Երեկ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովն այդպես էլ չի տվել վերջին ժամանակներս շատերին տանջող հարցի պատասխանը` ո՞ր երկրի ներկայացուցիչը պետք է լինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Երեկ այս հարցի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներն ամենաերկար քննարկումն են ունեցել, սակայն այդպես էլ վերջնական որոշում չի կայացվել:
Նիստի ավարտից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, թե համապատասխան վերջնական որոշում կընդունեն դեկտեմբերի 6-ին: Սակայն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը փորձել է վերջակետ դնել հարցին` ասելով, որ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է լինի Բելառուսի ներկայացուցիչը: «Մեր կանոնադրությամբ այբուբենով Հայաստանին հաջորդում է Բելառուսը: Իհարկե Հայաստանը ցանկանում է ինքը շարունակել: Բոլոր մյուս երկրների ղեկավարներն ասել են, որ մնում է մի տարի, նա չի հասցնի նույնիսկ բոլոր երկրներն այցելել: Այդ պատճառով մեզ պետք է նորմալ քարտուղար Բելառուսի կողմից»,- ասել է Նազարբաեւը:
Հետաքրքիրն այն է, որ այսպիսի ուղիղ հայտարարություն արվել է միայն Բելառուսի նախագահի կողմից, իսկ ՌԴ ներկայացուցիչներն ասում են, թե որոշում չի կայացվել: «ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի վերաբերյալ որոշում գագաթնաժողովին չի կայացվել։ Գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը»,- ասել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: Ստացվում է` ռուսական կողմը խուսափում է ուղիղ հայտնել իր կարծիքը, իսկ ահա Բելառուսի ներկայացուցիչը բաց տեքստով չի թաքցնում, որ չի ցանկանում` Հայաստանը շարունակի նախագահությունը` հղում անելով մյուս երկրների վրա:
Ամեն դեպքում, այս իրավիճակի «մեղավորը» հենց ՀԱՊԿ կանոնադրության բացթողումն է, քանի որ հստակ ամրագրված չէ, թե նման իրավիճակներում ինչ պետք է անել: Մասնավորապես ՀԱՊԿ կանոնադրության 17-րդ կետն ասում է. «Գլխավոր քարտուղարը նշանակվում է խորհրդի որոշմամբ` երեք տարի ժամկետով». եւ, ըստ էության, չկան ո՛չ նրա հետկանչի մեխանիզմներ, ո՛չ էլ հետկանչի դեպքում հետագա կարգավորումներ: Փաստացի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակումից մեկուկես տարի անց Հայաստանը հետ կանչեց իր ներկայացուցչին: Բայց քանի որ ՀԱՊԿ-ում նախագահությունը երեք տարով փոխանցվել էր հենց Հայաստանին, ոչ թե Յուրի Խաչատուրովին, հետեւաբար անձի փոփոխությունը չպետք է անդրադառնա երկրի փոփոխության վրա: Եվ զուտ իրավական տեսանկյունից միանշանակ Հայաստանն է ճիշտ, եւ հենց այդ հանգամանքն է փորձել երեկ ներկայացնել հայկական կողմը` գագաթնաժողովին մատնացույց անելով ՀԱՊԿ կանոնադրությունը: Նկատենք, սակայն, այստեղ առկա են նաեւ քաղաքական նյուանսներ, եւ Նազարբաեւի հայտարարությունն էլ այդ մասին է վկայում:
Ի վերջո, չպետք է մոռանալ` ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոլեգիալ սկզբունքով եւ նույնիսկ մեկ երկրի դեմ լինելու պարագայում որոշումը չի ընդունվում: Եվ երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովին փորձել է ներկայացնել հենց այն հիմնավորումները, որոնց շնորհիվ Հայաստանը պետք է շարունակի նախագահել կառույցում: Ընդ որում, Հայաստանը կարծես թե չի պատրաստվում ժամանակից շուտ զիջել ՀԱՊԿ-ը նախագահելու իրավունքը, այդ մասին է վկայում նաեւ վերջին օրերի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պետք է շարունակի նախագահությունը:
Եվ այս առումով Հայաստանի համար, ըստ էության, այս պահին այնքան էլ կարեւոր չէ, թե ով կլինի մեր ներկայացուցիչը, այլ կարեւոր է, որ ՀԱՊԿ-ում պահպանենք նախագահությունը: Իհարկե, Հայաստանի ներկայիս ղեկավարությունը միանշանակ որոշել եւ կողմ է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությանը: Սակայն այս պահին ավելի կարեւոր է նախագահությունը պահպանելը: Հակառակ դեպքում չի բացառվում, որ Հայաստանի կողմից բարձրացվի ՀԱՊԿ արդյունավետության հարցը, թե ի վերջո այսքան տարիների ընթացքում ինչ է արել այս կառույցը կամ ինչ էր պարտավոր անել Հայաստանի անվտանգության համար:
Ինչեւէ, այս իրավիճակի գլխավոր պատասխանատուն ՀԱՊԿ քարտուղարությունում կանոնակարգումների բացակայությունն է, եւ եթե այդ պաշտոնը վերցվի Հայաստանից, դա տխուր ավանդույթ կդառնա` լրջորեն խաթարելով ՀԱՊԿ-ի կայացման հեռանկարները: Ընդ որում, ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների ներկայացուցիչներն ամենեւին էլ վերապահումներ չունեն Հայաստանի թեկնածու Վաղարշակ Հարությունյանի շուրջ, այլ ավելի շատ փորձ է արվում պատժել Հայաստանին եւ նրանից վերցնել նախագահությունը: Եվ այստեղ կազմակերպության անդամ երկրներն ավելի առաջնորդվում են իրավիճակային, քաղաքական շահերով, ուստի չի բացառվում, որ հարցը լուծվի ոչ ի շահ Հայաստանի: Սակայն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ իրավիճակի վրա հիմնական ազդեցություն ունեցող անձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է եւ դատելով ռուսական կողմից հնչող զուսպ մեկնաբանություններից` միգուցե մինչեւ դեկտեմբեր վերապահումներ լինեն: Ամեն դեպքում երեկվա դրությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները հակված են նախագահությունը կա՛մ հանձնել Բելառուսին, կա՛մ շարունակել ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարով, ով ՌԴ-ի ներկայացուցիչն է: Երրորդ տարբերակը, այսինքն` Հայաստանին թողնելը, չի էլ քննարկվում:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏՈՆՈՅԱՆԸ ԴԵՄ ԷՐ
Երեկ կառավարության նիստում հավանության արժանացավ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի ներկայացրած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը: Մասնավորապես, նա առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած եւ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով երկարաձգել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը: Մասնավորպես, այս փոփոխությունը հնարավորություն է տալիս մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը, վերադառնալ Հայրենիք եւ ազատվել քրեական հետապնդումից: Առաջարկվում է ժամկետը երկարաձգել մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Սակայն հետաքրքիր է, որ ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը նախկինում վերապահումներ է ունեցել անընդհատ երկարացման հետ կապված: Դեռ 2018թ. հունիսին նա նշել էր. «Ինչ-որ մի պահի այդ գործընթացը պետք է կանգնի, թե չէ ստացվում է, որ մենք անընդհատ խրախուսում ենք՝ գնացեք, քսանյոթ տարին կլրանա, կվերադառնաք եւ հնարավորություն կունենաք որոշ մուծումներ անելով ազատվել բանակային ծառայությունից, այսինքն պետք է կանգնել: Այդ գործընթացը ինչ-որ պահի պետք է կանգ առնի, որովհետեւ դա ստացվում է խրախուսում բանակից խուսափելու համար»:
Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս դրույթի շուրջ Պաշտպանության նախարարությունում երկար ժամանակ քննարկումներ են եղել, եւ Տոնոյանը կրկին դեմ է արտահայտվել այդ դրույթի երկարաձգմանը: Միեւնույն ժամանակ այս դրույթի երկարաձգմանը կողմ է եղել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, եւ ի վերջո նախագիծը կառավարության կողմից հավանության է արժանացել:
Vaz 21-Ն ՈՒ ՄԻԼԻՈՆՆԵՐԸ
Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանի դրամական միջոցը անցած տարի 8 մլն դրամով ավելացել է: Ըստ պաշտոնական հայտարարագրի` եթե 2016 թվականին Մուշեղյանն ունեցել է 12 մլն դրամ, ապա 2017-ին այն դարձել է 20 մլն դրամ: Բացի այս, Մուշեղյանը անցած տարում 4 մլն դրամ «այլ եկամուտ» է հայտարարագրել, նաեւ սեփական աշխատավարձը, որ ամսական կազմում է 540 հազար դրամ: Նկատենք, որ Մուշեղյանն ունի մեկ հողամաս եւ Vaz 21 մակնիշի մեկ ավտոմեքենա: Ի դեպ, Մուշեղյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի գաղտնալսման «հերոսներից» է: Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենը գաղտնալսման մեջ ասել էր` «Վաչե», եւ բոլորը կարծել էին, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրած դատավորի մասին է: Բայց ավելի ուշ ԱԱԾ տնօրենը պարզաբանել էր` հայտարարելով, որ նկատի է ունեցել քննչական խմբի ղեկավար «Հրաչին»` Հրաչյա Մուշեղյանին:
ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել կառավարության պահուստային ֆոնդից Մշակույթի նախարարությանը 48,4 մլն դրամ հատկացնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում արտերկրից ընդգրկված երաժիշտների 2018թ. գործունեության շարունակությունն ապահովելու նպատակով: Որոշման նախագիծը ներկայացրեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմում արտերկրից հրավիրված պղնձա-փողային գործիքների երաժիշտների 2018թ. գործունեության շարունակականությունն ապահովելու հանգամանքով: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատել է, որ մինչ այս ֆինանսավորումն իրականացրել է «Լույս» հիմնադրամը: Նշվել է նաեւ, որ այս գումարը պետք է միայն 2018թ. համար, հաջորդ տարիների համար այլ աղբյուրներ կգտնվեն:
ԱՆՑԱՎ ՂՐՂԶՍՏԱՆԻՆ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահությունը Ղազախստանից անցավ Ղրղզստանին: Հիշեցնենք, որ Աստանայում տեղի է ունենում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի եւ ՀԱՊԿ համատեղ նիստը:
«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ»-ՈՎ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի «Առաքելություն» կուսակցության հետ դաշինքով: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի խոսքով` դաշինքում այլ կուսակցություններ չեն լինելու: Կարող են լինել մարդիկ տարբեր կուսակցություններից, որ կընդգրկվեն ցուցակում, բայց այլ կուսակցություն չի լինելու: Հարցին` դաշինքի ցուցակում անակնկալներ լինելո՞ւ են, պատգամավորը պատասխանել է. «Հետաքրքիր լուծումների ականատես կլինեք, բայց սենսացիոն որեւէ բան չի լինի»:
ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-Ը` ՆՍՏԱՎԱՅՐ
Կառավարության նիստում որոշում է կայացվել Բաղրամյան 26-ը դարձնել նախագահի նստավայր: Ներկայացված նախագիծը մի քանի մասից է բաղկացած եղել, սակայն կառավարության նիստում առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Միրզոյանն առաջարկել է բաժանել նախագիծը երկու մասի, եւ հաստատվել է միայն նախագծի վերը նշված հատվածը:
ՏԵՂԱԼԱԿՆԵՐ
Սամվել Ռուբենյանը նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ: Նշենք, որ Տիգրան Գաբրիելյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ: