ՍԵՐԺՆ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԻՐԵՆ ԿԿԱԽԵՐ ԱԹՈՌԻՑ, ՔԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է, Կառավարությունը 56,8 մլն դրամով նվազեցրեց Պաշտպանության նախարարությանը 2018 թվականի պետական բյուջեով կատարված հատկացումներից: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի ռիսկային լինելու, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի վարած կադրային քաղաքականության մասին խոսել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, նախկին քաղբանտարկյալ Վահան Շիրխանյանի հետ:

-Պարո՛ն Շիրխանյան, հաշվի առնելով Հայաստանի` ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ իրավիճակը` արդյոք նման կրճատումները ռիսկային չե՞ն:
-Եթե հիմքում վերցնենք այն, որ ՊՆ բյուջեն 245 միլիարդ դրամ է, դրանից 50 միլիոն հանելը ինչ-որ մեծ վնասներ բերել չի կարող. դա շատ փոքր թիվ է: Բայց երեւույթն է հետաքրքիր, որ գումարը հանվում է ՊՆ-ի բյուջեից: Ըստ երեւույթին, դա կարող է լինել երկրորդ փուլում պաշտպանական մի խնդրի վրա այդ գումարը ծախսելու համար. այդպես հնարավոր է: Մեր ժամանակ եթե տարեվերջին չիրացված գումար էր մնում, այդ գումարը վերադարձնում էինք պետական բյուջե: Ոչ թե տարվա ընթացքում, այլ հենց տարեվերջին: Եթե մենք խոսում ենք բանակի բյուջեի մասին, կուզենայի շեշտը դնել մեկ այլ հարցի վրա: Ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ պայմաններում հայ գեներալը, գնդապետը ստանում է 150 հազար դրամ թոշակ, իսկ դատախազը ստանում է 600 հազար դրամ: Դա արդյոք վտանգավոր չէ՞: Ի՞նչ է նշանակում, որ հրամանատարը, ով գունդ է պահել, ամբողջ կյանքը նվիրել է երկրին, դատախազից երեք անգամ պակաս թոշակ է ստանում: Մի՞թե թոշակը վաստակի գնահատման գործիք չէ: Էդ ո՞ր վաստակի համար են դատախազին երեք անգամ ավել վճարում: Ես գեներալ չեմ, ինձ համար չեմ ասում: Իհարկե, բանակի հետ խնդիրներ շատ կան, եւ սպայի հետ կապված խնդիրներ շատ կան: Եթե չլինի սպան, չի լինի բանակը: Չի լինի բանակը` չի լինի պետությունը, չի լինի պետությունը` մարդը չի ունենա ո՛չ ազատություն, ո՛չ անկախություն. ոչինչ չի ունենա: Բանակի եւ սպայի նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի առանձնահատուկ:
-Մեր հարեւան Ադրբեջանը ավելացնում է ՊՆ-ին տրամադրվող միջոցները, իսկ մենք անում ենք հակառակը: Արդյոք միջոցների սուղ լինելը արդարացնո՞ւմ է կրճատումները հենց այս ոլորտում:
-Ոչ: Ոչ մի դեպքում: Եթե կոնկրետ կրճատումը տեղի է ունեցել ֆինանսների սղության պատճառով, դա արդարացվել չի կարող: Կարելի է կրճատել հազար ու մի տեղ, բյուջեն այդպիսի բազմաթիվ հնարավորություններ ունի: Ես կարծում եմ` այդ գումարը օգտագործվելու է պաշտպանական նպատակներով, բայց այլ կանալներով: Իսկ վերցնել ու ՊՆ բյուջեն կրճատելը վերաբերմունք է մեր իրավիճակին, դա վերաբերմունք է երկրի ապագային, անվտանգությանը, սահմանների անձեռնմխելիությանը, եթե իհարկե դա եղել է այնպես, որ պետք է եղել գումար ինչ-որ բանի համար, եւ օգտագործել են բանակից:
-Սրանից կտուժի՞ մեր անվտանգությունը:
-Այդ գումարից չեմ կարծում, որ կտուժի: Նախարարությունը, ըստ երեւույթին, կարողացել է պակասները լրացնել: Չեմ կարծում` այդ գումարը կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ:
-Ըստ Ձեզ` ի՞նչ պետք է անել տնտեսության զարգացման համար, որ որեւէ դեպքում կարիք չլինի ՊՆ-ից գումար կրճատել:
-Պետք է լինի ազատ, ինքնիշխան, արդարադատ պետություն եւ ոգեղեն մթնոլորտ, եւ երկիրը կզարգանա: Մենք այս բոլորը այսօր ունե՞նք: Կարծում եմ` դեռ չունենք, բայց գնում ենք այդ ճանապարհով: Երբ որ այդ ամենը լինի, երկիրը կզարգանա թռիչքային: Երկրի զարգացումը կառավարության որոշմամբ չի լինում: Ամեն մարդ պետք է մասնակցի երկրի զարգացման գործին: Ես անհամբեր սպասում եմ, որ սկսի ներգաղթը, որովհետեւ առանց դրա բանակի ռեզերվները ապահովելը շատ դժվար է: Դրա համար էլ երկրում պետք է լինի բացարձակ արդարության եւ օրինականության մթնոլորտ: Դատարանները պետք է իսկապես լինեն անկախ եւ աշխատեն միայն օրենքի դաշտում: Երկիրը կարող է հետ ընդունել արտագաղթածներին այն ժամանակ, երբ նրանք համոզվեն, որ այստեղ կա աշխատանք, ապագա, արդարություն: Այսինքն` այն ամենը, ինչի չլինելու պատճառով իրենք ստիպված են եղել թողնել-հեռանալ:
-Վերջերս շատ է քննադատվում Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ քաղաքականությանը: Ըստ Ձեզ` ինչո՞ւ է հասարակության դժգոհությունը այսքան բուռն այդ հարցում:
-Դա բնական է, որովհետեւ հին կադրերի այդ ժամանակահատվածը նշանավորվել է շատ բացասական ազդեցությամբ ժողովրդի վրա: Դրանք եղել են Հայաստանի քայքայման տարիներ: Հայաստանում 94-95 թվերից հետո իշխանության մեջ գործել են դիվերսիոն խմբեր, որոնց նպատակը եղել է տնտեսություն ու երկիր քայքայել, եւ այդ բոլորը կա ժողովրդի իշխանության հետ ու ուզած-չուզած կապվում է հին իշխանության հետ: Սա հին ժամանակի մնացորդային վերաբերմունք է, որ եթե նա այն ժամանակներից է եղել, ապա մասնակից է եղել այդ վատ երեւույթներին: Ի՞նչ կատարվեց Ռոբերտի ժամանակ. քայքայեց բոլոր գործարանները, թալանեց, ոչնչացրեց կադրային ինստիտուտները, եւ ժողովուրդը դա շատ բացասական է գնահատում ու չի ուզում, որ նման կադրերը վերադառնան: Բայց հիմա եղել է փայլուն նշանակում` Արթուր Մեսչյանը: Նա բարձրակարգ մասնագետ եւ կարգին հայ է: Ես մինչեւ 2000 թվականը լավատեղյակ եմ եղել բոլոր խնդիրներին: Անցել են երկար տարիներ, շատ բան է փոխվել: Ես զարմացել եմ այս հեղափոխությունով, Սերժի հրաժարականով: Իմանալով նրան` մտածում էի, որ նման բան չի կարող անել: Ես կարծում էի` նա ավելի շուտ իրեն կկախի իր աթոռից, քան թե հրաժարական կտա: Սա արդեն լուրջ փոփոխություն է: Կարծում եմ` վախ կար, որ իր հետ վաղ թե ուշ հաշվեհարդար է լինելու: Բանակներում կա մոբիլիզացման ժամ: Ժողովրդի մոբիլիզացումը գերազանցեց բանակային բոլոր մոբիլիզացման ժամանակներին: Շատ բան է փոխվել: Հիմա չեմ կարող ասել, որ Նիկոլը սխալ մարդկանց է նշանակում, որովհետեւ չեմ ճանաչում այդ մարդկանց եւ նաեւ ազնվորեն չգիտեմ` ինչ երկիր է կառուցում նա: Ազգայի՞ն երկիր է կառուցում, թե՞ ոչ: Մենք պահելո՞ւ ենք մեր տրադիցիոն հարաբերությունները նախկին դաշնակիցների հետ, թե՞ ոչ: Չնայած ասվում է, որ պահվելու է: Կյանքը եռամաս է` անցյալ, ներկա, ապագա: Մեր անցյալը կատվածահար եղած է, ներկան ինձ համար դեռ անհասկանալի է, իսկ ապագան` անորոշ: Դա պատիվ չի բերում ոչ մի երկրի եւ ոչ մի երկրի ղեկավարի: Մարդիկ պետք է իմանան` ինչ են կառուցում, ուր են գնում այս դաժան աշխարհում:

 

 

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ» ԾՐԱԳԻՐԸ ՌԵԱ՞Լ ՉԷ

«Սասնա ծռեր»-ը Արցախում կուսակցություն է հիմնում: Հատկանշական է, որ կուսակցության նախաձեռնող խմբի մեջ շատ ակտիվ է եղել Արցախի ռազմական-քաղաքական գործիչ, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը, սակայն տարաձայնությունների պատճառով հեռացել է եւ մտադիր է առանձին կուսակցություն հիմնել:

«Ժողովուրդ» օրաթերթը Վահան Բադասյանից փորձեց պարզել, թե ինչ տարաձայնությունների մասին է խոսքը:
-Պարո՛ն Բադասյան, ի՞նչ տարաձայնություններ են եղել Ձեր ու «Սասնա ծռեր» կուսակցության անդամների միչեւ:
-«Սասնա ծռեր» կուսակցության անդամները իմ վաղեմի եւ մտերիմ ընկերներն են: Ես ուզում եմ զերծ մնալ որեւէ բան մեկնաբանելուց, բայց խնդիր եղել է ծրագրերի տարբեր լինելու եւ կազմակերպչական մի շարք հարցերի պատճառով:
-Տեղեկացանք, որ ուզում եք նոր կուսակցություն հիմնել: Ի՞նչ կուսակցության մասին է խոսքը:
-Այո, կա նման մտադրություն: Մենք ուզում ենք ավելի ռեալ, ավելի գետնի վրա եւ մեր ժողովրդի ցանկություններին համահունչ ծրագրերով հանդես գալ, որովհետեւ ընկերային եւ վերզգացական մոտեցումը ճիշտ չէ:
-Այսինքն` «Սասնա Ծռեր»-ի ծրագիրը ռեալ չէ՞:
-Նման բան ասել չեմ կարող, բայց կասեմ, որ մեր ծրագրում պետք է ներառվի մեր ժողովրդի անվտանգության, խաղաղության ամրապնդման, տնտեսական հզորացման մասին հարցեր, որը չկա գոյություն ունեցող որեւէ քաղաքական թիմում:
-Մասնակցելո՞ւ եք առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Եթե այո, գլխավորելո՞ւ եք ցուցակը:
-Մասնակցելու ենք: Մեր կուսակցության մեջ ներառված մարդիկ Արցախյան շարժման ազատամարտիկներն են, մտավորականներ եւ մտահոգ մարդիկ: Չեմ կարող ասել` գլխավորելու եմ ցուցակը, թե ոչ: Որոշումները դեռ ընթացքի մեջ են:

Նյութերը՝ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ

 

 

ՄԱՐՏ 1-Ի ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո աշխատանքից ազատված ոստիկանության աշխատակիցները այս օրերին դիմել են դատարան, որպեսզի վերականգնվեն իրենց նախկին աշխատանքում: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2018 թվականի հոտեմբերի 10-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Ավետիս Ավետիսյանը եւ իր հայցով պահանջում է, որ դատարանը վերացնի ՀՀ ոստիկանության 2008 թվականի օգոստոսի 22-ի որոշումը եւ հայցվորին ՀՀ ոստիկանության համակարգում վերականգնի: Գործը քննելու է ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը:

 

 

ԱՌԱՆՑ ՓՈՒՉԻԿՆԵՐ
Հոկտեմբերի 21-ին նշվեց Երեւանի տոնը, սակայն այն էապես տարբերվում էր. չէին պահպանվել նախորդ տարիների ավանդույթները: Վերջին տարիներին Երեւանի տոնը նշվում էր Էրեբունի վարչական շրջանից, թանգարանի տարածքից: Ավելին` բոլոր վարչական շրջաններից ամենահետաքրքիր տեսքն ունենում էր հենց Էրեբունին: Սակայն այս անգամ Էրեբունի վարչական շրջանը ոչ մի կերպ ձեւավորված չի եղել, նույնիսկ մեկ փուչիկ չի եղել: Սակայն այս իրավիճակի պատասխանատուն առաջին հերթին եղել է վարչական շրջանի աշխատակազմը: Ինչպես հայտնի է, այդ օրերին վարչական շրջանների ոչ բոլոր ղեկավարներն էին նշանակված, եւ հենց դա էլ վատ աշխատանքի պատճառ է եղել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` այդ օրերին թաղապետարանի աշխատանքները պարալիզացված են եղել, արդյունքում նման իրավիճակ է ստեղծվել:

 

 

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ
Պետական համակարգի մի շարք աշխատողներ հայտնվել են անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանք իրենց աշխատանքային վեց ամիսը լրանալուն պես դիմել են առողջապահության նախարարություն բժշկական ապահովագրությունից օգտվելու համար: Սակայն ի պատասխան՝ ԱՆ-ից հայտնել են, որ սոցփաթեթի համար նախատեսված բազան թարմացվում է երկու ամիսը մեկ, եւ հերթական թարմացնելուց հետո իրենց տվյալները կհայտնվեն այնտեղ: ԱՆ-ի այս անորոշ պատասխանը խիստ մտահոգել է պետական ծառայողներին: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱՆ, որտեղից նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանի մամուլի պատասխանատու Լիաննա Եղիազարյանը փոխանցեց, որ այժմ կառավարությունում սոցփաթեթի թարմացման գործընթացին նոր լուծումներ տալու նախագիծ կա: Ապա ավելացրեց` նշելով. «Հարցը կարգավորվում է կառավարության 375 Ն որոշմամբ, նախարարության որոշելիքը չէ: Բայց եթե մարդն արդեն սոցփաթեթի շահառու է, ու դեռ փաթեթն ակտիվ չէ, եւ նա ունի անհետաձգելի բուժօգնության կարիք, նախարարությունը տալիս է կարգավորում: Մարդը բժշկի եզրակացության հիմքով դիմում է Ան, այստեղից գրություն է ուղարկվում պետական առողջապահական գործակալություն, այնտեղից արագ կարգավորում են, որ մարդը խնդիրներ չունենա»:




Լրահոս