Սերժ Սարգսյանի իշխանության օրոք գործած քայլերի հետեւանքները դեռ դառնորեն զգացնել են տալիս նրա հեռանալուց անգամ 5 ամիս անց: Հոկտեմբերի 4-ից Հայաստանի քաղաքացիների կողմից ներկրված աջ ղեկով 130-ից ավելի մեքենաներ կանգնած են հայ-վրացական սահմանին: Հիշո՞ւմ եք՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք որոշում կայացվեց աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելել: Երբ աղմուկ բարձրացավ, օրենքում որոշակի փոփոխություններ արվեցին՝ սահմանելով, որ 2018-ի ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն է արգելվում Հայաստան ներկրել աջ ղեկով ավտոմեքենաներ, իսկ արդեն ներմուծված ավտոմեքենաների շահագործումը չէր արգելվում երկրի ներսում: ՀՀ ազգային ժողովի մարտի 1-ի նիստում 61 կողմ ձայնով ընդունվեց «Հայաստան աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին» հարցը: Թվում էր, թե խնդիրը կարգավորված է, բայց պարզվում է՝ ՀՀԿ-ն` իր ոճին հավատարիմ, քաղաքացիների թիկունքում դավեր է նյութել, եւ օրենքի նախագծի` երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվելու ժամանակ փոփոխություն է կատարվել եւ հանվել է նախագծից «ժամանակավոր» բառը (տե՛ս լուսանկարում): Օրենքը մարտի 16-ին ստորագրվել է ՀՀ այլեւս նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, որի համաձայն` ապրիլի 1-ից ընդհանրապես արգելվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «Բաց թողնումը ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով: Սա ոչ այլ ինչ է, քան խաբեություն. Կառավարությունը, օրենսդիր մարմինը գործել են հասարակության թիկունքում՝ մարդկանց չտեղեկացնելով կատարված այդքան կարեւոր փոփոխության մասին:
Ինչ խոսք, դա ՀՀԿ-ին հատուկ ձեռագիր է: Բայց այս իրավիճակում տարակուսելի է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի պահվածքը, որը կոորդինացնում է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: 1 ամիս 13 օր է` ՀՀ քաղաքացիների ավտոմեքենաները «գերի են մնացել» սահմանին, որոշ վարորդներ մինչեւ 800 ԱՄՆ դոլար արդեն տուգանք են մուծել այնտեղ կայանելու համար, բայց ՀՀ կառավարությունը խնդրին լուծում չի տալիս: Սա էլ անպատասխանատվության այլ դրսեւորում է:
Վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության գործընթացի շուրջ ակտիվացում է նկատվում: Օրեր առաջ «գրավյալ տարածքներ» ձեւակերպմամբ մեր կողմից ազատագրված տարածքների վերադարձի մասին հայտարարություն հնչեց ՀՀ-ում իր դեսպանի առաքելությունն ավարտող Ռիչադ Միլսի կողմից, որը ոչ միանշանակ ընդունվեց: Իսկ մյուս կողմից էլ, կարծես թե, ակտիվացում է նկատվում եվրոպական կողմից: Մասնավորապես, մի քանի օր շարունակ Արցախում է եղել եւ անգամ Բակո Սահակյանին հանդիպել Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջինս նշեց, թե Արցախ էր այցելել եւս մեկ անգամ մեսսիջ հղելու, որ արցախցիները պետք է ամեն ինչ որոշեն: Նրա խոսքով` պետք է ճանաչվի Արցախի անկախությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 15-ին ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ կառավարության, որի մասին հրաժարվեց խոսել: Նա իր հայցով պահանջում է, որ դատարանը ՀՀ Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի հրամանագիրը առ ոչինչ ճանաչի: Եւ հիմա ՀՀ վարչական դատարանի դատավոր Միքայել Մելքումյանը պետք է որոշի՝ վերականգնե՞լ Դանիելյանին դատախազի տեղակալի պաշտոնում, թե՞ ոչ: Այս հայցն ուշագրավ է այնքանով, որ Արմեն Դանիելյանը նախկինում ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր, 2008 թվականի մարտի 1-ին եղել է խորհրդարանում, վավերացրել աղմկահարույց որոշումները՝ ընդդեմ ՀՀ քաղաքացիների, Սերժ Սարգսյանի իշխանության օրոք նշանակվեց դատախազի տեղակալ՝ կոռուպցիոն գծով, բայց այդպես էլ աղմկահարույց կոռուպցիոն մեխանիզմներ չբացահայտվեցին: Հետաքրքիր է՝ ինչու 5 ամիս առաջ Դանիելյանի մտքով չէր անցնում դատի տալ Ս. Սարգսյանին: Թերեւս համարձակությունը չէր բավարարում այդ հանդգնության համար: Ինչպես ասում են՝ եզը որ ընկնում է, դանակավորները շատանում են:
Թավշյա հեղափոխությունից հետո անազատության մեջ հայտնված անձինք շարունակում են գրավի դիմաց ազատ արձակվել: Երեկ պարզ դարձավ, որ 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը, իսկ հոկտեմբերի 10-ին էլ 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը: Եվ չնայած մեկը մյուսի ետեւից կալանավորված անձինք ազատ են արձակվում, սակայն դեռեւս շարունակում է կալանքի տակ մնալ ամենաաղմկահարույց բացահայտումներից հետո կալանավորված Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ով էլ փաստաբանների խոսքով` մահամերձ է: Եվ նրան ազատ չարձակելու մասով վարկածները շատ են, դրանցից մեկն էլ հասարակության կողմից ոչ միանշանակ ընդունվելու փաստն է: Սակայն իշխանությունները պետք է շարժվեն օրենքներով, եթե նա կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունի, ուրեմն պետք է ազատ արձակվի: Եվ հասարակության արձագանքից մտահոգվելով առաջնորդվելը, մեղմ ասած, ճիշտ չէ: Այլապես ստացվում է՝ հասարակության արձագանքով է մեր երկրում արդարադատություն իրականացվում:
ՍԱՀՄԱՆՆԵՐԸ՝ ԿԱՐԵՎՈՐ
Երեկ նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել եւ քննարկել են Հայաստանի ներքաղաքական կյանքում առաջիկայում սպասվող իրադարձությունները: Նման հանդիպում եղել էր նաեւ նախորդ շաբաթ, սակայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո սա առաջին հանդիպումն էր, որը նաեւ հետաքրքիր մեսսիջներ է պարունակում: Նախ Նիկոլ Փաշինյանը նախագահին վստահեցրել է, թե արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ առկա է խորհրդարանական ուժերի միասնական մոտեցում: «Ինչո՞ւ եմ ասում ըմբռնում, որովհետեւ քաղաքական ուժերն այս խնդրի վերաբերյալ ունեն տարբեր տեսակետներ, բայց որ ընտրությունները պետք է տեղի ունենան, կարծում եմ՝ բոլորն արձանագրել են: Այս ընթացքում, իհարկե, շատ կարեւոր է, որ ե՛ւ խորհրդարանը, ե՛ւ կառավարությունը, ե՛ւ հանրապետության նախագահը մշտական կապի մեջ լինեն եւ նաեւ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակեն, որպեսզի մենք կարողանանք այս 14 օրերն անցկացնել մեր հանրության եւ ժողովրդի սպասումներին համապատասխան եւ համերաշխության մթնոլորտում», – հանդիպման ժամանակ նշել է վարչապետի պաշտոնակատարը:
Սակայն, ըստ էության, Արմեն Սարգսյանը, բացի ներհայաստանյան խաղաղ իրավիճակից, կարեւորել է վիճակը սահմաններին եւ զրույցի ընթացքում երկու անգամ շեշտել այդ մասին: «Եւ այս ընթացքը նաեւ մի փոքր փորձություն է, պարո՛ն վարչապետ, որպեսզի որեւէ միջադեպ չլինի: Իհարկե, վստահ եմ, որ ամեն ինչ անում եք, որպեսզի զգոնությունը սահմանների վրա չպակասի, ընդհակառակը, բարձրանա»- ընդգծել է նախագահը՝ նշելով, թե վստահ է՝ կառավարությունը բոլոր հնարավոր միջոցները եւ գործունեությունը ծավալում է, որպեսզի այս ընթացքը, ողջ ընթացքը՝ ե՛ւ 14 օրը, ե՛ւ ապագա ընտրությունները, տեղի ունենան օրենքի եւ օրինականության սահմաններում: Սա, թերեւս, նաեւ ակնարկ էր Երեւանի ավագանու լարված քարոզարշավից հետո, որ միջադեպեր, ամեն դեպքում, չպետք է լինեն, եւ կարեւորվում է ամեն ինչ խաղաղ եւ օրինականության դաշտում անցկացնելը: Վերջում Ա. Սարգսյանը կրկին նկատել է, որ անկախ այս իրավիճակից` պետական մարմինները պետք է անխափան գործեն՝ հատկապես անվտանգությանը վերաբերող հարցերում. «Նախ եւ առաջ հաջողություն եմ մաղթում որպես վարչապետի պաշտոնակատարի, որովհետեւ մեր երկիրն այս փուլում պետք ունի, որպեսզի ե՛ւ կառավարությունը, ե՛ւ բոլոր պետական մարմիններն անխափան գործեն, ու նախ եւ առաջ` մեր անվտանգության հետ կապված բոլոր ծառայությունները»: Սակայն հետաքրքիր է, որ մինչ այժմ այդպես էլ հայտնի չէ՝ ԱԺ կանոնակարգ-օրենքում աղմկահարույց փոփոխությունների հետ կապված, ի վերջո, Արմեն Սարգսյանը կդիմի Սահմանադրական դատարան,թե ոչ: Այդ մասին ոչ մի ակնարկ չկար նաեւ հանդիպման տեքստում: Սակայն փաստ է, որ դա անելու համար Սարգսյանին քիչ ժամանակ է մնացել: