ԲՐԵՔԶԻԹԻ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՍՆՈՒՄ Է ԿՐԻՏԻԿԱԿԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս շաբաթ Միացյալ Թագավորության` Եվրոպական միության կազմից դուրս գալու հարցով բանակցությունները հասնելու են թերեւս ամենալուրջ հանգրվանին: ԵՄ-ն լքելու գործընթացը արդեն իսկ դուրս է եկել տրամաբանական ու սահմանված ժամկետների շրջանակից եւ գնալով ավելի անորոշ է դառնում: Հակասություններ կան ոչ միայն երկու կողմերի, այլեւ վերջինների ղեկավարությունների ներսում` ռիսկի ենթարկելով ապահարզանի բնականոն ընթացքը:

Չորեքշաբթի օրը նախատեսվում է երկու կողմերի բարձրագույն ներկայացուցիչների գագաթնաժողովը, որը լրատվամիջոցներն արդեն իսկ որակել են «համաձայնության կամ տապալման» համաժողով: Խնդիրն այն է, որ ԵՄ-ն լքելու գործընթացի ժամկետներն արդեն սպառվում են, եւ դա պետք է տեղի ունենա կա՛մ կոնկրետ պայմանագրով լքող պետության եւ միության միջեւ, կա՛մ առանց պայմանագրի: Եթե առաջինի դեպքում երկու կողմերն էլ հնարավորություն ունեն գործընթացից դուրս գալ առանց մեծ կորուստների ու կանխավ սահմանել ապագայի հարաբերություններն ու խաղի կանոնները, ապա առանց պայմանագրի բաժանվելը պարզապես կարող է աղետալի լինել: Նախընտրելի է, որ կողմերը կանխավ սահմանեն հարաբերությունների հետագա մակարդակն ու համագործակցության շրջանակները: ԵՄ-ի տեսանկյունից դա բացասական կլինի նախ եվրոպական շուկայի կայունության պահպանման առումով, ապա եւ Իռլանդիայի հարցով, որը պետք է ՄԹ-ի հետ կանոնավոր սահմանագծման ենթարկվի: Ապահարզանի անհարթ ընթացքից, սակայն, ավելի շատ տուժելու է Միացյալ Թագավորությունը, քանի որ զրկվելու է մայրցամաքի հետ առեւտրի հիմնական արտոնություններից ու գործող ռեժիմներից: Որքան էլ ՄԹ-ի պետական ու քաղաքական վերնախավը հպարտորեն հայտարարի, որ պատրաստ է կրելու հնարավոր զրկանքները, գործնական ասպարեզում դա այնքան էլ միանշանակ չի լինելու: ՄԹ-ի բնակչությունը մաշկի վրա է զգալու ԵՄ-ից դուրս լինելու ամբողջ ծանրությունը թե՛ քաղաքացիական արտոնությունների, թե՛ տնտեսական հետեւանքների տեսանկյունից: Անպատկերացնելի է նաեւ, թե ինչպիսի դրության մեջ կհայտնվեն պետությունն ու նրա քաղաքացիները, եթե ԵՄ-ից դուրս գալուց հետո չլինի կանխավ սահմանված հարաբերությունների մոդել:
Այս առումով ավելի նախընտրելի դրության մեջ է ԵՄ-ի ղեկավարությունը, որն էլ հանդես է գալիս վերջնագրային բնույթի պահանջներով: Այսպես, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը զգուշացրել է, որ ԵՄ-ՄԹ համաձայնության բացակայությունը պարզապես աղետ է լինելու: Իրավիճակի լրջությունը հատկապես նկատվեց նախորդ շաբաթ, երբ ԵՄ-ի կողմից բանակցող պաշտոնյան հրապարակավ ընդունեց, որ կողմերը հիմնական կարեւորագույն հարցերի առնչությամբ դեռ համաձայնություն չունեն: Ըստ տարբեր աղբյուրների` լրջագույն խնդիրներից մեկը հենց Իռլանդիայի սահմանագծման հարցն է, քանի որ ԵՄ-ն ձգտում է ազատ սահմանագոտի ստեղծել Իռլանդիայի ու Հյուսիսային Իռլանդիայի միջեւ, որոնցից առաջինը մնում է ԵՄ-ի կազմում, երկրորդը` Միացյալ Թագավորության: CNN-ը, օրինակ, հայտնում է, որ այս հարցում հստակ պայմանավորվածություն կայացել էր, սակայն վերջին պահին չեղարկվել էր ՄԹ վարչապետ Թերեզա Մեյի կողմից: Հիմա ԵՄ ղեկավարությունը ստիպված է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել` բրիտանական վերնախավի հնարավոր սաբոտաժին ընդառաջ: Գաղտնիք չէ, իհարկե, որ ԵՄ ղեկավարներն ու միության մեծ պետությունների առաջնորդները խիստ բացասական են գնահատում Բրեքզիթի գործընթացը, ինչի վկայություններից մեկը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտնի հայտարարությունն էր, ըստ որի` Բրեքզիթը վաճառվել է բրիտանական քաղաքացիներին մի խումբ ստախոսների կողմից, որոնք փախել են ասպարեզից` պատասխանատվություն չստանձնելով դրա համար: Այդ համատեքստում էլ բնական է, որ ԵՄ ղեկավարները փորձում են ապահովագրել միության շահերը, ուստի Տուսկը հայտարարեց, որ պետք է պատրաստ լինել վատթարին:
Մեյը համաձայն չէ Հյուսիսային Իռլանդիայում ազատ առեւտրի ռեժիմի պահպանմանը, քանի որ, ըստ նրա, դա ՄԹ-ը կբաժանի առեւտրային գոտիների` լրջագույն քաղաքական ու տնտեսական հետեւանքներ ունենալով: Նա առաջարկում էր ժամկետ սահմանել որպես անցումային շրջափուլ ոչ միայն Հս. Իռլանդիայի, այլեւ ողջ ՄԹ-ի համար, սակայն ԵՄ ղեկավարությունը կտրականապես մերժում է դա: Իսկ Մեյը բավականին անհարմար իրավիճակում է հայտնվել, քանի որ պետության ներսում լուրջ աջակցություն չի ստանում թե՛ ընդդիմության, թե՛ նույնիսկ իր կուսակցության կողմից: Բրիտանական քաղաքական ներկապնակը սկսել է վարչապետին մեղադրել բանակցությունների ձախողման համար` նրա վրա դնելով անձնական պատասխանատվության խնդիրը: Եվ այստեղ, քաղաքական նպատակահարմարությունից զատ, ճշմարտության հատիկ կա, քանի որ Մեյը սկսեց Բրեքզիթի բանակցությունները` ի սկզբանե որեւէ ռեալ մարտավարություն չունենալով եւ ամսեամիս դրանք ձգձգելով: Նա կա՛մ փորձում էր գործընթացը հասցնել եզրագծին ու փաստի առաջ կանգնեցնելով եվրոպական կողմին` հասնել արագ պայմանավորվածության, կա՛մ ամենասկզբից էլ տրամադրվածություն կար ԵՄ-ն լքել առանց համաձայնագրի, որի ջատագովը, ի դեպ, նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնն էր: Այժմ եկել է այդ քաղաքականության համար անձնական պատասխանատվություն կրելու պահը, որը կարող է Մեյի համար անգամ վարչապետական աթոռը արժենալ:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

ԴԵԲԵԴԸ 60 ՄԵՏՐՈՎ ԽՈՐԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔ
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը եղավ Նոյեմբերյանի տարածաշրջանի` Վրաստանին սահմանակից Դեբեդավան գյուղում, ուր բնակվում են հիմնականում Ադրբեջանի Վարդաշենի եւ Կուտկաշենի շրջաններից 1988թ. բռնագաղթած մեր հայրենակիցները: Նշենք, որ Դեբեդավանը 2016թ. սեպտեմբերից ներառված է խոշորացված Այրում համայնքի կազմում:
Դեբեդավանի դիմաց` Դեբեդի գետի ձախ ափին, Վրաստանի Մառնեուլիի շրջանի ադրբեջանաբնակ Կիրովկա գյուղն է: Դեբեդավանի վարչական ղեկավար Վանյա Դամիրչյանի հետ մոտեցանք Դեբեդի ափին` այն տարածքին, որտեղ Դեբեդավանի արհեստական 2 ջրամբարներն են: Վ. Դամիրչյանը, ցույց տալով Դեբեդի ձախ ափին աճած խիտ թփուտները, ասաց, որ այնտեղ վրաց սահմանապահների կողմից տեսախցիկներ կան տեղադրված, որոնք արձանագրում են սահմանի խախտումները: Սահմանի խախտման դեպքում Հայաստանի քաղաքացիներին Վրաստանում բանտարկություն եւ դրամական մեծ տուգանքներ են սպառնում: Դա այն պարագայում, որ սահմանի առկայության վերաբերյալ շատ տեղերում ցուցանակ-նախազգուշացումներ չկան, եւ տեղանքին անծանոթը չի կարող կռահել, որ սահմանագոտում է գտնվում: Դեբեդավանի վարչական ղեկավարն ասաց, որ մի քանի տարի առաջ հայ-վրացական հանդիպում է եղել, որի ժամանակ հայ գիտնականներից մեկը, ցույց տալով քարտեզը, ապացուցել է, որ Դեբեդի հունը փոխվելու հետեւանքով գետը մոտ 60 մետր խորացել է հայկական տարածքում: Այսինքն՝ Հայաստանի տարածքը փոքրացել է: Վաղուց Դեբեդի աջ` հայկական եզրին ափապաշտպան աշխատանքներ չեն կատարվում, իսկ վրացիներն իրենց ափը ամրացնում են: Գարնանային եւ աշնանային հորդ աձրեւներից գոյացած սելավներից գետը վարարում է, ափն ավերելով` քշում-տանում է հողի մեծ զանգված:
Տեղեկացնենք, որ Հայաստանի տարածքը փոքրացել է նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեղձավան գյուղում, ու 50 հեկտար հողատարածք գտնվում է հայ-վրացական սահման հանդիսացող փշալարից այն կողմ: Այդ 50 հեկտարից 45-ը համայնքային նշանակության խոտհարքներ եւ արոտավայրեր են: Մնացած 5 հեկտարը սեփականաշնորհված վարելահող է: Դեղձավանցիները ռիսկ չեն անում փշալարից այն կողմ գտնվող հողերը մշակել, վախենում են բռնվել վրացի սահմանապահների կողմից եւ խոշոր տուգանքների ենթարկվել: Նման իրավիճակը գոյություն ունի 2007 թվականից: Փշալարից այն կողմ գտնվող տարածքները Դեղձավանի ամենաբերրի հողերն են: Ընդհանուր առմամբ, այս խնդրի պատճառով տուժում է 18 դեղձավանցի, չօգտագործվող տարածքների համար գումարներ չեն հավաքագրվում տեղական բյուջե:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՊԱՐԱԼԻԶԱՑՐԵԼ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Արմավիրի մարզի Մարգարայի գյուղապետարանի աշխատանքները տեւական ժամանակ է, ինչ պարալիզացված են: Պատճառն այն է, որ համայնքի ավագանու անդամները հրաժարականի դիմում են ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նրանցից Ռազմիկ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցված են, քանի որ վերջինս ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում: Այս պատճառով օգոստոսի 30-ից սկսած անհնար է դարձել Մարգարա համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը: Ըստ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության` ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով. ավագանու յոթ անդամից մնացել են երեքը: Մեզ հայտնի դարձավ, որ նախարարությունը առաջարկում է համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն անցկացնել 2019 թվականի փետրվարի 17-ին:

 

 

ՉԵՆ ՀԱՐԿՎԻ
ՀՀ առողջապահության նախարարությունը նոր նախագիծ է մշակել, ըստ որի` պետության կողմից կենտրոնացված կարգով դեղերի ձեռք բերումը կազատվի ավելացված արժեքի հարկից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկայումս պետության կողմից կենտրոնացված կարգով դեղերի ձեռք բերումը հարկվում է ավելացված արժեքի հարկով: Արդյունքում դեղերի գինն ավելանում է: Ի դեպ, նշենք, որ դեղերի ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկի վճարումից ազատված են Վրաստանում, Ադրբեջանում, Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Ղազախստանում, Բելառուսում:

 

 

ՄԻԼԻՈՆՆԵՐ` ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ
ՀՀ 2017 թվականի «Լավագույն դաստիարակ», «Լավագույն ուսուցիչ» եւ «Լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողներին պարգեւատրելու նպատակով վարչապետի աշխատակազմին կհատկացվի 11 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Միայն 10.4 մլն դրամը կտրամադրվի «Լավագույն դաստիարակ» եւ «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին`յուրաքանչյուրին 5.2 մլն դրամ: Իսկ ահա 600 հազար դրամ էլ կծախսվի համակարգիչների ձեռքբերման համար: Ի դեպ, համակարգիչները նախատեսված են լինելու «Լավագույն տնօրեն» մրցույթի հաղթողի համար: Նախորդ տարիներին հաղթողները ՀՀԿ-ական տնօրեններն էին, իսկ այս տարի` կապրենք, կտեսնենք:

Ս. Հ.




Լրահոս