Միջանկյալ ընտրությունները նախագահի երազածը չէին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս շաբաթ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցան բուռն ներքաղաքական իրադարձություններ` նախ պայմանավորված Կոնգրեսի մասնակի ընտրություններով: Արձանագրված արդյունքն իրականում կանխատեսվում էր սոցիոլոգների ու վերլուծաբանների կողմից եւ անակնկալներ, կարելի է ասել, չեղան: Դրանով հանդերձ՝ հանրապետականները լուրջ կորուստ ունեցան` զրկվելով մեծամասնությունից Ներկայացուցիչների պալատում, ինչը անխուսափելիորեն գլխացավանք է դառնալու նախագահ Դոնալդ Թրամփի համար:

Նոյեմբերի 6-ին տեղի ունեցած միջանկյալ ընտրություններում խաղարկվում էր ԱՄՆ հանրապետական կուսակցության մեծամասնությունը: Պատմության մեջ ոչ հաճախակի պատահող իրավիճակ էր, քանի որ ավելի քան մեկ տարի թե՛ Ներկայացուցիչների պալատը, թե՛ Սենատը, թե՛ Սպիտակ տունը «գրավված» էին հանրապետականների կողմից: Ենթադրվում էր, որ եթե հանրապետականները կրկին մեծամասնություն ստանային Կոնգրեսում, նախագահ Դոնալդ Թրամփի 2020թ. վերընտրությունը երաշխավորված էր լինելու: Միաժամանակ, նախագահի համար ռիկսային էր եւ այն տարբերակը, որ թե՛ Ներկայացուցիչների պալատը, թե՛ Սենատը անցնեին դեմոկրատների տիրապետության տակ, ինչը պարզապես կկասեցներ Թրամփի ցանկացած քաղաքական նախաձեռնություն:

Թրամփը կարող էր հայտնվել Օբամայի վիճակում, երբ վերջինս իր նախագահության մեծ մասն անցկացրեց հանրապետականացված Կոնգրեսի վերահսկողությամբ` անընդհատ բախվելով մեծամասնության հարուցած խոչընդոտներին: Կոնգրեսի երկու պալատներում ունեցած մեծամասնությամբ հանրապետականները գրեթե ամեն ինչում հակադրվում էին Օբամային` թույլ չտալով նրան իրացնել իր սահմանադրական լիազորությունները ողջ ծավալով: Այժմ Թրամփը կարող էր ոչ միայն նույնպիսի դրության մեջ հայտնվել, այլեւ բախվել պաշտոնանկության իրական սպառնալիքին: Սակայն հանրապետականներին հաջողվեց պահպանել առնվազն Սենատը եւ անգամ ընդլայնել ունեցած մեծամասնությունը:

Նոյեմբերի 6-ին կայացած քվեարկության ժամանակ մրցությունն ընթանում էր Ներկայացուցիչների պալատի 435, Սենատի 35 տեղերի համար: Ըստ առայժմ հրապարակված արդյունքների` Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները ստացել են 225 տեղ, իսկ հանրապետականները` 197: Իսկ ահա Սենատում հանրապետականները, առայժմ ամփոփված տվյալներով, ձեռք են բերել 51 տեղ, դեմոկրատները` 46:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեմոկրատները վերընտրության խնդիր ունեին սենատական 23 տեղի համար, իսկ հանրապետականները` 8` պնդելի է, որ դեմոկրատների արձանագրած արդյունքն ավելի տպավորիչ է: Առավել ուշագրավ է Ներկայացուցիչների պալատի անցումը դեմոկրատների տիրապետության տակ, քանի որ դրանով ավարտվեց մեկ կուսակցության մենիշխանությունը Վաշինգտոնում: Ի դեպ, նոյեմբերի 6-ին նահանգապետի պաշտոնի համար ընտրություններ էին կայացել նաեւ ԱՄՆ մի շարք նահանգներում: Այստեղ նույնպես դեմոկրատները տպավորիչ ցուցանիշներ են գրանցել` հանրապետականներից խլելով 7 նահանգապետություններ:

Այսուհետ Թրամփը ստիպված կլինի հաշվի նստել քաղաքական հակառակորդների հետ ու ոչ միայն լսել նրանց կարծիքը, այլեւ իր քաղաքականությունը համաձայնեցնել նրանց հետ: Անշուշտ, նախագահի սահմանադրական գործառույթների նկատմամբ առավել մեծ վերահսկողություն ունի Սենատը, որտեղ Թրամփը դժվար թե խնդիր ունենա, սակայն Ներկայացուցիչների պալատն էլ խոշոր դերակատար է պետական ընդհանուր քաղաքականության հարցում: Եվ պատահական չէ, որ նախագահ Թրամփն անմիջականորեն ներքաշված էր նախընտրական քարոզարշավում:

Նա դեռեւս մայիսին էր հայտարարել, որ հանրապետականների առաջնահերթությունը պիտի լիներ Սենատում մեծամասնություն ստանալը: Շատերն էին քննադատում նախագահին պաշտոնեական կարգավիճակը ընտրություններում օգտագործելու եւ ամերիկյան հարկատուների միջոցներով նախընտրական քարոզարշավներին «պաշտոնական այցի» օրակարգով ներգրավվելու համար: Սակայն այդ քննադատությունները Թրամփին պարզապես չէին հետաքրքրում, որի հիմնական խնդիրը Կոնգրեսն ամբողջությամբ չկորցնելն էր: Այս տեսանկյունից նրա կորուստները ճակատագրական չեն եւ նույնիսկ իրական հույսեր են առաջադրում 2020թ. նախագահական ընտրապայքարի համար:

Թրամփի մերձավոր շրջանակներն ու լրատվամիջոցները հենց այդ տրամաբանությամբ էլ արդեն սկսել են իրենց քարոզչությունը` փորձելով համոզել, որ ամեն ինչ ընթանում է իրենց ծրագրածով:

Բայց եւ այնպես, նախագահը պետք է առավել ուշադիր լինի ամերիկյան ընտրողների տրամադրությունների փոփոխության հանդեպ, քանի որ դեմոկրատները ոչ միայն վերցրել են Ներկայացուցիչների պալատը, այլեւ մի շարք նահանգապետություններ: Այս վերջին հանգամանքն էականորեն փոխում է հանրապետականների դրությունը` լուրջ սպառնալիք դառնալով 2020թ. նախագահական ընտրությանն ընդառաջ:

Թրամփը եթե կարողանա իր կուսակիցներին համոզել կրկին վստահել իրեն որպես միասնական թեկնածու, խնդիր է ունենալու առաջին հերթին այն ընտրողների հետ, որոնք անկախ են եւ վճռական պահին հարելու են կուսակցություններից մեկին: Միջանկյալ ընտրությունները, այսպիսով, առաջին լուրջ ազդակն էին, որ Թրամփի օրակարգն ամենուր չէ, որ հանդիպում է մարդկանց դրական վերաբերմունքին: Եվ եթե եւս երկու տարի նույն քաղաքականությունը շարունակվի` նկատի ունենալով առաջին հերթին քաղաքական այլատյացությունն ու անհանդուրժողականությունը, կարելի է ենթադրել, որ Թրամփը ստիպված է լինելու սահմանափակվել նախագահական մեկ ժամկետով:

Ն.Հովսեփյան




Լրահոս