Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում
Այս մեքենայի վարորդը, կարծեք, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի երկրպագուն է: Հավանաբար նախարարն «ապահովում» է նրա անվտանգ երթեւեկությունը:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` մարդատար ավտոմեքենաների համար գույքահարկն ինչպես է հաշվարկվում:
Ժաննա Խաչատրյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի համաձայն` մինչեւ 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան 121-ից 250 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 300 դրամ, ինչպես նաեւ 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար` լրացուցիչ 1000 դրամ: Մինչեւ երեք տարվա վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով: Միաժամանակ, երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը:
ՀԱՐՑ. Ես ավանդ ունեմ իմ անունով: Խնդրում եմ` ասեք` երբ կարող եմ ստանալ իմ գումարը: Խնդրում եմ պատասխանել կոնկրետ` երբ կհասնի ավանդը ստանալու իմ հերթը:
Խաչատուր Ավետիսյան (ք. Երեւան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ավանդների փոխհատուցման համար նախ պետք է քաղաքացին հաշվառվի ավանդի փոխհատուցման համար: Գրանցվելու իրավունք ունեն հետեւյալ կարգավիճակներից որեւէ մեկն ունեցող անձինք`
1) մինչեւ 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում` եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,
2) ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում` եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում` բնակչության պետական ռեգիստրում, 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք, այդ թվում` եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում:
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:
Նշված սոցիալական կարգավիճակներից որեւէ մեկին բավարարող անձինք կարող են դիմել իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին):
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որպեսզի հարցին տրվի հստակ պատասխան, քաղաքացի Խ. Ավետիսյանը պետք է ներկայանա տարածքային գործակալություն եւ տեղում կարգավորի ավանդի հատկացման խնդիրը: