Նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում էր: Նախագահ Սարգսյանը գնացել էր Գյումրի Շիրակի երկրագիտական թանգարանին հանձնված ու վերանորոգման ընթացքի մեջ գտնվող շենքը տեսնելու:
Բայց նախագահի այցի ժամանակ մի ուշագրավ միջադեպ եղավ: Արմեն Սարգսյանին Գյումրու տեխնոպարկի մոտ դիմավորեցին Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը: Նախագահը հետ դարձրեց իրեն դիմավորող մարզպետին ու քաղաքապետին՝ այդպես հրաժարվելով նրանց ծառայություններից:
«Ժողովուրդ» օրաթերթն այս մասին զրուցեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան
-Պարո՛ն Բալասանյան, վատ չզգացի՞ք, երբ պարոն Սարգսյանը արգելեց ուղեկցել իրեն:
-Վատ զգալու որեւէ խնդիր չկար, նախագահը եկել էր հստակ ներդրումային ծրագրով:
-Սպասո՞ւմ էիք նման վերաբերմունքի:
-Նախագահի այցը աշխատանքային էր, արարողակարգը նախապես տեղեկացրել էր օրակարգի մասին: Սպասելի էր, որ շրջելու է առանց մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչների ուղեկցության:
-Ձեզ նվաստացած զգո՞ւմ եք այդ վերաբերմունքից
-Ոչ, նվաստացած զգալու խնդիր չկա:
-Դրանից հետո ի՞նչ արեցիք: Նախագահին տարե՞լ եք հյուրասիրության:
-Դիմավորելուց հետո մենք կրկին հանդիպել ենք արդեն Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանում, որից հետո «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում սրճել ենք, օգտվել հյուրասիրությունից, երիտասարդների հետ երկար նստել ու զրուցել:
-Նախագահը կոնկրետ ի՞նչը մերժեց՝ Ձեր հյուրասիրությո՞ւնը, թե՞ զբաղեցրած պաշտոնը:
-Նորից եմ կրկնում` նախագահի հետ մենք «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում սրճել ենք, օգտվել հյուրասիրությունից:
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյան
-Պարո՛ն Սարուխանյան, վատ զգացի՞ք, որ նախագահը թույլ չտվեց իրեն ուղեկցել:
-Վատ զգալու ոչինչ չկա: Նախնական իմացել ենք: Պետք չէ նման բաները շահարկել: Իրոք որեւէ խնդիր չկա:
-Սպասելի՞ էր նախագահի այդ քայլը:
-Սպասելի էր այնքանով, որ պարոն Սարգսյանը եկել էր պարզապես Գյումրիով շրջելու: Թույլ չտալը պայմանավորված էր նրանով, թե` դուք ձեր գործերով զբաղվեք, ես եկել եմ պարզապես շրջելու: Դա ավելի շատ մեզ օգնելու համար էր: Այդ ընթացքում պարոն Սարգսյանը մի քանի տեղեր է այցելել: Իրեն ուղեկցել չթողնելու տրամաբանությունն այն էր, որ այդ այցը՝ որպես էդպիսին, պաշտոնական չընկալվի: Ինքը եկել է իր քաղաքով քայլելու: Եկել էր մեր քաղաք, գնացել էինք բարեւելու: Որեւէ խնդիր չկա: Ամեն ինչի մասին նախապես տեղեկացած ենք եղել: Դրանից հետո, իհարկե, զանգեցին ինձ, տեղյակ պահեցին, ես էլ արդեն միացա իրենց: Հետո նույն ձեւով միացել ենք եւ ճանապարհել իրեն:
-Դրանից հետո ի՞նչ եք արել:
-Գնացել ենք փուռ-սրճարան, շփվել ենք իրար հետ, զրույց ենք ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հետ, հետո պարոն Սարգսյանը մտել է եկեղեցի ու գնացել:
-Արմեն Սարգսյանը սրանով Ձեր հյուրասիրությո՞ւնը մերժեց, թե՞ այն պաշտոնը, որը զբաղեցնում եք:
-Որպես այդպիսին՝ հյուրասիրություն չի եղել: Ես չեմ պլանավորել հյուրասիրության հետ կապված ինչ-որ բան: Պաշտոնի հետ կապված կարող եմ ասել, որ ինքը դրանով մի բան էլ օգնեց ինձ: Ես երեկ մի քանի նորանշանակ տնօրենների եմ ներկայացրել իրենց կոլեկտիվներին, եւ դա եղել է հենց այդ ընթացքում: Այսինքն` այդ ժամանակ կարողացա անել այն գործերը, որոնք պլանավորված էին: Ինքն էլ ասաց` ես քայլելու եմ, դուք Ձեր գործերին նայե՛ք: Չէր ուզում մեզ զբաղեցներ, որ չկտրվենք մեր աշխատանքից:
ՉԻ ԹՈՂՆԻ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը բազմիցս հայտարարել էր, որ իրենք, անկախ ամեն ինչից, մասնակցելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Վերջինս նույնիսկ պնդում էր, որ ընտրությունները դեռ մի բան էլ ուշացել են: Սակայն, ինչպես պարզվում է, կուսակցությունում տրամադրություններ են փոխվել: Այնինչ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` կան կուսակցություններ, որոնք բազմաթիվ առաջարկներ են արել պարոն Մարտիրոսյանին իրենց ցուցակներում ընդգրկվելու հետ կապված: Մասնավորապես` այդպիսի առաջարկ եղել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի մասին զրուցել է կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:
-Պարո՛ն Մարտիրոսյան, մասնակցելո՞ւ եք առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
-Այս պահին հստակ որոշում չունենք:
-Ընդամենը մի քանի շաբաթ առաջ լրիվ այլ տրամադրվածություն ունեիք: Ինչի՞ հետ է սա կապված:
-Ընտրական օրենսգրքի այսպիսի ձախողումն է պատճառը: Կարծես թե ամեն ինչ շատ հստակ էր, եւ որեւէ խնդիր չպետք է լիներ: Կառավարության հետեւողականության դեպքում չէր էլ կարող այսպիսի բան լինել: Այդ նոր ԸՕ-ն կապահովեր քաղաքական ընտրություններ, կուսակցությունների համար ավելի գաղափարական եւ ծրագրային պայքար կապահովեր: Այս դեպքում լինելու է ոչ թե գաղափարական, այլ ռեսուրսների պայքար: Առաջին հերթին` ֆինանսական ռեսուրսի, հետո` մարդկային: Նմանատիպ հարստությամբ օժտված են կա՛մ իշխանության մեջ գտնվող կուսակցությունները, կա՛մ այն կուսակցությունները, որոնք օլիգարխիկ ծագում ունեն, եղել են նախկին իշխանությունների մեջ եւ լավ օգտվել են պետական ռեսուրսից:
-«Ազատ դեմոկրատներ» ու «Հանրապետություն» կուսակցությունները դաշինքով են հանդես գալու: «Ժառանգություն»-ը նրանց հետ քննարկումներ ունեցե՞լ է:
-Այդ դաշինքի հետ` ոչ, բայց անձամբ պարոն Քոքոբելյանի հետ ունեցել ենք քննարկումներ:
-Տեղեկություններ ունենք, որ կուսակցություններ կան, որոնք միայն Ձեզ առաջարկել են լինել իրենց ցուցակներում: Հնարավո՞ր է` համաձայնեք:
-Եղել են նման առաջարկներ շատ կուսակցություններից: Հիմա չեմ ուզում անուններ նշել: Ուզում եմ ասել, որ բացառվում է, որ ես կթողնեմ «Ժառանգություն»-ը ու կմիանամ որեւէ այլ կուսակցության կամ դաշինքի:
-Ըստ Ձեզ` ովքե՞ր կլինեն խորհրդարանում:
-Քաղաքական վերլուծաբաններ կան, թող իրենք անուններ տան: Չեմ կարող որեւէ բան ասել: Միայն կարող եմ ասել, որ ակնհայտ է` Նիկոլ Փաշինյանի ուժը շատ ձայներ կստանա:
-Վերջերս շատ է քննարկվում Դավիթ Սանասարյանի` «Ժառանգություն»-ից դուրս գալու հարցը: Նրա այդ քայլը սպասելի՞ էր:
-«Ժառանգություն»-ը պարզապես հաջողություն է մաղթում պարոն Սանասարյանին, եւ մենք ավելացնելու այլ բան չունենք: Չեմ ուզում որեւէ բան մեկնաբանել:
Նյութերը՝ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՉ ՁԵՌՆՏՈՒ
Ինչպես հայտնի է, դեկտեմբերին վերջնականապես կորոշվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, եւ պարզ կդառնա, թե որ երկրի ներկայացուցիչը կզբաղեցնի այն: Այս պահին թեկնածուները երեքն են` Հայաստանի ներկայացուցիչ Վաղարշակ Հարությունյանը, ներկայումս ՀԱՊԿ պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը եւ Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը: Ընդ որում, վերջինիս կենսագրության մեջ կան այնպիսի դրվագներ, որոնք այնքան էլ Հայաստանի սրտով չեն: Մասնավորապես, Զասն այն առանցքային դերակատարներից է, որի շնորհիվ Ադրբեջանի եւ Բելառուսի միջեւ տեղի է ունեցել ռազմական գործարք: Խոսքը վերաբերում է 2018թ.-ի ապրիլի 18-ին հայտնի դարձած գործարքին. Բելառուսն Ադրբեջանին է վաճառել եւ վաճառում 301 մմ տրամաչափի «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները հետաքրքիր տեղեկություններ են հրապարակել ՀԱՊԿ նիստի մասին: Մասնավորապես, հիմնական բանավեճը եղել է Ղազախստանի եւ Հայաստանի ղեկավարներ Նուրսուլթան Նազարբաեւի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, քանի որ վերջինս կտրականապես դեմ է եղել քվոտան Բելառուսին հանձնելուն: Իսկ ահա ՌԴ-ն առաջարկել էր միջանկյալ տարբերակ, որ հենց այսօրվա պաշտոնակատարը շարունակի լինել մինչեւ 2020 թ., սակայն այս տարբերակին էլ դեմ է եղել Բելառուսը: Ամեն դեպքում, հաշվի առնելով Զասի անցյալն ու այդ նիստին Ադրբեջանի նախագահին կանչելու պատրաստակամությունը` քվոտայի փոխանցման պարագայում Հայաստանի համար այնքան էլ լավ չի լինի:
ՔԻՉ ՀԱՑ
Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակներից հացի արտադրության ծավալները դարձյալ նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հացի արտադրության ծավալները 2.4 տոկոսով նվազել են: Նշենք, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին արտադրվել է 199 հազար 500 տոննա հաց` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 204 հազար 400 տոննայի դիմաց: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս առիթ ունեցել է անդրադառնալու այս թեմային` տեղեկացնելով, որ հացի արտադրության ծավալների անկումը հետեւանք է մշտական բնակչության թվաքանակի նվազման եւ գնողունակության անկման: Ըստ այդմ, որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, արտադրության ծավալները:
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉԻ ՏԱԼԻՍ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ Գյուղատնտեսական նախարարության Երկրագործության Գիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի 18 աշխատակից դիմել են դատարան` պահանջելով աշխատավարձները: Այս գործը քննելու է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանը: Հավելենք, որ դատարանում որպես երրորդ անձ է ներգրաված ՀՀ Ֆինանսների նախարարությունը: