ՏՆՕՐԵՆ, ՈՐԸ ԽԱԲԵՑ ԵՎ ԽԱԲՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի բնակիչները դիմել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն եւ ՀՀ վարչապետի պաշտոնակար Նիկոլ Փաշինյանից խնդրում են ուշադրություն դարձել Վարդենիսի Սոթքի ոսկու հանքավայրի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: Ներկայացնում ենք նամակը առանց խմբագրման.

«Տեղեկացնում ենք Ձեզ այն մասին, որ Սոթքի ոսկու հանքը մեր տարածաշրջանի բնակչության կենսաապահովման հիմնական ձեռնարկությունն է հանդիսանում` դեռեւս 1965-70թթ. սկսած: Սակայն հանքի վերջին շահագործողը` մի ինչ-որ ռուսական ֆիրմա, ներկայումս անխնա օգտագործելով հանքի բնական պաշարները, ստանալով միլիոնավոր դոլարների գերշահույթներ, դադարել է մտածել աշխատողների եւ բնակչության կենսաապահովման մասին:
Այդ ֆիրման իր գործունեության ամբողջ ընթացքում Վարդենիս քաղաքի համար ընդամենը նորոգել է քաղաքի կուլտուրայի տան մի մասը եւ ԵԿՄ Վարդենիսի տղաներին եւ քաղաքապետարանի աշխատակիցներին ամանօրյա տոպրակներ է նվիրել: Այդ էլ արվել է` «ի ցույց» իրենց եւ նախկին ՀՀԿ-ական, սերժական քաղաքապետի «կոռուպցիոն» կապերի: Վարդենիսի նորընտիր քաղաքապետին, որն ամեն ինչ փորձում է անել քաղաքի զարգացման համար, այդ ֆիրման գրեթե ոչնչով չի օգնում:
Հանքի նախկին շահագործողները աշխատակիցներին տրամադրում էին անվճար սնունդ եւ վճարում էիր բարձր լեռնային գոտու համար նախատեսված հավելումներ աշխատավարձին: Այդ ֆիրման իր գործունեության հենց սկզբից դադարեցրեց բոլորը` խոստանալով փոխհատուցել աշխատավարձի բարձրացումով: Նրանք այդ խոստումը չկատարեցին:
Դրանից հետո մտածեցին 3 հերթափոխի փոխարեն կարելի է աշխատացնել 2 հերթափոխով, այսինքն` 8-ժամյա աշխատանքը փոխարինվեց 12-ժամյա աշխատանքով: Հիմնավորումն այն էր, որ ներդրվում է գործարքային եւ պլանային աշխատասիստեմ, որի դեպքում պլանների կատարման եւ գերակատարման դիմաց վճարվելու է պարգեւատրում, եւ աշխատակիցներն ավելի շատ եկամուտ են ստանալու: Սակայն այդ սիստեմն աշխատեց շատ քիչ ժամանակ, որովհետեւ նախկին տնօրենը, որը ներդրել էր այս սիստեմը, ուշի-ուշով հետեւողականորեն մտածում էր աշխատակիցների եւ իր հայրենակիցների եկամուտների մասին, դժբախտաբար մահացավ: Նրանից հետո իր փոխարեն նշանակվեց նոր տնօրեն` Արայիկ Միդոյան անունով, որն իր կենսագրությամբ լավ համբավ չի վայելում շրջանում, բացի դրանից չունի զավակներ եւ չգիտի զավակ ունեցողների մտածելակերպը: Նա իրեն պահում է սեփականատիրոջ պես եւ աշխատողներին վերաբերվում է որպես ամենավերջին ստրուկի: Նա ամեն ինչ անում է, որպեսզի ամսվա վերջում պլանները չկատարվեն (ավելացնում է պլանները, կանգնեցնում է տեխնիկաները «նորոգման» համար եւ այլն) եւ աշխատողները ստանան չոր աշխատավարձ` առանց պարգեւավճարի եւ հավելումների: 12-14 ժամ աշխատող բանվորները ստանում են 90-110 հազար դրամ աշխատավարձ: Նշենք նաեւ, որ մինչեւ իր տնօրեն լինելը երկար տարիներ հանքաքարի տեղափոխումը իրականացվում էր կապալառու հիմնարկի միջոցով, որտեղ աշխատանքով զբաղված էին շուրջ 60-70 աշխատող վարդենիսցիներ իրենց սեփական ավտոմեքենայով: 2018թ. հունվարից պարոն Արայիկ Միդոյանն իր ռուսների հետ միասին, հաշվի չառնելով («չկամենալով») այդ 60-70 վարդենիսցիների ընտանիքների կենսաապահովման խնդիրները, դադարեցրին կապալառուի հետ կնքված պայմանագիրը: Այդ հիմնարկում աշխատող վարորդները դիմեցին բոլոր հնարավոր ատյաններին (քաղաքապետարանից մինչեւ ՀՀ նախագահ), սակայն ոչ մեկ չհետաքրքրվեց նրանց ճակատագրով: Դրանից հետո նրանք ստիպված իրենց բողոքը ներկայացրին ցույցերի եւ ճանապարհներ փակելու տեսքով: Հերթական անգամ նրանց խաբեցին` ասելով, որ կապահովեն ավելի լավ աշխատանքով: Գործի ընդունեցին ընդամենը 30 հոգու` խոստանալով 350.000 դրամ եւ ավել աշխատավարձը, որը մնաց անկատար, իսկ նրանց կեսից շատը արդեն ազատվել է աշխատանքից շատ աշխատելու եւ քիչ վճարվելու պատճառով:
Մինչեւ Ա. Միդոյանի տնօրեն նշանակվելը հանքի անվտանգությունն ապահովում էին մեր ոստիկանության շուրջ 100 հայ ծառայողներ չնչին աշխատավարձով, իսկ այժմ պարոն Արայիկ Միդոյանի թելանդրանքով Ռուսաստանից «ներմուծվել են թանկարժեք պահակներ» (ամսական 1000 դոլար աշխատավարձով), որոնք չգիտեն, որ Սոթքի հանքի տարածքը հատող ճանապարհը Արցախին հատող ճանապարհն է: Նրանք խոչընդոտում են Արցախ մեկնող քաղաքացիների ազատ տեղաշարժին` համարելով այդ ճանապարհն իրենց սեփական տարածքը: Նույնիսկ արձանագրվել են դեպքեր, երբ եվրոպացի տուրիստներին բռնել եւ շուրջ 7 ժամ պահել էին: Միդոյանը եւ ռուսներն անամոթաբար հայտարարեցին, որ իբրեւ 130 աշխատատեղ են բացել` չասելով, որ 170 աշխատատեղ կրճատել են:
Վերջին շաբաթներին եւ դրանից առաջ ժողովուրդը բոյկոտ է արել եւ պահանջել Արայիկ Միդոյանի ազատումը, սակայն վերջինս մեր հանրային սեփականություն հանդիսացող ոսկին անխնա մատուցում է ռուսներին, որոնց համար Արայիկ Միդոյանը շատ շահավետ է: Այդ պատճառով նրանք ոչ մի կերպ մեզ չեն ազատում նրանից:
Երբ Սոթքի ոսկու ճանապարհը փակել էին ցուցարարները, Արայիկ Միդոյանն այնքան լկտի է, որ նույնիսկ չէր բարեհաճում դուրս գալ եւ լսել ցուցարարների պահանջները այն դեպքում, երբ ցուցարարների պահանջները լսելու համար հանք էին եկել քաղաքապետը, Գեղարքունիքի ոստիկանության վարչության պետը եւ այլ պաշտոնյաներ:
Նշենք նաեւ, որ չեն ապահովված աշխատանքային տարրական պայմանները, չի ապահովված բանվորների անվտանգությունը, հանքում տեղեր կան, որտեղ հողը տատանվում է, եւ ամեն պահի կարող են լինել փլուզումներ, որոնց հետեւանքների մասին սարսափելի է մտածել, չնայած արդեն իսկ եղել են վթարներ, որոնք կոծկվել են կաշառքների եւ այլ անմարդկային ձեւերով: Հանքի աշխատակիցները վախենում են այդ մասին բարձրաձայնել, քանի որ նրանց մեջ դեռեւս պահպանվում է նախկին իշխանությունների օրոք ունեցող վախի զգացումը եւ հարցերի լուծման կոռուպցիոն մեթոդները:
Պարո՛ն վարչապետ, շուրջ 5000 վարդենիսցիներ, Ձեր խոսքով ասած, «հացին կակա են ասում», իսկ հանքի ղեկավարներն այդ ապաշնորհ տնօրենի հետ միասին շատ թանկարժեք ու նոր մեքենաներ են շահագործում:
Պարո՛ն վարչապետ, դիմելով Ձեզ` շատ ենք խնդրում` ազատեք մեր ժողովրդին այս «հայ թշնամուց», որը ղեկավարին վայել ոչ մի կեցվածք չունի, հանդիսանում է «թալանչի» ռուսների հլու կամակատար, չգիտի մարդկանց հետ խոսելու եւ շփվելու ձեւ, որը հարիր չէ նման ձեռնարկություն ղեկավարողին:
Հարգանքներով` ձեր վարդենիսցիներ»:
Հ. Գ. «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում նամակի բովանդակության համար:

 

 

ԱՆՀԱՐՄԱՐ ՎԱՅՐՈՒՄ
Խոշորացված Նոյեմբերյան համայնքի մաս կազմող սահմանամերձ Բաղանիս գյուղում մանկապարտեզի նոր շենք է կառուցվում, հիմքերն արդեն գցված են: Նախադպրոցական հաստատության հին շենքը գտնվում է Բաղանիսի միջնակարգ դպրոցի հարեւանությամբ` Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերի գնդակոծության գոտում, այդ պատճառով հին շենքում մանկապարտեզի գործելը փոքր երեխաների համար վտանգավոր էր: Մանկապարտեզի նոր շենքի տեղը Բաղանիսի բնակիչների մի մասի հավանությանը չի արժանացել. նոր շենքը կառուցվում է ձորի մեջ:
Բաղանիսի բնակիչներից շատերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, որ ձորի մեջ սկսված շինարարությունը դեռ երաշխիք չէ, որ այն լիովին ապահովված կլինի ադրբեջանական գնդակոծությունից: Մանկապարտեզի նոր շենքը կառուցվում է Բաղանիս գետակի ափին` մեծ ընկուզենիների ստվերում: Այն ձորի մեջ գտնվելով` արեւից քիչ է տաքանալու: Նոր կառույցը գետի ափից 5-6 մետր հեռավորությամբ է գտնվում: Բաղանիսցիները հիշում են, որ գարնանային հորդ անձրեւներից վարարած գետը դուրս է գալիս ափերից` իր հետ բերելով մեծ գերաններ: Դրանք կարող են վնասել մանկապատեզի նոր շենքը:
Նշենք, որ Բաղանիսի գրեթե ողջ տարածքը հակառակորդի նշանառության տակ է, եւ հիմա հարց է առաջանում` արդյոք լավագույն տարբերա՞կն է ընտրվել: Հավելենք, որ Բաղանիսի հյուսիսային մուտքի մոտ կառուցված խաղահրապարակի տեղն էլ հարմար չէ, քանզի դրա կողքին գյուղացիներից մեկի անասնագոմն է:

 

 

ՀԵՂԵՂԸ ՄԱՔՐԵՑ ԱՂԲԻՑ
Հայաստանի անկախացումից հետո Իջեւան քաղաքի կենտրոնում` Աղստեւ գետի ափերին, ծառերը հատվեցին, դրանց տեղում կառուցվեցին խանութներ, ճաշարաններ: Դրանք կախված են գետի վրա: Այդ խանութների, ճաշարանների աշխատողները տարբեր արկղեր, շշեր, ցելոֆաններ եւ այլ կենցաղային աղբ են նետում գետ: Գետի ափերին աղբի մեծ կուտակումներ են լինում: Իջեւանի աղբահանությունն իրականացնող կոմունալ հիմնարկության իրավաբան Վահագն Թամրազյանը մի քանի օր առաջ համացանցում տեղադրել է Աղստեւի մաքրված մի հատվածի լուսանկար եւ գրել, որ այդ հատվածում գործող խանութի սեփականատերը տարածքն աղբից մաքրել է, մյուս տնտեսվարողները եւ հարակից տարածքում բացօթյա առեւտուր իրականացնողները նույնպես պետք է փոխեն իրենց գործելաոճը, գետը չաղտոտեն: Նոյեմբերի 1-ին տեսա, որ Իջեւանի կենտրոնում գետն ամբողջությամբ մաքրված է աղբից: Իջեւանի բնակիչներից «Ժողվուրդ» օրաթերթը հետաքրքրվեց` ովքեր են մաքրել Աղստեւը: Տավուշի մարզկենտրոնի բնակիչները հայտնեցին, որ 8 օր առաջ հորդ անձրեւ է եղել, գետը վարարել է, հեղեղը քշել-տարել է Աղստեւի աղբակույտերը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԿԻՍԱՓԱԿ, ՆՈՐԱԲԱՑ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ

Վրաստանին սահմանակից Բագրատաշեն գյուղում նախկինում Լալվարի խորհրդային տնտեսությանը պատկանած մշակույթի տունը բնակավայրից բարձր պատով տարանջատված է, պատի գլխին փշալար է անցկացված: Հողի սեփականաշնորհման ժամանակ` 1991թ., գյուղի մի քանի բնակիչ այդ տարածքում սեփականության իրավունքով ձեռք են բերել շենք-շինություններ:

Այդ նույն տարածքում, ուր 1999թ. կառուցապատվել է սահմանամերձ առեւտրի շուկան, առեւտրի օբյեկտներ են կառուցվել: Կառավարության 2001թ. հոկտեմբերի 22-ի որոշմամբ կանոնակարգվել է շուկայի գործունեությունը: Շուկայի տարածքը, որտեղ գտնվել են այդ շինություններն ու մշակույթի տունը, պարսպապատվել է, դարձել մաքսային հսկողության գոտի: 2006 թ.` սահմանամերձ առեւտրի Բագրատաշենի շուկայի փակվելուց հետո, այդ շինությունները, մշակույթի տունը հայտնվել են սահմանամերձ փակ գոտում: Շինությունների տերերը հնարավորություն չունեն այդտեղ զբաղվելու տնտեսական որեւէ գործունեությամբ: Չնայած դրան` 3 անձանց պատկանող առեւտրական օբյեկտների համար հաշվարկվում է գույքահարկ, որոնց ընդհանուր պարտքը համայնքապետարանին կազմում է ավելի քան 1 միլիոն դրամ:
Բագրատաշեն համայնքի նախկին ղեկավար, այժմ գյուղի վարչական ղեկավար Արկադի Մակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Բագրատաշենի նախկին շուկայի տարածքը, այդ թվում Լալվարի մշակույթի տան հարակից հատվածը, լցված է հին, չմաքսազերծված ավտոմեքենաներով: Լալվարի մշակույթի տունը Բագրատաշեն համայնքին վերադարձնելու խնդրանքով Ա. Մակյանը նախկինում դիմել է Տավուշի մարզպետին, ՀՀ վարչապետին, հանրապետության նախագահին, սակայն խնդիրը չի լուծվել: Մակյանն ասաց, որ 2 ամիս առաջ գյուղում մարզադպրոց է բացվել, որը գործում է Լալվարի նախկին մշակույթի տանը: Դրա համար շենքի հետնամասում մուտք է բացվել, շենքի մուտքը նախկինի նման փակ է: Նա ասաց, որ ՀՀ մաքսային ծառայությունում քննարկվում է շենքը համայնքին վերադարձնելու հարցը: Բագրատաշենի 3 բնակիչներին պատկանող խանութները, հացի փուռը շարունակում են մնալ փակ գոտում, անհասանելի լինել դրանց սեփականատերերի համար:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս