Երեկ` լրագրողների հետ հանդիպմանը, ՀՀ պաշտպանության նախարարը, անդրադառնալով նոյեմբերի 7-ի ողբերգական ավտովթարին, որից 4 զինվոր մահացավ, հայտնեց.
«Ինչ է պատահել կոնկրետ` նախաքննության արդյունքում պարզ կլինի: Ծառայողական քննությունը իրականացվում է արդեն վեցերորդ օրը, եւ այդ արդյունքների հիման վրա պաշտպանության նախարարն իրավասու է կազմակերպչական որոշումներ կայացնել: Ինձ համար արդեն տեսանելի է մոտավորապես` սկսած հրամանատարներից, իրենց տեղակալներից, տեխնիկական ապահովման խնդիրների համար պատասխանատուներից, բայց նախաքննության արդյունքները կլինեն վերջնական, քանի որ ես հայտարարել եմ, որ եղել է տեխնիկական խնդիր եւս, բայց պարտադիր չէ, որ տեխնիկական խնդիրը եղել է այն մեքենայի, որը որ շրջվել է: Այսինքն` եղել է վթարի ստեղծման ինչ-որ պայման, որի հետեւանքով է եղել այդ ամեն ինչը…: Ծառայողական քննության արդյունքների հիման վրա պաշտպանության նախարարը որոշումներ է կայացնելու, գլխավոր շտաբն իր որոշումները կայացնելու է իրեն վերաբերող մասով, որից հետո կսպասենք նախաքննության ավարտին»:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պաշտպանության նախարարին մի քանի հարցեր ուղղեց նախարարությունում տիրող իրավիճակի մասին:
-Պարո՛ն նախարար, ինչպիսի՞ն են Ձեր եւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հարաբերությունները:
-Շատ լավ, շատ գործնական:
-Տեղեկություններ կան, որ այդքան էլ այդպես չէ:
-Ընդհանրապես ես այսպիսի տեղեկություններ չեմ էլ լսել:
-Այդ դեպքում, ինչպե՞ս կբացատրեք, երբ ՀՀ պաշտպանության նախարարությունը ունի մեկ հսկայական լրատվական վարչություն, սակայն Գլխավոր շտաբը նաեւ իր հերթին է տեղեկատվական բաժին բացում: Արդյոք սա մեկը մյուսին իր կատարած աշխատանքը ցույց տալու դրսեւորում չէ՞ կամ ա՞յլ նպատակ է հետապնդում:
-Դա ուրիշ խնդիր է, տեղեկատվական բաժինը լրիվ այլ գործառույթ ունի եւ այլ աշխատանքներ է իրականացնում:
-Այսինքն` ներքին տարաձայնության կամ անհամաձայնության արդյունք չէ՞ սա:
-Ոչ, ոչ, տեղեկատվական վարչությունը դա ոչ թե լրատվության հետ շփվելու նպատակով է, այլ ներքին որոշ խնդիրներ զուտ ռազմական առումով, նաեւ զինված ուժերի գործունեությունը ճիշտ լուսաբանելու նպատակով:
-Ազգային անվտանգության ծառայությունում քննություն է գնում Արտակարգ իրավիճակների նախարարության չարաշահումների գործով: Ինչպես հայտնի է, այդ չարաշահումները տեղի են ունեցել հենց Ձեր նախարար եղած ժամանակ: Ձեզ հարցաքննության հրավիրե՞լ են, եթե այո, ապա ի՞նչ կարգավիճակով:
-Չի եղել, բայց այդ դեպքերի հետ կապված մի ամբողջ կոպլեքս է, որով նախաքննությունը ներկայումս իրականացվում է: Ես չէի ուզենա որեւէ մեկնաբանություն անել դրա հետ կապված:
-Թավշյա հեղափոխությունից հետո տպավորությունն այնպիսին էր, որ շատերի համար դաս պետք է լինի , որ այլեւս որեւէ թալան չի իրականացվելու, որեւէ մեկը իր առավելությունը ցույց չի տալու, սակայն իրավապահների բացահայտումները միանգամայն այլ բան են ցույց տալիս: Շատերի վրա իրավիճակի այս փոփոխությունը որեւէ կերպ չի ազդել, ի՞նչ եք անելու այս ուղղությամբ:
-Կարծում եմ, որ հիմա ոչ թե ավելանում են, այլ բացահայտման դեպքերն են ավելացել: Ոչ մի վիճակագրության հիմա չեմ տիրապետում, բայց եթե հիմա որեւէ բան կատարվել է իմ պաշտոնավարման ժամանակահատվածում եւ ունեցել է հետեւանքներ, կարող ենք խոսել այդ մասին, բայց ես հիմա գիտեմ, որ պաշտպանության նախարարությունում իրականացվում է բազմաթիվ ծառայություններ ու բազմաթիվ քննություններ:
-Բոլորը բողոքում են այն իրավիճակից, որ մի բան անում ես, դատում են, աշխատավարձն էլ քիչ է, մարդիկ չեն կարողանում այդ գումարով տուն պահել: Ի՞նչ եք անում Դուք բանակում ծառայութունը արդյունավետ դարձնելու համար:
-Շատ սխալ դիրքորոշում է դա, ի՞նչ է նշանակում, աշխատավարձը որ բարձր լիներ, չէ՞ին անելու:
-Միգուցե չանեն, բայց, ըստ էության, այս պատկերն ունենք. բավականին ցածր աշխատավարձ, մի թեթեւ արարքի դեպքում դատվում են, դրա համար հարց են բարձրացնում` ինչո՞ւ մնանք, հիմա ի՞նչ անել, որ մարդիկ սրտացավորեն ծառայեն, նվիրված լինեն:
-Մենք այդ ուղղությամբ շարժվում ենք, բայց այդ գործընթացը բավական ժամանակ է պահանջելու: Դրա համար բարեփոխումների մի մեծ փաթեթ միտված է նրան, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազեցվեն, ու դա միշտ չէ, որ կապված է աշխատավարձի ցածր լինելու հետ, կամ մի բան անում ես, դատում են, շատ սխալ է:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԾԵԾԻՑ ՄԻՆՉԵՎ ԴԱՍԱԼՔՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի հրետանու գծով տեղակալ գնդապետը ծեծի է ենթարկել նույն զորամասի իրային ծառայության պետին:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի հրետանու գծով տեղակալ գնդապետ Արթուր Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2018 թվականի մայիսի 21-ին` ժամը 22:00-ի սահմաններում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված ծեծի է ենթարկել ՀՀ ՊՆ N զորամասի իրային ծառայության պետ մայոր Լեռնիկ Օհանյանին` պատճառելով նրա առողջությանը թեթեւ վնաս առողջության կարճատեւ քայքայումով: Սակայն նկատենք, որ այս միջադեպին ականատես են եղել այլ պաշտոնատար անձինք, սակայն որեւէ միջամտություն չեն արել եւ դեռ ավելին` դեպքը թաքցրել են: Ուստի նախաքննական մարմինը որոշել է նրանց եւս պատասխանատվության կանչել:
Մասնավորապես Սարգիս Տարախչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018 թվականի մայիսի 21-ին` ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ թիվ 81151 զորամասի իր աշխատասենյակի հանգստի սենյակում ականատես լինելով գնդապետ Արթուր Մինասյանի կողմից Լեռնիկ Օհանյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքին, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ եւ 16-րդ հոդվածների պահանջների համաձայն` պարտավոր լինելով զինծառայողների կողմից կամ նրանց մասնակցությամբ տեղի ունեցած հանցագործությունների, իրավախախտումների, պատահարների մասին հայտնել իրավապահ մարմիններին, հանցագործության դեպքի մասին, սահմանված կարգի համաձայն, իրավապահ մարմիններին չի հայտնել եւ թաքցրել է այն: Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:
Սակայն այսքանով իրավապահների կողմից աղմկահարույց բացահայտումները չեն դադարում: Պարզվում է, որ ՊՆ ծառայության պետերը անգամ աշխատանքի չեն ներկայանում:
Գագիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, կոչումով կապիտան, պարտավոր լինելով ներկայանալ զորամաս, մեկ ամսից ավելի տեւողությամբ զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով առանց հարգելի պատճառների չի ներկայացել ծառայության, ինչը ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է: Գագիկ Մինասյանի նկատմամբ եւս խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: Այս իրավիճակում ուշագրավ է մեկ բան, թե ինչով է զբաղված ԶՈՒ շտաբի պետը, երբ զորամասերում նման դեպքեր են կատարվում:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԳՈՐԾՆԱԿԱՆ
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն արձագանքել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` «Փարիզի խաղաղության համաժողովի» շրջանակում ունեցած ելույթին, որում նա խոսել է աշխարհի ժողովուրդների` օրենքի ուժով ազատ կամքի դրսեւորմամբ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի մասին: Պաշտոնական Բաքուն կոչ է արել Փաշինյանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու նպատակով «հայտարարություններից անցնել գործնական քայլերի»: Ն. Փաշինյանն ընդգծել էր, որ ԼՂ ժողովրդի տասնամյակներ շարունակվող պայքարն իր ճակատագիրը տնօրինելու համար դեռեւս չի ստացել պատշաճ իրավական լուծում: «21-րդ դարում բացարձակապես անընդունելի է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կիրառելու ցանկությունը կարող է վերածվել կենսաբանական սպառնալիքի»,-հայտարարել էր Ն. Փաշինյանը:
ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ
ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հայտնել է, որ հրադադարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության եւ ԼՂ հակամարտության կարգավորման էական ասպեկտների հարցում փոխզիջման առաջխաղացման կարեւորագույն պայման է: Նա նշել է, որ հավաքական միջնորդի դերում հանդես եկող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ «եռյակ»-ի ջանքերը ԼՂ հակամարտության կենսունակ լուծումների մշակման գործում բարձր գնահատանքի ու անվերապահ աջակցության են արժանի: Լուկաշեւիչը հիշեցրել է, որ կարճ ընտրական դադարից հետո վերականգնվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ինտենսիվ շփումները: «Շփման գծում ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի սահմանին պահպանվում է հարաբերական կայունություն, «լռության» ռեժիմի խախտումների թիվը նվազում է: Կոչ ենք անում կողմերին լրացուցիչ միջոցներով ամրապնդել լարվածության նվազեցման դրական միտումը»,-նշել է նա:
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քննչական կոմիտեում քննություն է տարվում պարզելու 34-ամյա տղամարդու սպանության հանգամանքները. սպանություն կատարելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է: ՔԿ-ի փոխանցմամբ` 2018թ.նոյեմբերի 9-ին «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 1984թ. ծնված Ս.Բարսեղյանը՝ կտրած-ծակած վնասվածքներով, որը վիրահատության ընթացքում մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրգործ: Բկ-ից առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր եւ կտրած-ծակած, պատռված հատվածներ: Զննվել է տուժողի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը, հարցաքննվել են վկաներ: Պարզվել են սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ` ծնված 1982թ.-ին. նա ձերբակալվել է:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ
Մայրաքաղաքում գործող հնդկական ռեստորաններից մեկի վարձակալը, որը ազգությամբ հնդիկ է, աշխատանքային շահագործման է ենթարկել ռեստորանի` նույնպես ազգությամբ հնդիկ աշխատակիցներին: Պարզվել է, որ ռեստորանի սեփականատերը ներկայումս Հայաստանում չէ: Ռեստորանի չորս աշխատակիցները հրավիրվել են գլխավոր վարչություն. ռեստորանի վարձակալը նրանց վստահությունը չարաշահել է՝ բարձր վարձատրվող աշխատանքով ապահովելու կեղծ խոստում տալով: Մասնավորապես, նրանց Հնդկաստանում հավաքագրել ու կազմակերպել է տեղափոխումը ՀՀ, բռնություն գործադրելով` վերցրել է նրանց անձնագրերն ու օգտագործել վիճակի խոցելիությունը: Այսպիսով, ռեստորանատերը ազգակիցներին ստիպել է առանց վարձատրության իր ռեստորանում կատարել տարբեր աշխատանքներ` նրանց ենթարկելով աշխատանքային շահագործման: Կատարվածի հանգամանքները քննությամբ պարզվում են: