«Հանրապետական» խմբակցության ներսում իրավիճակ է փոխվել: Եվ եթե նախկինում նրանք ամեն կերպ փորձում էին չխոչընդոտել Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքը եւ կողմ էին քվեարկում վերջիններիս ներկայացրած նախագծերին, ապա այժմ ճիշտ հակառակն են անում: Ընդ որում, ՀՀԿ խմբակցության անդամները հենց կառավարություն-ԱԺ համահունչ աշխատանքն էին օրինակ բերում որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունները հապշտապ չանցկացնելու պատճառ: «Աժ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չենք տեսնում: Մենք հայտարարել ենք, որ որեւէ խոչընդոտ չենք լինելու ներկայիս կառավարությանը: Պետք է օժանդակենք այն ծրագրերի ներկայացմանը, որոնք միտված կլինեն երկրի զարգացմանն ու անվտանգությանը: Չգիտեմ՝ ի՞նչն է դրդապատճառը, որ ցանկանում են գնալ արտահերթ ընտրությունների», – դեռ մայիսի 25-ին հայտարարել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ապա տարբեր առիթներով վերահաստատել դա: Սակայն նախօրեին, ըստ էության, ՀՀԿ-ն ուղղակի բոյկոտեց ԱԺ արտահերթ նիստը, չմասնակցեց Ընտրական օրենսգրքի քվեարկությանը, երեկ բոյկոտեց ՍԴ դատավորի քվեարկությանը եւ փաստացի արդեն իսկ սկսել են խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքին: Ստացվում է` արդեն նույնիսկ ՀՀԿ-ի տրամաբանությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը հասունացել է:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ՝ նրանից հետաքրքրվելով, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո Հայաստանում արտաքին քաղաքականություն է փոխվել: «Այո, ես հանդիպել եմ նրան: Չեմ կարող ասել, որ հաճախ, սակայն ոչ մեկ անգամ, եւ ուրախ եմ, որ այդպիսի հնարավորություն ունեմ:- պատասխանեց դեսպանը՝ հավելելով,- Ես կարող եմ ասել, որ նա բավականին լավ հարաբերություններ է հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Դուք գիտեք, որ նրանք արդեն մի քանի անգամ հանդիպել են, եւ ես կարծում եմ, որ դա շատ կարեւոր է եւ վկայում է այն մասին, որ մեր հարաբերությունները շարունակում են զարգանալ»: Մեր ճշտող հարցին` այսինքն` Դուք կարծում եք, որ երկու երկրների հարաբերություններից զատ նաեւ երկու երկրների ղեկավարների՞ մոտ կան հարաբերություններ, դեսպանը պատասխանեց. «Ես փաստում եմ, որ իսկապես նրանց միջեւ երկխոսությունը հաստատված է, եւ դա շատ կարեւոր է»:
Փաստաբան Վահե Գրիգորյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցեց Մարտի 1-ին տեղի ունեցած 10 սպանությունների մասին: Հիշեցնենք՝ Գրիգորյանը տուժողների իրավահաջորդների ՄԻԵԴ ներկայացուցիչն է: Մեր հարցին՝ դուք մարտիմեկյան սպանդի գործով սպանվածների իրավահաջորդների ՄԻԵԴ-ի ներկայացուցիչն եք, ի վերջո սպանվածների մասով կա՞ն կոնկրետ ապացույցներ` ով, որտեղ, ինչ հանգամանքներում եւ ում կողմից է սպանվել, քանի որ մինչ օրս որեւէ ապացույց չի ներկայացվել եւ առհասարակ որեւէ գործ դատարան անգամ չի գնացել վերջին 5 ամիսների ընթացում: «Դրան վերաբերող փաստական տվյալներ նախաքննության մարմնի կողմից ձեռք են բերվել: Ես ինքս ծանոթ չեմ, եթե ծանոթանամ, նոր կկարողանամ կարծիք հայտնել այդ մասին»: Խոսքը ոստիկանության զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի գործի մասին է: Այսպիսով, մնացած 9 զոհերի մասով դեռեւս որեւէ նորություն չկա:
Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Երդվյալ ազատամարտիկների միության» 6-րդ համագումարը, որի ղեկավարը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն է: Այդ օրը տեղի ունեցած համագումարին մասնակցել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով հայտարարել է, թե Ռուբեն Գեւորգյանը իրենց ցուցակում չի լինի: Ընդ որում, Ռուբեն Գեւորգյանը, ով 10 տարի եղել է ԲՀԿ անդամ եւ մշտապես հայտարարել, թե ՀՀԿ գաղափարախոսությունն իր համար հոգեհարազատ է, դուրս էր եկել այդ կուսակցությունից 2017 թվականից, երբ ԲՀԿ-ն որոշել էր դաշինքով մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Եվ սա այն դեպքում, երբ Ռուբեն Գեւորգյանը ժամանակին հայտարարում էր. «ԲՀԿ-ից դուրս չեմ գա, քանի որ կյանքումս ինձ հանդիպած անգամ կործանվող վագոններից վերջինն իջնողի արտոնագիրը իմն է միշտ եղել եւ այդպես էլ կլինի»: Սակայն Գեւորգյանը չպահեց խոստումը, բայց մեկ տարի անց վերադարձավ Ծառուկյանի գիրկը: Հետաքրքիր է` ի վերջո քանի իրական կերպարով է քաղաքականության մեջ հանդես գալիս Ռուբեն Գեւորգյանը:
ՍՊԻՏԱԿՆԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ
Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի աղմկահարույց նախագիծը` այն ուղարկելով Սահմանադրական դատարան: Ըստ նախագահականի հաղորդագրության. «Օրենքի վերաբերյալ փաստացի արձանագրվեց հանրության մի ստվար զանգվածի անհամաձայնությունը: Հավատարիմ իր մոտեցմանը՝ նախագահ Սարգսյանը հանձնարարեց իր աշխատակազմին ավելի խորն ուսումնասիրել տվյալ հարցի վերաբերյալ միջազգային փորձը, ինչպես նաեւ ներկայացված Օրենքի փոփոխությունները իրենց հիմնավորմամբ: Օրենքի փոփոխությունների, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի գործող խմբագրության վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունները վկայում են որոշակի առերեւույթ սահմանադրաիրավական խնդիրների մասին»:
Արմեն Սարգսյանի որոշումը միանգամայն սպասելի էր: Ավելին` եթե անկեղծ, նա չուներ այլընտրանք: Սա միանգամայն պարզ պատճառով. ԱԺ կանոնակարգ օրենքի նախագծում փոփոխությունների առաջարկն ԱԺ-ում ներկայացվեց այսրոպեական քաղաքական խնդիր լուծելու համար` վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կառավարությանը, հասարակությանն «ինադու»: ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցությունները համաձայնել էին աղմկահարույց փոփոխություններին կողմ քվեարկել ընդամենը Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ դեմարշ անելու նպատակով: Միայն թե եթե հիշում եք, ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանական ուժերի պահվածքը հարուցեց մեծ զայրույթ` արժանանալով հասարակության դիմադրությանը: Դրանից հետո բնական էր, որ Արմեն Սարգսյանը չի փորձի որեւէ կերպ սրել իրավիճակը, մանավանդ այսօրվա լարված իրավիճակում: Ի վերջո, մարդիկ առաջիկա երկու շաբաթների ընթացքում սրտատրոփ սպասում են՝ արդյոք խորհրդարանական ուժերից որեւէ մեկը կփորձի իրավիճակից օգտվելով հեղաշրջման փորձ անել` վարչապետի իր թեկնածուն առաջադրելով ու ընտրելով, թե այնուամենայնիվ, հավատարիմ կմնան իրենց խոստմանն ու կգնան ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու ճանապարհով: Նաեւ պարզ է, թե ինչ կլինի, եթե խորհրդարանական որեւէ ուժ փորձի խանգարել արտահերթ ընտրությունների անցկացմանը:
Այնպես որ, նախագիծը չստորագրելով ու ՍԴ ուղարկելով` Արմեն Սարգսյանը ե՛ւ հասարակությանը, ե՛ւ խորհրդարանական ուժերին հստակ ուղերձ է հղում՝ ինքը «սպիտակ է», դեմ է լինելու «սեւերի» հակահեղափոխության ցանկացած քայլի` աջակցելով ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու նախաձեռնությանը: Սա, թերեւս, պետականամետ գործչի քայլ է, երբ փորձում է իր հերթին անել ամեն ինչ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար: