Չարաշահո՞ւմ է, թե՞ ոչ. ՀՀԿ-ականներն ընդդեմ իրենց ընդունած օրենքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերից մի քանիսը, այդ թվում` ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Մենք» դաշինքը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրում են վարչական ռեսուրսի չարաշահմամբ նախընտրական քարոզչությամբ զբաղվելու մեջ: Մասնավորապես, ուժերի համար նման հայտարարությունների եւ կարծիքի հիմք է հանդիսացել վարչապետի պաշտոնակատարի` Գեղարքունիքի մարզ կատարած այցը:

Անձամբ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե ինքը որպես վարչապետի պաշտոնակատար է գնացել մարզ, այլ ոչ թե որպես ուժի առաջնորդ: «Ես Գեղարքունիքի մարզ այցելել եմ որպես վարչապետ, եւ նաեւ վարչապետը քաղաքական կարգավիճակ է, եւ քաղաքական ասելիքներով եմ հանդես եկել քաղաքացիների հետ շփումների ընթացքում», – նշել էր նա եւ պարզաբանել, որ տեղի համայնքապետերի հետ հանդիպումներ տեղի են ունեցել նաեւ իր վարչապետության ամբողջ ընթացքում։

Նա նաեւ նշել է, թե որեւէ քաղաքական ուժ կաշկանդված չէ այցելել եւ հանդիպումներ ունենալ մարզերում: Ըստ այդմ, վարչական ռեսուրսի կիրառում կլիներ, եթե ինքն ի պաշտոնե օգտվեր այնպիսի հնարավորություններից, որոնցից մյուսները զրկված են: Այս տրամաբանությամբ` մարզեր այցելելը վարչական ռեսուրսի կիրառում չէ, քանի որ բոլորն էլ կարող են անել դա:

ՀՀԿ-ն ծավալուն հայտարարությամբ էր արձագանքել Նիկոլ Փաշինյանի` Գեղարքունիք կատարած այցին: Նրանք ընդգծել էին, թե միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսեւորում է եղել. «Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին, պաշտոնական պարտականությունների կատարում հանդիսացող աշխատանքային այցի շրջանակներում, ինստիտուցիոնալ բոլոր ռեսուրսների օգտագործմամբ: Կոչ ենք անում վարչապետի պաշտոնակատարին խստորեն պահպանել միջազգային փաստաթղթերով սահմանված կանոնները, բոլոր կողմերի համար ապահովել հավասար հնարավորություններ, ընդ որում` ոչ թե խոսքով, այլ գործով»:

Հետաքրքիր է, որ վարչական ռեսուրսի կիրառման մասին ահազանգում է մի ուժ, որին մշտապես են մեղադրել այդպես վարվելու մեջ եւ առավել եւս ֆինանսական լծակներ օգտագործելու մեջ: Ընդ որում, ՀՀԿ-ն մեղադրանքները հնչեցնելիս հղում է անում ոչ թե ՀՀ ընտրական օրենսգրքին, այլ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին եւ Վենետիկի հանձնաժողովի զեկույցներին, որոնցում առկա ձեւակերպումները հենց նույն ՀՀԿ-ականների համար է գրված եղել որպես ցուցում: Ավելին, գործող ԸՕ-ն էլ ընդունվել է հենց ՀՀԿ իշխանության ժամանակ, եւ ՀՀԿ-ն վերջերս մերժեց ԸՕ փոփոխությունների` Նիկոլ Փաշինյանի կառավարության բերած նախագիծը:

Իսկ ո՞րն է ՀՀԿ-ականների կողմից ԸՕ-ն անտեսելու պատճառը: Նախ նշենք` ՀՀ Ընտրական օրենսգրքի Գլուխ 4-ի հոդված 19-ում նշված է. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը եւ ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ ժամանակահատվածում քարոզչությունը ստորեւ անվանվում է նախընտրական քարոզչություն»: Ասել է թե` նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ արված քայլերը չեն դիտվում որպես քարոզչություն:

Իսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից 2016 թվականին հաստատված «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման արձագանքման եւ կանխարգելման համատեղ ցուցումներում», ինչպես նաեւ Վենետիկի հանձնաժողովի 2013 թվականի «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ» զեկույցում ասված է. «Վարչական ռեսուրսի չարաշահումը» որոշակի կուսակցություններիի կամ թեկնածուների կողմից իրենց պաշտոնական դիրքը օգտագործելու միջոցով անհիմն առավելություն ստանալն է ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով»:

Իսկ 2013 թվականի զեկույցում սահմանված է, որ «Ընտրական գործընթացի տակ պետք է հասկացվի շատ ավելի լայն ժամանակահատված, քան ազգային ընտրական օրենքով նախատեսված նախընտրական քարոզչության շրջանը: Այն ներառում է նաեւ կուսակցությունների կամ թեկնածուների գրանցման շրջանը»:

Միեւնույն ժամանակ այդ փաստաթղթերում որպես վարչական ռեսուրսի չարաշահման օրինակներ են նշվում պաշտոնական միջոցառումները քարոզչական նպատակներով օգտագործելը կամ ինստիտուցիոնալ ռեսուրսները օգտագործելը` աշխատակազմ, ենթակառուցվածքներ, եւ այլն: Նիկոլ Փաշինյանի այցի համատեքստում ինստիտուցիոնալ ռեսուրսներ ասելով դիտարկվում է մարզպետարանի աշխատակազմը, համայնքի ղեկավարները, նախարարները: Միայն թե, նկատենք, այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում անգամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չպետք է առաջադրվելու իրավունք ունենան, իսկ առաջադրվելիս պետական ողջ ապարատը պետք է ընտրությունների ժամանակ ուղղակի պարապուրդի մատնվի կամ մնա առանց ղեկավար, այլապես սա կփորձեն որակել որպես վարչական ռեսուրսի կիրառում. մի հանգամանք, որը տրամաբանությունից դուրս է:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից պարզել` որքանով է Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը խախտում թույլ տվել: «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է գրանցման համար սահմանված ժամկետի յոթերորդ օրը եւ ավարտվում քվեարկությունից մեկ օր առաջ:

Սա նշանակում է, որ Ազգային ժողովի ընտրությունների համար նախընտրական քարոզչությունը մեկնարկում է նոյեմբերի 26-ին եւ ավարտվում դեկտեմբերի 7-ին: Հետեւաբար բոլոր կանոնակարգումները, որոնք վերաբերում են նախընտրական քարոզչությանը, դրանք միայն կիրառելի են նշված ժամանակահատվածի շրջանակում», – նշեց նա: Հարցին` ՀՀԿ-ն ասում է, որ ԿԸՀ-ն պետք է քայլեր ձեռնարկի, Մուկուչյանն ակնարկեց, թե, ըստ էության, իրենք պատասխանատու են միայն նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ի համար: «ԿԸՀ-ն վերահսկողություն է իրականացնում նախընտրական քարոզչության իրականացման պահպանման առումով: Այդ ժամանակահատվածը նշեցի արդեն: Կանոնակարգումները կիրառելի են միայն այդ ժամանակահատվածի համար», – նշեց նա:

Ստացվում է` ինչպես շատ այլ պարագաներում, ազգային օրենսգիրքը այլ բան է ասում, միջազգային չափանիշները` այլ: Ընդ որում, խոսքը ՀՀԿ-ականների ընդունած ընտրական օրենսգրքի մասին է:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս