ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ մարտի 1-ին իր կողմից հնչած հայտարարության եւ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսման մասին:

-Պարո՛ն Օհանյան, առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, պատրաստվո՞ւմ եք մասնակցել խորհրդարանական ընտրություններին եւ, առհասարակ, ո՞ր դաշինքներից եք առաջարկ ստացել:
-Ուրեմն եկեք ժամանակից շուտ այսպես եզրակացություններ, հետեւություններ եւ նպատակներ չգծենք: Նախկինում էլ եմ ասել եւ այսօր էլ ասում եմ, որ ես միշտ էլ կողմնակից եմ եղել երկրի ներքաղաքական, սոցիալական- տնտեսական, քաղաքացիական հասարակություն կերտելու: Ընդհանուր առմամբ, արդարություն, ազնվություն հաստատելու գործում մեզ պետք են կտրուկ փոփոխություններ: Կտրուկ փոփոխությունները մեզ պետք են, անհրաժեշտ են առաջին հերթին տնտեսության զարգացման համար, քանի որ եթե ցանկանում ենք բնութագրել մեր երկիրը, պետք է բնութագրենք իր տարածքով, բնակչությամբ, իսկ բնակչությունը այսօր ոգեւորված է թավշյա հեղափոխությամբ: Այս փոփոխությունները որոշակի հույս են ներշնչել ժողովրդի մոտ, որ մենք կունենանք հաջողություններ: Այս փոփոխությունները անհրաժեշտ են, եւ կարծում եմ, որ մեր իշխանության բոլոր թեւերը որքան արագ համապատասխանեցվեն մեր ժողովրդի ցանկություններին եւ կամքին, նշանակում է մենք հետագայում արագ հիմք կստեղծենք հետագա զարգացումը ապահովելու համար:
-Մարտի 1-ի գործով բավականին ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Նախ, անդրադառնանք համացանցում հայտնված հեռախոսային խոսակցության գաղտնալսմանը, որտեղ նաեւ Ձեր մասին խոսք կար: Մասնավորապես.
ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Նայի, ախպեր ջա՛ն, ինքը (նկատի ունի Յուրի Խաչատուրովին), ամեն դեպքում, գլխավոր շտաբի հրամանատարն ա, ինքն իրավունք չուներ պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա զորքն օգտագործեր, որովհետեւ էդ ժամանակ մենակ նախագահն իրավունք ունենար նման հրաման ստորագրել: 97 թվի պաշտպանության…
ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Հասկացա, ինքը իրա… Սեյրանին ձերբակալի…
ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Ո՞նց, ո՞նց, չլսեցի:
ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Սեյրանին ձերբակալի կամ Հարությունյանին` Միշային:
ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Բա Սեյրանին էլ ենք բերելու, ընգեր…
Երբ լսեցիք այս ձայնագրությունը, ի՞նչ զգացիք:
-Ընդհանուր առմամբ, մարտի 1-ը մեր բոլորիս ցավն է, եւ այն կորուստները, որ մենք ունեցել ենք, դա իհարկե կպնում են մեր երկրի իմիջին, արժանիքներին: Որքան շուտ ձերբազատվենք այդ ամենից, այդքան լավ: Սա իրավական գործընթաց է, եւ այդ իրավական գործընթացում պետք է հարցը տալ այն մարդկանց, ովքեր գաղտնալսվել են եւ զբաղվում են դրանով:
-Ձեր ձերբակալման մասին են խոսում:
-Խնդրում եմ` իրենց հարցրեք:
-Ձեզ ծանուցագիր էր ուղարկվել հարցաքննության ներկայանալու, ի՞նչ ցուցմունք եք տվել եւ ի՞նչ կարգավիճակով եք ներկայացել Հատուկ քննչական ծառայություն:
-Այդ գործով որպես վկա հարցաքննվել եմ, կա որոշակի գաղտնիություն այդ հարցաքննության մեջ, եւ դա ես մինչ օրս պահպանում եմ…:
-Մարտի 1-ին դուք կոնկրետ հայտարարություն եք արել: Օրինակ` ՀՔԾ պետը նույն գաղտնալսման ժամանակ ասել էր. «Բա Սեյրանին էլ ենք բերելու, որովհետեւ Սեյրանը մի հատ ուրիշ այլանդակություն ա արել, Սեյրանի մեղքը գիտե՞ս ինչքան հիմնավոր ա, ինքն էդ օրը գիշերը որ հելնում, ասում ա` մենք` զորքը, եթե դուք քաղաքացիներով հավաքվեք, էնտեղ բան անեք, զորքն ադեկվատ պատասխան կտա, շատ կոշտ… այսինքն` ինքը սպառնում ա ժողովրդին, ընգեր…»: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ուրեմն Զինված ուժերը այդ գործընթացում ներգրավված են եղել արտակարգ դրության որոշում ընդունելուց հետո եւ գործել են բոլոր իրավական նորմերին համաձայն, զինված ուժերը պահպանել են մեր երկրի կարեւոր օբյեկտները, հույժ կարեւոր օբյեկտները, որոնք նաեւ անվտանգության մաս են կազմում, եւ եթե ուշադիր ընթերցեք այդ հայտարարությունը, բոլոր այդ խնդիրները վերաբերում են զինված ուժերին, եւ այնտեղ որեւէ վատ բան չկա: Դեռ ավելին, քանի որ այդ գործընթացներում ներգրավված են մեր հասարակության զգալի մասը, մեր մարտական ընկերները, ես պարզապես խնդրել եմ, որ բոլորը պահպանեն հանդուրժողականություն, փոխադարձ հարգանք, չխախտեն արտակարգ դրության մասին օրենքները: Եթե խախտումներ լինեն, ապա օրենքին համաձայն միջոցառումներ կկիրառվեն, որտեղ է այդտեղ խիստ խոսքը, չգիտեմ որտեղ է այդտեղ կշտամբանքը ժողովրդին, նման բան չկա: Եկեք այսքանով սահմանափակենք:
-Ձեր պատասխանատվությունը զգո՞ւմ եք մարտի 1-ի իրադարձությունների համար:
-Եթե կա այդ գործընթացում որեւէ տեղ խնդիր, որտեղ ես պետք է ներգրավված լինեմ կամ պատասխանատվություն կրեմ, ես պատասխանատու եմ: Ես այս Հայաստանի համար, Արցախի համար պայքարել եմ, զինվորական եմ եղել, գլխավոր շտաբի պետ եմ եղել, գեներալ-գնդապետի կոչում ունեմ… Ոչ թե իրավապահ մարմինները ինձ պետք ասեն, այլ ես ինքս այդ պատասխանատվությունը կրում եմ լինել երկրում եւ անհրաժեշտության դեպքում, եթե պետք լինի, կրել այդ պատասխանատվությունը եւ այլն եւ այլն:
-Այսինքն` Ձեր մյուս գործընկերների նման փախուստի ճանապարհը չե՞ք բռնի:
-Ես փախուստի երբեւիցե չեմ դիմել, դիմելու մասին անգամ կյանքում ո՛չ ես, ո՛չ իմ ընկերները, ո՛չ իմ մտերիմները չեն մտածի: Ու չեմ էլ ուզում մնացածի մասին խոսել, քանի որ մնացածն էլ գործել են` գոյություն ունեցող իրավական նորմերին համաձայն: Իրավական գործընթաց է, այդ խնդրով թող զբաղվեն իրավապահ մարմինները:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ՍԿՍՆԱԿ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ԸՆԴՎԶՈՒՄ ԵՆ
Դատավորի թեկնածուի հավակնորդները կռիվ են տալիս ՀՀ դատական դեպարտամենտի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ` 2018 թվականի հոկտեմբերի 19-ին Ալետա Դանդղյանը դիմել է ՀՀ վարչական դատարան, որ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի 2018թ. Հոկտեմբերի 5-ի որոշումը ոչ իրավաչափ ճանաչի եւ 2018թ դատավորի թեկնածուի հավակնորդի որակավորման քննություններ հանձնելուն թույլատրի: Դատելով իրավիճակից` Ալետա Դանդղյանը դիմել է ՀՀ դատական դեպարտամենտ, որպեսզի մասնակցի դատավոր դառնալու քննություններին, սակայն ՀՀ դատական դեպարտամենտում, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, նրան թույլ չեն տվել մասնակցել քննություններին, եւ հիմա վերջինս դատարանի միջոցով է ցանկանում վերականգնել իր իրավունքները:

 

 

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐԴՈՒ ԳՈՐԾՈՎ
ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահի որդու ընկերությունը թալանած անձանց գործով վճիռը հրապարակվեց: Դեռեւս այս տարվա հուլիս ամսին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի որդուն` Միսակ Հովսեփյանին պատկանող ընկերությունը դեռ ՀՀԿ իշխանության օրոք հանցագործների թիրախում էր հայտնվել: «ՏԵԼԻԱ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ից 2018թ. փետրվար-մարտ ամիսներին գողություն է կատարվել. տարել էին 50 պարկ ցեմենտ: Այս արարքի համար ամբաստանյալի աթոռին էին հայտնվել Էդգար Բալասանյանը, Բորիկ Հայրապետյանը, Ալեն Ավագյանը եւ Արա Ազարյանը. վերջիններս «ՏԵԼԻԱ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին պատճառել էին 142 հազար 500 ՀՀ դրամի վնաս: Այս գործով հրապարակվել է վճիռը: Մեզ հայտնի դարձավ, որ Էդգար Բալասանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, եւ որպես պատիժ նշանակվել է տուգանք` կես միլիոն դրամի չափով: Բորիկ Հայրապետյանի, Արա Ազարյանի, Ալեն Ավագյանի Լեւոն Հովսեփյանի նկատմամբ նույնպես պատիժ նշանակվեց հինգ հարյուր հազար դրամի տուգանքի չափով: Ստացվում է` ընդամենը 142 հազար դրամի ցեմենտ գողանալու համար վերոնշյալ անձինք յուրաքանչյուրը պետք է կես միլիոն գումար վճարի ՍՊԸ-ին:

 

 

ՉՈՐՍ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի 4 եղբայրների՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ եւ Լյովա Մովսիսյանների բնակարաններում քննչական գործողություններ են արել ոչ թե ԱԱԾ աշխատակիցները, այլ ոստիկանության 6-րդ վարչության: Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները Այգեկ գյուղում գտնվող մի քանի հասցեներում գործողություններ են կատարել՝ աջակցել են նախաքննական մարմնին: Առաքել Մովսիսյանի եղբայրները տեղափոխվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

 

 

ԿՆԱՅԵՆ, ԿՈՒՂՂԵՆ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու են փոխվել ««Վերածնունդ» երիտասարդական ավան» ծրագրի պայմաններն, ասել է. «Վրդովվելու անհրաժեշտություն չկա, եթե անարդար է, կնայենք, կշտկենք, կուղղենք»։ Նշենք, որ հոկտեմբերի 20-ին շահառուները տեղեկացել են, որ ««Վերածնունդ» երիտասարդական ավան»-ի բնակարանների շահառուներին հիփոթեքային վարկեր հնարավոր է տրամադրել միայն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում: «Վերածնունդ» թաղամասում բնակարան ձեռք բերելու համար հերթագրվել է 1050 շահառու, որոնք տարբեր բնագավառների մասնագետներ են: Իսկ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը պետական ծրագիր է, եւ դրանով բնակարաններ հատկացվում են բացառապես երիտասարդ ընտանիքներին: Այսինքն՝ «Վերածնունդ» ավանի ծրագրով բնակարաններ ստանալու համար հերթագրված երիտասարդ մասնագետները չեն կարող օգտվել այս պետական ծրագրից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՔԻՆ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի, ԵԱՀԿ դեսպան, Տնտեսական եւ բնապահպանական ծրագրերի պատասխանատու, դեսպան Վուկ Ժուկիչի եւ ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցավորության գրասենյակի փողերի լվացման դեմ պայքարի հարցերով խորհրդական Օլեքսի Ֆեշչենկոյի հետ: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը նշել է, որ ԵԱՀԿ-ն Հայաստանի կողքին է բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին, ինչպես նաեւ կառույցի աջակցությունն է հայտնել համագործակցության խորացման հարցում Հայաստանի հակակոռուպցիոն պայքարի ոլորտում առավել բարձր նշաձող սահմանելու համար:

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ՔՆՆՉԱԿԱՆՈՒՄ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը նոր նշանակումներ եւ կադրային փոխատեղումներ է կատարել։ Արդարադատության առաջին դասի խորհրդական Աննա Մանթաշյանը նշանակվել է Լոռու մարզային քննչական վարչության պետ, Տավուշի մարզային քննչական վարչության պետ է նշանակվել Արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Ավետիսյանը։ Արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Թորոսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնակատար, իսկ Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գեւորգ Սիմոնյանը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ։




Լրահոս