Արդեն հայտնի է, որ Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի: Այդ պաշտոնում նշանակվեց Ղազախստանի Ալմաթի քաղաքի Մ. Յ. Լերմոնտովի անվան ռուսական դրամայի թատրոնի բեմադրող ռեժիսոր Կարեն Ներսիսյանը:
Նշենք, որ Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո արդեն մեկ տարի էր` թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը չէր կարողանում գեղարվեստական ղեկավար ընտրել: ՀՀ մշակույթի նախարարությունը համապատասխան մասնագետների եւ թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանի մասնակցությամբ խորհրդակցական ժողով էր հրավիրել, որի արդյունքում 5 թեկնածուներից ընտրվել էին երկուսը` ռուսաստանաբնակ ռեժիսոր Կարեն Ներսիսյանն ու բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը: Այս երկու թեկնածուներին հանձնարարվել էր մեկ ժամանոց ներկայացում բեմադրել: Դա թույլ կտար լավագույնս բացահայտել մասնակիցների կարողությունները: Մշակույթի նախարարությունը գեղարվեստական ղեկավարի ընտրութան համար հստակ ժամկետներ էր սահմանել. հարցը պետք է լուծվեր մինչեւ 2019-ի հունվարի 1-ը, վատագույն դեպքում` մինչեւ մարտի 1-ը: Սակայն, ինչպես տեսանք, բանը դրան չհասավ, եւ ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Ֆրեդ Դավթյանի անակնկալ որոշումը զարմացրել է Սուրեն Շահվերդյանին. «Նախարարության որոշմամբ ես եւ Կարեն Ներսիսյանը պետք է ներկայացում բեմադրեինք, արդյունքում պետք է հասկանայինք, թե մեզնից ով է ավելի լավ դա անում, ով կարող է թատրոնի անդամների հետ աշխատել: Ֆրեդ Դավթյանն ասել է, որ մեկ ամսվա ընթացքում հնարավոր չէր ներկայացում բեմադրել, բայց նախարարությունը մինչեւ մարտի 1-ը ժամկետ էր տվել. դա արդեն 4 ամիս եղավ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տարակուսեց Սուրենը:
Ֆրեդ Դավթյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նաեւ նշել էր, որ Կարեն Ներսիսյանը կարող է շարունակել ռուսական թատրոնի ավանդույթները. «Ըստ իս` Ստանիսլավսկու թատրոնին նոր տեսակետ, նոր ուժ է պետք, որպեսզի այն համաշխարհային թատրոնին համահունչ քայլի»,-հակադարձեց Սուրենը:
Բեմադրիչի խոսքով` աշխարհի առաջատար թատրոններում գեղարվեստական ղեկավարի լիազորություններն ամենաուժեղն են, տնօրենն էլ նշանակվում է գեղարվեստական ղեկավարի առաջարկով, ոչ թե հակառակը. «Ստանիսլավսկու թատրոնի դեպքում նույն թատրոնի դերասանը նաեւ տնօրեն է եւ ինքն է նշանակում գեղարվեստական ղեկավար: Նշանակում է` վերջինս կախված է դերասան-տնօրենից եւ պետք է այնպիսի գործեր բեմադրի, որ նա բեմում առաջատար լինի: Սա գեղարվեստական լիդերի կարողությունները սահմանափակող անհեթեթություն է»,-ասաց մեր զրուցակիցը:
Նա նաեւ հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ. «Մինչ գեղարվեստական ղեկավարի ընտրությունը Ֆրեդ Դավթյանը որոշ մարդկանց միջոցով ինձ հասկացրել է, որ եթե ես չխառնվեմ թատրոնի ներկա եւ անցյալ ֆինանսական հարցերին, ինքը կողմ է իմ թեկնածությանը: Բայց նախ` տնօրենի աջակցության կարիքը ես չունեմ, եւ երկրորդ` չէի կարող չմիջամտել այդ հարցերին»,-նշեց Սուրենը:
Ավելի վաղ գեղարվեստական ղեկավարի պաշտոնի համար իր թեկնածությունը դրած, իսկ հետո հանած դերասան Ռոբերտ Հակոբյանը համարում է, որ Ֆրեդ Դավթյանը սխալ որոշում է կայացրել. «Մենք Կարեն Ներսիսյանին չենք ճանաչում, չգիտենք` ով է, ինչացու է: Ռուս գործընկերներիցս տեղեկություններ ունեմ, որ նա առանձնապես փայլուն հնարավորություններ չունի: Առանց բեմադրության նրան գեղարվեստական ղեկավար ներկայացնելն առնվազն տարօրինակ է: Դեռ չեմ պատկերացնում իր հետ իմ աշխատանքը: Թատրոնի անձնակազմից շուրջ 20 հոգի ցանկացել է, որ նա լինի ղեկավար, բայց իրենք էլ Կարենին չեն ճանաչում: Այս մարդկանց գեղարվեստական ղեկավար պետք չէ, Սուրեն Շահվերդյան պետք չէ: Նրանք վախենում են ատեստացիայից, Սուրենը խստորեն դրել էր նաեւ ռուսերենին վարժ տիրապետելու հարցը, իսկ այս թատրոնում շատ դերասաններ թերանում են այդ հարցում: Սուրենը կտրուկ էր լինելու, դա իրենց ձեռնտու չէր»,-կարծիք հայտնեց պարոն Հակոբյանը:
Իսկ ահա երջանկահիշատակ Ալեքսանդր Գրիգորյանի դուստրը` նույն թատրոնի բեմադրիչ Նորա Գրիգորյանը, ով եւս գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար դրել էր իր թեկնածությունը, ապա հանել, ուրախ է, որ թատրոնը վերջապես ունի գեղղեկավար. «Կարեն Ներսիսյանի կենսագրությունից երեւում է, որ աշխատող մարդ է, իսկապես արվեստագետ է, հետաքրքիր մտքեր ունի, ուրախ կլինեմ իր հետ համագործակցել»,-եզրափակեց Նորան:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
«ԻՄԱՍՏ ՉՈՒՆԻ ԱՅԼ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵԼ»
«Կարծում եմ՝ այն բանից հետո, ինչ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի հրահանգով մեկ մարդու պես շրջափակեց Ազգային Ժողովը, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետի ընտրություններում ցույց տվեց, որ մեծապես աջակցում է Փաշինյանի թեկնածուին, վերջինիս հրաժարականից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններին քաղաքական մյուս ուժերը այլ թեկնածու չեն առաջադրի»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգչուհի Լայանան:
Նրա համոզմամբ՝ քաղաքական դաշտում առաջիկայում ամեն բան հարթ կգնա, քանի որ քաղաքական ուժերն էլ գիտակցում են, որ ժողովրդի կամքին դեմ գնալ չի կարելի. «Դա նույնն է, թե փորձես օվկիանոսի հոսանքին հակառակ լողալ: Իմաստ չունի այլ թեկնածու առաջադրել, երբ ժողովուրդն ունի իր թեկնածուն: Բացի այդ, եթե նման բան լինի, ժողովուրդն էլի ոտքի կկանգնի, երկրում վիճակն էլի կխառնվի, կյանքի բնականոն ռիթմը կխախտվի, ժամանակի անիմաստ կորուստ կունենանք: Լավ կլինի, եթե քաղաքական բոլոր ուժերը խելամիտ գտնվեն այդ հարցում»,-մեկնաբանեց երգչուհին:
Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը խելացի եւ բանիմաց ղեկավար է, ինչ վերաբերում է կադրերին, Լայանան մի փոքր այլ կարծիքի է. «Նրանց շրջանում կան ե՛ւ հրաշալի մասնագետներ, ե՛ւ մարդիկ, որոնք իրենց ոլորտի հետ կապ չունեն: Բայց այնպես չէր, որ նախորդ կառավարությունում բոլորն իրենց տեղերում էին»,-նկատեց Լայանան:
Մենք հարցրինք՝ երգարվեստի ոլորտում Լայանան ի՞նչ փոփոխությունների կարիք է տեսնում. «Կցանկանամ, որ այդ դաշտը վերահսկվի, եւ թացը չորից տարբերվի: Իմ դուստրը երգում է, այդ տաղանդն ունի, բայց ես չեմ ուզի, որ նա Հայաստանում երգչուհի լինի: Եթե համապատասխան պայմանները ստեղծվեն, եւ ամեն մարդ իր տեղում լինի, դա ուրիշ բան: Այդ դեպքում ոչ ոքի մտքով անգամ չի անցնի հեռանալ հայրենիքից»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
11.000 ՀԱՆԴԻՍԱԿԱՆ
Ազգերի լիգայի խմբային փուլի Հայաստան-Ջիբրալթար խաղին ներկա է եղել 11 000 հանդիսական, իսկ Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա խաղին` 8300 հանդիսական: Հիշեցնենք, որ Հայաստան-Ջիբրալթար հանդիպումն ավարտվել է մեր ընտրանու` նվազագույն հաշվով պարտությամբ, իսկ երեկ կայացած Մակեդոնիայի հետ խաղում Արմեն Գյուլբուդաղյանցի սաները ֆանտաստիկ` 4:0 հաշվով հաղթանակ են տարել:
ՌԵԿՈՐԴՆԵՐԻ ԳՐՔՈՒՄ
Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես ֆուտբոլիստ, որը բոլորից շուտ հասել է անգլիական Պրեմիեր-լիգայում 100 գոլային փոխանցման ցուցանիշին: Իր 100-րդ գոլային փոխանցումը Ֆաբրեգասը կատարել է 2016թ. դեկտեմբերի 31-ին` «Սթոք Սիթի»-ի հետ խաղին: Այս կերպ 31-ամյա ֆուտբոլիստը 100 գոլային փոխանցման նշակետին հասել է 74 խաղ ավելի շուտ, քան նախորդ ռեկորդակիր Ռայան Գիգզը: «Ես ամենաարագը չեմ, ոչ էլ ամենաուժեղն ու ամենաճկունը, եւ ես չեմ կարողանում բարձր ցատկել: Բայց սա կարիերայիս ամենահաճելի պահերից մեկն է, քանի որ ես կատարում եմ իմ աշխատանքն ու դա անում եմ ոչ վատ»,-ասել է Ֆաբրեգասը:
ԽԱՂՈՒՄ Է ԿՈՏՐՎԱԾՔՈՎ
Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը պատմել է, որ անգլիական «Լիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ Վան Դեյկն արդեն մի քանի շաբաթ խաղում է 2 կոտրված կողոսկրով: Ֆուտբոլիստը սեպտեմբերի 22-ից դաշտ է դուրս գալիս վնասվածքով: Այդ ընթացքում Վան Դեյկը 2 խաղի է մասնակցել «Լիվերպուլ»-ում եւ մեկ հանդիպում անցկացրել Հոլանդիայի հավաքականի կազմում:
10 ԳՈԼ
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, մասնակցելով Գերմանիայի հավաքականի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպմանը, 24-րդ անընդմեջ խաղն է անցկացրել Ֆրանսիայի ազգային հավաքականում: 19-ամյա ֆուտբոլիստն այս ցուցանիշով առաջինն է ազգային թիմի այս կազմի խաղացողներից: Այդ 24 խաղում Մբապեն խփել է 10 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ Մբապեն Ֆրանսիայի հավաքականի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը մինչեւ 20 տարեկան խփել է 10 գոլ ազգային թիմում: