Նախօրեին Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը բավական երկար է տեւել. կուսակցության ներկայացուցիչները շուրջ հինգ ժամ քննարկումներ են անցկացրել: Ի վերջո որոշել են մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին, իսկ ցուցակն էլ գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կուսակցությունում այս հարցում միանշանակ դիրքորոշում չկա, եւ մասնավոր զրույցներում նրանցից մի քանիսը չեն թաքցնում, որ կնախընտրեին այլ մարդ գլխավորեր կուսակցության համամասնական ցուցակը:
Ինչեւէ, մեր տեղեկություններով` կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին անձամբ է հանդիպումներ ունեցել տարբեր ժամանակներում վարկանիշային կամ մեծամասնական թեկնածու հանդիսացած գործիչների հետ, առաջարկել այս անգամ էլ մասնակցել ՀՀԿ-ի կողմից: Բնակաբար, մի մասը նրան մերժել է, մի մասը` ոչ: Սակայն մեր տեղեկություններով` Սարգսյանն ամենեւին էլ չի նեղանում առաջարկը մերժած անձանցից: Միայն պայման է դրել՝ եթե իրենք չեն առաջադրվում, ապա պետք է սատարեն այդ ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրված թեկնածուին: Թե ինչպես են նրանք սատարելու, երբ նոր իշխանությունը քայլեր է ձեռնարկել ընտրակաշառքը, ընտրություններին քրեական տարրերի ներգրավումը բացառելու համար, պարզ չէ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախօրեի նիստից բացակայել էին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փոխարեն կուսակցության առաջին փոխնախագահ է ընտրվել Վիգեն Սարգսյանը: Սակայն երկուսն էլ հայտարարել են, թե ոչ մի առնչություն չեն ունենալու այս ընտրությունների հետ:
Ինչպես շատ այլ կուսակցությունների պարագայում, այստեղ եւս որոշում է կայացվել, որ համամասնական ցուցակի բոլոր անձինք պետք է առաջադրվեն նաեւ վարկանիշային ընտրակարգով: Սակայն փաստացի կուսակցության ներսում կան գործիչներ, ովքեր ոգեւորությամբ չեն ընդունել Սերժ Սարգսյանի հայտարարությունը եւ նրանք կտրականապես ասել են, որ չեն ցանկանում առաջադրվել վարկանիշային ընտրակարգով:
Խոսքը մասնավորապես Արփինե Հովհաննիսյանի եւ Դավիթ Հարությունյանի մասին է: Հարությունյանը միայն գլխավորելու է ՀՀԿ նախընտրական շտաբը, իսկ Հովհաննիսյանը պարզ չէ՝ ինչ է անելու, միգուցե առհասարակ չլինի ՀՀԿ ցուցակում: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը հստակ ասել է` տարբերություն չի դնում թեկնածուների միջեւ, բոլորը հավասար են, եւ նրանց համար բացառություն անելը ճիշտ չի լինի: Ընդ որում, հետաքրքիր է, որ Արփինե Հովհաննիսյանն ավելի վաղ մերժել էր նաեւ ՀՀԿ կանանց կառույցի ղեկավար լինելու առաջարկը:
Հիմնականում կուսակցությունն արդեն կազմել է վարկանիշային թեկնածուների շարքը: Սակայն հետաքրքիր է, որ նույն ՀՀԿ խորհրդի անդամների մեծամասնությունը չգիտի, թե համամասնական ընտրացուցակի որ հորիզոնականն են զբաղեցնելու: Խորհրդի նիստի ժամանակ ասվել է, թե այդ մասին բոլորը կիմանան վաղը, երբ անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու վերջաժամկետն է: Այլ կերպ ասած` ՀՀԿ գործիչներից շատերը չգիտեն` ՀՀԿ համամասնական ցուցակում որ հորիզոնականն են զբաղեցնելու:
ՀՀԿ ընտրացուցակը հիմնականում կազմված է լինելու քաղաքական դեմքերից, սակայն կլինեն անկուսակցականներ եւ երիտասարդներ: Իսկ անձինք, որոնց նախկին գործունեության շուրջ իրավապահները քրեական գործերով քննություն են կատարում, չեն առաջադրվելու:
Եվ այսպես, ՀՀԿ-ն Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերն ընդգրկող ընտրատարածքում կարծես թե լիովին կողմնորոշվել է: Այնտեղ կառաջադրվեն Հերմինե Նաղդալյանը, Շուշան Պետրոսյանը եւ slaq.am կայքի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանը: Այս ընտրատարածքում թերեւս հետաքրքիր պայքար է ծավալվելու, քանի որ ԲՀԿ-ից էլ այստեղ առաջադրվելու է Նաիրա Զոհրաբյանը:
Լոռու մարզում վերջնական որոշումը կայացված է. կառաջադրվեն Էդուարդ Շարմազանովն ու Վահրամ Բաղդասարյանը: Կուսակցությունն այս ընտրատարածքում ցանկացել է առաջադրել նաեւ Հովհաննես Սահակյանին, սակայն վերջինս կարծես թե այնքան էլ հակված չէ մասնակցել ընտրություններին: Արագածոտնի մարզում երկու թեկնածուի մասով եւս հստակ որոշում է կայացված. առաջադրվելու են նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն ու ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խորհրդական Գեղամ Պետրոսյանը: Այս ընթացքում մեր տեղեկություններով` փորձ է արվել համոզել նաեւ նախկին պատգամավոր Մնացական Մնացականյանին, սակայն վերջինս հստակ պատասխան չի տվել:
Արմավիրի մարզի շուրջ վերջին քննարկումներն են ընթանում: Ինչպես հայտնի է, այս մարզում մշտապես առաջադրվել են օդիոզ դեմքերը` Սեյրան Սարոյանը, Մանվել Գրիգորյանը, Առաքել Մովսիսյանը, սակայն նրանք բոլորն էլ այս անգամ չեն լինելու, եւ կուսակցությունը լուրջ խնդրի առջեւ է կանգնել: Հնարավոր է` այս ընտրատարածքում առաջադրվի նախկին փոխմարզպետ Մովսես Քարտաշյանը: Արարատի մարզում հստակություն վաղուց կար, եւ պատգամավոր Մուրադ Մուրադյանը համաձայնել է առաջադրվել:
Երեւանի պարագայում եւս հետաքրքիր առաջադրումներ են սպասվում: Մասնավորապես, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը կառաջադրվի թիվ երկու ընտրատարածքում` Աջափնյակ, Արաբկիր եւ Դավիթաշեն վարչական շրջաններ: Այս նույն ընտրատարածքում առաջադրվելու են նաեւ ՀՀԿ երիտթեւի նորաթուխ ղեկավար Հայկ Մամիջանյանը, պատգամավոր Մարգարիտ Եսայանը, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Արտավազդ Սարգսյանը:
Թիվ չորրորդ ընտրատարածքում` Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի եւ Նուբարաշեն, առաջադրվելու են Արմեն Աշոտյանը, Հարություն Կարապողոսյանը: Հենց այս ընտրատարածքից էլ առաջադրվելու առաջարկ է եղել նաեւ Արփինե Հովհաննիսյանին: Սամվել Ալեքսյանյանը, ով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում միշտ մեծ թվով ձայներ է հավաքել, այս անգամ չի առաջադրվելու, միգուցե նա ՀՀԿ-ի օգտին ընդհանրապես չաշխատի: Բայց նրա քրոջ փեսան` պատգամավոր Կորյուն Նահապետյանը, առաջադրվելու է: Նկատենք, որ նա 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդամենը 1000 ձայն էր ստացել եւ պատգամավոր էր դարձել հենց Սամվել Ալեքսանյանի շնորհիվ: Այս ընտրատարածքում կարող է առաջադրվել նաեւ Արայիկ Հովհաննիսյանը:
Եվ չնայած ՀՀԿ-ն չունի այն թեկնածուները, որոնք ձայներ էին ապահովում, չունի վարչական լծակներ, չի կարող օգտագործել ֆինանսական ռեսուրսները, սակայն գնում է ընտրությունների՝ հայտարարելով, թե դառնալու է երկրորդ ուժը: Բայց դե խոսքն այն կուսակցության մասին է, որը մի քանի ամիս առաջ համաժողովրդական շարժման արդյունքում հեռացվեց իշխանությունից, եւ այսօր մի շարք թեկնածուների հետ կապված խնդիր է լինելու նախընտրական քարոզարշավը, մարդկանց մեջ դուրս գալը, որպեսզի եւս մեկ անգամ չմերժվեն ավելի դաժան կերպով:
Նաիրա Հովհաննիսյան