Աջ ղեկով մեքենաներ ներկրող քաղաքացիները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Տեւական ժամանակ է, ինչ Բագրատաշենի անցակետում աջ ղեկով մեքենաների բավականին մեծ կուտակումներ են: Հայկական կողմը արգելում է դրանց մուտքը Հայաստան:
Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը անցած տարի որոշման նախագիծ ընդունեց` Հայաստան աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին: Ըստ այդմ, 2018-ի ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը արգելվում էր Հայաստան ներկրել աջ ղեկով ավտոմեքենաներ, բայց արդեն ներմուծված ավտոմեքենաների շահագործումը չի արգելվում երկրի ներսում: Նախկին կառավարության այս որոշման նախագիծը մեծ աղմուկ բարձրացրեց եւ խիստ դժգոհություններ առաջացրեց ավտոներկրողների մոտ: Անգամ բողոքի ակցիաներ իրականացվեցին: Բայց քանի որ ժամանակավոր արգելքը ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն էր, ներկրողները սկսեցին երկու ամիս առաջ աջ ղեկով մեքենա գնել: Եւ ահա ՀՀ ազգային ժողովի մարտի 1-ի նիստում քվեարկության դրվեց «Հայաստան աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին» հարցը: Դեմ քվեարկեց 33, կողմ` 61 պատգամավոր: Նշենք, որ նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: Իսկ ահա մարտի 16-ին այն ստորագրվեց ՀՀ այլեւս նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Սակայն պարզվում է, որ նախագծի երկրորդ ընթերցման ընթացքում փոփոխություն է կատարվել եւ հանվել է «ժամանակավոր» բառը (տե՛ս լուսանկարում): Այսինքն` այս տարվա ապրիլի 1-ից ընդհանրապես արգելվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «Բաց թողնում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով: Իսկ ավտոներկրողները պնդում են, որ այս մասին իրենք նախապես տեղյակ չեն եղել ու փաստի առաջ են կանգնել: Այսինքն՝ սկզբում օրենքի փոփոխություն արվեց, որպեսզի մեղմվի դժգոհության ալիքը: Բայց հետո հասարակության թիկունքում, գաղտագողի փոփոխություն է արվել օրինագծում:
Ու հիմա էլ բողոքի ալիք է բարձրանում, քանի որ Բագրատաշենի անցակետում տեւական ժամանակ է, ինչ 130 եւ ավելի աջ ղեկով ավտոմեքենաներ են կուտակվել: Մարդիկ, հավատալով նախկին իշխանություններին, որ ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն է արգելքը, մեկը վարկով, մյուսը պարտքով աջ ղեկով մեքենա են պատվիրել, գնել: Բայց հիմա այն չեն կարողանում ներկրել Հայաստան, քանի որ նախկին կառավարությունը, կոպիտ ասած, «քցել է» ՀՀ քաղաքացուն: Ընդ որում, նշենք, որ Վրաստանի տարածքում եթե մեկ մեքենան 60 օրից ավել է մնում, ապա վարորդը պետք է օրական 50-60 լարի (9000-10000 դրամ) վճարի: Իսկ ավտոկանգառներում կայանելու մեկ օրվա վարձը կազմում է 4 լարի (730 դրամ):
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Զոհրապ Իգիթյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ «Անգամ բանավոր զրույցներում կառավարության անդամներ, տրանսպորտի նախարարության աշխատողներ կան, որոնք ասում են, որ տեղյակ չեն եղել «հոկտեմբերի 1-ի կամ ժամանակավոր»-ի հանվելու մասին: Դրանք դուրս են եկել Վրաստանից, հատել են չեզոք գոտին եւ այժմ գտնվում են հայկական սահմանին: Այս պահին հայկական սահմանին, մաքսային տարածքում 130 մեքենա կա կուտակված: Ի դեպ, տեղեկացնենք, որ հայկական սահմանին «գերի մնացած» աջ ղեկով մեքենաները վնասվում են մեծ բեռնատար մեքենաների տեղաշարժի հետեւանքով:
Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ վարորդների մի մասը, ովքեր աջ ղեկով մեքենա են ներկրում, փորձում են Վրաստանի տարածքում փոխել ղեկը եւ այդպես ներմուծել: Բայց մասնագետը պնդում է, որ ղեկը փոխած մեքենան վարորդի համար հղի է լուրջ վտանգներով: «Ղեկը փոխած մեքենաները կարող են մահացու լինել վարորդի համար, որովհետեւ վրացիները ինչ-որ ավտոտնակներում, նկուղային հարկերում Աստծուն հայտնի ձեւերով են ղեկերը փոխում առանց մասնագիտական կրթության: Ընդհանրապես, աշխարհում չկա որեւէ լիցենզավորված ընկերություն, որը ղեկ փոխի: Դա հեռախոս չէ, որ վերցնես եւ, ենթադրենք, ճապոներեն այբուբենը փոխես հայերենով»,- զարմացած նկատեց «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Զոհրապ Իգիթյանը: Ապա ներկայացրեց, որ մարդիկ են եղել, որոնք Վրաստանում փոխել են ղեկը, բայց այդ նույն մեքենաներով եկել են Հայաստան, ու կարճ միացումից այրվել է մեքենան, կամ ղեկը կոտրվել, մնացել է վարորդի ձեռքերում, իսկ արգելակների կոտրվելու դեպքերը ուղղակի շատ են:
Եթե կառավարությունն այս հարցին լուծում չկարողանա տալ, ապա նրանք չեն կարող գնված մեքենաները հետ վերադարձնել: Քանի որ մեքենաների մեծ մասը ձեռք է բերվել առցանց աճուրդներից, իսկ սեփականատերերն արդեն ստացել են իրենց գումարները: Ի դեպ, վրացի արհեստավորները չեն հասցնում ղեկերը փոխել, ինչի արդյունքում հերթեր են գոյանում, իսկ վարորդների մեծ մասի նկատմամբ էլ տուգանքներ են կիրառվում: Զ. Իգիթյանի խոսքերով` վարորդ կա, ով 700, 800, 900 դոլար է տուգանվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախաձեռնության անդամներն այս խնդրի շուրջ սեպտեմբերի 14-ին նամակով դիմել են ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Սակայն վարորդների նամակն ուղարկվել է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ու մնացել այնտեղ:
Արդյոք աջ ղեկով մեքենա ներկրողների ճակատագրով մտահոգվա՞ծ է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ի պատասխան` տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանն արձագանքեց. «Ինչպե՞ս կարող է հանրությունը տեղյակ չլինի ընդունված օրենքի մասին: Մենք ունենք օրենք եւ առաջնորդվելու ենք այդ օրենքով: Ինչպե՞ս եք պատկերացնում զիջել, դա ընդունված օրենք է: Ես այս պահին չեմ կարող ասել, թե ինչ կլինի 130 ավտոմեքենայի մասով, բայց գոյություն ունի օրենք, եւ առաջնորդվում ենք դրանով»:
Այս պաշտոնյայի մեկնաբանությունից հետո պարզ է դառնում որ նախարարությունը բացարձակ մտահոգված չէ խնդրով: Հուսանք` այս հրապարակումից հետո «գժուկները» կսթափվեն եւ, ի վերջո, կզբաղվեն խնդրով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԸ ԼԱՎ ՉԻ ԸՆԿԱԼՎԵԼ
Հայաստանում դեռ 2017թ. դեկտեմբերին ներդրված պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներն ունեցել են շատ ցածր ընդգրկվածություն. 13 տարեկան աղջիկների միայն մոտ 5 տոկոսն է ստացել այդ պատվաստումը: Հայաստանի իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը մտահոգիչ է համարում ցուցանիշը ու նշում, որ պատվաստանյութի ներկրումը լավ չի ընկալվել ոչ միայն բնակչության, այլեւ բուժաշխատողների շրջանում:
«Մենք պատվաստման ներդրման հետ կապված նախապատրաստական ողջ միջոցառումներն իրականացնում էինք ճգնաժամային իրավիճակում, այսինքն` զուգահեռ իրականացվող հակապատվաստումային քարոզի հետ մեկտեղ: Բնակչության շրջանում վախի, սարսափի մթնոլորտն ավելի գերակշռեց. ունեցանք ցածր ընդգրկվածություն»,-ասել է նա: Ի դեպ, բուժաշխատողները եւս կասկածներ ունեին պատվաստման հաջողության հետ կապված: «Ես կարծում եմ, որ այս իրավիճակը բոլորովին վերջնական չէ, եւ այն կարելի է հետ դարձնել: Մեր բուժաշխատողներին մենք պետք է ներկայացնենք ապացուցողական տեղեկատվություն, այլ երկրների փորձ, եւ մեր հաջորդ քայլերը լինելու են շարունակական հետեւողական աշխատանքներ»,-նշել է մասնագետը:
Հիշեցնենք, որ իմունականխարգելման ազգային ծրագրով ՄՎՊ-ի դեմ առաջարկվում է քառավալենտ պատվաստանյութ:
ՍԱՀՄԱՆԵԼ ՀՍՏԱԿ ՕՐ
«Հայաստանի Հանրապետության պետական տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Քանի որ Երեւանը ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ հայ ժողովրդի մայրաքաղաքն է, անհրաժեշտ է նրա օրը նշել պետական մակարդակով»: Նա առաջարկել է այդ օրը տոնել հոկտեմբերին, իսկ հատկապես հոկտեմբերի երկրորդ կիրակի` սահմանելով հստակ օր: Նշենք, որ խորհրդային տարիներից ի վեր «Էրեբունի-Երեւան» տոնը նշվում է հոկտեմբերի երկրորդ կիրակի: