի հետ:\
-Պարո՛ն Սուքոյան, ԲԴԽ-ի դեմ հայց ներկայացնելուց հետո Ձեզ մոտ ստուգումներ են սկսվել, Ձեզ հետապնդո՞ւմ են:
-Այո, ԲԴԽ-ի դեմ հայց ներկայացնելուց հետ ինձ մոտ դատական դեպարտամենտի կողմից եղավ ստուգում, ոսումնասիրեցին գործեր, բայց դրա վերաբերյալ որեւէ ամփոփ եզրակացություն չի ներկայացվել: Ստուգումներ միշտ լինում են, բայց այս ստուգումը համընկավ այն դեպքի հետ, երբ մենք ԲԴԽ-ի դեմ հայց ներկայացրեցինք դատարան: Հիմա դա համընկա՞վ, թե՞ պլանային էր, չգիտեմ, բայց ստուգման արդյունքները կհարապարակեն:
–Տեղեկություններ կան` երբ սկսել են ստուգումները, դուք ներքին կարգով ԲԴԽ-ին հասկացրել եք, որ սա Ձեր նկատմամբ հետապնդում է:
-Արտահայտվել եմ այդ մասին եւ ասել եմ, որ կանխակալ մոտեցում է մեր նկատմամբ: Այդ ստուգումը թե՛ դադարեցվեց, թե՛ արդյունքները չամփոփվեցին, չգիտեմ, այլ բանից տեղյակ չեմ:
-Այսինքն` վերջնական արդյունք դեռ չե՞ն հայտնել` ինչ են գտել Ձեզ մոտ:
-Մոտավորապես գիտեմ` ժամկետների վերաբերյալ է լինելու: Գիտե՞ք ինչ, ժամանակին սխալ մենեջմենթի պատճառով երեք դատավորի վրա դրվեցին Հայաստանի Հանրապետության բոլոր արբիտրաժային գործերը, եւ մենք լսել ենք հազարավոր գործեր, պատկերացնո՞ւմ եք, ես, տիկին Պետրոսյանը եւ Մելքումյանը լսել ենք հազարավոր գործեր, հնարավոր է` այնտեղ կարող են լինել բացթողումներ, չեմ բացառում: Հիմա այդ բոլոր գործերը լսում են 60 դատավոր, եւ հիմա նրանք ասում են` ծանրաբեռնված ենք, իսկ այն ժամանակ երեքն են լսել:
-Բայց օրերս տեղեկություններ կային այն մասին, որ Դուք այն դատավորն եք եղել, որի գործունեության պատճառով ՀՀ պետական բյուջե չի մուտքագրվել 1 միլիոն 450 հազար դրամ: Ի՞նչ կասեք այս մասին:
-Տեսեք, որեւէ տեղեկատվություն, որեւէ ստուգման արդյունք մեզ չի ներկայացվել, եւ մենք կարող էինք ներկայացնել փաստարկներ, որ այդպիսի պետտուրքի պակասորդ չկա: Գիտե՞ք ինչ, դեպարտամենտը պարտավոր է դատավորին իրազեկել այդ մասին, որ մենք հասկանանք մեր կատարողական վարույթները, միգուցե բացթողում կա, կամ չկա, մեր պատճառաբանությունը ներկայացնենք: Գիտե՞ք, մեր վրդովմունքը հենց այդտեղ է, Բարձրագույն դատական խորհուրդը ինչ-որ դիտարկումներ է կատարում գաղտնի մեզանից, իրենք պաշտոնական կայքում ասում են, որ ուսումնասիրել են գործեր ու դա արել են մեզանից գաղտնի: Եթե ես բաց եմ թողել պետտուքի որեւէ գումար, ինքը առաջին հերթին ոչ թե պետք է մամուլով հրապարակեր, եւ իմ անձի նկամամբ որպես դատավոր կարծիք ձեւավորեր, այլ պետք է ինձ ներկայացներ, միգուցե ես պատճառաբանեի, եթե բացթողում կա, ասեի, որ ոչ, ես օրենքով եմ գործել: Փաստ է մեկ բան, որ դու չճշտված տեղեկատվություն ես տալիս` թույլ չտալով դատավորին պաշտպանվելու: Ինչո՞ւ ես հրապարակում, ինչո՞ւ ես ստվերում իմ աշխատանքը, իմ որակը: Մեր հոգեվիճակն է խաթարվել այս դատական վեճերի, այս հետապնդումների արդյունքում: Շատ բարդ է, երբ գալիս ես աշխատանքի, ու քեզ ասում են, որ շենքը պետք է լքես, ու պարզ չէ, թե ուր պետք է գնաս: Սա ազդում է մեր ներաշխարհի վրա, ի վերջո, մենք էլ ենք չէ՞ մարդ:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյան:
-Տիկի՛ն Պետրոսյան, Ձեզ մոտ ստուգումներ եղե՞լ են:
-Ինձ մոտ եւս իրականացվել են ստուգումներ, եւ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ենթադրյալ թերություններ, որոնք հետո պարզվեցին, որ թերություն չեն: Փորձեցին գտնել ինչ-որ բան:
-Տիկի՛ն Պետրոսյան, օրերս մամուլում հրապարակվեց այն մասին, որ Դուք այն դատավորն եք եղել, որի պատճառով ՀՀ պետական բյուջե չի մուտքագրվել 2 միլիոն դրամ: Ի՞նչ կասեք այս մասին:
-Երբ մենք ընդդեմ ԲԴԽ-ի հայց ներկայացրեցինք, մենք պատրաստ ենք եղել բոլոր տեսակի գործողություններին: Չեմ թաքցնում, պատրաստ ենք եղել նաեւ այն հանգամանքին, որ հնարավոր է հետապնդումների միջոցով վերջնական արդյունքում մեր լիազորությունները դադարեցվեն:
-Այսինքն` նման վտանգ էլ եք կանխատեսե՞լ:
-Ոչ թե կանխատեսել ենք, այլ պատրաստ ենք եղել, քանի որ գիտեինք գործող դատավորը, ԲԴԽ-ի դեմ հայց ներկայացնելով, պետք է ամեն ինչ պատրաստ լինի: Ինչո՞ւ եմ ես դա համարում հետապնդում, քանի որ նույն ստուգումների արդյունքում սրանից մեկ ամիս առաջ պարզվել էր, որ ես պետական բյուջեի հետ կապված թերություն ունեմ 200 հազար դրամի չափո, ինչն արագ վերականգնվել է: Հետո երեւի դա բավարար չէր, կրկին անգամ մեր գործերը ստուգել են, խնդիր ունեն թերություն գտնելու, որ մեր նկատմամբ կարողանան վարույթի հարուցման հիմք գտնեն, եւ հասարակության մեջ սեւացնեն մեր նկարագիրը: Ես հորդորում եմ` շարունակե՛ք ստուգումները, նոր թերություններ հայտնաբերե՛ք, կհանդիպենք դատարանում:
-Դուք նաեւ դիմել էիք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` նշելով, որ Ձեզ դատարանից դուրս են հանում` պատճառաբանելով, որ այդ դատարանում իրենց գործունեությունն է ծավալելու սնանկության գործերով դատարանը: Ունե՞ք պատասխան նախագահականից:
-Այո, դիմել ենք ՀՀ նախագահին` հաշվի առնելով ան հանգամանքը, երբ վիճարկում ենք բարձրագույն դատական խորհրդի վարչական ակտը, իսկ այդ ընդունվեց, որ վարչական ակտ է: Օրենքի ուժով վարչական ակտի կատարումը կասեցվում է, դա դոկտրինա է, բայց մեր բարձրագույն դատական խորհուրդը որոշեց, որ ինքը ցանկացած գնով հունվարի 1-ից գործողության մեջ պետք է դնի սնանկության դատարանը, եւ այդ պատրվակով մեզ փորձում են դատարանի շենքից հանել: Մենք դիմել ենք, ահազանգել ենք նախագահին, որպեսզի կանխի նման հնարավոր գործողությունը, եւ հանրապետության նախագահը պատասխանել է` նշելով, քանի որ գտնվում է դատական պրոցեսում, վերջինս զերծ է մնում այդ կապակցությամբ որեւէ միջամտություն կատարելուց, բնականաբար դա իր գործառույթը չէ, եւ պատասխանը բավարար էր:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: