«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանում նախատեսվում է տնտեսական ոլորտի հետ կապված նոր դատարան ստեղծել: Մասնավորապես, իշխանության ներսում մտադիր են ձեւավորել Ներդրումների պաշտպանության դատարան: Սա ստեղծվելու է վերջերս ձեւավորված ու արդեն դատական համակարգում աղմուկ հանած սնանկության գործերով դատարանի փոխարեն: Հիմա ցանկություն կա, որ Ներդրումների պաշտպանության դատարանը քննի ե՛ւ սնանկության գործեր, ե՛ւ կորպորատիվ դատական վեճեր, ե՛ւ նման այլ հարցեր: Թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորված կառավարությունն իր առաջ խնդիր է դրել շահագրգռել օտարերկրյա ներդրողներին՝ խթանելու համար տնտեսությունը: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ ՀՀ-ում տարիներ շարունակ ներդրումների ներգրավմանը խանգարել են քաղաքական խնդիրները, այդ թվում՝ անկախ դատական համակարգի բացակայությունը, նման մասնագիտացված դատարանի ստեղծումն իրոք կարող է դրական դերակատարություն ունենալ: Միաժամանակ, նկատենք, որ սա ամբողջական լուծում չէ. ի վերջո, ժողովրդավարության հաստատումից, մենաշնորհների վերացումից, անկախ դատական համակարգ ստեղծելուց, տնտեսական ոլորտում կանխատեսելի օրենսդրություն ունենալուց բացի կա եւս մեկ հարց` տարածաշրջանում կայունության ամրապնդումը: Իսկ դա իր հերթին ենթադրում է հակամարտությունների, մասնավորապես` ԼՂ հիմնախնդրի լուծում: Ի վերջո, օտարերկրյա կապիտալը հենց կայունություն է սիրում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մարտի 1-ի գործով նախկին փաստահավաք խմբի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանն ԱԺ ընտրություններում ընդգրկվելու է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում: Ըստ մեր աղբյուրների` նրան վերջերս նման առաջարկ է արվել: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Քոչարյանին, որն, ըստ էության, չհերքեց այդ տեղեկությունը: «Որտեղի՞ց Ձեզ այդ ինֆորմացիան»,- հարցրեց նա: Հարցին` ինքը հերքո՞ւմ է այդ լուրը, պարոն Քոչարյանը պատասխանեց. «Չեմ հերքում: Պարզապես ուզում եմ իմանալ, թե որտեղից են լսել այդ մասին, որովհետեւ նույնիսկ ես այդ մասին չեմ լսել»: Նկատենք, որ Քոչարյանը բավական լուրջ դերակատարություն ունեցավ մարտի 1-ի փաստահավաք խմբում, եւ հիմա ստացվել է այնպես, որ Փաշինյանի իշխանությունը մարտի 1-ի գործի վերաբացումից հետո որպես ուղենշային քարտեզ ընդունեց հենց փաստահավաք խմբի զեկույցները:
Նախկին իշխանությունների ներկայացուցիչների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու մասին գործարար Սիլվա Համբարձումյանի դիմումների հիման վրա քրեական գործեր են հարուցվել: Այդ գործերից մեկի շրջանակներում կալանավորվել է մեկ այլ գործարար՝ Սամվել Մայրապետյանը, որը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Համբարձումյանը իրավապահներին ասել է, որ փոխանցումը արել է բանկային հաշվի միջոցով, եւ ներկայացրել փոխանցման կտրոնի բնօրինակը: Դրանից հետո էլ Մայրապետյանին կալանավորել են: Մեկ այլ քրեական գործ կա քաղաքաշինության, հետո բնապահպանության նախկին նախարար, հիմա ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի դեմ: Սակայն, ըստ մեր աղբյուրների, գործը նրան կալանավորելուն դեռ չի հասել, քանի որ Համբարձումյանը ներկայացրել է փոխանցման կտրոնի ոչ թե բնօրինակը, այլ պատճենը: Պատահական չէ, որ օրերս ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ առանց անուններ տալու հայտարարել էր, թե պատգամավորին առնչվող կաշառքի վերաբերյալ գործով սպասում են թղթի պաշտոնական պատասխանի: Փաստորեն, ճակատագրի հեգնանք է սա:
Հայաստանը տոմատ արտադրող, անգամ արտահանող երկրից վերածվել է ներկրողի: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` ՀՀ-ում այս տարվա 8 ամիսների ընթացքում տոմատի մածուկի արտադրության ծավալները աճել են 7.4 տոկոսով: Սակայն տոմատի մածուկ արտադրող հիմնական ընկերությունները հումքը ներկրել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ՊԵԿ-ից տեղեկացավ, որ 2018թ. հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 22-ը ընկած ժամանակահատվածում ներմուծել է 311 հազար 712 կգ լոլիկ: Ասել է թե` տոմատ արտադրող ընկերությունը գյուղացիներից լոլիկ մթերելու փոխարեն այն ներկրել է: Սա էլ ունի իր պատճառները. լոլիկն այս տարի բավական թանկ էր: Միաժամանակ, եղանակային պայմանների պատճառով բավական պակաս էր լոլիկի բերքը: Ու ամենատարօրինակն այն է, որ անգամ քիչ աճեցված լոլիկը բավական մեծ չափերով արտահանվել է: Արդյունքում, չի բացառվում՝ առաջիկայում շուկայում տոմատի մածուկի դեֆիցիտ լինի:
ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԵՆ ԱՐԴԵՆ
Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին անդրադարձել է կառավարության հետ համագործակցության հեռանկարներին` հայտարարելով, որ իրենք փորձելու են այն ավելի արդյունավետ դարձնել: «Նոր թիմը որոշակի նոր փոփոխություններ ներմուծեց, որոնք մեզ համար ընդունելի են: Մենք բավարարված ենք, քանի որ նոր Կառավարությունը ցուցաբերեց ճկունություն եւ պրագմատիզմ»,- ասել է Սվիտալսկին` հավելելով, որ իրենք առաջարկել են կառավարությանը վերանայել բյուջետային ծրագրերը: «Սա, իհարկե, աննախադեպ էր, որովհետեւ մենք սովորաբար չենք դիմում նոր կառավարություններին նման գործողությունների համար, բայց մենք նաեւ հասկանում ենք, թե ինչ փոփոխություններ են եղել Հայաստանում: Ստացել ենք նոր փաստաթղթեր կառավարության կողմից տարբեր ոլորտների զարգացման վերաբերյալ, մենք գոհ ենք դրանցից: Կարող եմ ասել, որ առաջին հայացքից լավ տպավորություն ենք ստացել այդ առաջարկներից, եւ իրենց պահանջները կընդունվեն մեր կողմից: Ես հավատում եմ, որ մեր համագործակցության համար լավ քայլ ենք անում, որը կարեւոր է: Այս լավ տեմպը շատ կարեւոր է, որովհետեւ ՀՀ տնտեսության համար ուշացումները կարող են բացասական ազդեցություն ունենալ»:
Փաստորեն, ԵՄ-ն թավշյա հեղափոխությունից մոտ կես տարի անց նոր հայտարարում է կառավարության հետ արդյունավետ համագործակցության, մասնավորապես` ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու մասին: Ընդ որում` ըստ Սվիտալսկու` իրենք դիմում են աննախադեպ քայլի, երբ առաջարկում են կառավարությանը վերանայել բյուջետային ծրագրերը: Եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո մեկնել էր Բրյուսել եւ վերադառնալիս դժգոհել էր, որ ԵՄ-ն թավշյա հեղափոխությունից հետո չի ավելացրել ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական օժանդակության ծավալները, եւ որ ժողովրդավարական Հայաստանը լուրջ վերաբերմունք է ակնկալում: Տեւական ժամանակ ԵՄ-ից չկար առարկայական արձագանք Փաշինյանի այս հայտարարություններին: Սվիտալսկու երեկվա խոսքերն, ըստ էության, ապացույցն են, որ նրանք վերջապես որոշել են գործել: Մինչ այդ մեկ հիշեցում էլ. Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, երբ ՀՀ-ն ԵՄ-ի հետ համագործակցության առումով քայլեր էր անում, եվրոպացի պաշտոնյաները խոսում էին «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքի մասին` պատրաստակամություն հայտնելով ամեն քայլափոխի աջակցելու (ֆինանսապես, իհարկե):