«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ ցուցակով Երեւանի նախկին ավագանու անդամ, ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների «Մենք» դաշինքի ցուցակով: Այս հարցի, ներքաղաքական մի շարք հարցերի, ինչպես նաեւ Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի մասին խոսել ենք Արա Կետիկյանի հետ:
-Պարո՛ն Կետիկյան, ճի՞շտ է, որ դուք լինելու եք «Մենք» դաշինքի ցուցակում:
-Քանի որ ցուցակը դեռ չի հրապարակվել, չեմ կարող հստակ ասել: Ամենայն հավանականությամբ, այո:
-Ինչո՞ւ հենց այդ դաշինքը ընտրեցիք:
-Որովհետեւ ես «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր-անդամներից եմ եւ միշտ էլ շատ հարազատ կապերի մեջ եմ եղել կուսակցության հետ:
-Միաժամանակ, սակայն, Դուք ավագանու անդամ եք եղել Հանրապետական կուսակցության ցուցակով: Նախկին իշխանության օրոք եղել եք իշխող կուսակցության ավագանու անդամ, բայց եւ ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության անդամ: Չե՞ք կարծում, որ մեծ հակասություն կա:
-Ես որտեղ էլ լինեմ, ներկայացնում եմ երկրապահն ու երկրապահին հուզող հարցերը: Եղել եմ նաեւ Աժ պատգամավոր եւ 2 անգամ ավագանու անդամ եւ միշտ էլ երկրապահին եմ ներկայացրել: Այստեղ որեւէ հակասություն չկա, որովհետեւ ԱԺ-ում ազատամարտիկներին հուզող հարցերով պետք է մշտապես զբաղվել:
-Այսինքն` ցուցակում լինելը ընդամենը միջո՞ց է ԱԺ ամբիոնից ազատամարտիկների հարցերը բարձրաձայնելու համար:
-Այո, կարելի է նաեւ այդպես ասել: Այդ ցուցակում է նաեւ Արամ Սարգսյանը, որը երդվյալ ազատամարտիկ է:
-Թավշյա հեղափոխությունից հետո ի՞նչ առանցքային փոփոխություններ եք նկատում:
-Ամբողջ դաշտն է փոխվել: Ամենակարեւորն այն է, որ հեղափոխությունից հետո կազմակերպվում են նորմալ ընտրություններ: Ժողովուրդը զգում է, որ ինքն է որոշում` ով պետք է լինի իր ղեկավարությունը: Եւ այդ ավանդույթը ամեն կերպ պետք է պահել: Ժողովուրդը պետք է իրեն տեր զգա եւ հասկանա, որ ընտրած մարդկանց կողմից արվում են լավ փոփոխություններ:
-Թավշյա հեղափոխությո՞ւնը առիթ դարձավ, որ ուզում եք պատգամավոր դառնալ:
-Չէի ուզի կապել իրար հետ: Մենք միշտ էլ ձգտել ենք ազատամարտիկներ ունենալ ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ ավագանու կազմում: Հեղափոխությունը շատերի մոտ իհարկե ոգեւորություն առաջացրեց: Ինչ-որ մեկը արդեն չի կարող ինչ-որ թվեր նկարել ընտրությունների հետ կապված: Կարծում եմ` ժողովուրդը հիմա իրեն արդեն տեր է զգում: Դա ձեռքբերում է, միայն մնում է պահպանել: Թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժը Երեւանի ավագանու ընտրություններում ապացուցեց, որ ամեն բան անում է լավ արդյունքի հասնելու համար եւ նրա համար, որ իսկապես ընտրություններով իշխանություններ ձեւավորելու մշակույթ ամրանա մեր երկրում եւ դառնա անխախտելի, անբեկանելի գործընթաց:
-Ի՞նչ շանսեր ունեք խորհրդարանում հայտնվելու:
-Դատելով կազմից, դաշինքում գտնվող մարդկանցից, նրանց քաղաքական փորձից` մեծ շանսեր ունենք: Նաեւ գաղափարական առումով արեւմտյան արժեքներ կան այս դաշինքում:
-Իսկ նախկին իշխող կուսակցության` ՀՀԿ-ի մասին ի՞նչ կասեք:
-Ինձ համար ամենակարեւորն այն է, որ ընտրությունները անցնեն այնպես, ինչպես անցել են ավագանու ընտրությունները: Այդ դեպքում ժողովուրդը ինքը կընտրի եւ արժանի կլինի այն իշխանությանը, որին ընտրել է:
-Ներկայիս իշխանությունների գործելաոճը Ձեզ ամբողջությամբ գոհացնո՞ւմ է:
-Իհարկե ամբողջությամբ չի գոհացնում: Շատ բաներ կան, որ բացարձակապես չի գոհացնում: Բայց գլոբալ առումով կարող եմ ասել, որ ամեն բան լավ է: Եթե այս իշխանությունը իրեն չարդարացնի, կփոխվի, կընտրվի նոր իշխանություն: Այս հիմքերը դրել են հենց այս իշխանությունները: Գոհացնում են պայքարը կոռուպցիայի դեմ, օրինական երկիր ստեղծելու համար տարվող աշխատանքները: Այս իշխանությունը դեռ նոր է, շատերը դեռ անփորձ են, եւ, ընդհանրապես, շատ հարցեր կան, որ պետք է լուծվեն, բայց դրա համար ժամանակ է պետք: Ես միանշանակ ողջունում եմ այն բոլոր ջանքերը, որոնք դրա համար են թափվում: Մենք էլ մեր կողմից մեր ոլորտում փորձում ենք անել ամեն ինչ, որ համահունչ ընթանանք առաջ:
-Խոսեցիք կադրային քաղաքականության մասին: Մի քանի դեպք է եղել, որ երբ Փաշինյանը հին համակարգից կադրեր է նշանակել, հանրությունը լավ չի ընդունել: Ո՞րն է ավելի ընդունելի` բոլոր տեղերում նշանակել անփորձ մարդկա՞նց, թե՞ ներգրավվել նաեւ հին համակարգում աշխատող կադրերի:
-Պետք չէ գնալ ծայրահեղությունների: Ո՛չ պետք է ամբողջությամբ վստահել հին կադրերին, ո՛չ էլ նորերին: Յուրաքանչյուր հեղափոխություն իր հետ սերնդափոխություն է բերում: Որպես կանոն, որոշ ժամանակ հետո ամեն բան ընկնում է իր տեղը, եւ հենց այդ ժամանակ ընտրվում են նաեւ լավագույն հին կադրերը: Սա բնականոն գործընաց է: Այսպիսի համադրմամբ կարելի է ձեւավորել նորմալ իշխանություն:
-Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի մասին ի՞նչ կասեք: Հայտնի դեպքերից հետո խոսե՞լ եք նրա հետ:
-Պարոն Գրիգորյանի հետ խոսելու հնարավորություն ո՛չ ես, ո՛չ մեր ընկերները չենք ունեցել: Մենք չենք շտապում եզրակացություններ անել, որովհետեւ պարոն Գրիգորյանը դեռ չի խոսել այդ մասին, եւ, ի վերջո, դատարանը որոշում չի կայացրել: Մենք չենք խոչընդոտում: Սպասում ենք, որ այս իրավական գործընթացները ավարտվեն, գործը մտնի դատարան: Բոլորիս է հետաքրքում իրականությունը: Անձամբ ես չեմ հավատում, որ Մանվել Գրիգորյանը կարող է տուշոնկա գողանալ:
ԿԼԻՆԻ ԿՈՇՏ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
Ինչպես հայտնի է, ՀՀԿ իշխանության ժամանակ կրթական համակարգն անխնա օգտագործվել է քաղաքական գործընթացներում ընտրությունների ժամանակ: Դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններին հրահանգված է եղել աշխատել իշխանությունների օգտին եւ ձայներ հավաքել նրանց համար: Ըստ էության, Երեւանի նոր ձեւավորված ավագանու անդամները, քաղաքապետը, տեղակալները ամեն բան պետք է անեն անցյալի վատ օրինակների կրկնությունը բացառելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի մասին զրուցել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի հետ:
-Պարո՛ն Վիրաբյան, «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրվելո՞ւ եք որպես պատգամավորի թեկնածու:
-Ոչ, չեմ առաջադրվելու:
-Որո՞նք են այն առանցքային ոլորտները, որտեղ աշխատանքներ եք իրականացնելու:
-Կրթություն, արվեստ, երեխաների իրավուքների պաշտպանություն եւ սպորտ:
-Ինչպես հայտնի է, Երեւանի շատ դպրոցների տնօրեններ, մանկապարտեզի տնօրեններ ժամանակին ՀՀԿ-ի համար ձայներ են ապահովել: Հիշում եք ԱԺ ընտրությունների ժամանակ հրապարակված ձայնագրությունները, որտեղ նրանք խոստովանել էին իշխող կուսակցության օգտին աշխատելու մասին: Հիմա ի՞նչ պետք է անել, որ այդ վատ ավադույթը չկրկնվի:
-Քաղաքապետի կողմից կա հստակ հանձնարարություն. ենթակա բոլոր կառույցները պետք է գործեն միայն օրենքի շրջանակներում եւ պետք է միայն կատարեն օրենքով իրենց լիազորված պարտականությունները: Ցանկացած մարդ, ով իր գործառույթներից դուրս զբաղվի օրենքի սահմանափակող այլ գործառույթներով, կպատժվի ողջ խստությամբ:
-Այնուամենայնիվ, մտավախություն չկա՞, որ այդ վատ ավադույթից մնացորդներ դեռ մնացած կլինեն:
-Բոլոր կողմերից կան մտավախություններ, բայց նաեւ կա կամք լրջագույն փոփոխություններ անելու եւ այդ լրջագույն փոփոխությունների հանձնարարականները տված են եւ դրանք իրագործվում են:
-ՀՀԿ-ի օգտին աշխատած դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենները, ի վերջո, հեռացվելո՞ւ են աշխատանքից: Խոսքը հատկապես վերաբերում է նրանց, որոնք ՀՀԿ-ի հետ կապված սկանդալային ձայնագրությունների կենտրոնում էին:
-Տեսեք, վարչական շրջանների ղեկավարների, կրթության վարչության պետի, տեղի հանրակրթության ներկայացուցչի մասնակցությամբ հրավիրվել են խորհրդակցություններ վարչական շրջաններում, տրվել են հստակ հանձնարարականներ եւ տրվել է այն հստակ ուղենիշը, որով պետք է նրանք աշխատեն: Ցանկացած մարդ, որը առաջարկված կանոններից կշեղվի, այդ մարդու հանդեպ կլինի համապատասխան, աշխատանքային օրենսգրքի շրջանակներում մեր կոշտ դիրքորոշումը:
-Արդեն վերահսկողություն իրականացվո՞ւմ է:
-Մենք, այնուամենայնիվ, մշակված օրակարգով վարչական շրջաններում իրականացրել ենք հանդիպումներ եւ այդ օրակարգում ներկայացրել ենք մեր բոլոր դիրքորոշումները այն բոլոր կնճռոտ հարցերի շուրջ, որոնք կան:
Նյութերը՝ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԿԼԻՆԻ
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է ամրագրել, որ Կառավարությունը կազմավորվում է ԱԺ ընտրության արդյունքով կայուն խորհրդարանական մեծամասնություն ձեւավորած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի պատգամավորների կազմից, իսկ կայուն մեծամասնությունը կոալիցիա կազմելու միջոցով ձեւավորվելու դեպքում` կոալիցիայի մեջ մտնող կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի պատգամավորների կազմից: Իր հիմնավորման մեջ Հարությունյանը նշում է. «Չի կարող որեւէ կուսակցություն իր նախընտրական խոստումներն իրականացնել, եթե իր կազմում չունի դրանց իրականացնողներին, այսինքն՝ իր Կառավարության պոտենցիալ անդամներին: Ուստի, հարկ է առաջնորդվել այն պարզ քաղաքական թեզով, որ Կառավարությունը պետք է ձեւավորվի քաղաքական մեծամասնության կազմից»: Պատգամավորն առաջարկում է, որ կառավարության ենթադրյալ անդամները պետք է ընդգրկվեն տվյալ կուսակցության նախընտրական ցուցակում, ընդ որում՝ ցուցակի անցողիկ մասում: Նա առաջարկում է, որ այս պայմանը գործի նաեւ հետընտրական կոալիցիայի ձեւավորման դեպքում, եւ կնպաստի, որպեսզի կոալիցիոն գործընկերները կառավարության պորտֆելները բաշխելիս առաջնորդվեն` նախարարի այս կամ այն թեկնածուի վերաբերյալ նախընտրական փուլում ձեւավորված հանրային կարծիքը հաշվի առնելով: Հավելենք, որ նախագծի վերաբերյալ փորձաքննություն դեռեւս առկա չէ, եւ մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունների ավարտը հազիվ թե հասցնեն այն ընդունել:
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՅՑԵՐԸ ԲԴԽ-Ի ԴԵՄ
Հերթական դատական հայցն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ վարչական դատարան է դիմել դատավորի թեկնածու Սյուզաննա Պողոսյանը եւ պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել հոկտեմբերի 30-ին անցկացված քաղաքացիական մասնագիտացման որակավորման քննության կազմակերպման գործընթացը, նաեւ անվավեր համարել դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացված քաղաքացիական մասնագիտացման որակավորման քննության հավակնորդների վերջնական, ամփոփիչ գնահատականների վերաբերյալ գնահատման հանձնաժողովի որոշումը: Սյուզաննա Պողոսյանը դատավոր դառնալու համար իր թեկնածությունն է ներկայացրել ԲԴԽ, բայց մերժվել է, արդյունքում էլ դատի է տվել խորհրդին: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ դատավորի թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին: