ԴՈԼԱՐԱՅԻՆ ՄԻԼԻՈՆԱՏԵՐԵՐԸ ՕԼԻԳԱՐԽՆԵՐ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, «Ազատության» հարցի ի պատասխան, ընդգծել է, որ Եվամիությունը եւ Գերմանիան, Շվեդիան ու Միացյալ Թագավորությունը առանձին հայտարարել են ֆինանսական աջակցության մասին: Դեսպանի հայտարարության, օլիգարխիայի եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

-ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել է, որ Հայաստանը պետք է իմանա, որ հաջորդ տարի կլինեն քննարկումներ նոր, բազմամյա ֆինանսական շրջանակների վերաբերյալ: Եվ եթե Հայաստանն իրեն որպես լավ բրենդ դրսեւորի, ներկայանա որպես բարեփոխումներին միտված երկիր, որ բարեխղճորեն է ծախսում Եվրամիության միջոցները, ապա առաջիկա ֆինանսական հեռանկարում նա կարող է պատկառելի գումարներ ակնկալել: Ինչպե՞ս պետք է դառնալ լավ բրենդ, որ մեզ ֆինանսապես աջակցեն:
-Սա նշանակում է, որ բարեփոխումների մասին բոլոր այդ հավաստիացումները եւ կոնկրետ քայլերը պետք է ձեւակերպվեն ծրագրային մակարդակով: Այսինքն` պետք է ունենալ կոնկրետ ծրագրեր դատաիրավական ոլորտի, մարդու իրավունքների, տնտեսական ազատությունների, կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հետ կապված: Այսինքն` այն ուղղությունները, որոնցում Հայաստանը ավանդաբար նախկին իշխանությունների ջանքերով ձախողել է` ցույց տալով իբր թե դա իրականացնելու ցանկություն եւ կամք ունեն, բայց ամեն անգամ զուտ գումար են ակնկալել, որի հետ կապված պարոն Սվիտալսկին ժամանակին ասել է, թե ԵՄ-ն բանկոմատ չէ: Նոր իշխանությունների հետ կապված նա ասում է, որ եթե դուք ներկայացնեք այդ չափելի, հիմնավոր ծրագրեր բարեփոխումների ուղղությամբ, բնականաբար, կունենանք ավելի մեծ աջակցություն: Սա հայտարարություն է պատրաստակամության մասին:
-Նիկոլ Փաշինյանի վարած կադրային քաղաքականությունը դուք քննադատում եք: Հատկապես քննադատում եք Հունան Պողոսյանի նշանակումը: Արդյոք ողջունո՞ւմ եք երիտասարդ այն կադրերին, որոնք պատասխանատու չեն իրենց կարգավիճակի համար: Օրինակ` տրանսպորտի նորանշանակ նախարարը աջ ղեկով մեքենա գնած քաղաքացիներին համեմատել է կոկաին բերողների հետ:
-Կան հստակ չափանիշներ, որոնք որոշում են թույլատրելիության այն սահմանը, թե ովքեր կարող են լինել նոր ժողովրդավարական Հայաստանի պետական կառավարման հետ: Երբ անցումային արդարադատության իրականացման, երբ որ կտրվեն համակողմանի իրավական գնահատականներ նախորդ կառավարման ժամանակ իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումներին, այդ խախտումների համար պատասխանատու անձինք կարձանագրվեն իրավական գնահատական ստանալու արդյունքում, դրա հիման վրա նոր կարելի է որոշում կայացնել, թե որ կադրերն են, որ ընդունելի կարող են լինել ժողովրդավարական բարեփոխումների մասնակցության առումով: Այն, որ երիտասարդ կադրերը հանրային դաշտում խոսքի ձեւակերպման հետ կապված խնդիրներ ունեն, դա միանշանակ է: Որտեղից պետք է սովորեին լինել քաղաքականության մեջ, ինչպես լինել, երբ որ երկար ժամանակ քաղաքականությունը եղել է միայն ՀՀԿ-ի եւ նրա թույլտվությամբ որոշ քաղաքական ուժերի մենաշնորհը: Այդ երիտասարդները չեն եղել կոռուպցիոն գործարքների, անձնական շահից ելնելով` պետական գնումներ չեն կատարել եւ այլն:
-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ում օլիգարխներ չկան: Կիսո՞ւմ եք նրա կարծիքը:
-Ո՛չ:
-Կսահմանե՞ք` ով է օլիգարխը: Փորձենք միասին ՀՀ քաղաքական դաշտում գտնել այդպիսիներին:
-20 տարի շարունակ խոսել ենք այդ մասին: Այն ժամանակ մենք բոլորս ասել ենք, որ ՀՀ-ում կառավարման համակարգը իր բովանդակությամբ քրեական օլիգարխային է: Այսինքն` դրանք այն նեղ շրջանակներն են, որ իրենց ձեռքում կենտրոնացրել են պետական բոլոր ռեսուրսները: Բիզնեսը, կառավարումը, քաղաքականությունը իրար հետ սերտաճած են եղել:
-Մեր քաղաքական դաշտից կնշե՞ք մի քանիսին:
-Բոլոր դոլարային միլիոնատերերը:
-Ի՞նչ կանխատեսում ունեք դեկտեմբերին սպասվող ընտրություններից:
-Որ ասում են ՀՀ-ում իրավիճակ է փոխվել, նշանակում է` փոխվել է ՀՀ քաղաքացին: Ռիսկային իրավիճակներ ստեղծող ցանկացածը կստանա համարժեք պատասխան ժողովրդի կողմից: Կանխատեսում եմ, որ կլինեն արդար եւ ազատ ընտրություններ:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

ՀՀԿ-Ն ՎԱԽԵՆՈՒՄ Է` ԹՈՂ ԳՆԱ ՏՈՒՆ

Չնայած արտահերթ խորհրդարանական ընտրությունները սարերի հետեւում չեն, սակայն այս պահին խորհրդարանում դեռեւս մեծամասնություն համարվող «Հանրապետական կուսակցությունը» վերջնականապես չի որոշել` մասնակցելու են ընտրություններին, թե ոչ: Ընդ որում, այս հարցում կուսակցության ներսում տեսակետները տարբեր են, եւ նրանք թեւերի են բաժանվել: Մի թեւը ամբողջապես կողմ է արտահերթ ընտրություններին մասնակցելուն` թեկուզ եւ քիչ ձայներ ստանալու գնով, իսկ մյուս թեւն էլ կտրականապես դեմ է: Սակայն ինչպես նշեցինք, վերջնական որոշում առկա չէ:

Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Հարությունյանի հետ, ով եւս ընտրություններին մասնակցելու կողմնակիցներից էր: Նա երեկ մասնակցում էր նաեւ ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստին:
-Պարո՛ն Հարությունյան, կարճ ժամանակ է մնացել այս խորհրդարանի գործունեությանը: Հանձաժողովը կարճ ժամանակում ի՞նչ է հասցնելու անել:
-Անխոս, ինչ-որ աշխատանքներ անել կհասցնենք: Բայց, բնականաբար, ամբողջ ծավալով` ոչ:
-Այսինքն, ուշացա՞ծ եք համարում այս հանձնաժողովի ստեղծումը:
-Հարցին կարելի է երկու կողմից նայել. միգուցե Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն են վաղաժամ:
-Իսկ ի՞նչ հնարավորություններ եք տեսնում հանձնաժողովի աշխատանքի:
-Նման հանձնաժողովի կարիք միանշանակ կա: Կարող ենք նաեւ ընդգծել այն փաստը, որ հինգ այդպիսի հանձնաժողով է ստեղծվել տարբեր գերատեսչություններում: Այսինքն` «վպՑց ՊօՎՈ ոպջ Տչվÿ»:
-Դուք խոսեցիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: Իսկապես այն վաղաժամ եք համարո՞ւմ:
-Իրականում մտածում եմ, որ արտահերթ ընտրությունները վաղաժամ են: Բայց միեւնույն ժամանակ արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են:
-Իսկ դուք ո՞ր տեսակետի կողմնակից եք, պե՞տք է մասնակցել ընտրություններին, թե՞ ոչ:
-Ես կիսում եմ այն տեսակետը, որ ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին: Քաղաքական ուժ է եւ, ի վերջո, պետք է ստանա իր գնահատականը, թեկուզ եթե այդ գնահատականն անբավարար է, դրանից պետք չէ խուսափել, պետք է օբյեկտիվ գնահատել ամեն ինչ:
-Միգուցե հենց շատ ցածր ձայներ ստանալու վա՞խն է ձեր կուսակիցներին հետ պահում ընտրություններին մասնակցելուց:
-Վախենում են` թող տուն գնան: Միանշանակ պետք է մասնակցել: Եթե նպատակահարմար լինի իմ մասնակցությունը, միգուցե ես էլ մասնակցեմ: Բայց խնդիրը կայանում է նրանում, որ ցանկացած քաղաքական ուժ, որն իրեն այդպիսին է համարում, չպետք է նեղանա, թողնի, գնա տուն: Չմասնակցի որպես ի՞նչ: Հակառակը, պետք է մասնակցի եւ ստանա իր գնահատականը, եթե անգամ այդ գնահատականն անբավարար է:
-Իսկ Դուք Ընտրական օրենսգիրքն ուսումնասիրե՞լ եք: Ո՞ր օրենսգրքով ընտրություններին գնալու կողմնակիցն եք:
-Ծանոթ եմ առաջարկվող փոփոխություններին: Իմ կարծիքով` ըստ էության, կառավարության համար տարբերություն չկա` նորով, թե գործողով, եւ իմ կարծիքով էլ` էական տարբերություն չկա` գործող, թե նորով: Իմ կարծիքով կառավարության համար տարբերություն չկա, եւ հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այնքան բարձր է, որ խնդիր առկա չէ: Եվ դրանով է հիմնավորված իմ այն տեսակետը, որ այս պահին ընտրությունների գնալը ճիշտ չէ, քանի որ գնալու են եւ ընտրեն ոչ թե քաղաքական ուժի, այլ քաղաքական գործչի:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ԿԱՌԱՋԱԴՐԻ՞, ԹԵ՞ ՈՉ
Հոկտեմբերի 24-ին` Ազգային ժողովի հերթական նիստին, տեղի կունենա վարչապետի ընտրություն: Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանն այդ պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին, թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 23-ին: Ըստ օրենքի` ընտրությունը պետք է կայանա հաջորդ օրը: Սակայն այս պահի դրությամբ դեռեւս վերջնական որոշված չէ` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառաջադրի իր թեկնածությունը, թե ոչ:
Բանն այն է, որ այս ընթացքում սահմանադրագետների մոտ վեճ էր առաջացել օրենքի մեկնաբանման առումով: Նախ նշենք, որ Սահմանադրության 149-րդ հոդվածում ասվում է. «Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»: Եվ հենց այստեղ է սահմանադրագետների վեճը. ոմանք ասում են, որ պետք է թեկնածու լինի եւ չընտրվի, իսկ ոմանք էլ ասում են, թե ընտրվելու պատճառները կապ չունեն:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները եւս չեն բացառում, որ առաջին փուլում Նիկոլ Փաշինյանը կառաջադրի իր թեկնածությունը, որպեսզի չընտրվի, եւ 2-րդ քվեարկության հնարավորություն բացվի:

 

 

ԿԻՆ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ
ԱԺ նախկին պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության եւ Կարո Կարապետյանի սպանության գործով վկայի կարգավիճակով կին է հարցաքննվել: Հիշեցնենք, որ 2018թ. հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան Նորք-Մարաշի «Այգի» ռեստորանային համալիրում կրակոցներից սպանվել էր ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը: Այնուհետեւ հրազենային վնասվածքներով մեկ այլ քաղաքացի եւս` Սարգիս Ավագյանը՝ Մասիսի Ծնգլ անունով, որը Կարո Կարապետյանի մտերիմներից էր, հոսպիտալացվել էր: Մինչ իրավապահները քննում էին կրակոցների վարկածները, հաջորդ օրը սպանության հեղինակ Հարություն Ղարագյոզյանն ինքնասպան եղավ:
Դեպքից անմիջապես հետո պարզվեց` հանդիպումը նախաձեռնել էր Աբրահամ Մանուկյանը, որպեսզի «բարիշեցնի» Ղարագյոզյանին եւ Կարապետյանին, որոնց հարաբերությունները լարված են եղել գումարային պարտք ու պահանջի պատճառով: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` օրերս ՀՀ քննչական կոմիտեի քննիչները գնացել են հիվանդանոց, որպեսզի հարցաքննեն Սարգիս Ավագյանին, սակայն նա խնդրել է մի փոքր սպասել, մինչեւ լավանա: Տեղեկացանք, որ բացի Աբրահամ Մանուկյանից որպես վկա հարցաքննվել է նաեւ մի կին, որը իրավահներին ասել է, որ Կարո Կարապետյանի ծանոթներից է եւ այդ օրը իմացել է, որ խաղատան հետ կապված Կարո Կարապետյանը խնդիր է ունեցել Հարություն անունով մի անձի հետ: Ավելին, հարցաքննվել է նաեւ Աբրահամ Մանուկյանի վարորդը, որն ընդամենը իրավապահներին ասել է, որ իր ղեկավարին տարել է ռեստորան եւ այլ բան չգիտի:




Լրահոս