ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԴՈՒՐՍ ԵՆ ՀԱՆՈՒՄ ԴԱՏԱՐԱՆԻՑ. ՆԱՄԱԿ-ԱՀԱԶԱՆԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը նամակ են ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` ահազանգելով, որ ոչ իրավաչափ դատարանի ստեղծման պատճաբանությամբ իրենց դատարանից դուրս են հանում: Այսպիսով, դատավորները ՀՀ նախագահին դիմելուց բացի նույն նամակը ուղարկել են ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, այնպես էլ Բարձրագույն դատական խորհուրդ: Ստորեւ ներկայացնում են նամակի բովանդակությունը:

1. «Մեծարգո՛ պարոն Նախագահ, Կարինե Գալֆրեդի Պետրոսյանը եւ Ալեքսեյ Արշալույսի Սուքոյանը (այսուհետ` նաեւ հայցվորներ), հանդիսանալով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ, ՀՀ բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել են Սնանկության դատարանում դատավորի պաշտոնում նշանակվելու նպատակով տեղափոխվելու դիմում:
2. 2018 թվականի օգոստոսի 6-ին ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը կայացրել է «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» ԲԴԽ-31-Ո-75/2018թ.որոշումը (այսուհետ նաեւ` վարչական ակտ), որի 1-ին կետի համաձայն` որոշել է Հայաստանի Հանրապետության նախագահին առաջարկել Արա Լեւոնի Կուբանյանի, Արթուր Լյուդվիգի Աթաբեկյանի, Արմեն Գառնիկի Չիչոյանի, Արմեն Օնիկի Խաչատրյանի, Արսեն Արտուշի Բաբայանի, Արտաշես Ալֆրեդի Հովհաննիսյանի, Բագրատ Սերգեյի Մկրտչյանի, Գարիկ Կարոյի Ավագյանի, Գեւորգ Գրիշայի Նարինյանի, Լիլիթ Մարատի Կատվալյանի, Սամվել Եփրեմի Թադեւոսյանի, Տիգրան Ռոբերտի Փոլադյանի թեկնածությունները Սնանկության դատարանում դատավորի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ:
3. ՀՀ նախագահը, հիմք ընդունելով ԲԴԽ-ի Վարչական ակտը, 2018 թվականի օգոստոսի 10-ին ընդունել է «Սնանկության դատավորներ նշանակելու մասին» ՆՀ-285-Ա հրամանագիրը :
4. 2018 թվականի օգոստոսի 20-ին Հայցվորները հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան Ընդդեմ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` ՀՀ բարձրագույն դատական խորհրդի «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 2018 թվականի օգոստոսի 6-ի ԲԴԽ-31-Ո-75/2018 թվականի որոշումն անվավեր ճանաչելու մասին եւ որպես հետեւանք «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու մասին» ՀՀ նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի ՆՀ-285-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
5. ՀՀ վարչական դատարանը /դատավոր՝ Մ. Պետրոսյան/ 2018 թվականի օգոստոսի 20-ի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» թիվ ՎԴ/8512/05/18 որոշմամբ Հայցվորների ներկայացրած հայցադիմումը ընդունել է վարույթ: Գործը նախապատրաստական փուլում է:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչեւ այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը` բացառությամբ օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման:
Վերոնշյալ իրավական նորմի տառացի մեկնաբանությունից բխում է, որ վիճարկվող վարչական ակտի կատարումը վիճարկման հայցի վարույթ ընդունմամբ կասեցվում է մինչեւ այդ գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը` բացառությամբ այն դեպքի, երբ միաժամանակ առկա են հետեւյալ պայմանները`
* Առկա է օրենքով նախատեսված դեպք.
* Վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման:
Թեեւ «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու մասին» ՀՀ Նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի ՆՀ-285-Ա հրամանագրով ՀՀ Նախագահը նշանակել է սնանկության դատարանի դատավորներ, այնուամենայնիվ, վերջիններս իրենց պաշտոնը ստանձնած են համարվում 2019 թվականի հունվարի 1-ից, ինչը մի կողմից նշանակում է, որ օրենքի ուժով նշված հրամանագիրը փաստացի կատարվելու է 2019 թվականի հունվարի 1-ին, մյուս կողմից` 2019 թվականի հունվարի 1-ը այն սկզբնակետն է, որից նշված հրամանագիրը օրենքի ուժով ենթակա է կատարման:
Վերը նշվածի, ինչպես նաեւ օրենքով նախատեսված դեպքի բացակայության պայմաններում վիճարկման հայցի վարույթ ընդունումը կասեցրել է վիճարկվող վարչական ակտի կատարումը:
Չնայած դրան` Բարձրագույն դատական խորհուրդը շարունակում է ձեռնարկել միջոցներ հայցվորների իրավունքը խախտելու ուղղությամբ: Մասնավորապես Ալեքսեյ Սուքոյանին եւ Կարինե Պետրոսյանին առաջարկվում է տեղափոխվել ք. Երեւան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում գտնվող Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրից` հասցեի անշարժ գույքի 3-րդ հարկում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու պատճառաբանությամբ, այն պնդումով, թե 2019 թվականի հունվարի 1-ից նշված հարկում աշխատանքն է ծավալելու Սնանկության դատարանը:
Մեծարգո՛ պարոն Նախագահ, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 11-րդ արձանագրությամբ փոփոխված Կոնվենցիայի 6-3 հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի եւ հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների Կոնվենցիայի խախտմամբ ծավալվող Սնանկության դատարանի ոչ իրավաչափ գործունեության սկիզբը 2019 թվականի հունվարի 1-ից վտանգի տակ է դնելու նշված դատարանի դատավորների կողմից իրականացված արդարադատությունը, առավել եւս հարյուրավոր կայացվելիք դատական ակտերի իրավաչափությունը:
Բացի այդ, 2019 թվականի հունվարի 1-ից Սնանկության դատարանի գործարկումը գնահատվելու է որպես անհարկի միջամտություն հայցվորների վարչական գործի քննությանը, քանի որ նույնիսկ հայցվորների հայցը հիմնավոր գնահատելու պայմաններում վարչական դատարանը կխուսափի ենթադրյալ բավարարման վճիռ կայացնելու իրավական գործընթացից այն մտավախությամբ, որ, օրինակ, 2019 թվականի մարտի 1-ի դրությամբ դատական ակտի կայացման դեպքում կդրվի 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2019 թվականի մարտի 1-ը կայացված ակտերի իրավաչափության հարցը:
Բարձրագույն դատական խորհուրդը կոչված է երաշխավորելու դատավորների անկախությունը, այլ ոչ թե խոչընդոտելու դատավորների կողմից արդարադատության իրականացմանը:
«Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» ԲԴԽ-31-Ո-75/2018թ. որոշման կատարումը կասեցված է օրենքի ուժով, ուստի եւ այն պարտադիր է բոլորի, այդ թվում ԲԴԽ-ի համար:
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
հաշվի առնելով վերը նշվածը եւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ԲԴԽ-ն նախապատրաստվում է մինչեւ սույն թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության նախագահին որպես Սնանկության դատարանի նախագահի հնարավոր թեկնածու առաջադրել կատարումը կասեցված ԲԴԽ-31-Ո-75/2018թ.որոշման ցուցակում ներառված անձի` խնդրում ենք կանխել ԲԴԽ-ի ոչ իրավաչափ գործողությունը:
Հարգանքներով` Կարինե Պետրոսյան, Ալեքսեյ Սուքոյան»:

 

 

ԸՆԴԴԵՄ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Պաշտոնյաների կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին դատի տալու գործընթացը շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի տեղակալ Արտակ Համբարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին սեպտեմբերի 12-ի որոշումը անվավեր ճանաչելու պահանջով: Նշենք, որ Ա. Համբարյանը հայտարարագրել է բնակարան, «TOYOTA CAMRY 2.4» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա` 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Ա. Համբարյանը պաշտոնը ստանձնել է այս տարվա մարտին, իսկ հայտարարագիրը ներկայացրել սեպտեմբերին: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 5 միլիոն 500 հազար դրամ: 2018թ. հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 668 014 ՀՀ դրամ: Նշված ժամանակահատվածում ներկայացված եկամուտը գոյացել է աշխատավարձից:

 

 

ԹՈՇԱԿՆԵՐ ԵՆ ՅՈՒՐԱՑՐԵԼ
«Հայփոստ» ՓԲԸ աշխատակիցների գործողությունների մասով իրավապահների բացահայտումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Անահիտ Կլեկչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015թ. հոկտեմբերի 23-ից աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատելով «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 2 փոստային բաժանմունքում որպես փոստատար, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հափշտակությամբ յուրացրել է թոշակառուներին վճարելու նպատակով իրեն վստահված գումարները` ընդհանուր ՀՀ-ին պատճառելով 1 միլիոն 220 հազար դրամ գումարի գույքային վնաս: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին, իսկ ահա նրա գործը քննելու է Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի` Կրակեմ Հրաչի որդին` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը:

 

 

ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿՎԻ
Արժեքների հեղափոխության գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը մոտ օրերս կլինի ազատության մեջ: Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, հայտնել է, որ սա այն դեպքն է, որ ստորագրությունը պարտադիր չէ, այսինքն՝ եթե կա համաներման օրենքը, ապա դա մեխանիկորեն տարածվում է բոլոր կալանավորների վրա: «Այստեղ Շանթ Հարությունյանն արդեն ուզի-չուզի բանտից դուրս է գալու: Հուսանք` մոտակա օրերս ազատության մեջ կլինի»: Շ. Հարությունյանի խոսքով` իր հայրը խորհրդարանական արտահերթ ընտրություններին որեւէ ցուցակում չի լինի: Հիշեցնենք, որ Շ. Հարությունյանն ու նրա ընկերները «երթ» էին սկսել, որը վերաճել էր ոստիկանների հետ բախումների:

 

 

ՄԵՐԺԵԼ Է
Դատարանը մերժել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդությունը: Ըստ Ա. Մինասյանի փաստաբան Տիգրան Ղազարյանի` քննիչին ներկայացրած միջնորդությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ: Նշենք, որ Արա Մինասյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության եւ մի խումբ անձանց հետ փաստաթղթեր կեղծելու համար: Ըստ Քննչական կոմիտեի` «Արա Մինասյանը թաքնվում է քննությունից, եւ պարզ չէ նրա գտնվելու վայրը: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում»: Հարցին, թե որտեղ է այս պահին Արա Մինասյանը, Տ. Ղազարյանը պատասխանել է. «Այդ հարցի վերաբերյալ ես որեւէ տեղեկություն չեմ կարող տալ»:




Լրահոս