Լուսանկարը համացանցից
Նախարարական խրախճանք, սակայն լավ կլիներ՝ սեղանի ճոխությունը չերեւար. էթիկապես ճիշտ չէ:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` խաղատներում ֆիզիկական անձանց ստացած շահումները ենթակա՞ են եկամտահարկով հարկման, թե՞ ոչ:
Դավիթ Ստեփանյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «ե» ենթակետի համաձայն` համապատասխան խաղատներում շահումներով խաղերում ստացած եկամուտները (շահումները) դասվում են հարկատուի համախառն եկամուտների թվին: Ըստ նույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի` նշված եկամուտները ենթակա չեն հարկման հարկային գործակալի (եկամուտ վճարողի) կողմից եւ դրանց հարկումը կատարվում է օրենքի 31-րդ եւ 31.1-րդ հոդվածներով սահմանված դրույթներին համապատասխան, եկամուտ ստացող ֆիզիկական անձի կողմից հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների հաշվարկի հիման վրա:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հարկ վճարող ֆիզիկական անձինք պարտավոր են հարկային տարվա համար տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներառյալ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել տարեկան եկամուտների մասին հաշվարկ:
ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ո՞ր դեպքում կարող է հաշմանդամ անձը դիմել վերափորձաքննության անցնելու համար: Եվ ցանկանում եմ տեղեկանալ` անժամկետ հաշմանդամություն ո՞ր դեպքում է տրվում, ի՞նչ է անհրաժեշտ անժամկետ հաշմանդամություն ձեռք բերելու համար:
Արփինե Հարությունյան (59 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, նրա առողջական վիճակը վատթարանալու, նրա բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու դեպքերում, ինչպես նաեւ նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ:
Միաժամանակ հայտնում ենք, որ հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ`
ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց,
բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքում, որը հետեւանք է անդառնալի կառուցվածքային փոփոխություններով եւ օրգանիզմի օրգանների եւ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման,
գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն արտոնություններ. 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամներն ու հաշմանդամ երեխաներն ունեն անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները` 50 տոկոս զեղչով դեղորայք ստանալու արտոնություն: Նշենք, որ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներն ունեն քաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթեւեկելու արտոնություն: