Երեկ խորհրդարանում կրկին շիլաշփոթ էր, եւ սխալված չենք լինի, եթե ասենք, որ պատճառը դարձյալ թաքնված էր ՀՀԿ-ի հնարամտության տիրույթում, որը իսկապես վատ դրության մեջ դրեց գործող իշխանություններին: Ինչպես հայտնի է, երեկ կառավարության հրավերով խորհրդարանն արտահերթ նիստ էր գումարել, որի ժամանակ էլ քննարկվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու նախագիծը:
Սակայն ի սկզբանե նիստի ընթացքն ու քվեարկության պատկերն անորոշ էին, քանի որ շատ քիչ թվով պատգամավորներ էին ներկա: Առավոտյան` գրանցման պահին, ներկա էր 53 պատգամավոր, որը բավարար է նիստի քվորումն ապահովելու համար, բայց Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, եւ դրա քվեարկության համար անհրաժեշտ է պատգամավորների 3/5-րդը, այսինքն` 63 ձայն:
Նշենք, որ հենց սկզբից քվորումն ապահովել հաջողվեց մի քանի ՀՀԿ-ականների ներկայության շնորհիվ, քանի որ բացականեր կային թե՛ «Ծառուկյան» խմբակցությունում, թե՛ ՀՅԴ-ում: Եւ արդեն ակնհայտ էր, որ ՀՀԿ-ն մտադիր է տապալել Ընտրական օրենսգրքի ընդունումը, եւ նրանք դրա համար նաեւ հատուկ սցենար էին մշակել: Մասնավորապես, ազատ էին թողնել խմբակցության անդամներին` ինչպես ցանկանան, այնպես էլ կքվեարկեն, եւ հենց այդ պատճառով էլ անորոշ իրավիճակ էր: Մասնավորապես, ՀՀԿ-ական պատգամավորներից կային այնպիսիք, որոնք շենքում էին, բայց չէին գրանցվել, իսկ մի քանիսն էլ զուտ դահլիճ էին մտել, որպեսզի գոնե քննարկման համար քվորում ապահովեն, բայց ամեն ինչ այլ ուղղությամբ տարան:
Կառավարությունն առաջարկում էր այս նախագիծն ընդունել 24 ժամյա ռեժիմով, սակայն պատգամավորներին առաջարկում էին 72 ժամյա ռեժիմ, եւ չընդունեցին նաեւ այդ տարբերակը: Այսինքն, չընդունվեց ե՛ւ 24 ժամյա ռեժիմը, ե՛ւ 72 ժամյա ռեժիմը: Նշենք, որ այդ դեպքերում սովորական նախագծերի պես է տեղի ունենում քվեարկությունը, երբ երկրորդ ընթերցումը կայանում է միայն երկու շաբաթ անց, եթե կառավարությունը կրկին արտահերթ նիստ հրավիրելու որոշում չկայացնի: Եվ ահա օրվա ընթացքում հաջողվեց մինչ 16:00 մի քանի պատգամավորների «բերման ենթարկել» խորհրդարան: Թվում էր, թե խնդիրը հանգուցալուծվում էր, սակայն քվեարկության վճռական պահին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը զիջեց եւ թույլ տվեց, որ քվեարկությունը կայանա մեկ ժամ անց, որպեսզի համապատասխան թվով պատգամավորներ լինեն դահլիճում:
Սակայն մինչ այդ խորհրդարանում պատգամավորները ակտիվ գործընթացների մեջ էին եւ փորձում էին գտնել իրենց գործընկերներին, ովքեր կկարողանան գալ նիստի: Իրավիճակը սրվեց հատկապես ՀՀԿ-ի այն հայտարարությունից հետո, թե իրենք կողմ չեն նախագծին: Դրանից հետո գործի անցան առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ով փորձել է զանգահարել պատգամավորների, հատկապես ՀՀԿ-ական՝ համոզելով նրանց բերել խորհրդարան: Նման կոչեր էին հնչում նաեւ հենց ԱԺ ամբիոնից, երբ օրինակ Նաիրա Զոհրաբյանը եւս հորդորեց ՀՀԿ-ական գործընկերներին սաբոտաժի չգնալ ու կողմ քվեարկել այս նախագծին:
Իսկ այժմ անդրադառնանք ներկաներին եւ բացականերին: Երեկ ԱԺ նիստից բացակայում էին բուն հանրապետականները, եւ Ընտրական օրենսգրքի քննարկմանը եկել եւ ստիպված գերի էին մնացել խորհրդարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հայտարարությանը միացածներից մի քանիսը: Նրանց թվում էին Տաճատ Վարդապետյանը, Գեւորգ Կոստանյանը, Շիրակ Թորոսյանը, Կնյազ Հասանովը, Արթուր Գեւորգյանը, Սամվել Ալեքսանյանը, Արման Սահակյանը, Մարտուն Գրիգորյանը, Արման Սահակյանը, Աշոտ Արսենյանը: Իսկ բուն հանրապետականներից խորհրդարանում էին Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, Արփինե Հովհաննիսյանը, Գալուստ Սահակյանը: ՀՅԴ-ում նիստի սկզբում եւս բացականեր կային, ովքեր չէին գրանցվել նիստին, խոսքը Ռոմիկ Մանուկյանի եւ Անդրանիկ Կարապետյանի մասին է, սակայն ժամեր անց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե իրենք խմբակցության բոլոր անդամներով կողմ են քվեարկելու: Սակայն հետաքրքիր է, որ Սուրեն Մանուկյանն ու Անդրանիկ Մանուկյանը, ովքեր անկուսակցական են, այդպես էլ չմասնակցեցին քվեարկությանը:
Բացականեր կային նաեւ «Ծառուկյան» խմբակցությունում` Գագիկ Ծառուկյանը, Վահան Կարապետյանը, Հրանտ Մադաթյանը, Դավիթ Մանուկյանը, Մելիք Մանուկյանը: Արգամ Աբրահամյանը եւս ի սկզբանե չէր գրանցվել, սակայն ավելի ուշ նա խորհրդարանում էր եւ կողմ քվեարկեց: Քվեարկությանն ավելի ուշ հասավ նաեւ Մելիք Մանուկյանը, իսկ ահա Նապոլեոն Ազիզյանն առավոտյան գրանցվեց, սակայն հետո չմասնակցեց քվեարկությանը:
Եվ, ի վերջո, երբ նախագիծը պետք է դրվեր քվեարկության, արդեն ընդմիջում վերցրեց Լենա Նազարյանը, սակայն այդ պահին արդեն նիստերի դահլիճում 69 պատգամավոր կար: Ընդ որում, մեզ հայտնի դարձավ, որ ընդմիջում վերցնելու պատճառը կառավարության եւ մի քանի պատգամավորների միջեւ բանակցությունների հաջող անցկացումն է եղել, ովքեր խոստացել են գալ ու կողմ քվեարկել: Սակայն 20 րոպե անց դահլիճում կրկին նույն 69 պատգամավորն էր ներկա, քվեարկությանը ոչ բոլորը մասնակցեցին եւ արդյունքում նախագիծը չանցավ 56 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ: 3 դեմ քվեարկած պատգամավորներն էին Արմեն Աշոտյանը, Վահրամ Բաղդասարյանը եւ Խոսրով Հարությունյանը: Այսպիսով, ընտրական օրենսգրքի նախագիծը չընդունվեց, որը Նիկոլ Փաշինյանի «արտահերթի» ծրագրերի մեջ չէր մտնում:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԼՈՔՅԱՆԸ ԳԻՐՔ Է ԿԱՐԴՈՒՄ
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախկին նախարար, նախկին դաշնակցական Դավիթ Լոքյանը չի հետեւում ներկայիս նորանշանակ նախարարների եւ հատկապես տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի գործունեությանը. «Ծանոթ չեմ, եւ դեռեւս վաղ է գնահատական տալու համար»: Մեր այն հարցին, թե ինչով է զբաղվում նախկին նախարարը, նա ասաց .«Պարոն Լոքյանը զբաղվում է կարդալով, աշխատելով, հաճախ Լեռնային Ղարաբաղ այցելելով, նաեւ հաճախ մտածում եմ որոշակի ձեռնարկներ ստեղծելու մասին, արտադրություններ, որոնք մարդիկ կզբաղվեն եւ կաշխատեն, այլ հարցի չեմ պատասխանի»:
ՄԻԼԻՈՆՆԵՐ ԵՆ ՏՆՏԵՍՈՒՄ
ՀՀ կառավարությունը նախատեսում է լուծարել Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը, եւ դրա գործառույթներն այսուհետ կիրականացվի զուտ նախարարության աշխատողների միջոցով: Նախագծից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կազմակերպությունն իր գործառույթներն իրականացնում է 17 անձից բաղկացած անձնակազմից, որի պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տարեկան հատկացվում է 29 մլն 569 հազար դրամ: Նախագծի հիմնավորումից տեղեկանում ենք, որ նպատակը պետական բյուջեից տրամադրվող գումարների տնտեսումն է: Սակայն նախագծում ամրագրված չէ` ուր են ուղղվելու այդ գումարները:
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳՈՐԾԵՐԸ
Ինչպես նկատում ենք, իրավապահ մարմինները տարբեր բացահայտումներ են իրականացնում նախկինում չբացահայտված կամ ինչ-ինչ հանգամանքներում ոչ օբյեկտիվ քննված քրեական գործերով: «Բարգավաճ Հայաստանի» քվոտայով նախկին կառավարությունում ՀՀ Քաղաքաշինության նախարար աշխատած Վարդան Վարդանյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ արդյոք նա մտավախություն չունի հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, քանի որ իր նախարար լինելու տարիներին աղմկահարույց բացահայտումներ իրականացվեցին: «Ոչ, մտավախություն չունեմ»,- հակիրճ ասաց նախարարը: Հիշեցնենք, որ 2012 թվականի «ատկատների թեմայով» կառավարությունում հրավիրված հայտնի խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը, խոսելով Վարդանյանի գործունեության մասին, ասաց. «2008-2011թթ. Հանրային գրադարանի 700 միլիոն դրամ արժողությամբ հիմնանորոգման աշխատանքների մասին, լսելով… խայտառակություն ու լկտիություն է տիրել»: Իհարկե, իրավապահները զբաղվեցին, սակայն նախկին նախարարը «ջրից չոր դուրս եկավ»: Անդրադառնալով ներկայիս նախարարների գործունեությանը` Վարդան Վարդանյանն ասաց. «Ձգտում կա, ցանկություն կա, որ ամեն ինչ լավ լինի, բոլորն էլ երիտասարդ, բանիմաց կադրեր են, ժամանակի ընթացքում կհասնեն դրական արդյունքի»:
ՀՅԴ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ
ՀՅԴ-ն որոշել է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին: Հայտարարության մեջ ասվում է. «ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը, արժեւորելով նախընթաց (2015-2018) ժամանակահատվածում կուսակցության գործունեությունը, քննելով ներքաղաքական վիճակը, առկա մարտահրավերներն ու հնարավոր զարգացումները, որոշում է մասնակցել Խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Անընդունելի է ընթացիկ դեկտեմբերին առանց օրենսդրական լիարժեք փոփոխությունների, շտապողական արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, իր մտահոգությունն է հայտնում կառավարության գործունեության ծրագրում ամրագրված ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ երաշխիքների ոչ լիարժեք ապահովման կապակցությամբ, փաստում է, որ անցյալի ոչ ցանկալի իրողությունների եւ երեւույթների մերժումն ինքնին չի ենթադրում երաշխավորված ապագա»։
ՊԵՏՔ Է ՀԵՏԵՎԵԼ
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, նշել է, որ հեղափոխությունն ընթացք է, շարունակվող ընթացք, եւ այդ ընթացքն իր հանգրվաններն ունի. «Կարելի չէ մի քանի ամսվա ընթացքին ամեն բան իրագործել։ Հետեւաբար, պետք է այդ հեղափոխության ընթացքին հետեւել, որպեսզի յուրաքանչյուր հանգրվանին ժողովրդի մասնակցությամբ կարելի լինի կատարել այն, ինչ որ հեղափոխության հիմնական նպատակներն էին»։ Նա խորհուրդ է տվել ՀՀ նոր իշխանություններին գործել օրենքով եւ ժողովրդի կամքով։ «Մի կողմից՝ պետք է ականջալուր եւ ականատես լինել ժողովրդի սպասումներին, եւ մյուս կողմից՝ տեսնել, թե հանգրվանային ընթացքով ինչ փոփոխություններ են կատարվում Հայաստանում։ Օրենքը եւ օրինականությունն առանց խտրության պետք է մղիչ ուժը դառնան այս հեղափոխական ընթացքի»,-ասել է նա։
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՌԻՈՒՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լոռու փոխմարզպետ է նշանակվել Արշակ Հովսեփյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Մարզպետի որոշմամբ՝ Լեւոն Տեր-Սիմոնյանը նշանակվել է մարզպետի խորհրդական, որն անկուսակցական է: Լրագրող Գայանե Սարգսյանն էլ նշանակվել է մարզպետի օգնականի պաշտոնում: