Հայաստանի 9 մարզերի 49 համայնքներում հոկտեմբերի 21-ին անցկացվեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Էջմիածնում, Արմավիրում, Կապանում համապատասխանաբար պաշտպանում էր Դիանա Գասպարյանի, Դավիթ Խուդաթյանի եւ Նարեկ Բաբայանի թեկնածությունը: Կապանում ՔՊ-ի թեկնածուն պարտվեց:
«Ժողովուրդ» օրաթերթը այս ու այլ հարցերի մասին խոսել է ընտրություններում պարտված մի քանի թեկնածուի հետ:
Էջմիածնում քաղաքապետի անկուսակցական թեկնածու Սուրեն Մուրադյան
Ս. Մուրադյանը հենց ընտրության օրը հայտարարեց, որ իր դեմ սեւ PR է սկսվել, ասաց, որ իր թիմը խախտումներ է հայտնաբերել: Հարցին` մոտավորապես ի՞նչ տեսակ խախտումների մասին է խոսքը, մարդկանց բերե՞լ են ընտրատեղամասեր, ուղղորդե՞լ են, պարոն Մուրադյանն ասաց, որ նշվածներից բոլորն էլ տեղի են ունեցել, բայց ավելի մանրամասն կներկայացվի եւ կհրապարակվի օրվա վերջում: Մուրադյանը իր խոսքում նաեւ նշեց, որ թեկնածուներից ոչ մեկին հիմնական մրցակից չի համարում:
-Պարո՛ն Մուրադյան, քաղաքապետի ընտրության օրը հնչեցրած հարցին, թե ինչով կզբաղվեք, եթե չդառնաք քաղաքապետ, ասացիք, որ նույնիսկ չեք մտածել այդ մասին, որովհետեւ վստահ եք, որ կհաղթեք, այնինչ արդյունքները հակառակը ցույց տվեցին:
-Հիմա արդեն մտածում եմ այդ մասին: Դե, հաղթեց վարչապետը, ես էլ շատ ուրախ եմ դրա համար:
-Մեղավորներ փնտրո՞ւմ եք:
-Չէ, չէ: Ի՞նչ մեղավոր: Ընտրություն է, էդպես էլ է պատահում:
-Շնորհավորելո՞ւ եք քաղաքապետ Դիանա Գասպարյանին:
-Ինչո՞ւ ոչ: Ասեմ, որ ես վարչապետին եմ շնորհավորում: Խոստովանեմ` եթե նա վարչապետ չլիներ, ես չէի էլ մասնակցի:
-Կարծում եք վարչապետի՞ գործոնով էր պայմանավորված այն, որ Դիանա Գասպարյանը հաղթեց:
-Այո: Դուք էլ եք էդպես կարծում:
-Ընտրության օրն ասացիք, որ Ձեր թիմը լուրջ խախտումներ է արձանագրել, որն անպայման կհրապարակվի: Այնուամենայնիվ, Ձեր նշած խախտումներից շատերի մասին ոչինչ չտեսանք: Ինչո՞ւ:
-Դե, մեքենաների վրա թեկնածուի պաստառներ են եղել, կայքերում գրվել է այդ մասին:
-Ի՞նչ եք պատրաստվում անել հիմա: Եթե առաջարկ լինի, կհամագործակցե՞ք քաղաքապետի հետ:
-Ես ավագանու անդամ եմ: Հո ես չեմ համագործակցում քաղաքապետի հետ: Շատ գոհ եմ իմ աշխատանքից:
Արմավիրում քաղաքապետի անկուսակցական թեկնածու Սեւակ Մինասյան
-Պարոն Մինասյան, ըստ Ձեզ` ընտրությունները արդա՞ր անցան:
-Արդար են անցել այն մասով, որ ժողովրդի տված ձայները տեղ են հասել: Իսկ մյուս մասով, բոլորս էլ գիտենք` ոնց է մատնացույց արվել հաղթողին: Այսինքն` ես կարող եմ ասել, որ ժողովուրդը իր ձայնը տվել է Նիկոլ Փաշինյանին: Հետհեղափոխական շրջան է: Բոլորն էլ այդ էյֆորիկ տրամադրության մեջ են: Աստված տա` Դավիթը հուսախաբ չանի ժողովրդին:
-Այսինքն` կարծում եք, որ Փաշինյանի կողմից ինչ-որ մի թեկնածուի մատնանշելը սխալ քա՞յլ էր:
-Իհարկե, սխալ էր: Դա նախորդ իշխանությունների ճանապարհն է: Ես ինքս եղել եմ հեղափոխության մեջ: Այդ քայլը ճիշտ չէ, դա պառակտում է մեր ազգին: Այսինքն` մարդիկ ոչ թե պիտի ընտրություն անեին` ընդունելով «Փաշինյանի մարդն է» հասկացությունը, այլ պետք է արվեր` ճանաչելով թեկնածուին` իր ծրագրերով, իր անցած ճանապարհով: Ես շնորհավորել եմ պարոն Խուդաթյանին:
-Երբ վարչապետ Փաշինյանը եկավ Արմավիր եւ կոչ արեց ընտրել Դավիթ Խուդաթյանին, Ձեր համակիրները այդ հանրահավաքի ժամանակ Ձեր պաստառներով մտան հրապարակ: Ի՞նչ էիք ուզում ցույց տալ դրանով:
-Դա արվեց նրա համար, որ մատնացույց չարվի կոնկրետ թեկնածուի: Այսինքն` ի՞նչ է նշանակում մեր թեկնածուն է: Եթե ինքը ինքաառաջադրվել է, ո՞նց է լինում, որ իրենց թեկնածուն է:
-Տարիներ հետո Ձեզ կրկին տեսնո՞ւմ եք քաղաքապետի պաշտոնում:
– Ճիշտն ասած` պաշտոնի ամբիցիաներ չունեմ: Կուզեմ` Դավիթը նորմալ աշխատի: Ես էլ շատ ուրախ կլինեմ, որ իմ քաղաքը ծաղկում, բարեկարգվում է:
Կապանում «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Նարեկ Բաբայան
Հիշեցնենք, որ Նարեկ Բաբայանը Սյունիքի փոխմարզպետն է:
-Պարո՛ն Բաբայան, ընտրության արդյունքները Ձեզ համար սպասելի՞ էին:
-Չեմ ասի, թե սպասելի էին: Բայց նաեւ անակնկալ էլ չէին:
-Ինչպե՞ս ընդունեցիք պարտությունը:
-Պատվով:
-Շատ են կարծիքները այն մասին, որ հաղթել են ոչ թե թեկնածուները, որոնց սատարում է վարչապետը, այլ հաղթել է հենց վարչապետը: Այս պարագայում դո՞ւք եք պարտվել, թե՞ վարչապետ Փաշինյանը:
-Ասեմ, որ կողմ չեմ այդ կարծիքներին: Պարտվեցի ես, հետո նաեւ իմ թիմը:
-Ինչո՞վ եք զբաղվելու հիմա: Հետագայում հնարավո՞ր է, որ կրկին հավակնեք քաղաքապետի պաշտոնին:
-Արձակուրդս վերջացավ, անցնելու եմ իմ գործին: Եթե հետագայում նման առաջարկ լինի, կմտածեմ այդ մասին, հիմա հստակ բան ասել չեմ կարող:
-Շնորհավորել կամ պատրաստվո՞ւմ եք շնորհավորել Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանին:
-Փորձել եմ զանգահարել եւ շնորհավորել, անհասանելի էր:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ ՄԵՆԱԿ ՉԵՆՔ ԹՈՂԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթը ՏԻՄ ընտրությունների մասին զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ:
-Պարո՛ն Աղազարյան, ՏԻՄ ընտրությունների արդյունքները սպասելի՞ էին։
-Սպասելի էին։ Մի քիչ անորոշ վիճակ կար Կապանում։ Մենք տեղյակ էինք մեր հակառակորդի հնարավորություններից։ Գեւորգ Փարսյանը փորձառության առումով առավելություն ունի։ Այս փոքրիկ պարտությունը մեր մեծ հաղթանակի մի մասն է։
-12 թեկնածու ունեցող Էջմիածնում ընտրությանը մասնակցեց ընդամենը 9000 քաղաքացի։ Ինչո՞վ էր սա պայմանավորված։
-Էջմիածինը տարիներ ի վեր հնարավորություն չի ունեցել արտահայտելու իր կարծիքը, եւ հիմա երեւի թե դրա հետքերը մնացել են։ Բացի այդ, կան մարդիկ, որ տարիներ ի վեր այստեղ չեն, բայց նրանց անունը կա ընտրացուցակներում։ Այդ տոկոսը Էջմիածնում մեծ է։
-Ձեր ընդդիմախոսները պնդում են, որ թեկնածուների ընտրվելը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի գործոնով: Մինչեւ ե՞րբ պետք է օգտագործվի Փաշինյանի բարձր վարկանիշը:
-Դա էական նշանակություն ունի: Նիկոլ Փաշինյանը մարմնավորում է համաժողովրդական իշխանությունը: Հետեւաբար, կարծում եմ՝ մոտ 2 տարի էլ դեռ այդ հանգամանքը կլինի: Մեր գործընկերները, մրցակիցները պետք է հաշվի առնեն սա եւ շատ ավելի պատրաստված պետք է լինեն:
-ՔՊ-ն հայտարարեց, որ Հրազդանում չի պաշտպանում Սեւակ Միքայելյանի թեկնածությունը: Դուք, անձնական հարաբերություններ ունենալով Սասուն Միքայելյանի հետ, Ձեզ վատ չե՞ք զգում, որ չկանգնեցիք նրանց կողքին:
-Վատ չեմ զգում, որովհետեւ վստահ էի՝ տվյալ պարագայում իր կողքին կանգնել-չկանգնելը ոչինչ չէր փոխելու: Ես համոզված էի, որ Սեւակը կհաղթի: Էնպես չէ, որ մենք մեր ընկերոջը մենակ ենք թողել, եւ էնպես չէ, որ մենք մեր հրամանատարին թողեցինք մարտի դաշտում ու հեռացանք: Էստեղ քաղաքական խնդիր կար: Սասուն Միքայելյանը մեր վարչության նախագահն է, եւ քանի որ հեղափոխությունից հետո մենք որոշակի լծակներ ունենք, չպետք է որեւէ մեկի մոտ տպավորություն ստեղծվի, որ մենք այդ լծակները կարող ենք օգտագործել անձնական խնդիրներ լուծելու համար: Վստահ եմ՝ Սեւակը իր վրա դրված պատասխանատվության տակից դուրս կգա: Եթե ընդդիմադիր ուժ լինեինք, մեր բոլոր հնարավորություններով կպաշտպանեինք Սեւակին:
-«Իմ քայլը» դաշինքի մի քանի անդամներ բացահայտորեն պաշտպանում էին մյուս թեկնածուին՝ Լեւոն Ստեփանյանին: Ըստ Ձեզ՝ սա որքանո՞վ է ազնիվ:
-Սեւակը չէր հանդիսանում ՔՊ-ի թեկնածուն: Այսինքն՝ դա մարդկանց անձնական որոշումն է: Այնուամենայնիվ, եթե ես լինեի ավագանու անդամ, այդպես չէի վարվի:
Լ. Մ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԻ
Մինչ հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովը պետք է հատուկ նիստ հրավիրի, որպեսզի որոշի վարչապետ ընտրելու կամ չընտրելու հարցը, այդ ընթացքում լրանում է նախագահ Արմեն Սարգսյանի` Սահմանադրական դատարան դիմելու ժամկետը: «ժողովուրդ» օրաթերթին նախագահի աշխատակազմից հայտնեցին, որ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխությունների մասին վիճահարույց օրենքի նախագծի հետ կապված գործողությունների վերաբերյալ Արմեն Սարգսյանը հանդես կգա հայտարարությամբ մինչ սահմանված ժամկետի ավարտը: Այսինքն՝ հենց վարչապետի ընտրության նույն օրը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովը ընդունել էր ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին վիճահարույց օրենքի նախագիծը, որից հետո Նիկոլ Փաշինյանը դիմեց քաղաքացիներին եւ կոչ արեց հավաքվել Ազգային ժողովի մոտ բողոքի ցույց անցկացնելու համար: Եվ ահա, համաձայն ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահը ստորագրում եւ հրապարակում է 21-օրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Նախագահի աշխատակազմից էլ փոխանցեցին, որ ըստ հաշվարկների` 21-օրյա ժամկետը լրանում է հենց հոկտեմբերի 24-ին:
ԹՈԹՈՎԱԽՈՍ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, 33-ամյա Հակոբ Արշակյանը սկսել է տարօրինակ եւ ծիծաղ հարուցող մտքեր արտահայտել: Երեկ, երբ ՀՀ ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները` պահանջելով վերացնել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը, մասնակիցներին լսելու էր գնացել նաեւ Հակոբ Արշակյանը: Նա մարդկանց բարձրաձայնած խնդրին լուծում տալու, անելանելի դրությունից հանելու փոխարեն դեռ շարունակում է թոթովախոսել: Պարզվում է` Արշակյանի համար տարվա ամենակարճ ամիսը` փետրվարը, 31 օր ունի: Համենայնդեպս երեկ նա ավտոներկրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ԱԺ-ն «Հայաստան աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին» հարցը ընդունել է փետրվարի 31-ին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ավելի քան մեկուկես ամիս է, ինչ Բագրատաշենի անցակետում աջ ղեկով շուրջ 130 մեքենա կա կուտակված, իսկ հայկական կողմը արգելում է դրանց մուտքը Հայաստան:
Հիշեցնենք, որ արգելքի մասին հարցը ԱԺ-ի կողմից մարտի 1-ի նիստում էր ընդունվել, ինչի ժամանակ, սակայն, փոփոխություն էր կատարվել եւ նախագծից հանվել էր «ժամանակավոր» բառը: Հիմա նորերն էլ անկարող են տիրապետել իրավիճակին, լուծումներ գտնել: