ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ ԹԱՔՈՒՆ` ԴԺԳՈՀ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը բավական երկար է տեւել. կուսակցության ներկայացուցիչները շուրջ հինգ ժամ քննարկումներ են անցկացրել: Ի վերջո որոշել են մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին, իսկ ցուցակն էլ գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կուսակցությունում այս հարցում միանշանակ դիրքորոշում չկա, եւ մասնավոր զրույցներում նրանցից մի քանիսը չեն թաքցնում, որ կնախընտրեին այլ մարդ գլխավորեր կուսակցության համամասնական ցուցակը:

Ինչեւէ, մեր տեղեկություններով` կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին անձամբ է հանդիպումներ ունեցել տարբեր ժամանակներում վարկանիշային կամ մեծամասնական թեկնածու հանդիսացած գործիչների հետ, առաջարկել այս անգամ էլ մասնակցել ՀՀԿ-ի կողմից: Բնակաբար, մի մասը նրան մերժել է, մի մասը` ոչ: Սակայն մեր տեղեկություններով` Սարգսյանն ամենեւին էլ չի նեղանում առաջարկը մերժած անձանցից: Միայն պայման է դրել՝ եթե իրենք չեն առաջադրվում, ապա պետք է սատարեն այդ ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրված թեկնածուին: Թե ինչպես են նրանք սատարելու, երբ նոր իշխանությունը քայլեր է ձեռնարկել ընտրակաշառքը, ընտրություններին քրեական տարրերի ներգրավումը բացառելու համար, պարզ չէ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախօրեի նիստից բացակայել էին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փոխարեն կուսակցության առաջին փոխնախագահ է ընտրվել Վիգեն Սարգսյանը: Սակայն երկուսն էլ հայտարարել են, թե ոչ մի առնչություն չեն ունենալու այս ընտրությունների հետ:
Ինչպես շատ այլ կուսակցությունների պարագայում, այստեղ եւս որոշում է կայացվել, որ համամասնական ցուցակի բոլոր անձինք պետք է առաջադրվեն նաեւ վարկանիշային ընտրակարգով: Սակայն փաստացի կուսակցության ներսում կան գործիչներ, ովքեր ոգեւորությամբ չեն ընդունել Սերժ Սարգսյանի հայտարարությունը եւ նրանք կտրականապես ասել են, որ չեն ցանկանում առաջադրվել վարկանիշային ընտրակարգով: Խոսքը մասնավորապես Արփինե Հովհաննիսյանի եւ Դավիթ Հարությունյանի մասին է: Հարությունյանը միայն գլխավորելու է ՀՀԿ նախընտրական շտաբը, իսկ Հովհաննիսյանը պարզ չէ՝ ինչ է անելու, միգուցե առհասարակ չլինի ՀՀԿ ցուցակում: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը հստակ ասել է` տարբերություն չի դնում թեկնածուների միջեւ, բոլորը հավասար են, եւ նրանց համար բացառություն անելը ճիշտ չի լինի: Ընդ որում, հետաքրքիր է, որ Արփինե Հովհաննիսյանն ավելի վաղ մերժել էր նաեւ ՀՀԿ կանանց կառույցի ղեկավար լինելու առաջարկը:
Հիմնականում կուսակցությունն արդեն կազմել է վարկանիշային թեկնածուների շարքը: Սակայն հետաքրքիր է, որ նույն ՀՀԿ խորհրդի անդամների մեծամասնությունը չգիտի, թե համամասնական ընտրացուցակի որ հորիզոնականն են զբաղեցնելու: Խորհրդի նիստի ժամանակ ասվել է, թե այդ մասին բոլորը կիմանան վաղը, երբ անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու վերջաժամկետն է: Այլ կերպ ասած` ՀՀԿ գործիչներից շատերը չգիտեն` ՀՀԿ համամասնական ցուցակում որ հորիզոնականն են զբաղեցնելու:
ՀՀԿ ընտրացուցակը հիմնականում կազմված է լինելու քաղաքական դեմքերից, սակայն կլինեն անկուսակցականներ եւ երիտասարդներ: Իսկ անձինք, որոնց նախկին գործունեության շուրջ իրավապահները քրեական գործերով քննություն են կատարում, չեն առաջադրվելու:
Եվ այսպես, ՀՀԿ-ն Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերն ընդգրկող ընտրատարածքում կարծես թե լիովին կողմնորոշվել է: Այնտեղ կառաջադրվեն Հերմինե Նաղդալյանը, Շուշան Պետրոսյանը եւ slaq.am կայքի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանը: Այս ընտրատարածքում թերեւս հետաքրքիր պայքար է ծավալվելու, քանի որ ԲՀԿ-ից էլ այստեղ առաջադրվելու է Նաիրա Զոհրաբյանը: Լոռու մարզում վերջնական որոշումը կայացված է. կառաջադրվեն Էդուարդ Շարմազանովն ու Վահրամ Բաղդասարյանը: Կուսակցությունն այս ընտրատարածքում ցանկացել է առաջադրել նաեւ Հովհաննես Սահակյանին, սակայն վերջինս կարծես թե այնքան էլ հակված չէ մասնակցել ընտրություններին: Արագածոտնի մարզում երկու թեկնածուի մասով եւս հստակ որոշում է կայացված. առաջադրվելու են նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն ու ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խորհրդական Գեղամ Պետրոսյանը: Այս ընթացքում մեր տեղեկություններով` փորձ է արվել համոզել նաեւ նախկին պատգամավոր Մնացական Մնացականյանին, սակայն վերջինս հստակ պատասխան չի տվել:
Արմավիրի մարզի շուրջ վերջին քննարկումներն են ընթանում: Ինչպես հայտնի է, այս մարզում մշտապես առաջադրվել են օդիոզ դեմքերը` Սեյրան Սարոյանը, Մանվել Գրիգորյանը, Առաքել Մովսիսյանը, սակայն նրանք բոլորն էլ այս անգամ չեն լինելու, եւ կուսակցությունը լուրջ խնդրի առջեւ է կանգնել: Հնարավոր է` այս ընտրատարածքում առաջադրվի նախկին փոխմարզպետ Մովսես Քարտաշյանը: Արարատի մարզում հստակություն վաղուց կար, եւ պատգամավոր Մուրադ Մուրադյանը համաձայնել է առաջադրվել:
Երեւանի պարագայում եւս հետաքրքիր առաջադրումներ են սպասվում: Մասնավորապես, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը կառաջադրվի թիվ երկու ընտրատարածքում` Աջափնյակ, Արաբկիր եւ Դավիթաշեն վարչական շրջաններ: Այս նույն ընտրատարածքում առաջադրվելու են նաեւ ՀՀԿ երիտթեւի նորաթուխ ղեկավար Հայկ Մամիջանյանը, պատգամավոր Մարգարիտ Եսայանը, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Արտավազդ Սարգսյանը:
Թիվ չորրորդ ընտրատարածքում` Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի եւ Նուբարաշեն, առաջադրվելու են Արմեն Աշոտյանը, Հարություն Կարապողոսյանը: Հենց այս ընտրատարածքից էլ առաջադրվելու առաջարկ է եղել նաեւ Արփինե Հովհաննիսյանին: Սամվել Ալեքսյանյանը, ով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում միշտ մեծ թվով ձայներ է հավաքել, այս անգամ չի առաջադրվելու, միգուցե նա ՀՀԿ-ի օգտին ընդհանրապես չաշխատի: Բայց նրա քրոջ փեսան` պատգամավոր Կորյուն Նահապետյանը, առաջադրվելու է: Նկատենք, որ նա 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդամենը 1000 ձայն էր ստացել եւ պատգամավոր էր դարձել հենց Սամվել Ալեքսանյանի շնորհիվ: Այս ընտրատարածքում կարող է առաջադրվել նաեւ Արայիկ Հովհաննիսյանը:
Եվ չնայած ՀՀԿ-ն չունի այն թեկնածուները, որոնք ձայներ էին ապահովում, չունի վարչական լծակներ, չի կարող օգտագործել ֆինանսական ռեսուրսները, սակայն գնում է ընտրությունների՝ հայտարարելով, թե դառնալու է երկրորդ ուժը: Բայց դե խոսքն այն կուսակցության մասին է, որը մի քանի ամիս առաջ համաժողովրդական շարժման արդյունքում հեռացվեց իշխանությունից, եւ այսօր մի շարք թեկնածուների հետ կապված խնդիր է լինելու նախընտրական քարոզարշավը, մարդկանց մեջ դուրս գալը, որպեսզի եւս մեկ անգամ չմերժվեն ավելի դաժան կերպով:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷԼ
Նույնիսկ նոր Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով շարունակում են չներկայացնել իրենց գույքի եւ ունեցվածքի մասին հայտարարագրերը: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ամփոփել է 2018 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու եւ դադարեցնելու հայտարարագրեր չներկայացրած անձանց տվյալները: Օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետի ավարտից հետո պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր չի ներկայացրել 7 անձ, իսկ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր՝ 29 անձինք: Պաշտոնեական լիազորությունները ստանձնելու հայտարարագրեր չեն ներկայացրել, օրինակ, ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, Պետական պահպանության գլխավոր վարչության Իջեւանի պահպանության բաժնի պետ Արմեն Գեւորգյանը, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Շիրակի տարածաշրջանային բաժնի Բավրայի բաժանմունքի պետ Լեւոն Շահնազարյանը եւ այլք: Իսկ 29 անձի մեջ են նախկին Գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը, որը հետախուզվում է մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով: Հայտարարագիր չի ներկայացրել Մշակույթի նախարարի նախկին տեղակալ Արեւ Սամուելյանը, ում անվան հետ կապված եւս քրեական գործ կա, նաեւ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, որին մեղադրանք է առաջադրված թավշյա հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում, ԱԻՆ նախկին տեղակալ Էնրիկո Ապրիամովը եւ այլն: Հավելենք, որ վերոնշյալի առնչությամբ Հանձնաժողովի կողմից հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով:

 

 

ԲԱՐՁՐԻՑ ՑԱԾՐ
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը, բարձր աշխատավարձը թողած, ընտրել է փոխնախարարի պաշտոնը: Նշենք, որ 2016 թվականին նա Համահայկական բանկի խորհրդի անդամ է եղել, իսկ 2006-2016 թվականներին` «Վալլեքս» ընկերությունների խմբի ֆինանսական տնօրենը: Բայց 2016 թվականին, երբ նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար, որպես եկամուտ հայտարարագրել է ստացած աշխատավարձը՝ ամսական 7 մլն 460 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Խաչատրյանն ունի անհատական բնակելի մեկ տուն, 2 հատ հողամաս, մեկ ավտոտնակ, մեկ բնակարան, մեկ ամառանոց, «Mitsubishi outlander 2.9 L» մակնիշի ավտոմեքենա: Նա ունի 22 հազար դոլարի չափ դրամական միջոց, իսկ որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը ամսական կազմել է 841 հազար դրամ: Տրված փոխառությունների դիմաց ստացել է 1780 դոլար:

 

 

ԿԺԱՄԱՆԻ ՍՏԱՄԲՈՒԼ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 19-ին կժամանի Ստամբուլ «Թուրքական հոսք» գազատարի ստորջրյա հատվածի շինարարության ավարտի առթիվ կազմակերպվող հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով: Արարողությանը մասնակցելու է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

 

 

ՀԵՏ Է ԿԱՆՉՎԵԼ
Արա Սահակյանը հետ է կանչվել Ղազախստանի Հանրապետությունում եւ Ղրղզստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:

 

 

ՎԱՍՏԱԿԱՎՈՐԻ ԿՈՉՈՒՄ
Սերգեյ Բոնդարենկոյին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:




Լրահոս