Ինչո՞ւ է Գագիկ Հարությունյանը զայրացրել դատավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներ` Ալեքսեյ Սուքոյանն ու Կարինե Պետրոսյանը, բաց նամակ են հղել ԲԴԽ անդամներին` կոչ անելով ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության: Ավելին, նրանք պահանջում են դադարեցնել Գագիկ Հարությունյանի լիազորությունները: «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է այդ նամակը` մասնակի կրճատումներով:

«2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով սահմանադրի կողմից նախանշվեց նոր անկախ պետական մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի ստեղծումը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առանձին հոդվածով հռչակվեց, որ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը:

Ընդ որում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 7-րդ գլխի դրույթներով` ամրագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ եռաստիճան դատական համակարգի միջոցով, եւ որպես այդ գործառույթի անարգել իրականացման երաշխավոր հանդես է գալիս Բարձրագույն դատական խորհուրդը:

Վերջինս կազմավորվում է ժողովրդի ներկայացուցչական մարմնի՝ Ազգային ժողովի կողմից ընտրված բարձր մասնագիտական որակներով օժտված հինգ հեղինակավոր իրավաբան գիտնական անդամից, ինչպես նաեւ դատական իշխանության ներկայացուցչական մարմնի` դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված հինգ փորձառու դատավոր անդամից, որոնց ընտրության արդյունքում ապահովվում է բոլոր դատական ատյանների ներկայացվածությունը:

2018 թվականի փետրվարի 28-ին Ազգային ժողովի կողմից, իսկ 2018 թվականի մարտի 1-ին դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի բոլոր անդամները, որոնք 2018 թվականի մարտի 5-ին իրենց կազմից Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրեցին Գագիկ Հարությունյանին:

2018 թվականի ապրիլի 9-ին Բարձրագույն դատական խորհուրդը ստանձնեց Սահմանադրությամբ եւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով պատվիրակված իր լիազորությունները:

ՀՀ դատական օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են նույն օրենսգրքով եւ պարտադիր են բոլոր դատավորների համար:

Նույն հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ Դատավորի վարքագծի կանոնները պարտադիր են նաեւ Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների, դատավորի թեկնածուի հավակնորդների, դատավորների թեկնածուների, ներառյալ` առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձանց, ինչպես նաեւ դատարանի աշխատակազմի համար այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են նրանց նկատմամբ:

ՀՀ դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն` ցանկացած գործունեություն իրականացնելիս եւ բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաեւ դատական իշխանության անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսեւորելուց:

ՀՀ Դատական օրենսգրքի վերը նշված հոդվածները «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի լույսի ներքո դիտարկելիս հստակ հետեւում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամը, այդ թվում` նախագահը, պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաեւ դատական իշխանության անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսեւորելուց:

Չնայած դրան` սույն թվականի հոկտեմբերի 29-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել նման հայտարարություններով. «Նախկինում եւս, լինելով Սահմանադրական դատարանի նախագահ, հայտնել եմ, որ ունենք դատարաններ, չունենք արդարադատություն», «իսկ մոտիկից ծանոթացումը բացահայտեց` վիճակը ավելի մտահոգիչ է, եւ մենք ունենք տարիներով կուտակված խնդիրներ, որոնք միայն խորքային բարեփոխումների միջոցով կարող ենք լուծել»:

Վերը նշված հայտարարությունից հետեւում է, որ ըստ ԲԴԽ նախագահի` դատական իշխանության կողմից արդարադատություն նախկինում` մինչեւ ԲԴԽ-ի կազմավորումը, չի իրականացվել, որպիսի հայտարարարությամբ, ըստ էության, վարկաբեկվում է դատական իշխանությունը եւ, ոչ թե նվազեցնում, այլ ի չիք է դարձնում հասարակության վստահությունը այդ իշխանության եւ նրա ներկայացուցիչների իրականացրած արդարադատության նկատմամբ:

ՀՀ դատական օրենսգրքի 87-րդ հոդվածի համաձայն` 1. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունների դադարման դեպքերից է նրա` որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարումը կամ դադարեցումը: ՀՀ դատական օրենսգրի 85-րդ հոդվածը սահմանում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգապահական պատասխանատվության ինստիտուտը: Մասնավորապես,

1. Բարձրագույն դատական խորհրդի անդամին Բարձրագույն դատական խորհուրդը կարող է ենթարկել կարգապահական պատասխանատվության` սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները խախտելու համար:

2. Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Բարձրագույն դատական խորհրդի առնվազն երեք անդամի միջնորդության հիման վրա:

3. Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգապահական վարույթի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 19-րդ գլխի կանոնները սույն հոդվածի պահանջների հաշվառմամբ:

ՀՀ դատական օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունը դադարեցվում է նաեւ նրա կողմից էական կարգապահական խախտում կատարելու դեպքում:

Տվյալ դեպքում, ԲԴԽ նախագահը, կատարելով դատական իշխանությունը վարկաբեկող հայտարարություն, իր գործողություններով նսեմացրել է բոլոր դատավորների տարիների աշխատանքը, կասկածի տակ դրել նրանց կողմից կայացված եւ կայացվելիք դատական ակտերը՝ հանրության վստահությունը դրանց նկատմամբ հավասարեցնելով նվազագույնի:

Ընդ որում, կարեւոր նշանակություն ունի նաեւ հայտարարությունը կատարած անձը: Վերջինս նախագահում է դատարանների անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատական խորհուրդը, եւ եթե նման դիրքորոշում է արտահայտում դատական իշխանության կողմից իրականացված արդարադատության նկատմամբ, ապա դրանով վտանգի տակ է դնում այդ իշխանության հետագա գոյությունը:

Հաշվի առնելով վերը նշվածը եւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի վերը նշված հայտարարությունը ՀՀ դատական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված Էթիկայի կանոնների կոպիտ խախտում է, խնդրում ենք Բարձրագույն դատական խորհրդի առնվազն երեք անդամի Գագիկ Հարությունյանին կարգապահական պատասխնատվության ենթարկելու եւ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ դիմել Բարձրագույն դատական խորհրդին»:
Թե ինչ ընթացք կստանա այս գործը, ցույց կտա ժամանակը: Սպասենք զարգացումներին:

Քնար Մանուկյան




Լրահոս