ՀԱՊԿ-ՈՒՄ ՇԱՀԱՐԿՈՒՄ ԵՆ ԱՍՏԻՃԱՆԱԶՐԿՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը պաշտոնապես հայտնի կլինի արդեն այս շաբաթ. նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի օրակարգի հիմնական հարցերից մեկն էլ դա է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ իշխանությունները որոշել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: Ինչպես հայտնի է, Յուրի Խաչատուրովը, որ Հայաստանում 2008թ. մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, ՀՀ իշխանությունների նախաձեռնությամբ ետ է կանչվել. նրա լիազորություններն օրերս վաղաժամ դադարեցվեցին: Սակայն Բելառուսը, որ ըստ կարգի հաջորդն է նախագահելու ՀԱՊԿ-ում, փորձում է օգտագործել ստեղծված իրավիճակը գլխավոր քարտուղարի պաշտոնը ժամանակից շուտ իրենով անելու համար: Միաժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀԱՊԿ ներսում Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը ոչ միանշանակ է ընդունվել: Նրա թեկնածությանը ընդդիմանալու համար անդամ երկրների ներկայացուցիչներից ոմանց կողմից որպես փաստարկ բերվում է այն հանգամանքը, որ դեռ 2002թ. Հարությունյանն աստիճանազրկվել է:

Հիշեցնենք` Վաղարշակ Հարությունյանը պաշտոնից ազատվելուց հետո երկար տարիներ Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության անդամ էր` հանդես գալով արմատական ընդդիմության դիրքերից, պայքարելով Քոչարյանի իշխանության դեմ: Եւ այն ժամանակ նախագահ Քոչարյանը չներեց Հարությունյանի ընդդիմադիր կեցվածքը. 2002թ. հուլիսի 18-ին նա հրամանագիր էր ստորագրել Հարությունյանին ոչ միայն գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից զրկելու մասին: Ասել է թե` կատարվածը բացառապես քաղաքական դրդապատճառ ուներ, քաղաքական հալածանքի դրսեւորում էր: Բայց ՀԱՊԿ-ում հիմա շահարկում են այդ հանգամանքը: Ու պետք է նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լուրջ անելիք ունի. նախ պետք է ՀԱՊԿ ներսում բացատրի կատարվածը, իսկ մինչ այդ վերականգնի Հարությունյանի զինվորական կոչումները, որ խլել էին հանիրավի:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը, որ սնանկության գործով դատավոր չընտրվելուց հետո ԲԴԽ-ի դեմ են դուրս եկել` դիմելով դատարան, հայտնվել են խնդիրների առաջ: ՈՒ հիմա նրանք նամակ են ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` ահազանգելով, որ ոչ իրավաչափ դատարանի ստեղծման պատճառաբանությամբ իրենց դատարանից դուրս են հանում: Ըստ երկու դատավորների` իրենց առաջարկվում է տեղափոխվել Թբիլիսյան խճուղում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու պատճառաբանությամբ, այն պնդումով, թե 2019 թվականի հունվարի 1-ից նշված հարկում աշխատանքն է ծավալելու Սնանկության դատարանը: Մինչդեռ դատավորներն այս ամենը որակում են որպես իրենց նկատմամբ ճնշում:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրել նաեւ իրենց քաղաքական թիմի անդամ բոլոր նախարարներին ու գործադիրից այլ ներկայացուցիչների: Հատկանշական է, որ երեկ նախարարներից երկուսը՝ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ու մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, հայտարարել են ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ՔՊ կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանն էլ ասել է. «Քաղաքական թիմի մեծ մասը առաջադրվելու է, այդ թվում են նաեւ կառավարության անդամներ։ Վերջնական որոշում դեռ չկա, բայց, ըստ ամենայնի, բոլոր նախարարներն էլ կլինեն ցուցակներում»։ Հարցին, թե սա չի դիտվի արդյոք վարչական լծակների կիրառում, Կոստանյանն ասել է, որ այդ ընթացքում նախարարներն արձակուրդ կվերցնեն:

 

 

 

Այս տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով` հազար խոշոր հարկատուների ցանկը հետաքրքիր փոփոխությունների է ենթարկվել: Այն գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը պետական բյուջե կատարել է 32 մլրդ 795.6 մլն դրամի հարկային վճարում: Իսկ ահա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ընկերությունը պետական բյուջե մուծել էր 13 մլրդ 137 մլն դրամ: «Գազպրոմ Արմենիա»-ի դեպքում պատկերը հակառակն է: Ընկերությունը բավականին զիջել է իր դիրքերը: Այս տարվա հունվար-սեպտեմբերին վճարել է 30 մլրդ 371 մլն 579 հազար դրամ հարկ, իսկ ահա 2017 թվականի 9 ամիսների ընթացքում ընկերությունը վճարել է ավելի քան 32 մլրդ 254 մլն դրամ: Երրորդ տեղում է «Գրանդ տոբակո» ընկերությունը, պետական բյուջե վճարել է 27 մլրդ 680 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 22 մլրդ 192 մլն դրամի դիմաց: Փաստորեն, հետաքրքիր պատկեր է ստացվում. երեք խոշոր հարկատուներից միայն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է նվազեցրել հարկերը, այն էլ հիմնականում գազի սակագինը փոքր-ինչ նվազեցնելու, ըստ այդմ՝ ստացված շահույթի հետեւանքով:

 

 

 

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՑ ՀԵՏՈ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Արցախում էր. նա հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, եղել առաջնագծում, նաեւ ավելի ուշ Ստեփանակերտում անցկացվել է խորհրդակցություն Արցախի ղեկավարության ու պաշտպանական բանակի հրամանատարական կազմի մասնակցությամբ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացմանը, Հայաստանի եւ Արցախի ռազմական փոխգործակցությանը, սահմանագծում տիրող իրավիճակին, երկու հայկական պետությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ այս ուղղություններով համագործակցությանը վերաբերող հարցեր:
Մեծ հաշվով Փաշինյանի` Արցախ այցի մեջ որեւէ արտառոց բան չկա. Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո` մայիսի 9-ին, առաջին աշխատանքային այցը կատարեց հենց Ստեփանակերտ, որտեղ եւ խոսել էր ԼՂՀ-ն բանակցային սեղան վերադարձնելու մասին: Բացի այդ, նա հաճախ է մեկնում Արցախի մայրաքաղաք, հանդիպումներ ունենում այնտեղի ղեկավար կազմի հետ: Այս այցը եւս կարելի է համարել հերթականներից մեկը:
Բայց մյուս կողմից` նկատենք, որ Փաշինյանի այս այցը հաջորդեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցի հետ: Մի հանգամանք, որը հազիվ թե պատահական լինի: Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ Ստեփանակերտ այցը կապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակի հետ: Ու որքան էլ այս պահին դեռ ԼՂ խնդրով միայն ԱԳ նախարարների հերթական հանդիպումն է ծրագրվում, Փաշինյան-Ալիեւ ձեւաչափով հանդիպում դեռ չի նախատեսվել, քանի որ բոլորը սպասում են ՀՀ-ում ներքաղաքական հարցերի կարգավորմանը` ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանն ու իշխանության ձեւավորմանը, միեւնույն է, միջազգային հանրությունը փորձում է այդ ժամանակն օգտագործել հօգուտ հարցի առաջ մղման, հատկապես, երբ հայաստանյան ընտրությունների արդյունքները կանխատեսելի են:
Ի դեպ, տարածաշրջանային այցից հետո ԵԱՀԿ ՄԽ Համանախագահներն իրենց հայտարարության մեջ կրկին բարձրաձայնել են ԼՂ խնդիրը կարգավորելու անհրաժեշտության մասին: Ըստ հայտարարության. «Համանախագահները ողջունել են այս զարգացումները, ողջունել կողմերին կառուցողական քայլեր իրականացնելու համար եւ իրենց աջակցությունը հայտնել առաջնորդների պատրաստակամությանը շարունակելու իրենց երկխոսությունը»: Միաժամանակ Մինսկի խմբի համանախագահները ընդգծել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հարցում վստահության մթնոլորտը պահպանելու կարեւորությունը:




Լրահոս